
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Արեստակես Սիմավորյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Թուրքիան, իր արտաքին քաղաքականության ռազմավարության համաձայն, իրականացնում է թյուրքական երկրներին իր առանցքի շուրջը համախմբելու միջոցառումներ, որոնք ուղղված են ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, կրթական, զբոսաշրջության ոլորտներում ընդհանուր օրակարգ ձևավորելուն։ Այդ միջոցառումներին ներգրավված են նաև թուրքական գիտավերլուծական կենտրոնները։
Հատկապես աչքի է ընկնում Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (TASAM-Türk Asya Stratejik Araştırmalar Merkezi)։ Պատմական, մշակութային, քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալ-մշակութային, անգամ միջուկային խնդիրներն այս կենտրոնի հետազոտությունների անբաժան մասն են կազմում։ Այն բավական մեծ հեղինակություն ունի ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Տասնամյա գործունեության ընթացքում այս կառույցին հաջողվել է կապեր հաստատել տարբեր երկրների, այդ թվում Ադրբեջանի, Վրաստանի, ՌԴ և միջինասիական հանրապետությունների հեղինակավոր «մտավոր կենտրոնների» հետ, ստեղծել համագործակցության ձևաչափեր։
Տարածաշրջանային հետազոտություններն ընդգրկում են Լատինական Ամերիկայից մինչև Ինդոնեզիա։ Բացի փորձագիտական ուսումնասիրություններից, կենտրոնն իրականացնում է նաև նշված տարածաշրջանների թյուրքական երկրների և համայնքների միջև կապերի ամրապնդմանն ուղղված քաղաքականություն՝ ֆորումների և գիտաժողովների անցկացման միջոցով։
Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերում կենտրոնն ուղղորդվում և մտավոր, կազմակերպչական աջակցություն է ստանում Թուրքիայի ԱԳՆ-ից, ֆինանսավորվում է թուրքական պետական որոշ բանկերի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործարար շրջանակների կողմից։ Սրանով կարելի է բացատրել TASAM ակտիվ գործունեությունը հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, որը համահունչ է Ա.Դավութօղլուի՝ ապագային միտված Թուրքիայի «իդեալական», բազմավեկտոր քաղաքականության տեսություններին։
Վերջին տարիներին TASAM-ի կողմից ստեղծվել են իսլամական և թյուրքական աշխարհների հետ համագործակցության նոր ձևաչափեր՝ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների «մտավոր կենտրոնների» ֆորումը (Think Tanks Forum of OIC Countries) և Թյուրքական համաշխարհային ֆորումը (World Turkic Forum):
Այս համատեքստում կարելի է առանձնացնել սույն թվականի մայիսի 28-30-ը TASAM նախաձեռնությամբ Թուրքիայի Էդիրնե քաղաքում անցկացված Համաշխարհային թյուրքական ֆորումի երրորդ համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին երկու առանցքային հիմնախնդիրներ.
1. «Թյուրքական հանրապետությունները. մշակութային դիվանագիտություն և տուրիզմ»
2. «Թուրքական և հայկական սփյուռքեր։ Հանրային դիվանագիտություն. հնարավորություններ և ռիսկեր»։
Ֆորումին մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և մասնակից երկրների խորհրդարանների պատգամավորներ, թուրքական, ադրբեջանական սփյուռքերի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, թյուրքախոս երկրների առաջատար քաղաքական ինստիտուտների փորձագետներ, ակադեմիական հաստատությունների գիտաշխատողներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ և այլն։ Համաձայն ֆորումի մամլո հաղորդագրության, քննարկումներին մասնակցել են նաև հայ փորձագետներ, ինչն առաջացրել է ադրբեջանական կողմի որոշակի դժգոհությունները1։
Ինչպես առաջին և երկրորդ ֆորումներում, երրորդում նույնպես, համաթյուրքական նշանակության խնդիրներից զատ, քննարկվել են Հայաստանին և Հայությանն առնչվող հարցեր2։ Ուշագրավ է, որ հայկական հարցերն այնքան են կարևորվել, որ դարձել են համաթյուրքական ֆորումի օրակարգային երկու հիմնական թեմաներից մեկը։ Բայց ի տարբերություն առաջին և երկրորդ միջոցառումների, որտեղ մշակվել են պայքարի ընդհանուր մեթոդներ, այս մեկն առանձնանում էր նոր մոտեցումների հստակեցման և կոնկրետացման առումով։
«Թուրքական և հայկական սփյուռքեր։ Հանրային դիվանագիտություն. հնարավորություններ և ռիսկեր» մասը գլխավորում էին Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դիրքերից հանդես եկող արևմտյան երկու «գիտնականներ»՝ Ջասթին Մաքարթին և Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Գունը։ Ջասթին Մաքարթին իր ներածական խոսքում կրկին հնչեցրեց Հայոց ցեղասպանության հարցում իր հին և քննադատության չդիմացող թեզերը՝ ըստ էության նոր ոչինչ չասելով։ Նույնը կարելի է ասել նրա համախոհների մասին։
Համաժողովի ընդունած հռչակագիրն անդրադառնում է թյուրքական աշխարհում տուրիստական, կրթական և մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հետ հարաբերությունների խնդիրներին։
Հռչակագրի հայկական մասը բաղկացած էր վեց կետից։ Այս վեց կետերը կարելի է խտացնել 3 հիմնական ուղղությամբ.
1. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներ
2. ՀՀ-Թուրքիա և Ադրբեջան հարաբերություններ
3. Հայկական սփյուռքի հետ հարաբերություններ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներ։ 2015թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ տարբեր երկրներում հայկական սփյուռքի գործողությունները չեզոքացնելու նպատակով ընդունվեց որոշում՝ աշխատանքներ իրականացնել երեք հիմնական ուղղություններով. ա) իրավական, բ) գիտավերլուծական, գ) քաղաքական։
ՀՀ-Թուրքիա և Ադրբեջան հարաբերություններ։ Այս կետով թուրքական կողմը մատնանշում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հարաբերությունները սառեցվել են հիմնականում երկու պատճառով, և որպեսզի երկկողմ հարաբերություններ հաստատվեն, Հայաստանը պետք է հրաժարվի ատելության քարոզումից թուրքերի նկատմամբ և վերջ տա Ադրբեջանի «օկուպացիային»։
Ակնհայտ է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում նախապայմանների լեզվով խոսելու Թուրքիայի Հանրապետության մոտեցումները գերակա են նաև գիտավերլուծական շրջանակներում, հատկապես այն կենտրոններում, որոնք նյութական աջակցություն են ստանում պետական համակարգից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման իրենց տեսլականից և, նմանատիպ վերլուծական կառույցներին դիտելով որպես իրենց քաղաքականությանն աջակցող «գաղափարական թևեր», վերջիններիս միջոցով լրացուցիչ ազդակներ են հաղորդում Հայաստանին և սփյուռքին։
ՀՀ-Թուրքիա և Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ որպես միջնորդ առաջարկվեց ներգրավել Ղազախստանին, որը ՀԱՊԿ անդամ է։
Հայկական սփյուռքի հետ հարաբերություններ: Մեկ անգամ չէ, որ թուրքական կողմից պետական մակարդակով հայտարարություններ են հնչել սփյուռքի հետ ուղիղ կապեր հաստատելու անհրաժեշտության մասին։ Հարկ է նշել, որ այս հարցում երկակի քաղաքականություն է իրականացվում. սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու փորձերին զուգընթաց՝ մշակվում են նրա ազդեցությունը չեզոքացնող գործիքներ, այդ թվում թյուրքական համայնքները մոբիլիզացնելու միջոցով, որոնք չեն սահմանափակվում միայն 2015 թվականով, այլ հետապնդում են նաև հեռահար նպատակներ։
Հայտնի իրողություն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանն ակտիվորեն աջակցում են նաև արտերկրի թուրք-ադրբեջանական համայնքները։ Նշված ուղղությամբ ֆորումն առաջարկում է կենտրոնացնել նաև ամբողջ «թյուրքական սփյուռքը»՝ անհրաժեշտ համարելով ադրբեջանա-թուրքական կառույցների հետ վերջինիս համագործակցության ակտիվացումը, որը կարող է նպաստել հայկական սփյուռքի ազդեցության թուլացմանը3։ Այս ռազմավարական նպատակի իրականացման ճանապարհին առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում թյուրքական համայնքների տարանջատվածության խնդիրը, որի հաղթահարմանն էր ուղղված նաև Էդիրնեի ֆորումը։
Ամփոփելով՝ նշենք, որ 2015-ին ընդառաջ Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար փորձում են ստեղծել համագործակցության ավելի լայն ձևաչափ՝ թյուրքախոս ժողովուրդներին և արտերկրի համայնքներին համախմբելու և իրենց հակահայկական քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավելու նպատակով։
1 «Проведение в Турции мероприятий по нормализации армяно-турецких отношений вызывает чувство разочарования», http://1news.az/interview/20140121073958315.html։
2Ա.Սիմավորյան, Թուրքիա-թյուրքական աշխարհ հարաբերությունների շուրջ, «Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 2, 2011, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5680
3 Ըստ թուրքական գնահատականների՝ չնայած «թյուրքական սփյուռքի» մեծաքանակությանը, այն իր ազդեցությամբ զիջում է հայկական լոբիին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]