
ԱԶԳԱՅԻՆԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ
Մուշեղ ԼալայանՀՀԿ նախագահի տեղակալ
Բնության բազմազանությունը, տեսակավորումը գոյություն ունեն ի սկզբանե: Ինքնին վերացական մարդկություն գոյություն չունի. մարդկությունը կազմում են ազգերը, և ամեն մարդ իր ազգությամբ մտնում է ընդհանուր մարդկության մեջ: Յուրաքանչյուր ազգ իր հոգեկերտվածքով ինքնատիպ է և անկրկնելի: Մարդկությունը հարուստ է ազգերով, և որևէ ազգի կորստով այն աղքատանում է` կորցնելով զգալու, մտածելու և արտահայտվելու մի յուրահատուկ բնական ձև, մի առանձին հոգեաշխարհ: Հետևաբար, այն, ինչ ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է մարդկության դեմ:
Անշուշտ, ազգային ինքնատիպությունը չի ենթադրում աշխարհից մեկուսացում կամ ազգային եսականություն: Ազգերը, բացի առանձնահատկություններից, ունեն նաև ընդհանրական հատկանիշներ: Դրանք ակնառու են Աստծո հետ հարաբերությունները ճշտելիս (պատահական չի ասված, թե բոլոր ճշմարիտ կրոնները տանում են դեպի միևնույն Աստված), ինչպես նաև` հասարակարգերի, տնտեսաձևերի և գիտության հանդեպ մոտեցումներում: Սակայն այս բոլորն էլ իրենց վրա այս կամ այն չափով կրում են տվյալ ազգի կնիքը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ազգ ունի ի՛ր քրիստոնեությունը կամ ի՛ր սոցիալիզմը, կարելի է ավելացնել նաև` իրե՛ն հատուկ լիբերալիզմը, ի՛ր ընկալումներին համապատասխան դեմոկրատիան ևն:
Այսպիսով, թեև բոլոր ազգերը` իբրև Արարչի ծնունդ, Հավերժի և Բացարձակի հարթության մեջ մերձենում են, սակայն յուրաքանչյուրն ունի դեպի Արարիչ տանող ի՛ր ճանապարհը, իսկ ավելի ստույգ` իրե՛ն տրված ճանապարհը: Սա՛ է ազգերի ներդաշնակ գոյակցության բնական-արարչական կարգը: Դա ասել է նաև, թե յուրաքանչյուր ազգային միայն կատարելության ճանապարհով է դառնում համամարդկային:
Ազգերի մշակութային մերձեցում (բայց ո՛չ ձուլում), գիտատեխնիկական, տնտեսական միավորում (և ո՛չ մեկուսացում), այսինքն` հոգևոր-մշակութային ինքնատիպություն և քաղաքակրթական ընդհանրություն. այսպես ենք մենք հասկանում աշխարհի բնական կարգը, այսպիսին է ազգայինի և համամարդկայինի մեր ընկալումը:
Մեր պահպանողականությունը
Ընդհանրապես, «պահպանողականություն» ասել է մարդկության (ավելի շուտ` նրա ընտրանու) կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում:
Միաժամանակ, պետք է ասել, որ պահպանողականությունը ո՛չ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է: Այն ո՛չ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. ա՛յն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ո՛չ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի հավատում է պատմության անխզելիությանը, ժամանակների կապին, որով` հավիտենական արժեքների անդադար արարմանը:
Ու թեև ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում և կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ, կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են «պահպանողականություն» երևույթին առհասարակ: Ըստ այդմ, պահպանողական աշխարհընկալմանը բնորոշ են`
Հավատն առ Աստված ու նրա պատվիրանները:
Նախապատվություն տալը մնայունին, հավիտենականին (հայրենիք, ընտանիք և այլն)` ի հաշիվ անցողիկի, ժամանակավորի (պետության կառավարման այս կամ այն ձևը, հասարակության կազմակերպման որոշ մոդել և այլն):
Մտածելակերպի կոնկրետությունը` համեմատ վերացականությունների. Վերացական մտային կառուցվածքները, կատարյալ թվացող տեսական սխեմաները խորթ են պահպանողականությանը:
Ավանդական (ազգային, կրոնական) արժեքների հանդեպ նախանձախնդրությունը:
Ապադասակարգային բնույթը։
Հատկանշական է դասական պահպանողականության այն հիմնարար մոտեցումը, թե հասարակության բարելավումը պետք է իրականացվի մասնակի և փուլային բարեփոխումների ճանապարհով, և ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին: Ըստ այդմ, պահպանողականությունը սկզբունքորեն մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Պահպանողականության խնդիրն է` բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները:
Պահպանողական արժեհամակարգում առանցքային տեղ ունեն հետևյալ հիմնական հասկացությունները.
Ավանդական ընտանիք: Պահպանողականները բացասական վերաբերմունք ունեն պաշտոնապես չգրանցված զույգերի, միասեռական զույգերի, մանավանդ վերջիններիս պաշտոնապես գրանցելու և երեխաներ որդեգրելու իրավունքի նկատմամբ: Պահպանողականությունն ընդունում և արժևորում է միայն «դասական» ընտանիքը:
Կրոնական կյանք: Պահպանողականներն ընդունում են տվյալ հասարակության մեջ ավանդավորված կրոնական կյանքի նորմերը և սովորույթները` դրանց հետևելը համարելով առողջ քաղաքական ու հասարակական կյանքի կարևոր նախապայման: Նրանք բացասական վերաբերմունք ունեն տարբեր տեսակի աղանդների նկատմամբ:
Բարոյական նորմերի հաստատուն համակարգ: Պահպանողականները հավատում են, որ գոյություն ունի Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հաստատուն համակարգ, որին հետևելը ինչպես անհատի, այնպես էլ հասարակության սրբազան պարտքն է, և որից շեղվելու դեպքում խախտվում է աշխարհի ներդաշնակ կարգը:
Պահպանողականության հիմնարար արժեքներից են նաև մասնավոր սեփականությունը և տնտեսական ազատականությունը:
Իսկ որքանո՞վ է մեր հասարակության համար ընկալելի պահպանողական գաղափարախոսության արժեհամակարգը։
Ընդհանրապես, մեր հասարակությունը և՛ պահպանողական է, և՛ անընդհատ նորին ձգտող: Նա հետամուտ է թե՛ իր բուն արժեքների պահպանմանը, թե՛ արդիականացումից հետ չմնալուն, նորը յուրացնելուն:
Սակայն, համաշխարհայնացման (գլոբալացման) արդի գործընթացները լուրջ մարտահրավեր են ազգային ինքնությանը և պետական ինքնիշխանությանը: Միաժամանակ, այսօր աշխարհում, լիբերալ-դեմոկրատական համակարգի ճգնաժամի և սոցիալիստական գաղափարների վարկաբեկման պայմաններում, զգալի վերելք է ապրում պահպանողականությունը:
Այս իմաստով, պահպանողականությունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր-մշակութային ինքնատիպությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից հետ չմնալու առումով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՇՈՒՐՋ ԱՂՄՈՒԿԸ Ո՛Չ ՄԵԶ Է ՁԵՌՆՏՈՒ, Ո՛Չ ՌՈՒՍՆԵՐԻՆ[09.05.2020]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է[07.05.2012]
- ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԱԶԳԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ[12.04.2012]
- ԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ[12.04.2012]
- «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» ԱՄՍԱԳՐԻ 100-րդ ՀԱՄԱՐԸ[04.04.2012]
- ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[29.03.2012]