ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ՝ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
Նորայր ՄելքումյանՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի 2-րդ կուրսի մագիստրանտ
Համաձայն արդի քաղաքագիտական մոտեցումների, «Քաղաքական կամքը քաղաքականության սուբյեկտի հնարավորությունն է՝ հետևողականորեն իրականացնելու իր առջև դրված նպատակները քաղաքական իշխանության ոլորտում: Քաղաքական կամքի ձևավորման և իրականացման փուլերն են. համընդհանուր (միջխմբային) կամքի ակումուլյացիան (համախմբումը), քաղաքական պահանջմունքների մշակումն ու ձևակերպումը որպես հետագա գործողությունների նպատակներ, այդ նպատակների մարմնավորումը պետական մարմինների պրակտիկ գործունեության մեջ, այդ նպատակների ճշգրտումն ու հարմարեցումը փոփոխվող հանգամանքներին և իշխանության օբյեկտի կամքին»1: Դրսևորելով քաղաքական կամք՝ կառավարող և քաղաքական էլիտան շարունակական բարեփոխումների միջոցով հասնում է կառավարման արդյունավետության բարձրացման:
Քաղաքական կամքի դերն էլ ավելի կարևորվեց անցումային ժողովրդավարություններում, երբ Արևելյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մի շարք ավտորիտար վարչակարգեր բռնեցին ժողովրդավարացման ուղին: Քաղաքական կամքն իր մարմնավորումը գտավ մի շարք պետությունների քաղաքական լիդերների և քաղաքական ընտրանու գործողություններում, ովքեր, դրսևորելով քաղաքական կամք, որդեգրեցին շարունակական բարեփոխումների ճանապարհը:
Քաղաքական ընտրանին հասարակության փոքրամասնությունը կազմող, ներքուստ տարբերակված սոցիալական շերտ է, կարևորագույն ռազմավարական որոշումների նախապատրաստման և ընդունման սուբյեկտ, որը տիրապետում է դրա համար անհրաժեշտ ռեսուրսների (նյութական և ոչ նյութական)2: Ելակետ ընդունելով քաղաքական ընտրանու վերոնշյալ սահմանումը՝ կարող ենք փաստել, որ քաղաքական ընտրանին քաղաքական կամքի կրողն ու դրա միջոցով հանրային բարիքին միտված նպատակամետ գործողություններ իրականացնողն է: Քաղաքական ընտրանին, ժամանակի պահանջներին համապատասխան էվոլյուցիայի ենթարկելով իր քաղաքական վարքը, խուսափում է քաղաքական ճգնաժամերից և ապահովում է քաղաքական կայունացում: Քաղաքական ընտրանու վարքաբանությունն էլ ավելի է կարևորվում անցումային հասարակություններում, երբ այն ներթափանցում է պետական կառավարում՝ ազդելով գործառույթների իրականացման ձևերի և արդյունավետության վրա: Այստեղ քաղաքական կամքի դրսևորումներից մեկն էլ ընտրանիների միջև համագործակցությունն ու երկխոսությունն է, որոնք, վեր կանգնելով սեփական ներանձնային կամ մեկուսախմբային շահերից, պետք է կարևորեն պետականության գաղափարը՝ համակեցության նորմերի, սոցիալական արդարության, համընդհանուր շահերի իրատես հաշվառմամբ իրականացնելով շարունակական բարեփոխումներ:
Սինգապուր. քաղաքական կամքի դրսևորման բացառիկ օրինակ
Քաղաքական կամքի դրսևորման, ինստիտուտների համախմբման, պետության և քաղաքացիական հասարակության երկխոսության և, առհասարակ, պետականաշինության բացառիկ օրինակ է Սինգապուր պետությունն իր փիլիսոփակառավարիչ Լի Կուան Յուի գլխավորությամբ: Ժամանակակից Սինգապուրի ստեղծման պատմությունը վերագրվում է 19-րդ դարին: Սինգապուրն արդեն այդ ժամանակ համարվում էր կարևոր առևտրային նավահանգիստ Հարավարևելյան Ասիայում, և Բրիտանական կայսրությունն այդ ժամանակ ձգտում էր ունենալ նավահանգիստ այդ տարածաշրջանում՝ իր առևտրային նավատորմի ուժեղացման և պաշտպանության համար: Անգլիական իշխանությունները, հետազոտելով հարակից տարածքները, արժևորում են կղզու՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը: Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերվում տեղի կառավարիչների հետ, որպեսզի Սինգապուրը լինի Բրիտանական կայսրության առևտրային կայանը: Անմիջապես դրանից հետո ներդրվում է ազատ առևտրի քաղաքականություն, որը գրավում է ամբողջ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և, նույնիսկ, ԱՄՆ առևտրականներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սինգապուրն անցնում է Ճապոնիայի վերահսկողությանը, իսկ 1945թ. կրկին վերադառնում Անգլիային՝ դառնալով նրա գաղութը: 1963թ. ռեֆերենդումի արդյունքում Սինգապուրը միանում է Մալայզիային:
Սակայն միացումն անհաջող էր, և 1965թ. օգոստոսի 9-ին Սինգապուրը ձեռք բերեց անկախություն՝ դուրս գալով Մալայզիայի կազմից: Այդ ժամանակ Սինգապուրը համարվում էր ամենաաղքատ և խնդրահարույց պետություններից մեկն աշխարհում: Ինչպե՞ս արևելաասիական փոքր կղզին, զուրկ բնական ռեսուրսներից, դարձավ աշխարհի ամենակայուն, տնտեսապես զարգացած պետություններից մեկը: Գալով իշխանության՝ Լի Կուան Յուի առաջին քայլն անկախ դատական համակարգի ստեղծումն էր՝ միտված կոռուպցիայի դեմ պայքարին: Ի վերջո, կոռուպցիան հասցվում է նվազագույնի օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք խստագույն պատիժ էին սահմանում կոռուպցիայի համար: Դատավորների աշխատավարձը բարձրանում է՝ արդեն 1990-ին գերազանցելով տարեկան $1 մլն-ը: Ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն, որը ենթարկվում էր անձամբ վարչապետին և զբաղվում իշխանության վերին օղակներում կոռուպցիայի դեմ պայքարով: Տնտեսությունն ապրեց թռիչքային զարգացում և ներկայումս աշխարհում ամենազարգացածներից է: Դա տեղի ունեցավ Սինգապուրն առևտրաֆինանսական կենտրոն դարձնելու միջոցով: Ստեղծվեցին նպաստավոր պայմաններ միջազգային ներդրումների համար. նախ և առաջ հուսալիություն և կայունություն, ցածր հարկային պայմաններ, որոնք գրավեցին օտարերկրյա ներդրողներին։ Սկսվեց միջազգային խոշորագույն կազմակերպությունների հոսքը Սինգապուր։ Մեջբերենք Լի Կուան Յուին. «Մենք ոչ միայն ողջունում էինք յուրաքանչյուր ներդրողի, մենք ուղղակի կաշվից դուրս էինք գալիս, որպեսզի օգնենք նրան սկսելու մեզ մոտ արտադրություն»3: Դրվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արտադրության հիմքը:
Կարևորագույն քայլերից էր կրթությունը գերակա ոլորտ ճանաչելը` հաշվի առնելով, որ բնական ռեսուրսների բացակայության պայմաններում պետք է զարգացնել մարդկային կապիտալը: Կրթական համակարգի առջև ծառացավ հետևյալ խնդիրը. պետությանը տալ տեխնիկապես զարգացած և կիրթ աշխատանքային ուժ: Կրթությունը դարձավ լիովին անվճար: Ընդունվեց վճռորոշ օրենք, որը կանխորոշեց կրթության հետագա զարգացումը՝ կրթությունն իրականացնել երկու լեզվով՝ անգլերեն լեզվով, մայրենի լեզվի՝ չինարենի հետ միասին: Արդյունքում՝ սինգապուրցիներն այսօր ազատ խոսում են անգլերեն և չինարեն, որը նրանց հնարավորություն է տալիս զգալ իրենց որպես միջնորդ եվրոպական և ասիական քաղաքակրթությունների միջև: Բիլինգվիզմի օրենքը երկու քաղաքակրթությունները կապող ռազմավարական ծրագրի կարևորագույն որոշումներից էր: Իրականացվեցին մի շարք կրթական բարեփոխումներ: Ներկայումս կրթական մակարդակով Սինգապուրն աշխարհում առաջատարներից է:
Սինգապուրի ներքին տնտեսությունը հիմնված է հետևյալ երեք հիմքերի վրա. սոցիալ-տնտեսական կայունություն, «կոնֆուցիոսական դինամիզմ» և միջազգային համագործակցության առավելագույն զարգացում: Տնտեսության զարգացումը մեծ մասամբ կապված է նաև պետության ակտիվ մասնակցությամբ, որը կարգավորում է ֆինանսատնտեսական հարաբերությունները և իրականացնում բյուջետային ֆինանսավորում: Կոնֆուցիականության դերն անգնահատելի է Սինգապուրի պետականակերտման գործում: Կոնֆուցիոսական դինամիզմը հիմնված է ավանդական էթիկական նորմերի վրա` նպատակասլացություն, խնայողություն, աշխատասիրություն, իշխանության գերակայության ընդունում, խիստ հիերարխիա: Սինգապուրի քաղաքացիներն ունեն լուրջ վերաբերմունք և հարգում են այդ արժեքները, որոնք ընկած են պետության հաջողության հիմքում:
Կարող ենք փաստել, որ Սինգապուրում լիդերը կառավարող էլիտայի օգնությամբ դրսևորեց ցանկություն և բացառիկ քաղաքական կամք՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները, որոնք կարող էին նպաստել պետության և հասարակության զարգացմանն ու բարեկեցությանը: Կարևորվեցին կառավարող ընտրանու և լիդերի պետականապաշտ մտածողությունն ու ազգային մենթալիտետը:
Սինգապուրի օրինակը ցույց է տալիս, որ կառավարման արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է իրականացվի գիտավերլուծական հարացույցի օգնությամբ, որի միջոցով հասարակական զարգացումը դիտարկվում է ներկա-անցյալ-ապագա եռաչափ հարթության մեջ: Շարունակական բարեփոխումները, որոնք սինգապուրյան հրաշքի հիմքն են, հնարավոր է կիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում՝ այն ամրագրելով մրցունակ կրթության, գիտության և ռացիոնալ կառավարման միջոցով: Հարկ է պատասխանել ժամանակի մարտահրավերներին՝ չխզելով կապն ավանդույթի և էթնիկ ինքնության հետ:
1 http://www.politicbook.ru/volya-politicheskaya
2 Մարգարյան Մ.Մ., Քաղաքական ընտրանու հավաքագրման ուղիներն անցումային հասարակություններում, Հանրային կառավարում գիտական հանդես, Եր., 2004։
3 Ли Куан Ю, «Сингапурская история. Из «третьего мира» – в первый», МГИМО (У) МИД России, М., 2005.
դեպի ետ