ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2013թ. նոյեմբերի 26-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները» թեմայով։ Հիմնական բանախոսը ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն էր։
Նախարարը ներկայացրեց ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական ուղղությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի գնահատման գործում։ Այնուհետև ներկայացվեցին արդի աշխարհի հիմնական ուժային կենտրոնները և դրանց տարածաշրջանային շահերի հիմնադրույթները։
Նախարարը, մասնավորապես, նշեց, որ ՀՀ պաշտպանության համակարգը հիմնված է հիմնական ուժային կենտրոնների շահերի վերլուծության վրա. գնահատվում են թե՛ ընթացիկ գործընթացները և թե՛ հեռանկարային զարգացումները։ Հենց սա հաշվի առնելով էլ նախարարն ընդգծեց, որ ՀՀ անվտանգությունը երկարաժամկետ պլանավորման համակարգ է։
Գեներալ-գնդապետն անդրադարձավ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում ԱՄՆ, Ռուսաստանի և Եվրամիության քաղաքականությանը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն դարձվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացներին։ Ուրվագծվեցին զարգացման հնարավոր սցենարները։ Նախարարը նշեց, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման ամենահավանական տարբերակը փոխզիջումային համաձայնությունն է։ Ընդգծվեց այդ տարբերակի դրական ազդեցությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։
Նախարարն անդրադարձավ նաև Իրանի և Թուրքիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում, այնուհետև՝ հարավկովկասյան երկրների անվտանգության տեսլականներին, տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերին ու գործընթացներին։
Ելույթի վերջում նախարարը կենտրոնացավ տարածաշրջանային անվտանգության համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Մասնավորապես նշեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման սցենարները և այն միջոցները, որոնք ՀՀ Զինված ուժերը կկիրառեն հնարավոր ագրեսիան կանխելու և հակահարված տալու համար։
Հանդիպման երկրորդ մասում նախարարն ուղիղ երկխոսության միջոցով պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին։
դեպի ետ