• am
  • ru
  • en
Версия для печати
03.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ

Руский

   

Վլադիմիր Դիլանյան
Տնտեսագետ, միջազգայնագետ

2013թ. սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Վ.Վ. Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի բանակցությունների արդյունքներով, հայտարարվեց Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։ Մինչ այդ ծրագրվում էր, որ ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու են Եվրոպական միության (ԵՄ) հետ ասոցիացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

Համառոտ ներկայացնենք նախապատմությունը։ 2011թ. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրեցին պայմանագիր ազատ առևտրի գոտու մասին, որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2012թ. սեպտեմբերի 11-ին։ Դրան նախորդել էր երկարատև և քրտնաջան աշխատանք՝ սկսած 1990-ական թթ. երկրորդ կեսից, որի մասնակիցը որոշակի ժամանակ եղել է նաև տողերիս հեղինակը, որն այդ ժամանակ աշխատում էր Հայաստանի ԱԳՆ-ում։ ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշման կողմնակից է, համաձայն սոցիոլոգիական հարցումների, հանրապետության բնակչության գրեթե 80%-ը։ «Գրեթե» ասելով նկատի են առնվում մինչև վերջերս ՄՄ-ին անդամակցությանը դեմ արտահայտվող որոշ հասարակական գործիչները, ինչպես նաև մի շարք խորհրդարանականներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր ժամանակին եղել են ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) ղեկավարությունում։ Վերջինը 90-ականների առաջին կեսին շատ բանով է նպաստել Հայաստանի տնտեսության աղետալի փլուզմանը։

Այսպիսով, երկրում ավարտվում է «կամ-կամ» բանաձևի շուրջ ընթացող բանավեճը (նկատի ունենք կամ ՄՄ-ին միանալը, կամ ասոցիացիան ԵՄ-ի և ազատ առևտրի գոտու հետ)։ Հարկ է նշել, որ Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը և վերջին ժամանակներս բավական հաճախ հանրապետություն այցելող բրյուսելցի եվրաչինովնիկներն ակտիվորեն առաջ էին մղում երկրի համար ԵՄ ասոցիացված անդամ դառնալու գերակայության գաղափարը հատկապես հայկական վերնախավում։ Վերջերս Երևանում գտնվող՝ ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերի գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բավական երկիմաստորեն արտահայտվեց՝ հանդես գալով հայկական ղեկավարության և փորձագիտական հանրության առջև. «Եթե Հայաստանը Վիլնյուսում չնախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցիացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, մենք ձեզ դատի կտանք։ Կատա՛կ է» (!!!)։

Նույն Շ.Ֆյուլեն, «Կոմերսանտ Ուկրաինա» թերթին տված հարցազրույցում, ամեն կերպ առաջ մղելով Վիլնյուսում Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը, իսկ Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի (վերջինի համար նախաստորագրման գործընթացը դադարեցվել է նախագահ Ս.Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու մտադրության հայտարարության հետ կապված) կողմից նույն փաստաթղթի նախաստորագրումը, հայտարարել է. «Եթե մեր գործընկերները որևէ կողմի չարդարացված ճնշման օբյեկտ են դառնում, ներառյալ, իհարկե, Ռուսաստանի ճնշումը (նկատի ունի վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը կամ նախաստորագրումը), ապա ԵՄ-ը պետք է հնարավորություն գտնի փոխհատուցելու նրանց վնասները («Կոմերսանտ», 19.09.2013)։ Մինչև վիլնյուսյան հանդիպումը բավական քիչ ժամանակ է մնացել, և «Արևելյան գործընկերության» երկրները պետք է եզրակացություն անեն (Հայաստանն արդեն արել է դա) և ընտրեն կամ եվրաինտեգրումն իր հիմնականում աղոտ հեռանկարներով, կամ անդամակցությունը Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ-ին։ Եվրակառույցների տեղեկատվական, ինչպես նաև քաղաքական ճնշումն ավելի է մեծանում ինչպես նշված երկրների, այնպես էլ, փոքր-ինչ միջնորդավորված ձևով, Ռուսաստանի վրա։ Այսպես, Եվրախորհրդարանը սեպտեմբերի առաջին տանսօրյակում ընդունեց բանաձև, որով Ռուսաստանը դատապարտվում էր այն բանի համար, որ ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա՝ նկատի ունենալով «չարաշահումներն էներգառեսուրսների գնագոյացման հարցում, առևտրի համար արհեստական արգելքների ստեղծումը, երաշխիքներ խոստանալը պաշտպանության և անվտանգության ոլորտում և ձգձգված հակամարտություններն իր նպատակների համար օգտագործելը» («Կոմերսանտ», 19.09.2013)։ Մեկ անգամ ևս մեջբերենք պրն Ֆյուլեին. «Անդամակցությունը ՄՄ-ին իսկապես անհամատեղելի է խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիների ստեղծման հետ։ Խոսքը գաղափարախոսական տարբերությունների մասին չէ, ոչ էլ տնտեսական բլոկների բախման»։

«Եվրաճնշմանը» խոչընդոտելու և, միաժամանակ, ՄՄ-ին միանալու առավելությունների մասին տեղեկատվությունը Հայաստանի բնակչությանը հասցնելու գործում մեծ աշխատանք են կատարել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (տնօրեն՝ Գ.Հարությունյան), «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ա.Սաֆարյան), «Այլընտրանք» հիմնադրամը (ղեկավար՝ Թ.Մանասերյան) և այլն։ Թեման լայնորեն լուսաբանվել է հայկական լրատվամիջոցներում։ Նշենք նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանությունների ակտիվ բացատրական աշխատանքը։ Զարգացման եվրասիական բանկի նախաձեռնությամբ անցկացվել են հետազոտություններ եվրասիական ինտեգրման հեռանկարները և հնարավորությունները վեր հանելու նպատակով։

ՄՄ-ին միանալը ենթադրում է տնտեսական, տրանսպորտի, էներգետիկ անվտանգության հարցեր։ Սպասվում են խոշոր ներդրումներ, մեծ թվով աշխատատեղերի ստեղծում, ինչը կարգելակի Հայաստանից աշխատունակ բնակչության անընդհատ աճող արտագաղթը։

Ահա թե ինչ է ասում հայ փորձագետների խմբի ղեկավար, Պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ Ա.Թավադյանը. «Տրանսպորտի բաղադրիչը ներառում է երկաթուղու զարգացումը (մասնավորապես՝ $470 մլն-ի ուղղակի ներդրումներ)։ Մեզ համար շատ կարևոր է լրացուցիչ հաղորդակցություններ ունենալը։ ԵՄ-ը դա չի անի՝ հաշվի առնելով իրավիճակն Իրանի շուրջ։ Զարգացման եվրասիական բանկի ներդրումները կկազմեն $100 մլն, ինչը թույլ կտա 0,3-0,4%-ով ավելացնել աճի տեմպերը»։

Կարևորագույն խնդիր է էներգետիկայի զարգացումը, առաջին հերթին՝ գործող Հայկական ատոմակայանի հետագա շահագործումը և նորի կառուցումը ռուսաստանյան տեխնոլոգիաներով, ինչպես նաև համապատասխանաբար՝ գազի գնի իջեցումը 30%-ով (1000 խոր. մետրը $270-ի փոխարեն կարժենա 180) երկրի՝ ՄՄ-ին միանալու պարագայում։ Գնի այս իջեցումը, ըստ Ա.Թավադյանի, կնպաստի մոտ 1%-ով ՀՆԱ աճին։ Կիջնեն նավթամթերքների գները։ Դա կնպաստի տնտեսության զարգացմանը։ Իհարկե, չպետք է մտածել, թե Ռուսաստանը գազը կմատակարարի ներքին գներով, սակայն ռուս-բելառուսական պայմանավորվածությունների միտումը վկայում է չափակցված եկամտաբերության սկզբունքի կիրառման մասին։

Մեկ այլ փորձագետ՝ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն Ս.Սարուխանյանը կարծում է, որ ռուսական գազի մատակարարման հարցում մեծ խնդիր են վճարումները Վրաստանին տարանցման համար։ 1000 խոր. մետրի համար $210-ը հաստատուն կդառնա (հաշվի առնելով Վրաստանի տարածքով գազի տարանցման 10% արժեքը)։ Այդ գինը մի փոքր բարձր է Բելառուսի համար գազի գնից, բայց շատ ավելի ցածր է $350-400-ից, որը ռուսական գազի համար վճարում են մյուս երկրները, մասնավորապես՝ Ուկրաինան և Մոլդովան, էլ չենք ասում եվրոպական երկրների մասին։ ՄՄ շրջանակներում էներգետիկ փոխգործակցության կարևոր կետ կդառնա ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանի համար հրատապ է նաև այն, որ ատոմակայանի շահագործման պարագայում ներդրումների վերադարձման հարց չի դրվում։ ՀԱԷԿ արդիականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Սեպտեմբերի 3-ին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել է, որ «Ռոսատոմը» հայ փորձագետների հետ միասին պայմանավորվել է աշխատել 10 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետը։ Երևանից ոչ հեռու գտնվող ատոմակայանը գործարկվել է 1976թ. և արտադրում է Հայաստանում թողարկվող ողջ էլեկտրաէներգիայի կեսը։ Խոսքն առայժմ 1000 մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շինարարության մասին է։ «Գոսատոմնադզորի» տվյալներով՝ ԱԷԿ նոր բլոկի կառուցման արժեքը կկազմի մոտ $5 մլրդ։ Ծրագրվում է շինարարությունն ավարտել մինչև 2020թ.։ Այս խոշոր էներգանախագծի իրագործումը միանգամայն իրական է դառնում ՄՄ-ին Հայաստանի միանալու պարագայում։ Նշենք, որ ԵՄ մտած մի շարք երկրներ ստիպված են եղել Բրյուսելի ճնշմամբ փակել ատոմակայանները, ինչպես, օրինակ, Բուլղարիան և Լիտվան։

Զբաղվածության մակարդակի բարձրացման հետ անմիջականորեն կապված արտադրության զարգացման և դիվերսիֆիկացման առումով նշենք, որ սկսվել է «Նաիրիտ» քիմիական կոմբինատը (ժամանակին ԽՍՀՄ-ում սինթետիկ կաուչուկի արտադրության դրոշակակիրն էր) նախագծային հզորության փուլ դուրս բերելու գործընթացը։ Կոմբինատը վերջին տարիներին քանիցս փոխել է սեփականատերերին, ինչն արդյունքում հանգեցրել է նրա գործունեության դադարեցմանը։ «Նաիրիտի» նախագծային հզորության ապահովումը կհանգեցնի այն բանին, որ խոշոր պատվերներ կլինեն ՄՄ երկրներից։

Հարկ է նշել, որ ՄՄ-ին միանալու դեպքում կարճաժամկետ հեռանկարում կանխատեսվում է ՀՆԱ աճ 4,1%-ով՝ հետագա ավելացման հնարավորությամբ։

Հայաստանի փորձագիտական հանրությունում բանավեճի առիթ է հանդիսանում նաև ՄՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, բայց այդ խոչընդոտը կարելի է չեզոքացնել ի հաշիվ էներգակիրների գնի։ Կարծիք կա, թե ՄՄ-ին միանալն ավելի հավանական է դարձնում երկաթուղու աբխազական տեղամասի բացումը, ինչն էապես կապաշրջափակի Հայաստանի տրանսպորտային երթուղիները։ Այս տեղամասը բացելու գաղափարին հավանություն է տվել Վրաստանի վարչապետ Բ.Իվանիշվիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Դեպի ԵՄ արտահանման ծավալները չպետք է պակասեն ՄՄ-ին Հայաստանի միանալու դեպքում, քանի որ երկիրը Եվրոպա է արտահանում հիմնականում պղնձամոլիբդենային և ոսկի պարունակող հանքահումք։ Կրկին հղում կատարենք փորձագետ Ա.Թավադյանի կարծիքին. նա ասում է, որ եվրոպական ինտեգրման հեռանկարները ՀՆԱ 2,3% աճ են խոստանում՝ առանց ռիսկերը հաշվի առնելու։ Իսկ ռիսկերը հետևյալն են՝ բավական հնացած ու առայժմ չլուծված խնդիրները Թուրքիայի հետ (այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան), որն Ադրբեջանի հետ միասին ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ իրականացնում է Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, ինչպես նաև հումքային չափազանց մեծ կախվածությունն ու կոռուպցիան։ Լուրջ ռիսկ կարելի է համարել նաև այն, որ եվրաինտեգրման դեպքում Ռուսաստանը կմտցնի սահմանափակումներ, որոնք կչեղյալացնեն Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները։

Նշենք, որ չկա ապրանքների, կապիտալների և ծառայությունների լիարժեք ազատ շարժ՝ առանց մարդկանց ազատ տեղաշարժի։ Մի խոսքով՝ Հայաստանի զարգացման տնտեսական, ինչպես նաև քաղաքական զարգացման վեկտորը թեքվել է դեպի ՄՄ, ինչը ոչ մի կերպ չի խոչընդոտում, որպեսզի մնացյալ աշխարհի համար մեր երկրի տնտեսությունը բաց լինի։ Եվ սա կարելի է ողջունել։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2013

դեպի ետ