• am
  • ru
  • en
Версия для печати
31.07.2014

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

   

Բեյրութ
29 հուլիսի 2014թ.

2014թ. հուլիսի 23-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի հանդիսասրահում տեղի ունեցավ Հայկազյան Հայագիտական հանդեսի նորատիպ 34-րդ հատորի շնորհանդեսը՝ համալսարանի նախագահ, վեր. դոկտ. Փոլ Հայտոսթյանի, հանդեսի պատասխանատու խմբագիր, Հայր Անդրանիկ ծ. վ. Կռանյանի, Հայաստանի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, դոկտ. Մուշեղ Լալայանի, նույն հիմնադրամի փոխտնօրեն, դոկտ. Արթուր Դումանյանի, Հայաստանի Հանրապետության դեսպանատան 1-ին քարտուղար պրն Վարդան Ադամյանի և լիբանանահայ մտավորականների ներկայությամբ:

Հայկազյան Հայագիտական հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտ. Անդրանիկ Դաքեսյանը հանդես եկավ բացման խոսքով: Նա նշեց, որ վերջին քսանամյակում նորագույն արհեստագիտության հորձանուտը վերաձևավորեց համաշխարհայնացման ալիքների շարժունակությունը, որի հետևանքով առաջացան համաշխարհային այնպիսի բացառիկ փոփոխություններ, որոնց դիմակայելու համար մարդկության ստեղծած նախկին հենակետերը սկսել են խախտվել։ Հայկական կյանքը ևս այս բազմակշռույթ հարաշարժության մթնոլորտում պետք է խարսխվի հայկական քաղաքացիական գաղափարախոսությամբ ջրդեղված հայկական կառույցների և որոշումների վրա՝ դիմանալու համար մեր շրջապատը դիմափոխող տագնապներին: Դոկտ. Դաքեսյանը Հայկազյան Հայագիտական հանդեսի ամենամյա այս շնորհանդեսները համարեց հայկական խարիսխներից մեկը:

Օրվա հյուր բանախոսն էր Հայաստանի Հանրապետության «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Արթուր Դումանյանը: Նա արագ ակնարկով ներկայացրեց Լիբանանում գործած հայագիտական կենտրոնները՝ կարևորելով Հայկազյան Հայագիտական հանդեսի հրատարակության համար գործադրվող «հերոսական ջանքերը և անսահման նվիրվածությունը»: Կարևորելով հանդեսի դերը հայագիտության մեջ՝ նա այս հրատարակությունը որակեց «հայագիտական դպրոց-դարբնոց», որ դիմակայելով բազմատեսակ դժվարությունների՝ շարունակում է իր առաքելությունը՝ լինելով «Սփյուռքի հայագիտության առաջատար պարբերականներից մեկը»: Նշելով հանդեսի բաժինները և գիտական այլ արժանիքները՝ Դումանյանը հաստատեց, որ տարեցտարի աճում է նրա հեղինակությունը մանավանդ հայրենաբնակ հայագետների շրջանում: Բանախոսության երկրորդ մասով Դումանյանն անդրադարձավ Սփյուռքի հայագիտական կենտրոնների հիմնախնդիրներին՝ հատկապես շեշտելով թուրք-ադրբեջանական կեղծարար ոտնձգությունները հայագիտության նկատմամբ: Ներկայացնելով «թուրքական հայագիտության» աշխատանքները՝ բանախոսն անհետաձգելի խնդիր համարեց գործնական ու քաղաքական հայագիտության զարգացումը՝ արժանի հակահարված տալու թուրք-ադրբեջանական և այլ նենգափոխումներին: Կարևորելով նաև հայագիտությունն իբրև քաղաքակրթական գործոն՝ նա շեշտեց դրա դերակատարությունը հայապահպանության և ազգային անվտանգության հայեցակարգում, այդ առումով էական համարեց Հայրենիքի և Սփյուռքի փոխգործակցությունը՝ առանձնացնելով «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պատրաստակամությունն այդ առնչությամբ:

Խմբագրակազմի անունից ելույթ ունեցավ Հայր Անդրանիկ ծ. վրդ. Կռանյանը, որը հանդեսն անվանեց հայության հայելին՝ այն որակելով լուրջ, հավատարիմ, տոկուն և իդեալապաշտ հրատարակություն: Վարդապետը շնորհակալություն հայտնեց նաև ներկաներին ու ընթերցողներին՝ որպես հանդեսի լույսընծայման կարևոր աջակիցների:

Փակման խոսքով հանդես եկավ վեր. դոկտ. Հայտոսթյանը: Նա հայագիտությունն անվանեց ուսմունք հանուն լուսավորության և հայության: Հանուն լուսավորության` նա նշեց համալսարանի հայագիտական ջանքն ու արդյունքը՝ ակադեմիական ու գիտական տարբեր միջոցառումներով: Իսկ հայագիտությունը` հանուն հայության առումով, վերապատվելին նշեց, թե հայը պետք է այնպես պատրաստվի, որ դառնա «հայագիտության առաջին տերն ու բանվորը, առյուծը, մեղուն ու մրջյունը», որպեսզի հայագիտությունը ծառայի նաև հայերենի զարգացման, մարդու ինքնագիտակցության և մանավանդ կառուցողական մտքի ու հոգու մշակմանը: Վեր. դոկտ. Հայտոսթյանը Հայկազյան Հայագիտական հանդեսը համարեց համալսարանի, ազգային ինքնության ու առաքելության բարձրարժեք գրավական. նա այս և բոլոր աշխատանքները նշեց որպես խորունկ համոզումի արդյունք, որի բուն դրամագլուխն այս պարագայում հայկական ու գիտական հոգին է:

Հանդիսության ավարտին հատվեց ավանդական կարկանդակը, և տեղի ունեցավ հյուրասիրություն:









դեպի ետ