• am
  • ru
  • en
Версия для печати
09.06.2014

ՔԵՍԱԲԱՀԱՅ ԱԶԳԱԳՐԱԳԵՏ. ՔԵՍԱԲԻՑ ՀԵՏՈ ՀԱԼԵՊԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՎՐԱ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՍՏԿԱՑԱՆ

   

Հայաստանում է ազգագրագետ, քեսաբահայ Հակոբ Չոլաքյանը, ով իր աչքով է տեսել այն գործողությունները, որ տեղի են ունեցել Քեսաբում:

Հունիսի 6-ի մամուլի ասուլիսում, հետհայացք գցելով տեղի ունեցածին, նա նկատեց, որ Սիրիայի մերօրյա տագնապի մեջ երևան եկան այնպիսի ուժեր, որոնք ոչ միայն սպառնալիք դարձան Սիրիային, այլև մասնավորապես հայ զանգվածին:

Հակոբ Չոլաքյանի բնութագրմամբ, առաջին իսկ օրից Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ է իր տարածքից մտցրել Սիրիա:

«Սիրիահայությունը օրինապահ քաղաքացին էր Սիրիա պետության և բարեկամն էր արաբ ժողովրդի: Այդ բարեկամությունը գալիս է դարերի խորքից»,- նկատեց նա և հավելեց, որ այն թաղամասերը, ուր հայերը գործարարներ էին և ունեին իրենց հարստությունը, դատարկվեցին, մարդիկ տեղափոխվեցին կենտրոն, արտասահման կամ Հայաստան:

Այժմ Հալեպի թաղամասերից Նոր գյուղում, Սուլեմանիեում, Վիլաների թաղամասում և Ազիզիեում են մնացել հայեր. «Հալեպահերն անցնող երեք տարիներին մեծապես տուժեցին: Դպրոցները, եկեղեցիները, հաստատությունները կործանվեցին: Իսկ վերջին լարվածությունն էլ հաջորդեց Քեսաբի իրադարձություններին: Քեսաբի շրջանի 11 գյուղերն ու կենտրոնական ավանն ամբողջությամբ հայաթափվեցին: Շուրջ 2000 հայություն, որ Սիրիայի մյուս հատվածներից էին եկել այստեղ պատերազմի ընթացքում, դարձյալ գաղթականության ճանապարհը բռնեցին ու տեղափոխվեցին հարավ` ավելի ապահով շրջաններ»:

Նա հավելեց, որ ամեն օր սաստկացող վիճակին արտաքին աշխարհը ոչ մի միջամտություն չկարեց:

Քեսաբի այս դեպքերից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան, նկատեց Հակոբ Չոլաքյանը: Քարուքանդ եղավ նոր Գյուղը, իսկ վիճակն օրհասական է՝ թե անվտանգության, թե ապրուստի տեսակետից:

«Ամենից վտանգավոր այս պահին այն է, որ լռում ենք և չենք բարձրաձայնում նրանց վիճակի մասին: Սիրիահայ գաղութը, որ Մայր գաղութ է, որի սիրտը Հալեպն է, անցնող տարիների մեծ կրթական, ազգային սնունդ է մատակարարել ողջ սփյուռքին: Այսօր այդ ամենը մոխրակույտի են վերածվում: Սա սարսափելի երևույթ է»,- ասաց նա:

Ազգագրագետը նկատեց, որ հայության` Հալեպից զանգվածային տեղահանում չի կատարվում, բայց ամեն օր փախստականներ կան, որ հեռանում են:

«Ժողովրդի մեծ մասը տակավին կառչած է իր տնից: Ասում են՝ լավ կլինի, կանցնի: Տեղափոխվոււմ էին ուրիշ թաղամաս, սպասելով, որ ավարտվի մղձավանջը: Բայց ավելի է սաստկանում: Այնտեղ էլ ասում են, որ միակ փրկությունը հայրենիքն է, բոլոր ճանապարհները Երևան են տանում: Բայց երբ գալիս է շարժվելու պահը, մարդիկ տատանվում են: Սրբություններ կան, որ թողնելը փոքրիկ հարց չէ: Այդ անհատներն են, որ միասնաբար ստեղծել են ու երդվել այդ հաստատությունները պահել»,- ասաց նա:

Նշենք, որ հալեպահայերի մի մասը` մոտ 11 հազար, Հայաստանում է, մի մեծ զանգված այլ երկրներ է գնացել, իսկ Հալեպում մոտ 25 հազար հայություն կա:

http://www.panorama.am/am/society/2014/06/06/h-cholaqyan/


դեպի ետ