
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Երեքշաբթի` դեկտեմբերի 17–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Երևանում կայանալիք «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին։
Երևանում դեկտեմբերի 18–20–ը կայանալիք համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռնակարները։
Մամուլի ասուլիսին մասնակցեցին`
– «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը (Հայաստան),
– «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեյ Մեդվեդևը (Ռուսաստան),
– Եվրոպական ինտեգրման խնդիրների կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը (Բելառուս),
– Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը (Ռուսաստան),
– Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Քայհան Բարզեգարը (Իրան)։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄԷ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բյուրեղացում է տեղի ունենում Հարավային Կովկասում, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Նախկինում ամեն ինչ փոքր–ինչ ամորֆ էր, իսկ ամորֆությունը միշտ ինչ-ինչ վատ սցենարներ է առաջացնում, քանի որ հասկանալի չէ` ով ում համար և ինչի համար է պայքարում»,– երևանյան «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։
Փորձագետը նշեց, որ Հայաստանը որոշում է կայացրել միանալ Մաքսային միությանը, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը, զուգահեռ ընթանում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բյուրեղացում և դաշինքի ձևավորում, իսկ Վրաստանը ամերիկա-եվրոպական կողմնորոշմանը զուգահեռ իշխանափոխությունից հետո սկսել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ կնախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը։
«Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային hամաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանակարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ինքնիշխան ոչ առևտրային կազմակերպությունն (Ռուսաստան) ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (Հայաստան)։
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ
«Ռուս-բելառուսական ռազմավարական հարաբերությունների կառուցումը բելառուս ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է և մենք շարունակելու ենք համագործակցել Ռուսաստանի հետ նաև հետագայում: Եթե Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը Բելառուսի համար նույնպես դառնում է քաղաքակրթական և ռազմավարական դաշնակից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին՝ ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցելու որոշման ենթատեքստում ասաց Բելառուսի Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը: Նա նշեց, որ Բելառուսը փոքր երկիր է և Մինսկը ցանկանում է, որպեսի Հարավային Կովկասի տարածաշրջանում լինի խաղաղություն: «Մինսկը ժամանակին դարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման, այսինքն խաղաղության և անվտանգության ամրապնդման վայր»,-նշեց Յ. Շևցովը: Իր հերթին, ՌԴ Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին նշեց, որ Թուրքիան ժամանակին աջակցել էր Սիրիայի ազատ բանակին, սակայն այսօր Սիրիայի ազատ բանակը քայքայվում է և Անկարային ձեռնտու չէ աջակցել ծայրահեղականներին: «Հայ-թուրքական սահմանի փակ լինելը չի խանգարում հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը՝ Վրաստանի սահմանով»,-նշեց Վ. Եվսեևը: Նրա խոսքերով, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հետաքրքված չեն Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ: «Եթե Ղարաբաղում պատերազմ է սկսվում, ապա պատերազմի մեջ են ներքաշվում նաև Թուրքիան և Ռուսաստանը, այսինքն սկսվում է տարածաշրջանային պատերազմ»,-հավելեց Եվսեևը:
ԿԱՅԵՆ ԲԱՐԶԵԳԱՐ. ԻՐԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ
«Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հավանակությունը նվազել է և այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև դրական ազդեցություն կթողնեն տարածաշրջանային զարգացումների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանում կայանալիք «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հարավային Կովկասում տեղի են ունենում կարևոր զարգացումներ՝ ՀՀ-ը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային Միությանը, իսկ Վրաստանն էլ փորձում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Իր հերթին, Բելառուսի Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը նշեց, որ ՀՀ-ի Մաքսային Միությանը անդամակցելուց հետո Բելառուսում ավելացավ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: «Բելառուսը հետաքրրված է այն իրավիճակով, որ տիրում է Հարավային Կովկասում և ինչպիսին կարող է լինել ՀՀ-ի դերը Մաքսային Միությունում»,-նշեց Յ.Շևցովը:
Հանդիպման մեկ այլ մասնակից, Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Թեհրանից ժամանած Կայեն Բարզեգարը անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նշեց, որ Իրանի անվտանգության գաղափարը կարելի է բաժանել երկու մասի՝ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը Հարավային Կովկասում և Իրանի ու Արևմուտքի համագործակցությունը: «Սիրիական ճգնաժամը ցուցադրեց, թե ինչքանով է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը մոտ՝ սիրիական հարցով: Սիրիայի ճգնաժամը ցուցադրեց, թե ինչ կարևոր դեր են խաղում տարածաշրջանում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,-նշեց Բարզեգարը:
Նրա խոսքերով, Իրանի նոր քաղաքականությունը Արևմուտքի նկատմամբ՝ խաղաղություն և անվտանգություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանին:
դեպի ետ