
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀՀ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառմանն ինձ հրավիրելու համար: Կարևորում եմ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից նման քննարկումների կազմակերպումը՝ այս և այլ «ուղեղային կենտրոնների» իրականացրած ռազմավարական հետազոտությունների արդյունքների և պետական կառավարման մարմինների եզրակացությունների համադրմամբ մեր երկրի անվտանգության և պաշտպանության ապահովման համար վերլուծական հենք ձևավորելու տեսանկյունից:
Այսօր ես կանդրադառնամ միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և առավել կարևոր զարգացումներին: Նշեմ, որ վերլուծությունս կառուցված է միջազգային հարաբերությունների նկատմամբ կառուցողականության մոտեցման հիման վրա:
Ինչպես հայտնի է, քաղաքական փիլիսոփայության մեջ միջազգային հարաբերությունների վերաբերյալ իրատեսական մոտեցման համաձայն՝ բոլոր երկրներն առաջնորդվում են անձնապաշտական մրցակցությամբ, որի հանգուցալուծման ամենահավանական տարբերակը պատերազմն է: Լիբերալիստական մոտեցման դիրքերից՝ փոխադարձ շահերը և միջազգային առևտուրը կարող են պարարտ հող ստեղծել պատերազմներից ձերբազատվելու և, Էմանուել Կանտի խոսքերով՝ «հավերժ խաղաղություն» հաստատելու համար: Այս ամենին հակառակ, կառուցողական մոտեցումը, որի ջատագովներից ենք նաև մենք, ենթադրում է առկա միջազգային իրականության բազմակողմանի ըմբռնում: Համաձայն այդ մոտեցման՝ առկա միջազգային իրականությունը հարկավոր է ընդունել այնպես, ինչպես այն կա, որ շրջակա աշխարհը չի կարելի նկարագրել միայն սև ու սպիտակ գույներով, և որ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրը լեցուն է ոչ միայն սպառնալիքներով, այլև բարենպաստ հնարավորություններով:
ԽՍՀՄ տրոհմամբ աշխարհում հաստատվեց միաբևեռ համակարգ: Լիբերալիստական դպրոցի ներկայացուցիչ որոշ գիտնականներ, օրինակ` Ֆրենսիս Ֆուկույաման, ձևավորված աշխարհակարգը որակեցին որպես «պատմության վերջ»՝ եզրակացնելով, թե, իբր, մարդկությունն այլևս ապահովված է խոշորածավալ բախումներից: Մինչդեռ, այլ վերլուծաբաններ, ինչպես, օրինակ, նեոռեալիզմի ջատագով Քենեթ Ուոլցը, միաբևեռականությունը որակեցին որպես նոր պատերազմների ծագման բարենպաստ ասպարեզ, քանզի հակակշռի բացակայությունը մեկ գերտերությանը թույլ է տալիս պատերազմներ վարել իր հայեցողությամբ: Ժամանակն ապացուցեց այս տեսակետի իրատեսական լինելը. ապացույցը Բալկաններում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և այլուր ծնունդ առած հակամարտություններն են:
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական բևեռներից մեկի տեղատվությանը վաղ թե ուշ փոխարինելու է գալիս մակընթացությունը: Այսպես. ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած աշխարհաքաղաքական դիրքերի կորստից հետո Ռուսաստանը, սկսած 2000 թվականից, ամրապնդում է դիրքերը: Վերջին տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի նպատակաուղղված` սատարված լինելով բնական պաշարների արտահանումներից գոյացող քաղաքական ազդեցությամբ և ֆինանսական ռեզերվներով ու ազդեցության տարածման այնպիսի մեխանիզմներով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Մաքսային միությունը և այլն: Թեև Ռուսաստանը չկարողացավ առաջ մղել իր դիրքորոշումները 2003թ.՝ Իրաքի և 2011թ․՝ Լիբիայի հարցերում, սակայն ակնհայտ է, որ Իրանի և Սիրիայի հարցերում Ռուսաստանը հասել է իր այն «կարմիր գծին», որից անդին վճռականորեն չի գնա զիջումների: Պատահական չէ, որ ԱՄՆ ռազմավարական վերլուծաբանները նույնպես Ռուսաստանը Չինաստանի հետ դասում են «հզորացող տերությունների» կամ «աճող ուժերի» շարքին:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ միաբևեռ աշխարհակարգն աստիճանաբար տեղը զիջում է բազմաբևեռին: Ընդ որում, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որպես «առաջին դասի» երկու գերտերություններ, միացել է նաև Չինաստանը: «Առաջին դասի» գերտերությունների այս դասակարգման համար առաջին հերթին հաշվի ենք առնում պետության ռազմական հզորությունը, տնտեսական ներուժը, տեխնոլոգիական առաջադիմությունը, տարածքի մեծությունը, աշխարհագրական դիրքը, բնակչության քանակությունը, բնական պաշարները և մշակութային ազդեցությունը:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, կարծում եմ` այն առաջիկայում ո՛չ տնտեսական և ո՛չ էլ ռազմական տեսանկյունից չի ամրապնդվի այնքան, որպեսզի կարողանա հանդես գալ որպես 4-րդ ուժային կենտրոն: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երևան հանեց Եվրամիության հյուսիսի և հարավի միջև տնտեսական կարողությունների և կառավարչական մեխանիզմների միջև անհամապատասխանությունը: Միևնույն ժամանակ, Եվրամիության ռազմական ամրապնդումն ինքնին հակասում է ՆԱՏՕ գոյության գաղափարին և հետևապես՝ արժանանում ԱՄՆ թաքնված դիմադրությանը: Այս համատեքստում Եվրամիությունը որպես միասնական ուժային կենտրոն դիտարկելու փոխարեն մենք նրա անդամ երկրներին՝ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Իտալիա, դիտարկում ենք որպես 2-րդ դասի գերտերություններ:
Նշեմ նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն իր ռազմավարական ջանքերը Եվրոպայից և Մերձավոր Արևելքից վերաուղղում է դեպի խաղաղօվկիանոսյան ավազան, որտեղ սկսվել և ապագայում է՛լ ավելի է թեժանալու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցությունը: Այս մասին առավել դիպուկ արտահայտվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ նշելով. «Քաղաքականության ապագան որոշվելու է Հեռավոր Ասիայում, այլ ո՛չ թե Աֆղանստանում և Իրաքում»: Հարկ է նշել, որ ԱՄՆ ռազմավարական ջանքերի տեղաշարժը դեպի խաղաղօվկիանոսյան տարածաշրջան պայմանավորված է նաև նավթագազային ռեսուրսների արտահանման աղբյուրների նկատմամբ ԱՄՆ նվազող շահագրգռվածությամբ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում նավթի նոր մեծ պաշարների հայտնաբերմամբ, ինչպես նաև դրանց արտահանման առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմամբ: Վերլուծաբանների պնդմամբ՝ մինչև 2020թ․ ածխաջրածնային ռեսուրսների ապահովման առումով ԱՄՆ-ը կդառնա ինքնաբավ: Որպես հետևանք` ԱՄՆ-ում արդեն իսկ նվազել է Ադրբեջանից Հարավային Եվրոպա ծրագրվող «Հարավային գազային միջանցքը» և «Տրանսադրիատիկ գազամուղը» ֆինանսավորելու՝ նախկինում առկա խանդավառությունը:
Հետզհետե աճելու է նաև տարածաշրջանային գերտերությունների կարգավիճակի ձգտող երկրների՝ Թուրքիայի և Իրանի դերակատարությունը: Դինամիկ զարգացող տնտեսության, ռազմական հզորության, ինչպես նաև աշխարհիկ և չափավոր իսլամի պատճառով, Արևմուտքի համար ընդունելի գործընկեր լինելու տեսանկյուններից բացի, Թուրքիայի՝ 2-րդ դասի գերտերություն դառնալու հնարավորություններն ավելի են ամրապնդվում Արևմուտք-Արևելք տրանսպորտային միջանցք դառնալու փաստով: Ասվածի վկայություններից է վերջերս բացված «Մարմարա» թունելը:
Իրանի դերը նույնպես Մերձավոր Արևելքում կշարունակի աճել: Այդ միտումը պայմանավորված է ոչ միայն նավթագազային հարուստ պաշարներով, դինամիկ աճող բնակչությամբ, շիա մահմեդականների շրջանում վայելած հեղինակությամբ, Ռուսաստանի և Չինաստանի աջակցությամբ, այլև, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, միջուկային ծրագրի առկայությամբ: Չնայած Արևմուտքի կողմից շարունակվող պատժամիջոցներին, Իրանը հաստատակամ է օգտվելու «խաղաղ միջուկային էներգիա» ունենալու իր իրավունքից: Այս պարագայում Արևմուտքը կանգնած է 3 տարբերակի առջև՝ 1․ թույլ տալ Իրանին՝ դառնալ միջուկային տերություն (ոչինչ չանել), 2․ հասցնել կանխարգելիչ հարվածներ և 3․ համատեղել պատժամիջոցները դիվանագիտության հետ «մտրակի և փքաբլիթի» քաղաքականություն բանեցնելու միջոցով: Որքան էլ զարմանալի է, 1-ին տարբերակը՝ թողնել, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, ամբողջովին չի անտեսվում ԱՄՆ վերլուծաբանական հանրության կողմից: Այս տեսակետի ջատագովները պնդում են, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կնպաստի Մերձավոր Արևելքում կայունության հաստատմանը, քանի որ կվերանա Իսրայելի մենաշնորհը: Երկրորդ տարբերակը ենթադրում է կանխարգելիչ ավիացիոն-հրթիռային հարվածներ միջուկային օբյեկտներին: Սակայն ԱՄՆ զինվորական փորձագետները պնդում են, որ միջուկային օբյեկտները լավ պաշտպանված են, դրանց խոցման հավանականությունը բարձր չէ, իսկ ցամաքային ներխուժման, Իրաքի և Աֆղանստանի հակամարտություններից հետո, ԱՄՆ ռազմական մեքենան ո՛չ պատրաստ է, ո՛չ էլ հակված: Ըստ ամենայնի, Արևմուտքը կշարունակի ապավինել 3-րդ՝ պատժամիջոցների և բանակցությունների տարբերակին: Նշենք, որ ներկայումս Իրան – Արևմուտք արդյունավետ երկխոսության համար առկա են որոշակի նախադրյալներ, քանզի նախագահ Ռոհանին հետին պլան է մղել իր նախորդի ցուցաբերած կոշտությունը, և ամենակարևորը՝ միջուկային հետազոտությունների համար պատասխանատու ստորաբաժանումը հանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակայությունից և դրել արտգործնախարարության վերահսկողության ներքո:
Ինչ վերաբերում է Սիրիայում ընթացող զինված հակամարտության հնարավոր զարգացումներին, ապա, ամենայն հավանականությամբ, Արևմուտքի և Թուրքիայի հնարավոր բացահայտ ռազմական միջամտությունից հնարավոր կլինի խուսափել: Ընդ որում, ռազմական ներխուժմանը դեմ են արտահայտվում հենց ամերիկյան զինվորականները՝ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահի գլխավորությամբ: Իրանի, Չինաստանի և հատկապես Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Սիրիայի քիմիական զենքի հարցն արդեն կարգավորվում է ՄԱԿ հովանու ներքո, որի փորձագետները հաստատել են, որ քիմիական զենք արտադրող ենթակառույցները ոչնչացվել են, իսկ կուտակված պաշարները կոչնչացվեն 2014թ․ ընթացքում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այն շարունակելու է գտնվել համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բեկման տիրույթում և մնալ կոնֆլիկտոգեն՝ այստեղ առկա չկարգավորված հակամարտություններով պայմանավորված:
Հարավային Կովկասին բնորոշ իրողություններից է նաև այն, որ այստեղի պետությունները որդեգրել են տրամագծորեն տարբեր անվտանգային քաղաքականություն և դաշինքներին ու ուժային կենտրոններին հարելու դիրքորոշումներ:
Մաքսային միության և Եվրամիության հետ ասոցացման միջև երկընտրանքի վերաբերյալ բազմիցս արտահայտվել ենք: Միջազգային հարաբերությունների նկատմամբ ժամանակակից կառուցողական մոտեցման տեսանկյունից, տնտեսական զարգացումը բխում է անվտանգությունից և ոչ թե հակառակը: Այս համատեքստում մեր երկրի անվտանգության ապահովումը երկարաժամկետ հեռանկարում խարսխված է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա: Այդ դաշնակցային հարաբերությունները համանման նշանակություն ունեն նաև Ռուսաստանի համար: Հետևաբար՝ հարաբերություննների նման բարձր մակարդակը կողմերի համար փոխշահավետ է բառի բուն իմաստով: Այնուհանդերձ, Մաքսային միության ընտրությունը մեզ չի խանգարելու շարունակել տնտեսության, գիտության և կրթության, քաղաքացիական հասարակության կառուցման և այլ ոլորտներում Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը:
Վրաստանի պարագայում տիրում է հակառակ պատկերը. այդ երկիրը հետամուտ է առավել սերտ դարձնել Եվրամիության հետ իր հարաբերությունները: Իսկ ահա Ադրբեջանը փորձում է ցուցաբերել առավել անկախ խաղացողի կեցվածք և նախապատվությունը տալիս է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ձևական մոտեցում է ցուցաբերում ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարման հանդեպ` ավելի շատ արժևորելով ԱՄՆ-ի հետ իր երկկողմ հարաբերությունները:
Այժմ ընդհանուր առմամբ անդրադառնանք Հարավային Կովկասում համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների վարած քաղաքականությանը:
ԱՄՆ. Կասպից ծովում ածխաջրածնային պաշարներն ու ենթակառույցները պաշտպանելու համար ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանին զինելու ռազմածովային և ափամերձ պաշտպանության համակարգերով: Չնայած դրան, ԱՄՆ-ը ձեռնպահ է մնում ցամաքային զինատեսակներով Ադրբեջանին զինելուց՝ չցանկանալով խախտել արցախյան հակամարտության շուրջ ուժերի հարաբերակցությունը և հարուցել Հայաստանի դժգոհությունը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը բացահայտորեն մեղադրում է Ալիևի վարչակարգին՝ հակահայկական ռազմատենչ հռետորաբանության համար:
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ը «համակրանք» ունի: Երկու պետություններին միավորում է Կովկասում կայունություն հաստատելու ցանկությունը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ տարածաշրջանում ռազմական իրավիճակի սրման դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը աջակցություն կակնկալեն ՌԴ-ից, ինչն էլ կնվազեցնի Վաշինգտոնի դերը տարածաշրջանում: Վաշինգտոնի համար պակաս մտահոգիչ չէ նաև այն, որ անկայունությունը սպառնում է տարածաշրջանով անցնող միջազգային նշանակության էներգետիկ և առևտրային նախագծերին:
Ռուսաստան. Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ունի ամրապնդման միտում: Դրա վկայություններն են Իրանի հետ արդյունավետ գործընկերությունը, Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը, ՀԱՊԿ-ի՝ տարածաշրջանային կազմակերպություն լինելու հանգամանքը, Ադրբեջանի սպառազինման գործընթացում վճռական դերակատարություն ունենալու ձգտումը և Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման միտումը: Ի հակադրություն Միջին Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ «Արևելք-Արևմուտք» հաղորդակցության նախագծերի, Ռուսաստանը սատարում է Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Սև ծով-Եվրոպա ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին:
Թուրքիա. Կշարունակվեն տարածաշրջանում ինքնուրույն քաղաքականություն վարելու Թուրքիայի ջանքերը: Անկարան չի թուլացնի աջակցությունն Ադրբեջանին, և այդ համատեքստում կշարունակի փակված սահմանների միջոցով ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա: Զուգահեռաբար Թուրքիան կշարունակի տարաբնույթ տնտեսական նախագծերի միջոցով գայթակղել Վրաստանին: Սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում առավել ինքնուրույն գործելու Թուրքիայի նկրտումները չեն կարող չմտահոգել ԱՄՆ վարչակազմին:
Իրան. Հարավային Կովկասում Իրանի ազդեցությունը կշարունակի ուղիղ համեմատական լինել Ռուսաստանի և հակադարձ համեմատական՝ ԱՄՆ ազդեցության տատանումներին: Պահպանելով արցախյան հակամարտության նկատմամբ անկողմնապահ մոտեցում՝ Իրանը կպահպանի Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները՝ առաջին հերթին հյուսիս-հարավ հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչման նպատակով: Այս ամենի հետ մեկտեղ, Թեհրանը որպես սպառնալիք կդիտարկի ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի հետ Ադրբեջանի մերձենալու քաղաքականությունը՝ առաջին հերթին Իրանական Ատրպատականի թրքալեզու բնակչության շրջանում անջատողականության հրահրման տեսանկյունից:
Ամփոփելով՝ հանգում ենք հետևյալ եզրակացությունների:
Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը բնորոշվում է Հայաստանի հանդեպ կայուն սպառնալիքների առկայությամբ՝ պայմանավորված հավանական հակառակորդների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ-ապակառուցողական քաղաքական ուղեգծով: Այդուհանդերձ, հարկ է հատուկ ընդգծել, որ, ինչպես վերը նշվեց, Արևմուտքի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը մենք գնահատում ենք քիչ հավանական, ինչը հուսադրող է՝ Հայաստանի հարավային սահմանների մոտ կայունության պահպանման տեսանկյունից:
Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները թույլ են տալիս հուսալ, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելուն ուղղված նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլու քաղաքական գիծը կլինի շարունակական, ինչը միմիայն բխում է Հայաստանի շահերից: Չնայած Վրաստանի իշխանությունները հաստատակամ են պահպանել եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու իրենց քաղաքական ուղեգիծը, սակայն հստակորեն արտահայտում են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, առկա լարվածությունը վերացնելու ցանկություն: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա Վրաստանի կողմից ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը միմիայն կնպաստի դրանց զարգացմանը: Հարկ է նշել, որ աստիճանաբար ամրապնդվում են համագործակցությունը և փոխվստահությունը պաշտպանության ոլորտում, որի վկայություններից են երկու երկրների պաշտպանության նախարարների այս տարվա փոխայցելությունները:
Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից գլխավոր մարտահրավեր է շարունակում մնալ Արցախի տարածքի հանդեպ Ադրբեջանի անհիմն հավակնությամբ պայմանավորված հակամարտությունը: Բանակցային գործընթացում Ադրբեջանը վարում է ակնհայտ ապակառուցողական քաղաքականության, նպատակաուղղված ագրեսիվ-նախահարձակ գործողություններով տապալում շփման գծում լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները:
Իսկ կա՞ն արդյոք բարենպաստ հնարավորություններ, որոնք ունակ են չեզոքացնել վերը նշված սպառնալիքները: Կարծում եմ, որ այդպիսի բարենպաստ հնարավորություններից են․
1. Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի շարունակական մերձեցումը ինչպես երկկողմ ռազմական համագործակցության, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման, այնպես էլ Մաքսային միության շրջանակներում:
2. ԱՄՆ-ի համար Ադրբեջանի կարևորության նվազման միտումը` պայմանավորված տեղական էներգակիրների պաշարների հայտնաբերմամբ, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականության նվազմամբ, ինչպես նաև 2014թ․ հետո Աֆղանստանում ներգրավման ծավալների կտրուկ կրճատմամբ:
3. Ադրբեջանի աստիճանական վերածումը «պարսիցծոցյան մենիշխանության»։ Դրանք, ինչպես ցույց է տալիս փորձը, ավելի քիչ են հակված պատերազմների սանձազերծման՝ սեփական իշխանությունը չվտանգելու մտավախությամբ պայմանավորված:
Հիշատակված երեք բարենպաստ հնարավորությունների առկայությունը, սակայն, ամենևին չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ Ադրբեջանից բխող ռազմական սպառնալիքը նվազել է: Հակառակը, ծավալապաշտական նկրտումներից դրդված՝ Բաքվի իշխանությունները շարունակում են փափագել Արցախն օկուպացնելու նպատակը: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ածխաջրածնային ռեսուրսների առկայության փաստն ադրբեջանական ղեկավարությունում ստեղծել է անպատժելի մնալու և ամենաթողության համոզվածություն, իսկ սպառազինությունների կուտակումը կարող է նաև ձևավորել հաղթանակ տանելու պատրանք: Հետևաբար, միանգամայն հավանական պետք է համարել, որ այս երկու գործոնները հարուցեն ադրբեջանական իշխանությունների՝ մեր դեմ «կայծակնային պատերազմ» սանձազերծելու գայթակղություն:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական միջավայրն ավելի անվտանգ չի դառնալու: Հետևաբար, Հայաստանը շարունակելու է հետևողականորեն բազմապատկել խաղաղություն պարտադրելու իր ներուժը:
դեպի ետ