ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աշոտ Ենգոյան
Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ
2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։ Դա պայմանավորված էր, նախևառաջ, բնակչությանը դրսից պարտադրվող խորթ և «խիստ դժվար ընդունելի» «քվազիարժեքներից» պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Վ.Պուտինի կարծիքով՝ հարցն այն է, որպեսզի ռուսաստանցի քաղաքացիները զերծ պահվեն «որոշ սոցիալական խմբերի բավական ագրեսիվ պահվածքից», որոնք «ոչ թե պարզապես ապրում են ինչպես ուզում են, այլ բավական ագրեսիվ կերպով իրենց տեսակետը պարտադրում են ուրիշներին և այլ երկրներում»։
ՌԴ նախագահն, անշուշտ, նկատի ունի արևմտյան փորձագետների նախաձեռնած և անցած դարի 90-ականներին հետխորհրդային հասարակությունները համակած ուժեղ, երբեմն՝ «անքաղաքավար» արևմտականացման գործընթացները, որոնք շատ առումներով հանգեցրին հասարակությունների բարոյական և հոգևոր դեգրադացիային։ Ներկայում այդ գործընթացները թեև փոքր-ինչ արգելակվել են, բայց մեկ աշխարհաքաղաքական կենտրոնից ուղղորդվող «համաշխարհային հանրային կարծիքը» դեմ չէ շարունակել նշյալ հասարակություններին անհարիր արժեքային կողմնորոշիչների սերմանման գործը, որոնք, «նրա» կարծիքով, կատարյալ են և արժանի անվերապահ կիրառման։ Ուստի, Վ.Պուտինի առաջարկությունն ավելի շուտ հասարակության ավանդական կողմնորոշում ունեցող շերտերի պաշտպանական ռեակցիան է «արժեքային հարկադրանքին», որից խուսափելու համար միակ միջոց է ընդունվում հասարակության հոգևոր կյանքում պահպանողական սեգմենտի ակտիվացումը։
Սույն պարագայում ընտրվել է հենց կոնսերվատիզմը (պահպանողականությունը), որն ավանդաբար հանդես է գալիս որպես հետխորհրդային շրջանում ընթացող բոլոր վերափոխումների գաղափարախոսական հենքի՝ լիբերալիզմի ընդդիմախոս։ Բայց հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ արդի լիբերալիզմը ներկայանում է քաղաքական լիբերտարիզմի ձևով, որն այդ գաղափարախոսության անգլոսաքսոնական տարբերակի տրամաբանական շարունակությունն է՝ հիմնված դեմոկրատիայի սեփական ընկալման վրա։
Առհասարակ, կան դեմոկրատիայի երկու տարբեր ավանդույթ և դրանց վրա հենվող լիբերալիզմի երկու տարբերակ։ Մի կողմից՝ անգլոսաքսոնական, նախևառաջ Ջ.Լոկի ձևակերպած դեմոկրատիան է՝ որպես անհատի իրավունքների իրականացում և երաշխիք։ Այս հայեցակարգի համաձայն՝ դեմոկրատական կարող է համարվել այն պետությունը, որտեղ երաշխավորված են ոչ միայն անհատի հիմնական իրավունքները, այլև առավելագույնս ընդլայնված է նրա ազատության տարածքը։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օգտվել այդ ազատություններից։ Եվ եթե նա չունի հիմնական իրավունքներ և ազատություններ, ուրեմն նա իրավունք ունի պայքարել դրանք նվաճելու համար։
Դեմոկրատիայի աշխարհամասային-ֆրանսիական ավանդույթը, որը գալիս է Ժ.-Ժ. Ռուսոյից, դեմոկրատիան առաջին հերթին հասկանում է ոչ թե որպես անհատի ազատությունների և իրավունքների էքսպանսիվ իրականացում և ընդլայնում, այլ որպես ազգի ինքնահաստատման գործողություն։ Դեմոկրատիայի սուբյեկտը ոչ թե անհատն է, այլ, առաջին հերթին, ազգը, այսինքն՝ կոլեկտիվը։ Դեմոկրատիային է վերաբերում ժողովրդի՝ իր ճակատագիրը վճռելու և իր կենսակերպը սեփական պատկերացումների համաձայն դեմոկրատաբար կառուցելու էական իրավունքը։ Դեմոկրատիայի նման ընկալումը կարելի էր պարզեցված ձևով, ի տարբերություն լիբերալ-ինդիվիդուալիստականի, սահմանել որպես լիբերալ-կոլեկտիվիստական։ Իրականում բոլոր դեմոկրատական երկրներն օգտագործում են կամ դեմոկրատիայի գերազանցապես ազգային մոդելը, կամ մի ինչ-որ միջին ձև ինդիվիդուալիստականի ու կոլեկտիվիստականի միջև։ Հետխորհրդային հասարակությունները, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ընթացել են դեպի դեմոկրատական հասարակության ազգային և լիբերալ-կոլեկտիվիստական մոդելը։ Տարանցիկ (տրանզիտ) երկրներում դեմոկրատական բարեփոխումների «արգելակման» արդի հիմնախնդիրները բացատրվում են հենց դեմոկրատիայի սկզբունքների երկու տարբեր ընկալումների միջև հակասություններով, ինչը կապված է, նախևառաջ, այդ հասարակություններում գերակշռող մենթալության հետ։
Իր պատմական զարգացման ընթացքում լիբերալիզմը գաղափարաքաղաքական մի շարք ճգնաժամեր է ունեցել՝ կողմնորոշիչների վերագնահատման հետ կապված [1]։ Դա թելադրված էր համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխություններով (համաշխարհային երկու պատերազմ, 1929-1932թթ. խոր տնտեսական ճգնաժամ)։ Բացի այդ, լիբերալիզմի հետ մրցակցող կոնսերվատիզմի և սոցիալիզմի գաղափարախոսություններն այդ շրջանում, համապատասխանաբար՝ աջից-ձախից, տառացիորեն «խլխլեցին» նրա գաղափարները։ Լիբերալիզմի գաղափարախոսական տրանսֆորմացիաները, ինչպես նաև գաղափարաքաղաքական այլ հոսանքների զգալի ակտիվացումը հանգեցրին նրա սոցիալական հենքի փուլային կրճատմանը։ Լիբերալիզմի սոցիալական «հիմքը» «ողողվեց» մրցակից գաղափարախոսությունների գործունեությամբ։
Լիբերալիզմի նոր դիմագծի կայացումն ընթանում է տարբեր, հիմնականում՝ միմյանց բացառող ուղղություններով։ Մի կողմից՝ նկատելի է հավասարության և արդարության, պետության կարգավորող դերի ռացիոնալացման գերակայության շեշտադրում։ Այդպիսին է լիբերալ-ռեֆորմիզմը կամ սոցիալ-լիբերալիզմը, որը քաղաքական առումով արդեն թուլացել է։ Մյուս կողմից՝ վերածնվում են հակաքեյնսական ավանդույթները, որոնք բացառում են պետության միջամտությունը տնտեսության ոլորտում, նրա ակտիվ մասնակցությունը հասարակության սոցիալական կյանքում։ Այդպիսին է նեոլիբերալիզմը կամ լիբերտարիզմը, որն այսօր հանդես է գալիս «իսկական» լիբերալիզմի դրոշների ներքո և մեծ քաղաքական կշիռ ունի արևմտյան հասարակություններում և ընդհանրապես աշխարհում։
Լիբերալ-ռեֆորմիզմը, ելնելով քեյնսական դիրքերից, ընդունում է պետության միջամտությունն ինչպես հասարակության տնտեսական կյանքում, այնպես էլ նրա ակտիվ մասնակցությունը սոցիալական ծրագրերին, ենթադրում է սոցիալական համագործակցություն և պաշտպանություն, մրցակցության զուգակցում պետական կարգավորման հետ։ Այդպիսով այդ գաղափարախոսական հոսանքը, հրաժարվելով դասական լիբերալիզմի հիմնարար սկզբունքներից, ընդհուպ մոտենում է սոցիալ-դեմոկրատիզմին։ Ըստ էության, այս դեպքում խոսքը միանգամայն նոր գաղափարաքաղաքական հոսանքի մասին է, որը թեքվել է զարգացման լիբերալ ճանապարհից և արդի աշխարհում որևէ լուրջ քաղաքական ազդեցություն չունի։
Հենց այս հանգամանքն է թույլ տվել որոշ գաղափարախոսների հայտարարել դասական լիբերալիզմի ակունքներին վերադառնալու մասին՝ լիբերտարիզմի (կամ նեոլիբերալիզմի) գաղափարական հենքի վրա, որը ձևավորվել է 20-րդ դարակեսին՝ որպես սոցիալ-լիբերալիզմի ընդդիմություն։ Այս հոսանքի անվանման անորոշությունը բացատրվում է նրանով, որ գոյություն ունի լիբերալիզմի գրեթե հակադիր ընկալում եվրոպական և ամերիկյան ավանդույթներում։ Ամերիկայում «լիբերալ» բառը համարյա թե հոմանիշն է «սոցիալիստ» բառի։ Լիբերալիզն այդ ավանդույթում նշանակում է աջակցություն պետական սոցիալական ծրագրերին և, համապատասխանաբար, հարկման մեծացում, աջակցություն ազգային, կրոնական և սոցիալական փոքրամասնություններին։ Եվրոպայում «լիբերալ» բառը, հակառակը, «սոցիալիստ» բառի հականիշն է։ Եվրոպացի լիբերալը հանդես է գալիս հօգուտ տնտեսությունում կառավարության միջամտության սահմանափակման։ ԱՄՆ-ում այս եզրը սահմանելիս շեշտը դրվում է նրա քաղաքական բաղադրիչի վրա, իսկ եվրոպական երկրներում գերակշռում է նրա տնտեսական մեկնաբանությունը։
Ինչևէ, դրանք բոլորն էլ, վերջին հաշվով, դասական լիբերալիզմի անգլոսաքսոնյան ավանդույթի կողմնակիցներն ու շարունակողներն են, բացարձակացնում են շուկայական հարաբերությունները՝ դրանք տարածելով հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև անհատի ազատությունն՝ ի հակակշիռ կոլեկտիվ շահերի։ Լիբերտարիզմի հայտնի հետազոտող Դևիդ Բոուզի խոսքերով՝ գաղափարաքաղաքական այդ հոսանքը «կարելի է դիտարկել որպես քաղաքական փիլիսոփայություն, որը հետևողականորեն կիրառում է դասական լիբերալիզմի գաղափարները՝ լիբերալ փաստարկումը հասցնելով այնպիսի եզրահանգումների, որոնք էլ ավելի կոշտ են սահմանափակում պետության դերն ու էլ ավելի շատ են պաշտպանում անձի ազատությունը, քան ցանկացած այլ դասական լիբերալները» [2, сс. 28-29]։ Հենց այս լիբերալիզմն է (չնայած համապատասխան օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալների բացակայությանը) 1990-ական թթ. պարտադրվել հետխորհրդային հասարակություններին։
Նման գաղափարների կողմնակիցներից շատերն իրենց լիբերտար կամ նեոլիբերալ չեն անվանում՝ պնդելով իրենց գաղափարախոսության ավանդական նշանակության (լիբերալիզմի) վրա կամ իրենց բնորոշելով որպես «դասական լիբերալներ»։ Մյուսները հին տերմիններին այսօրինակ հավատարմությունը համարում են սխալ, որը խառնաշփոթ է առաջացնում աշխարհի քաղաքական պատկերում, ինչը խանգարում է լիբերտար (նեոլիբերալ) գաղափարների տարածմանն ու ընկալմանը։ Վ.Մալախովի կարծիքով՝ ի տարբերություն լիբերալիզմի, «նեոլիբերալիզմ» եզրը կիրառվում է ոչ թե փիլիսոփայական և աշխարհայացքային, այլ քաղաքական և գաղափարախոսական դրույթ նշելու համար» [3, с. 10]։
Լիբերտարիզմի տեսանկյունից, շուկայի գոյությունը և գործառնությունն ինքնարժեք են և կազմում են էթիկայի հիմքը։ Հետևաբար, լիբերտարիզմում տարբերություն չկա շուկայական տնտեսության և շուկայական հասարակության միջև, իսկ դրա էթիկական հայեցակարգը վերադառնում է մերկանտիլիզմին։ Ըստ լիբերտարների՝ շուկայական փոխանակումը «էթիկական նորմերի ամբողջական համակարգի հիմքն է, որը բավական է մարդկային բոլոր գործողությունների կարգավորման համար, և որն իրենով փոխարինել է նախորդ բոլոր էթիկական նորմերին» [4, с. 4]։
Աչքի է զարնում սոցիալական իրականության որոշ պրիմիտիվացում։ Չէ՞ որ բարդ կազմակերպված սոցիալական իրականության առջև չի կարելի հարցն այսպես դնել՝ կամ շուկայական տնտեսություն, որն ինքնաբերաբար իր հետևից բերում է դեմոկրատացում, կամ տնտեսական պլանավորում, որն ինքնաբերաբար հանգեցնում է դիկտատուրայի։ Բազմակողմ սոցիալական կյանքը կարող է գտնել այս կամ այն կոնկրետ հասարակության բարգավաճումն ապահովող տարատեսակ, ոչ պակաս արդյունավետ ուղիներ։ Հանրային կյանքի կազմակերպման նման ձևերը կարող են կիրառել ամենատարբեր գաղափարաքաղաքական հոսանքներին բնորոշ տարրեր և սկզբունքներ։ Հարցը տվյալ պարագայում կարող է վերաբերել միայն այն բանին, թե որքանով է այս կամ այն գաղափարական համակարգը համարժեք արտացոլում իրականությունը, առավելագույն չափով հաշվի առնում հասարակությունում ստեղծված սոցիալական պատկերը։
Իրականության հանդեպ նման պրագմատիկ վերաբերմունքին էլ հենց ուղղված է արդի կոնսերվատիզմը։ Իր զարգացման ընթացքում պատշաճ ուշադրություն հատկացնելով դեմոկրատիայի հաստատման անհրաժեշտության և անշրջելիության հարցին՝ այն շատ բան փոխառել է իր լիբերալ ընդդիմախոսներից։ Սակայն, ելնելով «մասնավորի» հանդեպ «ընդհանուրի» գերակայության վերաբերյալ սկզբունքային մոտեցումներից, պահպանողականներն օբյեկտիվորեն որդեգրել են լիբերալ դեմոկրատիայի հենց աշխարհամասային-կոլեկտիվիստական մեկնաբանությունը։ Այսօրվա դրությամբ արդի հիմնախնդիրների նման տեսլականը զգալի չափով համապատասխանում է տրանզիտ հետխորհրդային շատ հասարակությունների տրամադրություններին։
Լիբերալիզմի դեմ ավելի քան երկու հարյուր տարի մղած քաղաքական պայքարի ընթացքում կոնսերվատիզմը ենթարկվել է տարբեր ձևափոխությունների։ Օրինակ, «ուժեղ պետության»՝ որպես ավանդական հասարակության պահապանի, գաղափարը կոնսերվատորները փոխարինել են հասարակական կյանքի կարգավորման գաղափարով՝ հիմնականում բարոյական նորմերի և ավանդույթների միջոցով։ Այժմ կոնսերվատիզմը շուկայական հարաբերությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության ինստիտուտների օգնությամբ պետական մարմինների վերահսկողություն իրականացնելու, տնտեսությունում հիրավի մրցակցային պայմանների ապահովմամբ՝ հասարակության շարքային անդամների նախաձեռնությունների և ազատ ձեռներեցային գործունեության դրսևորման կողմնակիցն է։
Ի տարբերություն իրենց նախորդների՝ արդի կոնսերվատորները դեմ են պետական իշխանության ամրապնդմանը, որը սահմանափակում է անհատի ազատությունը, ստեղծում կոռումպացված բյուրոկրատիա, ավելորդ վերահսկողությամբ զսպում է գործարար նախաձեռնությունը, ի վիճակի չէ բարելավել կյանքի որակը։ Ընդհանուր առմամբ, կոնսերվատիվ կուսակցությունները ստատուս-քվոն պաշտպանող կուսակցություններից վերածվել են ազատ հասարակության ամրապնդմանն ուղղված արմատական ռեֆորմներ նախաձեռնողների ու իրականացնողների, այդ թվում և զարգացած արդյունաբերական երկրներում։ Արդի կոնսերվատիզմը հակադրելով 1980-ական թթ. լիբերալ-ռեֆորմիստական գաղափարաքաղաքական հոսանքին՝ անգլիացի պատմաբան և լրագրող Փ.Քոլին նշում է, որ դասական լիբերալիզմի իսկական գաղափարակիրները դարձան հենց պահպանողական կուսակցությունները, որոնք կրկին բարձրացրին սոցիալ-լիբերալների «երկչոտաբար» դեն նետած «ազատության դրոշը» [5, p. 41]։
Հետխորհրդային երկրներում այսօրվա դրությամբ պահպանվում է ոչ միանշանակ վերաբերմունք կոնսերվատիզմի հանդեպ, ինչը թելադրված է կոնսերվատիվ արժեքների էության թերըմբռնմամբ։ Նախկին խորհրդային հասարակությունում մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությամբ սերմանվող հեղափոխական հռետորաբանությունը քաղաքացիներին վարժեցրել է քննադատական վերաբերմունք ունենալ այնպիսի հասկացությունների հանդեպ, ինչպիսին են «ստատուս-քվոյի պահպանումը», «ճնշված» դասակարգերի ու ժողովուրդների քաղաքական հարմարվողականությունը», ինչին, իբր, հակում էր քաղաքական կոնսերվատիզմը։ Չնայած 1980-1990-ական թթ. սահմանագծին խորհրդային և հետխորհրդային գիտությունում նկատվում է իսկական բեկում կոնսերվատիզմի երևույթի ուսումնասիրման մեջ, նման վերաբերմունքը նրա հանդեպ ընդհանուր առմամբ շարունակում է պահպանվել։ Չէ՞ որ կոնսերվատիզմի սահմանման խնդիրը հետազոտողների առջև գրեթե միշտ հարց է դնում. կամ դա «անցյալի ջատագովություն» է, և այստեղ այն հոգեհարազատ է ռեակցիոնիզմին, երբեմն էլ կոնֆորմիզմին, կամ էլ դա «հարաբերական անվստահություն» է վերափոխումների հանդեպ, այսինքն՝ որոշակի «զգուշավորության դրսևորում՝ հասարակությունում ամեն տեսակ արմատական փոփոխություններ իրականացնելիս։
Այստեղ հարկ է նշել կոնսերվատորների և ռեակցիոներների տարբերությունը։ Այդ մասին դեռ 1940թ. նշել է Չ.Բերդը՝ ասելով, որ ռեակցիոներները «նրանք են, ովքեր նախընտրում են անցյալը ներկայից», իսկ կոնսերվատորները «նրանք են, ովքեր հավատարիմ են իրերրին այնպես, ինչպես նրանք կան» [6, с. 74]։ Ռեակցիոներները պատրաստ են իսպառ հրաժարվել ներկայից հօգուտ հին կարգերի վերականգնման։ Կոնսերվատորները, հակառակը, ներկային վերաբերվում են հարգանքով և պահպանում են այն՝ միաժամանակ ջանալով անցյալից վերցնել ողջ արժեքավորը։
Բացի այդ, կոնսերվատիզմը ոչ մի ընդհանուր բան չունի նաև կոնֆորմիզմի հետ։ Այդ երևույթները տարբեր են և ունեն տարբեր ուղղություններ, նրանք լուծում են տարբեր խնդիրներ։ Կոնֆորմիզմը «համաձայնություն է, հաշտություն, հարմարում ընդհանուր տրամադրությունների, գերիշխող մոտեցումների և կարծիքների հետ, այն չի ընդդիմանում գերակշռող միտումներին, չնայած դրանց հետ ունեցած տարբերությանը...» [7, с. 144]։ Ի տարբերություն կոնֆորմիզմի, կոնսերվատիզմը չի հերքում հասարակության լուրջ փոփոխությունները, ավելին՝ պայքարում է դրանց համար։ Կոնսերվատիզմը լոկ թերահավատորեն է մոտենում հեղափոխական վերափոխումներին, ինչը, շատ կոնսերվատորների համոզմամբ, հղի է մարդկության ստեղծած ողջ արժեքավորի վերացմամբ և տոտալիտարիզմի վերածննդով։ Կոնֆորմիստները համաձայնողներ են, կոնսերվատորները՝ համոզված պրագմատիկներ։
Առհասարակ, բոլոր գաղափարախոսական հոսանքները միմյանցից տարբերվում են նրանով, որ յուրովի են դիտարկում «անցյալի» հարաբերակցությունը «ներկայի» և «ապագայի» հետ։ Այսպես, լիբերալներն ապագայի մեջ տեսնում են կատարված ներկան, որտեղ, որպես կանոն, անցյալ չկա։ Ձախ գաղափարախոսական հոսանքները պատրաստ են ներկայում հեշտությամբ հրաժեշտ տալ անցյալին՝ հանուն լուսավոր ապագայի և սկսել կառուցել այն հենց այսօր։ Կոնսերվատորներն, իրենց հերթին, չեն պատկերացնում ոչ ներկան, ոչ ապագան առանց այն ամենի, ինչը մարդիկ կուտակել են անցյալում։ Ապագան նրանք ընկալում են «ներկայի աչքերով», այսինքն՝ ռեալիստորեն և պրագմատիկորեն [8, с. 42]։ Ինչպես նշում էր Ն.Բերդյաևը, կոնսերվատիզմը «պաշտպանում է ժամանակների կապը... միացնում է ապագան անցյալին...» [9, с. 285]։
Կոնսերվատիզմը հանդես է գալիս ոչ թե հօգուտ գոյություն ունեցող հանրային կարգի կամ, առավել ևս, անցյալին վերադարձի, այլ գլխավորապես հօգուտ ազգի, կրոնի, ամուսնության, ընտանիքի և սեփականության մեջ մարմնավորված ավանդական բարոյաիրավական և բարոյական հարաբերությունների պահպանման, որոնք, կոնսերվատորների կարծիքով, կազմում են ցանկացած երկրի հանրային կյանքի առանցքը, որի վրա կառուցվում է հասարակարգը։ Կոնսերվատիզմը դեմ է ներկայի արմատական փոփոխություններին, բայց կողմնակից է նրա կատարելագործմանը՝ մարդկային ողջ փորձի հաշվառմամբ։ Հասարակական բոլոր փոփոխությունները, պահպանողականների կարծիքով, սպառնում են վնաս հասցնել հասարակությանը, եթե անցյալում «փորձարկված չեն» կամ էլ հաշվի չեն առնում անցյալի դասերը և ուղղված են նրա հիմքերի ու ավանդույթների դեմ։
Քաղաքացիների կողմից պահպանողական արժեքների «թերըմբռնման» և դրանց հանդեպ միասնական կշռադատված մոտեցման բացակայության պայմաններում ռուսաստանյան հասարակության՝ դեպի կոնսերվատիզմ վերակողմնորոշման մասին հարցադրումը կարող է գաղափարաքաղաքական «տատանումներ» առաջացնել և իսկական պահպանողական սկզբունքներից շեղումների տեղիք տալ։ Դա կարող է հատկապես ցավագին ընդունվել բազմազգ և բազմադավան ռուսաստանյան հասարակությունում, որտեղ առկա են տարբեր մոտեցումներ բարոյական նորմերի, դարավոր ավանդույթների և քաղաքացիների քաղաքական մասնակցության հանդեպ։
Գաղտնիք չէ, որ շատ հետազոտողներ, պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ սովորության համաձայն կներքաշվեն հերթական քարոզչության մեջ և կնետվեն ուսումնասիրելու կոնսերվատիվ գաղափարախոսությունը, քարոզելու «սերտածն» այն նպատակով, որ «էլ ավելի կաթոլիկ» երևան, քան ռուսաստանյան հասարակության իսկական հայրենասերները։ Սակայն կոնսերվատիզմը, ինչպեսև ցանկացած այլ գաղափարախոսություն, անհնար է և վնասակար է մատուցել ընդհանուր համատեքստից ու տրամաբանական կառույցից պոկած, անգիր արած արտահայտություններով։ Որպես կանոն, նման քայլերը հանգեցնում են գաղափարախոսական համակարգի բացարձակացմանն ու դոգմայացմանը և, ի վերջո, դրա դեգրադացիային։
Արդի պահպանողականության հիմքում ընկած է հասարակության բարոյական մաքրության և ավանդույթներին հավատարմության պահպանման ձգտումը, որոնք, ըստ էության, բովանդակությամբ սուբյեկտիվ են և յուրաքանչյուր առանձին վերցրած ժողովրդի կողմից ընկալվում են յուրովի, կրում են մասնավոր բնույթ։ Նման պայմաններում ծագում է հասարակական զարգացման «դիսոնանսի» իրական վտանգ։ Չէ՞ որ այն նորմերն ու իդեալները, որոնք առաջնային են մի սոցիումի համար, մյուսում կարող են երկրորդական նշանակություն ունենալ և հակառակը։ Այդօրինակ «մասնավորությունների» հիման վրա ռուսաստանյան հասարակության համախմբման ձգտումն, այսպես թե այնպես, կարող է հանգեցնել «պետականակերտ կարգադրությունների» հարկադրանքի։
Մոտավորապես այսպիսի պատկեր կարող է ստեղծվել նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում։ Ինչպես հայտնի է, պետությունների նոր միավորումը ստեղծվում է տնտեսական նպատակահարմարության և նրանց շահերի ընդհանրության հիման վրա։ Փաստորեն, առաջին հերթին ընդգծվում է ինտեգրացիայի նյութական բաղադրիչի՝ ազատ շուկայի մունետիկների համար շատ հասկանալի կարևորությունը։ Ռուսաստանում գերակա դարձող կոնսերվատիվ գաղափարական համակարգը, անշուշտ, մոտ է հետխորհրդային հասարակություններին և ապագայում Եվրասիական միությունում նույնպես կգնահատվի որպես գերակշռող։ Սակայն եվրասիական ինտեգրման հիմնական փաստարկմանն ի հակակշիռ՝ այն առաջին հերթին առաջին պլան է մղում հասարակական զարգացման հոգևոր-բարոյական ասպեկտները, որոնք միշտ էապես տարբերվել են հետխորհրդային տարածքում բնակվող շատ ժողովուրդների մոտ։ Ուստի, այստեղ ևս կարող են որոշակի դժվարություններ ծագել՝ արդեն նոր միության մասշտաբով։
Արդի հասարակությունների համախմբման խնդիրը հարկավոր է լուծել բացառապես արժեքային կողմնորոշիչների ընդհանրության հիման վրա, որոնց հիմքերը դրված են՝ շնորհիվ նախկին միասնական պետության սահմաններում ժողովուրդների համակեցության։ Պատմությունն արդեն ներկայացրել է նման համակարգ՝ հանձին լիբերալիզմի, որը խորապես հասկանալի է քաղաքացիներին՝ շնորհիվ սոցիալիստական տեսության հետ գենետիկ հոգեհարազատության։ Մանավանդ որ նրա քաղաքական կարգախոսներից շատ բան փոխառել են ինչպես սոցիալիստները, այնպես էլ պահպանողականները։ Ինչպես վերը նշվեց, անգամ արևմտյան շատ հետազոտողների կարծիքով՝ արդի կոնսերվատիզմը համարվում է դասական աշխարհամասային լիբերալիզմի իսկական իրավահաջորդը։ Ուստի, այդ հոսանքների միջև սկզբունքային տարբերություն չկա ազատ շուկայի և ընդհանուր քաղաքական-տնտեսական տարածքի հաստատման մոտեցումներում։ Չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ ցայսօր դեռևս ակտուալ է մնում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մեծ եվրասիական տարածքի ստեղծման գաղափարը՝ ազատ տնտեսությամբ և համատեղ քաղաքական ինստիտուտներով։ Պահպանողականությունը, յուրովի հասկացվելով արդի շատ հասարակությունների հանրային գիտակցությունում, փոքր-ինչ սահմանափակում է դրա իրագործումը՝ վերջինին հակադրելով ավանդույթների և սովորույթների գերակայությունը։ Մինչդեռ աշխարհամասային-ազգային լիբերալիզմը ոչ միայն «ընթանում» է եվրասիական հասարակություններում և վերջին քսան տարում զգալի տեղ է ձեռք բերել հանրային կյանքում, այլև չի հակասում մեծ եվրասիական տարածքի գաղափարին։
Ուստի, մեր կարծիքով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրասիական միության ստեղծմանը ձգտող մյուս պետությունների հոգևոր կյանքի պահպանողական հատվածի ակտիվացման հարցադրումը կոնսերվատիզմը ոչ մի կերպ չի հակադրում լիբերալիզմին։ Դա, առաջին հերթին, նպատակ ունի հետխորհրդային հասարակություններին զերծ պահել լիբերալ գաղափարի ծայրահեղ դրսևորում համարվող լիբերտարիզմից՝ իր ինդիվիդուալիստական շեշտադրմամբ։ Պահպանողական գաղափարախոսության տարրերը կոչված են պաշտպանելու այդ հասարակությունները խորթ մենթալության տարածումից, կանգնեցնել նրանց համար կործանարար արևմտականացումը, որն ուղղված է կայացած ավանդույթները կոտրելուն և դարերով կերտված արժեքների արժեզրկմանը։
Միևնույն ժամանակ, արդի հետխորհրդային հասարակությունները, այդ թվում և ռուսականը, չեն հրաժարվել լիբերալիզմի հիմնարար սկզբունքներից և ամեն կերպ ջանում են իրագործել դրա կոլեկտիվիստական-աշխարհամասային մոդելը՝ դեմոկրատական ավանդույթների և վերափոխումների իր տեսլականով։ Հենց այս հանգամանքը, ինչպեսև եվրասիական ինտեգրման բազմաթիվ կողմնակիցների տրամադրությունները լիբերալիզմի այս տարբերակը դարձնում են գաղափարական հենք հետխորհրդային հասարակություններում ապագա վերափոխումների համար։ Ինչ վերաբերում է պահպանողական գաղափարական սկզբունքներին, ապա դրանք կոչված են պահպանելու եվրասիական տարածքում բնակվող ժողովուրդների ինքնատիպությունը։ Բացի այդ, հաշվի առնելով նրանց փոխկապվածությունը և տնտեսությունների զարգացման մոտավորապես նույն մակարդակը՝ դրանք պետք է ապահովեն արտադրական ոլորտի հավասարակշռված զարգացումը՝ եվրոպական զարգացած կառույցներում աստիճանաբար և ըստ արժանվույն ինտեգրվելու համար։
Ընդհանուր առմամբ, պահպանողականությունը կոչված է ինքնատիպ «զսպաշապիկ» հագցնել լիբերալ մոտեցումներին՝ դրանց հաղորդելով «մարդկային կերպարանք»։ Գաղտնիք չէ, որ մի շարք դեպքերում անհատի բացարձակացումը, նրա վերածումը ֆիզիոլոգիական էակի և նրա «քմահաճույքների» «փքուն» պաշտպանությունը, ինչպես նաև մեծամասնության հանդեպ փոքրամասնության գերակայության ապահովումն է, որ հասարակությունում ծնում են, ըստ էության, համամարդկային արժեքների թշնամական ընկալում։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ գործնական քաղաքական քայլերն անգամ զարգացած երկրներում նախաձեռնվում են առանց առկա հասարակական հոգեբանության, ինչպես նաև առհասարակ հասարակության գիտակցության հաշվառման։
Պահպանողական արժեքների միջոցով լիբերալիզմն ընկալելը թույլ է տալիս հասարակությունում հաստատել փոխհարաբերությունների բարոյական սկզբունքներ՝ երկրորդ պլան մղելով արդի լիբերտարիզմին հատուկ ռացիոնալ մատերիալիզմը։ Լիբերալ սկզբունքների պահպանողական մեկնաբանությունն ի վիճակի է հետխորհրդային հասարակությունների առկա մենթալության հիմքում դնել դրան համապատասխան գաղափարական հենք։ Գաղտնիք չէ, որ արդի հետխորհրդային հասարակություններում մարդկանց պահպանողական արժեքների կողմնորոշման առավել նշանակալի հատկանիշներից են հետևյալները. համոզվածությունը, որ արդարությունն ավելի կարևոր է մարդու իրավունքներից; հավատարմությունն ավանդույթներին; համոզմունքը, որ պետության ու ժողովրդի շահերն ավելի բարձր են առանձին քաղաքացու շահերից; ուժեղ պետությունը՝ որպես կարգի և բարեկեցության ապահովման գործոն; քաղաքացիների որոշ իրավունքների սահմանափակման հնարավորությունը հանուն ընդհանուր նպատակների իրականացման և այլն։ Հետխորհրդային հասարակությունների քաղաքացիների բարոյական նորմերի կողմնորոշվածությունը պարարտ հող է ստեղծում ըստ էության լիբերալ-դեմոկրատական վերափոխումների իրականացման համար՝ ազգերի ինքնության պահպանմամբ։
Մյուս կողմից՝ լիբերալ-դեմոկրատական մոտեցումը (որը պաշտպանում է աշխարհամասային լիբերալիզմի սկզբունքները) հանդուրժողական է չմիասնականացված ավանդույթների և սովորույթների գոյության հանդեպ, ինչը մեկ պետությունում կամ պետությունների միությունում ժողովուրդների համակեցությունը դարձնում է հարմարավետ և անվտանգ։ Ուստի, այսօր հետխորհրդային հասարակությունների համար ամենաընդունելի գաղափարական համակարգ կարելի է համարել հենց պահպանողական լիբերալիզմը, որը, նախևառաջ, լիբերալ արժեքների կողմնորոշում ունի։ Միևնույն ժամանակ, այն ընդգծում է բարոյական, էթիկական նորմերի նշանակալիությունը, հանրային առաջընթացը դիտարկում է որպես մարդկային հանրակցության զարգացման անհրաժեշտ, բայց «անցավ» գործընթաց, առանց ցնցումների և էքսցեսների, որի հիմքում ընկած են գործողությունների պրագմատիզմը և սկեպտիցիզմն արմատական վերափոխումների հանդեպ։ Այն նաև ի վիճակի է միավորել բոլոր քաղաքացիներին Ընտանիքի, Պետության և Հավատի ավանդական արժեքների շուրջ։
ՌԴ նախագահ Վ.Պուտինի վերոնշյալ շեշտադրումները, մեր կարծիքով, նպատակ ունեին պահպանողական թեքում հաղորդել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հետխորհրդային երկրներում արդեն ընթացող լիբերալ-դեմոկրատական վերափոխումներին։ Նա իր հավատարմությունը լիբերալիզմին հաստատեց, մասնավորապես, Սոչիի Օլիմպիադայի նախօրեին օտարերկրյա լրագրողներին տված հարցազրույցում, երբ ուղղակի տրված հարցին ուղղակի պատասխանեց, որ ինքը շարունակում է մնալ լիբերալ։ Սրանով լիովին ներկայացվեց Ռուսաստանի նախագահի գաղափարաքաղաքական դիրքորոշումը, որում ներդաշնակորեն միահյուսված են երկու գաղափարախոսությունների տարրերը։ Կոնսերվատիվ թեքմամբ լիբերալիզմի գերակայությունը գաղափարախոսական տարածքում ի վիճակի է միավորել և պաշտպանել ապագա Եվրասիական միության ինչպես ռուսաստանյան, այնպես էլ հետխորհրդային հասարակությունները։
Աղբյուրներ և գրականություն
- Енгоян А.П., Идеологические основы социально-политических трансформаций в постсоветской Армении, Ер., Изд-во Российско-Армянского университета, 2011, 357 с.
- Боуз Д., Либертарианство: история, принципы, политика, Челябинск: Социум, Cato Institute, 2009.
- Малахов В.С., Государство в условиях глобализации, М., КДУ, 2007.
- Харви Дэвид, Краткая история неолиберализма, М., Поколение, 2007.
- Colly P., Studies in the History of ideas, L., 1983.
- Коцюбинский Д.А., Консерватизм в контексте политической истории Нового времени (к проблеме использования понятия) // Философия и социально–политические ценности консерватизма в общественном сознании России.
- Политология: Энциклопедический словарь. Общ. ред. и состав. Аверьянов И., М., Изд–во Моск. коммерч. ун-та, 1993.
- Енгоян А.П., Перспективы консерватизма в Армении // «Вестник Российско-Армянского университета», 2008, №1.
- Бердяев Н.А., Философия неравенства, М., АСТ, 2006.
դեպի ետ