
ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Կամ՝ գերտերությունները պետք է վերանայեն տարածաշրջանում իրենց մարտավարությունը
http://www.aravot.am
Վերջին շրջանում հանրային թեժ քննարկումների առանցքում է հայտնվել մեր արտաքին քաղաքական գերակայությունների խնդիրը: Բազմավեկտոր արտաքին քաղաքականության պարագայում վերջինիս եվրոպական (արեւմտյան) եւ ռուսական բաղադրիչների կարեւորությունն ու նշանակությունը մեր երկրի անվտանգ եւ դինամիկ զարգացման խնդրում մշտապես եղել են քաղաքական բանավեճերի եւ փորձագիտական վերլուծությունների գլխավոր թեմաները: Սակայն այս տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի մտադրությունը, այդ քննարկումները նոր լիցք ստացան: Ընդ որում, քննարկումների ներկա փուլում քաղաքական կրքերը բորբոքում է այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի այդ որոշումը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Եվրամիության հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրերի շուրջ մի քանի տարի տեւած բանակցությունները:
Եվ թեպետ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր մեր երկրի համար զարգացումների արդի շրջանում Եվրամիության եւ ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության սերտացման գործընթացների համատեղելիության դոկտրինալ կարեւորությունը՝ եւ այդ հանգամանքով պայմանավորված՝ նշված բանակցություններին զուգահեռ դեռեւս անցյալ տարվանից մեկնարկել էին ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միությանը Հայաստանի միանալու հնարավորությունների ուսումնասիրման հայ-ռուսական աշխատանքային խմբի աշխատանքները, այդուհանդերձ՝ ոմանք, առանց խնդրի մեջ խորանալու, իսկ մի մասն էլ զուտ քաղաքական նկատառումներով շտապեցին հայտարարել, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ կատարեցին Եվրոպայից դեպի Ռուսաստան՝ տեղի տալով վերջինիս ճնշումներին: Սկեպտիկներին չհամոզեց նաեւ նախագահ Սարգսյանի՝ Մոսկվայում արված այն հայտարարությունը, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը, եւ Հայաստանը կշարունակի Բրյուսելի հետ իր հարաբերությունները զարգացնելու նպատակով բանակցությունները:
Հարկ է նշել նաեւ, որ սեպտեմբերի 3-ից հետո որոշ եվրոպական պաշտոնյաներ նույնպես շտապեցին իրենց տարակուսանքն ու ափսոսանքն արտահայտել պաշտոնական Երեւանի որոշման կապակցությամբ՝ միաժամանակ արձանագրելով, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման արդյունքում: Դրա հետ մեկտեղ եվրոպացի մեր գործընկերները, իհարկե առանձին բացառություններով, միակարծիք են Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը շարունակելու եւ այդ նպատակով համագործակցության նոր ձեւեր եւ հնարավորություններ մշակելու հարցում:
Չնայած վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին նվիրված հրապարակումների եւ մեկնաբանությունների պակաս թե՛ հայրենական եւ թե՛ ռուսական ու արեւմտյան լրատվամիջոցներում չի զգացվում, այդուհանդերձ՝ որոշ հարցադրումներ, ըստ իս, ավելի խորքային վերլուծություն են պահանջում: Այսօր քաղաքական բանավեճերում եւ հրապարակային վերլուծություններում առավել հաճախ հնչում եւ մեկնաբանությունների կարիք են զգում հետեւյալ հարցերը.
- արդյոք սեպտեմբերի 3-ը պե՞տք է գնահատել որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն.
- ի՞նչ է տալու Հայաստանին Եվրամիության հետ տնտեսական եւ քաղաքական խորացված համագործակցությունը.
- ի՞նչ է տալու Հայաստանին Մաքսային միությանը անդամակցումը. - արդյոք կարո՞ղ են համատեղելի ընդհանրություններ լինել ԵՄ ասոցացված անդամի եւ Մաքսային միության անդամի պարտավորությունների միջեւ, կամ Հայաստանի պարագայում որքանո՞վ են համատեղելի համագործակցության եվրոպական եւ ռուսական ուղղությունները.
- եւ վերջապես ամենագլխավորը՝ որքանո՞վ են այս գերակայությունները բխում մեր երկրի անվտանգ զարգացման համար կայուն եւ անշրջելի երաշխիքների ձեւավորման հրամայականի պահանջներից:
Իհարկե, քննարկումների ընթացքում կարող են ծագել եւ, ըստ էության, ծագում են նաեւ այլ հարցեր, որոնք շարժում են հանրության լայն խավերի հետաքրքրությունը, սակայն վերը նշված հարցերն են, այդուհանդերձ, ձեւավորում հանրային դիսկուրսի հիմնական հենքը:
Թեպետ շարադրված հարցերի վերաբերյալ սույն տողերի հեղինակը առիթներ ունեցել է հրապարակավ արտահայտվել թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ «Ֆեյսբուքի» իր էջում, այնուամենայնիվ այս հոդվածը ընդամենը փորձ է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներկայացնել հեղինակի ավելի ամբողջական մոտեցումները:
Ակնհայտ իրողություն է այն, որ մեր անվտանգության հիմնական սպառնալիքը թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական տանդեմն է՝ իր ռազմաքաղաքական եւ տնտեսական բաղադրիչներով: Ընդ որում, այդ «հակահայ միությունում» Հայաստանի դեմ ընթացիկ քաղաքականության ոլորտում ամենաակտիվ եւ ագրեսիվ դերակատարումը վերապահված է Ադրբեջանին, որն իր նավթադոլարների շնորհիվ ոչ միայն ծավալել է սպառազինության տարածաշրջանի մասշտաբներով աննախադեպ մրցավազք, այլեւ անթաքույց սպառնում է հայկական երկու պետություններին պատերազմով: Կասկածից վեր է, որ եթե այսօր Ադրբեջանը ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունն իր օգտին լուծելու հնարավորություն ունենար՝ նա մեկ վայրկյան անգամ չէր հապաղի: Այսօր Ադրբեջանն այդ հնարավորությունը չունի նաեւ ի շնորհիվ Հայաստանի բանակի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ մեր երկրի բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարության կողմից իրականացվող ծավալուն եւ բազմապլան աշխատանքների: Արդյունքում հակամարտության կողմերի ռազմական կարողությունները, ըստ ռազմական փորձագետների գնահատականի, այսօր հավասարարժեք են: Ուստի Հայոց բանակի հզորությունը այսօր զինադադարի ռեժիմի պահպանման հիմնական գրավականն է:
Հարկ է փաստել, որ բանակի մարտունակության պահպանման եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցման խնդիրը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Այսօր Ադրբեջանը շնորհիվ իր էներգետիկ կարողությունների ի վիճակի է մի քանի անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ձեւավորել եւ ֆինանսական ներդրումներ կատարել իր ռազմական կարողությունների ավելացման գործում: Եթե Հայաստանի նկատմամբ ֆինանսական ներդրումների այսօր արդեն նկատելի այդ գերազանցությունը տեւական ժամանակ շարունակվի, ապա ֆինանսական ներդրումների առավելությունը կարող է հանգել նաեւ ռազմական կարողությունների որակական առավելությունների` շոշափելի դարձնելով պատերազմի սպառնալիքը:
Սպառազինության սանձարձակ մրցավազքը արդյունք է նրա, որ այն կանխելու եւ պետությունների միլիտարիստական նկրտումները զսպելու նպատակով ընդունված միջազգային պայմանագրերը, այդ թվում ԵՍԶՈւ մասին պայմանագիրը, ըստ էության չեն գործում եւ միջազգային ընկերակցությունը, որքան էլ դա տարօրինակ է, կարծես թե հաշտվել է այդ իրողության հետ:
Իրավիճակի լիցքաթափմանը էապես կնպաստեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջխաղացումը, որը, սակայն, ուղղակիորեն տորպեդահարվում է Ադրբեջանի կողմից` ռազմական առավելության հասնելու գնով խնդիրը իր օգտին լուծելու որեւէ հեռանկար չխոստացող նրա մարտավարությամբ:
Պատերազմի սպառնալիքը ամբողջությամբ չի կարող չեզոքացնել նաեւ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում, թեպետ փորձագիտական շրջանակներում հաճախ հնչում է այն միտքը, որ այն էապես նպաստում է հակամարտող կողմերի միջեւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանը: Չմերժելով մեր պարագայում արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում ռուսական ռազմական ներկայության զսպող դերակատարումը՝ այդուհանդերձ, հարկ է նշել, որ ռուսական պետության համար Հայաստանում տեղակայված իր զորամիավորման հիմնական առաքելությունը ոչ այնքան Հայաստանի անվտանգության ապահովումն է, որքան Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության եւ ռազմավարական շահերի, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխավորումն է հարավային ուղղությամբ (ուղղակի այդ գլխավոր ռազմավարական խնդրի հաջող լուծումը հնարավոր է միայն Հայաստանի անվտանգությունն ապահովելու միջոցով): Այսինքն՝ ռուսական ռազմաբազան հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության դե ֆակտո ձեւավորված համակարգի անբաժանելի բաղկացուցիչը եւ կոչված է դիմագրավելու Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Ռուսաստանի ռազմավարական շահերը:
Ակնհայտ է նաեւ, որ հայկական երկու պետությունների անվտանգության հարցը մենք չենք կարող պայմանավորել Հայաստանում ռուսական զորամիավորման առկայությամբ, որը ամենապատասխանատու պահին կարող է ‹‹ընդամենը երեք ժամ ուշանալ:
Հետեւաբար Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցման համար անհրաժեշտ պետական ֆինանսական կարողությունների ձեւավորումը դուրս է գալիս առօրյա ֆինանսաբյուջետային քաղաքականության շրջանակներից, ձեռք է բերում երկրի ազգային անվտանգության ապահովման խնդրում առանցքային նշանակություն, եւ մենք դատապարտված ենք այն լուծելու:
Իսկ ո՞րն է պետության ֆինանսական կարողությունների բազմապատկման ամենառացիոնալ ճանապարհը: Անշուշտ, բարձր տեմպերով դինամիկ զարգացող ազգային տնտեսության եւ առաջին հերթին արդյունաբերության ձեւավորումը: Ընդ որում, Հայաստանի պարագայում խոսքը պետք է գնա միայն արտահանմանը միտված, արտաքին շուկաներում մրցունակ արդյունաբերական պոտենցիալի ձեւավորման մասին՝ առավելագույնը առաջիկա 10-15 տարիների ընթացքում (պատմությունը, ցավոք, մեզ ավելի երկար ժամանակ չի ընձեռում): Սակայն օրինաչափ հարց է ծագում՝ արդյոք մենք, արտադրություն կազմակերպելու մեր փորձառությամբ եւ հմտությամբ, արտադրական կարողությունների առկա մակարդակով (արտադրության ոլորտում հզորությունների 70-75%-ն ավելի քան 30 տարեկան է՝ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված եւ ոչ պիտանի) ունա՞կ ենք պատմական այդ կարճ ժամանակահատվածում ձեւավորել արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք թողարկող արդյունաբերական պոտենցիալ: Պատասխանը առավել քան ակնհայտ է՝ ո՛չ:
Ուրեմն ո՞րն է ելքը: Ելքը մեկն է, եւ այդ է հուշում Արեւելյան Ասիայի երկրների՝ Սինգապուրի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Հոնկոնգի փորձը: Անհրաժեշտ է Հայաստան ներգրավել տրանսնացիոնալ կորպորացիաներ եւ միջազգային համարում ունեցող ընկերություններ: Միայն այդ կերպ մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում այդ ընկերությունների ներդրումներով Հայաստանում հիմնել դրանց դուստր կառույցները՝ բարձր արտադրողական աշխատատեղերով հագեցած ժամանակակից արտադրական հզորությունների տեսքով: Տնտեսական նման ռազմավարության էֆեկտն այն է, որ այդ կառույցները իրենց արտադրանքի իրացման դժվարություններ չեն կարող ունենալ, որովհետեւ օգտագործելու են իրենց մայր ընկերությունների ավանդական շուկաները՝ ապահովելով երկրի արտահանման ծավալների եւ տնտեսության ռեալ սեկտորի կտրուկ աճ:
Այս ամենը անշուշտ կհանգեցնի պետության ֆինանսական կարողությունների ավելացմանը, հետեւաբար եւ պետական ծախսերի, այդ թվում նաեւ անվտանգությանն ուղղվող ծախսերի ծավալների աճին:
Հետեւաբար Հայաստանը կանգնած է տնտեսական ճեղքում իրականացնելու պատմականորեն անխուսափելի պարտադրանքի առջեւ, եւ առաջիկա մի քանի տարիները պետք է դառնան նման ճեղքման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ նախադրյալների ձեւավորման տարիներ: Կառավարությունը պարտավոր է մշակել Հայաստանի տնտեսական ճեղքման ռազմավարությունը, որի առանցքում պետք է դրվի վերը նկարագրված եւ միջազգայնորեն իրեն արդարացրած մարտավարությունը: Սա հեշտ խնդիր չէ, իսկ ավելի ճիշտ՝ սա շատ դժվար խնդիր է, բայց մենք, կարծես թե, այլընտրանք չունենք:
Սակայն պարզվում է, որ մեր տնտեսական տարածքը օտարերկրյա ներդրումների համար հրապուրիչ դարձնելու համար միայն լիբերալ հարկային եւ մաքսային ռեժիմները, հոսանքի ցածր սակագները եւ աշխատավարձերի ցածր մակարդակը բավարար չեն: Անհրաժեշտ է ապահովել նաեւ տնտեսական ողջ համակարգի արդիականացումը՝ ներդաշնակեցնելով տնտեսության նորմատիվ–իրավական հենքը, առեւտրաարդյունաբերական ստանդարտներն ու ընթացակարգերը Եվրամիության տնտեսական տարածքում գործող նորմատիվ պահանջներին: Օգտագործելով հանրային կյանքի կազմակերպման եվրոպական փորձառությունը՝ հարկավոր է քայլ առ քայլ չեզոքացնել մեզանում կաշառակերությանը, հովանավորչությանը եւ անազնիվ մրցակցությանը նպաստող համակարգային արատները: Եվ միայն տնտեսական-քաղաքական բարեփոխումների այս համալիրի հաջող իրականացման պարագայում Հայաստանում կարող են բիզնեսի համար ստեղծվել բարենպաստ միջավայր եւ օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին Հայաստան ներգրավելու լուրջ նախադրյալներ:
Ահա տնտեսության արդիականացման եւ երկրորդ սերնդի քաղաքական բարեփոխումների այս կարեւոր խնդիրների լուծման, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական համագործակցության խթանման, 500 միլիոնանոց եվրոպական շուկան՝‹‹արտադրված է Հայաստանում›› նշագրումով, ապրանքների համար մատչելի դարձնելու եւ այդ ճանապարհով ներդրումների ներգրավման համար նպաստավոր նախադրյալներ ձեւավորելու նպատակներին են ծառայում Հայաստանի՝ Եվրամիության հետ բանակցված Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրերը:
Այսինքն՝ Եվրամիության հետ տնտեսական մերձեցումն ու ներդաշնակեցումը Հայաստանին հնարավորություն կտա համեմատաբար կարճ ժամանակահատվածում ստեղծել տնտեսությունը արդիականացնելու, արտահանման մրցունակ տնտեսական կարողություններ ձեւավորելու եւ երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգանալու համար անշրջելի ինստիտուցիոնալ նախադրյալներ: Դա երկրի ազգային անվտանգության տնտեսական բաղադրիչի կենսունակության ապահովման ամենառացիոնալ ճանապարհն է: Կասկածից վեր է, որ նման տնտեսական օրգանիզմը ավելի ունակ կլինի ստանձնել հայկական երկու պետությունների անվտանգության կարիքների բավարարման անընդհատ աճող ֆինանսական բեռի ծանրությունը:
Իհարկե, ողջամտությունն ու բանականությունը պահանջում են տնտեսական կարողությունների արարիչ եւ ստեղծագործ օգտագործում, սակայն Ադրբեջանը ռազմական առավելության հասնելու ճանապարհով ղարաբաղյան խնդիրը իր օգտին լուծելու անպտուղ քաղաքականությամբ՝ սպառազինության մրցավազքին որեւէ քաղաքական այլընտրանք չի թողնում:
Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ հանրության հիմնական մասը արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը ընդունում են որպես երկարաժամկետ հատվածում խաղաղ զարգանալու եւ արարելու նոր հնարավորությունների աղբյուր: Եվ, ըստ իս, հենց այս հանգամանքով է պայմանավորված վերջին տարիներին նախագահ Սարգսյանի հետեւողականությունը արտաքին քաղաքական այս բնագավառում:
Միաժամանակ Հայաստանի պարագայում քաղաքական ողջամտությունն ու պրագմատիզմը պահանջում են եվրոպական ուղղությանը զուգահեռ պահպանել եւ զարգացնել նաեւ տնտեսական համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է, եւ ռուսական շուկայի մատչելիությունը հանդիսանում է մեր տնտեսական աճի համար լուրջ խթան: Ռուսաստանի հետ մենք ունենք թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական եւ թե՛ մշակութային ընդհանրություններ: Եվ, որն ամենակարեւորն է, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանը: Եվ պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը կարեւորելով արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը՝ դրան զուգահեռ մշտապես առանձնահատուկ կարեւորություն է տվել Ռուսաստանի գեոտնտեսական նախաձեռնություններին Հայաստանի առնչություններին, մասնավորապես Մաքսային միության հետ սերտ համագործակցությանը: Ընդ որում, բազմիցս հայտարարելով, որ Հայաստանի համար համագործակցության եվրոպական եւ ռուսական ուղղությունները միանգամայն համատեղելի են եւ ինչ-որ առումով նաեւ միմյանց լրացնող:
Ավելին, պետք է փաստել, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու եւ դիվերսիֆիկացնելու խնդիրներին, այդ թվում ընդհանուր սահմանի բացակայության պարագայում Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հարցին նախագահ Սարգսյանի գործնական վերաբերմունքը միշտ եղել է համաչափ ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններում արձանագրվող առաջընթացին: Պատահական չէ, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ռուսական հայտնի լրատվամիջոցի հետ հարցազրույցում մեր երկրի ղեկավարը շատ բաց տեքստով արտահայտվեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, եւ մոսկովյան այդ այցելության արդյունքում ստեղծվեց հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր եւ երկու երկրների նախագահներին ներկայացներ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունները:
Իսկ ի՞նչ կարող է տալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեր տնտեսությանը եւ քաղաքացիներին: Մի բան ակնհայտ է, որ այդ պարագայում Մաքսային միության տնտեսական տարածքը դառնում է հայկական արտադրության ապրանքների եւ ծառայությունների համար ավելի մատչելի, քանի որ դուրս են գալու սահմանի վրա այսօր գործող բոլոր մաքսային եւ հարկային վարչարարության պահանջներն ու սահմանափակումները, ինչը իր դրական ազդեցությունը կունենա ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման վրա, այդ թվում՝ ներկրվող գազի սակագնի վրա (եթե գազի սակագինը չիջնի, ապա անկասկած չի թանկանա): Անշուշտ, Մաքսային միության շրջանակներում գործելու են դրսից ՄՄ տարածք ներկրվող ապրանքների նկատմամբ միասնական մաքսատուրքեր, եւ միության անդամ պետությունները սեփական արտադրությունը խթանելու նպատակով փորձում են սահմանել հովանավորչական մաքսատուրքեր ներմուծվող որոշ ապրանքային խմբերի նկատմամբ: Նման պարագայում չի բացառվում, որ որոշ ապրանքների մասով մենք կունենանք այսօր ձեւավորված գների համեմատ որոշակի բարձրացում: Սակայն տնտեսական քաղաքականության այդ նույն գործիքակազմի կիրառմամբ կարելի է ապահովել նաեւ հայաստանյան ծագում ունեցող որոշ ապրանքային խմբերի համար արտադրության եւ միության տարածքում իրացման նպաստավոր խթաններ: Այդպիսի ապրանքային խմբերի շարքին կարող են դասվել մեր գյուղմթերքը, վերամշակող եւ թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանքը եւ այլն: Բոլոր դեպքերում մի բան ակնհայտ է` Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանը ներկայանում է իր երեք միլիոնանոց սպառողական շուկայով, որը որեւէ պարագայում լուրջ տնտեսական հետաքրքրություն չի կարող ներկայացնել միության անդամ պետությունների համար, փոխարենը ստանալով շուրջ երկու հարյուր հիսուն միլիոնանոց շուկայից անարգել օգտվելու հնարավորություն: Որքանով այն կծառայի մեր տնտեսության զարգացմանը՝ պայմանավորված կլինի բացառապես մեր կառավարության գործունեությամբ:
Սակայն կա երկու հանգամանք, որոնք Մաքսային միությանը անդամակցելու առումով առանձնահատուկ կարեւորություն են ստանում: Մեկը այն է, որ այդ անդամակցությունը, այդուհանդերձ, ենթադրում է տնտեսական իշխանության որոշակի զիջում Մաքսային միության վերազգային կառույցներին` հատկապես մաքսային քաղաքականության ոլորտում: Այս հանգամանքը հավելյալ ուսումնասիրության եւ վերլուծության կարիք է զգում: Եվ երկրորդը, որ Մաքսային միությանը անդամակցությունը եւ, մասնավորապես, ՌԴ-ի հետ ընդհանուր մաքսային տարածք ձեւավորելը էապես բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը եւ հայկական տնտեսական տարածքը ներդրումների համար դարձնում առավելագույնս նվազ ռիսկային: Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու իր մտադրության մասին, իսկ անդամակցության իրական գործընթացը կսկսվի միության ներկայիս անդամ պետությունների համաձայնությունը ունենալու պարագայում, որը կարող է որոշ հանգամանքների բերումով նույնիսկ ձգձգվել:
Բայց եթե վեր կանգնենք վերջին վերապահումից, ապա ամփոփելով՝ կարելի է պնդել, որ այն, ինչ Հայաստանին կարող է տալ Մաքսային միությանը անդամակցությունը, չի կարող առաջարկել Եվրամիության հետ համագործակցությունը (համենայնդեպս՝ այս փուլում), եւ ճիշտ հակառակը՝ այն, ինչ մենք կարող ենք ստանալ Եվրամիության հետ համագործակցությունից, չենք կարող ունենալ Մաքսային միությանը անդամակցության արդյունքում: Եվ ամենաէականն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը իր արտաքին քաղաքական այս երկու գերակայություններում մշտապես առաջնորդվել է այն համոզվածությամբ, որ համագործակցության այս երկու ուղղությունները, ըստ էության, համատեղելի են, իսկ որոշակի պայմաններում կարող են նույնիսկ միմյանց լրացնել: Ահա այն պարզ, հասկանալի եւ երկակի մեկնաբանության չենթարկվող դրույթը, որը ձեւավորում է մեր արտաքին քաղաքական դոկտրինի արեւմուտք-հյուսիս չափման հենքը:
Ուստի, հաշվի առնելով վերը շարադրվածը, արդյոք կարելի՞ է պնդել, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կտրուկ եւ, որը ոչ պակաս կարեւոր է, իր գործընկերների համար անսպասելի շրջադարձ կատարեց Եվրոպայից դեպի Ռուսաստան: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, նման պնդումը որեւէ հիմք չունի: Հայաստանը իր գործընկերների հետ համագործակցության մեջ եղել է միշտ անկեղծ եւ շատ պատասխանատու՝ իր ստանձնած պարտավորություններում: Մի՞թե այդ մասին չի վկայում այն, որ նախագահ Սարգսյանը՝ ի պատասխան իր եվրոպացի գործընկերների պնդմանը, որ Հայաստանը պարտավոր է ընտրություն կատարել Եվրամիության եւ Մաքսային միության հետ համագործակցության, իրենց համոզմամբ, անհամատեղելի ուղղությունների միջեւ, ամենատարբեր առիթներով կատարել է մեկնաբանությունների կարիք չունեցող արձանագրում առ այն, որ քաղաքական զարգացումների նման ընթացքը չի կարող խոստումնալից լինել, եւ եթե Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու արհեստածին պարտադրանքի առջեւ, ապա դժվար չէ կռահել այդ ընտրության արդյունքը: Մի՞թե այս ամենից հետո կարելի է խոսել, որ սեպտեմբերի 3-ի որոշումը անսպասելի էր: Իհարկե՝ ոչ: Պաշտոնական Երեւանը երբեք չի փորձել իր արտաքին քաղաքական որեւէ ուղղությամբ միակողմանի օգուտներ կորզել մեկ այլ ուղղությամբ իր գործընկերների շահերը վտանգելու հաշվին (փոքր պետությունների պարագայում նման վարքագիծը, որպես կանոն, կործանարար հետեւանքներ է ունենում): Հայաստանը միշտ հետեւողական է եղել իր արտաքին քաղաքական գերակայություններում եւ դրանցում առաջնորդվել է իր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության անշրջելի երաշխիքներ ձեւավորելու սկզբունքով:
Բայց այս պարագայում օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ են մեր գործընկերները՝ թե՛ Եվրոպայում եւ թե՛ Ռուսաստանում, համառորեն մերժում Արեւեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների հետ իրենց տնտեսական-քաղաքական համագործակցության համատեղելիության որեւէ հնարավորություն: Մի՞թե միջազգային պրակտիկայում իսպառ բացակայում է միեւնույն կառույցին անդամակցելու կամ նրա հետ համագործակցելու տարբեր պետությունների համար տարբեր պայմանների սահմանման որեւէ նախադեպ:
Վերջին հարցին պատասխանելու համար շատ հեռուն պետք չէ գնալ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը յուրաքանչյուր պետություն անդամակցել է առանձին, միայն իրեն համար հաստատված սահմանափակումներով եւ պարտավորություններով, եւ այդ հանգամանքը չի խանգարում այդ կառույցի բնականոն գործունեությանը: Կամ՝ նույն Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցվում է միայն Ասոցացման համաձայնագիրը (նա ԱՀԿ անդամ չէ), մինչդեռ ծրագրի մնացած մասնակիցների հետ բանակցվում էին նաեւ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրի պայմանները: Ավելին, նույնիսկ Եվրամիությանը ներկայումս անդամակցող պետությունների համար անդամակցության պահին տարբեր պահանջներ եւ պայմաններ են սահմանվել, որոնք գործում են առ այսօր: Հետեւաբար մեր պարագայում առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ ոչինչ անհամատեղելի չէ կամ համատեղելիությանը անհաղթահարելի խոչընդոտներ, գոնե տնտեսական նպատակահարմարության համատեքստում, կարծես թե չկան:
Բայց եթե դա այդպես է, ապա առավել կարեւոր է դառնում վերը հնչեցրած առաջին հարցը. ինչո՞ւ են թե՛ Եվրամիությունը եւ թե՛ Ռուսաստանը համառորեն մերժում Եվրամիության եւ Մաքսային միության հետ Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների, մասնավորապես Հայաստանի տնտեսական-քաղաքական համագործակցության համատեղելիության որեւէ հնարավորություն:
Ո՞րն է ներկա փուլում թե՛ Եվրոպայի եւ թե՛ Ռուսաստանի՝ Հայաստանի հետ համագործակցության հիմնական նպատակը: Չէ՞ որ երեք միլիոնանոց հայկական սպառողական շուկան, առավել եւս այսօրվա իր արտադրողական կարողություններով հայկական տնտեսությունը որեւէ պարագայում չեն կարող Հայաստանի հանդեպ միջազգային խոշոր խաղացողների հետաքրքրությունների պատճառ դառնալ: Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ աշխարհի ուժեղների հետաքրքրությունը պայմանավորված չէ լոկ Հայաստանի տնտեսական հիմնախնդիրներով, թեպետ տնտեսական բաղադրիչը ամենից շատ է մատնանշվում: Այդ հետաքրքրությունը զարգացումների ներկա փուլում, ըստ իս, աշխարհատնտեսական էլ չէ, չնայած վերջնարդյունքները նախ եւ առաջ իրենց արտացոլումը կստանան տարածաշրջանի աշխարհատնտեսական ձեւավորվող խճանկարում: Հետեւաբար ինչո՞ւ է պետք Հայաստանը միջազգային ազդեցիկ ֆակտորներին:
Ռուսաստանի պարագայում խնդիրը շատ պարզ է եւ հասկանալի՝ ցանկացած ոլորտում Հայաստանի հետ համագործակցության սերտացումը, իսկ հնարավորության դեպքում նաեւ երկու պետությունների միջեւ փոխշախկապված հարաբերությունների մի ամբողջ ցանցի ձեւավորումը, ավելի ամուր է կապում Հայաստանին Ռուսաստանի հետ եւ հետեւաբար նպաստում է Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայության, ուստի եւ հարավային ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման համար կայուն եւ անշրջելի երաշխիքների ձեւավորմանը: Այս խնդրի հաջող իրականացմանը մեծապես նպաստում է այն պարագան, որ Հարավային Կովկասում Հայաստանն է Ռուսաստանի միակ բնական դաշնակիցը, քանի որ միայն մեր երկու պետությունների անվտանգության շահերն են համընկնում, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Եվ թեպետ, ռուսական ամենատարբեր տրամաչափի քաղաքական եւ պետական գործիչներ, չինովնիկներ եւ վերլուծաբաններ շատ հաճախ անհաջող փորձում են մեր երկու երկրների հարաբերությունները ներկայացնել որպես մեծագույն զոհողությունների գնով բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականություն, այդուհանդերձ, «ալտրուիզմի» այդ դեմոնստրատիվ ներկայացումից իրերի իրական վիճակը չի փոխվում:
Դժվար է ենթադրել, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավը եւ փորձագիտական ընկերակցությունը չեն գիտակցում իրենց պետության անվտանգության համար Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության գինն ու կարեւորությունը, այն օբյեկտիվ իրողությունը, որ Հայաստանի անվտանգությունը եւ Ռուսաստանի ռազմավարական շահերը դրանք հոմանիշներ են, որ առանց մեկի հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել մյուսը, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները չեն կարող ձեւավորվել «պատրոն -հաճախորդ» բանաձեւով, որ այդ հարաբերությունները մեզ՝ հայերիս, պետք են ճիշտ այնքան, որքան իրենց՝ ռուսներին: Իհարկե՝ Ռուսաստանում այդ ամենը շատ լավ գիտակցում են: Ուղղակի աշխատում են զերծ մնալ այդ ակնհայտ ճշմարտությունների բարձրաձայնումից, քանի որ այդ կերպ հնարավոր է խուսափել Ռուսաստանի համար դրանց իրական «արժեքն» ընդունելու անհրաժեշտությունից՝ հնարավորինս խուսափելով այդ գործոնով պայմանավորված «ավելորդ» պարտավորվածություններից: Ի դեպ, ռուսական քաղաքական որոշ շրջանակներում մեր երկու պետությունների հեռահար շահերի համար որեւէ հեռանկար չխոստացող այս դիրքորոշման ձեւավորմանը մեծի մասամբ նպաստում ենք նաեւ մենք՝ հայերս, կամ ավելի ճիշտ՝ մեզանից ոմանք, որոնք իրենց դիրքորոշմամբ եւ մեկնաբանություններով, ստվերելով հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի կարեւոր դերակատարումը, հանրային մտածողության մեջ արմատավորում են այն միտքը, որ «առանց ռուսների մենք կորած ենք», նպաստելով նաեւ ռուսական քաղաքական շրջանակներում այն մտայնության արմատավորմանը, որ «Չրպ ՐՈՉվՏ ՈՐՎÿվՈՎ վպՍցՊՈ ՊպՑՖրÿ»: Բայց ինչպես արդեն նշվեց, այս ամենից իրերի իրական էությունը չի փոխվում՝ առանց Հայաստանի հետ հուսալի գործընկերային հարաբերությունների Ռուսաստանին շատ դժվար կլինի ապահովել իր կայուն եւ անշրջելի անվտանգությունն ու ռազմավարական շահերի իրացման անընդհատությունը հարավային ուղղությամբ: Ահա թե ինչու է փոքրիկ Հայաստանը պետք Ռուսաստանին:
Իսկ ի՞նչը կարող է լինել Հայաստանի հետ հարաբերությունների հուսալիության եւ կայունության հիմնական գրավականը: Դրա համար պետք է այնպես անել, որ Հայաստանի համար (հավասարապես հայերի համար) Ռուսաստանը անընդհատ պահանջարկված լինի՝ թե՛ որպես ռազմաքաղաքական եւ թե՛ որպես տնտեսական «անփոխարինելի» գործընկեր: Ի դեպ, Ռուսաստանը տարբեր հաջողություններով այդ նույն տրամաբանությամբ է փորձում ձեւավորել իր հարաբերությունները նաեւ ԱՊՀ անդամ մնացած պետությունների հետ: Եվ ահա Ռուսաստանի այդ պահանջարկված եւ անփոխարինելի լինելու կարգավիճակին ցանկացած թվացյալ մարտահրավեր կամ անգամ մշուշոտ սպառնալիք՝ առավել եւս որեւէ գործընկերոջ արտաքին քաղաքական նախաձեռնությունների արդյունքում, արժանանում է ռուսական կողմի կոշտ գնահատականներին եւ ամենաանողոք հակազդեցությանը: Թերեւս դրանով պետք է բացատրել այն քայլերը, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ պետություններից Ուկրաինայի եւ Մոլդովայի հանդեպ (չհայտարարված առեւտրային պատերազմ, էներգակիրների գների բարձրացման սպառնալիք, աշխատանքային միգրանտների վտարում, ազգամիջյան կոնֆլիկտների սրում եւ այլն) եւ որոնց, ըստ ռուս որոշ մեկնաբանների ձեւակերպման, «երախտամոռ» Հայաստանի նկատմամբ հնարավոր կիրառման մասին մինչեւ սեպտեմբերի 3-ը ռուսական լրատվամիջոցներում անընդհատ խոսում էին ռուս վերլուծաբաններն ու քաղաքական-դիվանագիտական կառույցների որոշ ներկայացուցիչներ:
Ընդ որում՝ Հայաստանի վերաբերյալ իրենց միակողմանի վերլուծություններում նրանք չէին կաշկանդվում նույնիսկ այնպիսի ակնհայտ իրողություններով, որ այդ նույն «երախտամոռ» Հայաստանը իր ողջ տնտեսական ենթակառուցվածքները տրամադրել է Ռուսաստանին եւ, ինչպես վայել է ռազմավարական գործընկերոջը, ազնվորեն կատարում է իր ստանձնած պարտավորությունները ինչպես երկկողմանի ֆորմատում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Ավելին, բանը հասավ նույնիսկ նրան, որ իր ռազմավարական գործընկերոջն ամեն օր պատերազմով սպառնացող Ադրբեջանին շուրջ չորս միլիարդ դոլարի ամենաժամանակակից ռուսական հարձակողական զենքի վաճառքը որոշ ռուս վերլուծաբաններ փորձեցին ներկայացնել որպես Ռուսաստանի բնական արձագանքը Հայաստանի «հակառուսական» արտաքին քաղաքականությանը, անհաջող փորձելով քողարկել այդ գործարքի հիմնական իմաստը, որ զենքի վաճառքը դա Ադրբեջանի պահանջով վերջինիս էներգետիկ ծրագրերի մի մասին մասնակից դառնալու իրավունքի դիմաց Ռուսաստանի, պատկերավոր ասած, «մուտքի վճարն էր» (միանգամայն անկեղծ էին նրանք, ովքեր այդ գործարքը ներկայացնում էին որպես բիզնես) եւ այն որեւէ կերպ պայմանավորված չէր Եվրամիության հետ Հայաստանի բանակցություններով: Եվ թեպետ ի շնորհիվ նախագահ Սարգսյանի՝ քաղաքական զարգացումները կանխատեսելու ունակության եւ արտաքին բացասական ազդեցությունները կանխելու բանակցային զինանոցից հմտորեն օգտվելու նախանձելի կարողության, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը նման վերլուծություններից այն կողմ չանցավ, այդուհանդերձ, Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը հայ-ռուսական հարաբերությունների խորապատկերում պատկերավոր կարելի էր բնութագրել հայկական հայտնի ասացվածքով՝ կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր:
Բայց, այդուհանդերձ, արդյո՞ք ռուսական կողմը հիմքեր ուներ ենթադրելու, որ Եվրամիության հետ Ասոցացման կամ Խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրեր կնքելով՝ Հայաստանը կարող էր նպաստել տարածաշրջանում ռուսական անվտանգության համար նոր մարտահրավերների կամ սպառնալիքների ձեւավորմանը (ինչպես փորձում էին Հայաստանին վերագրել որոշ վերլուծաբաններ): Որքանո՞վ են իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ ռուսական կողմի կասկածները հիմնավոր: Հաշվի առնելով մեր երկու պետությունների փոխհարաբերությունների գենետիկան՝ համոզված կարելի է պնդել, որ կասկածների համար որեւէ հիմք չկա եւ չի էլ կարող լինել:
Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ Եվրամիության հետ համաձայնագրերով Հայաստանը հետապնդում է բացառապես տնտեսական նպատակներ, այն է՝ ձեւավորել իր տնտեսության արդիականացման համար հուսալի հիմք: Առանց այդ արդիականացման, տնտեսական բազմակողմ շրջափակման պայմաններում, հնարավոր չէ ներգրավել լուրջ ներդրումներ: Պետք չէ շատ խորաթափանց լինել՝ գիտակցելու համար, որ Եվրամիության հետ նման համագործակցությունը որեւէ մի կերպ չի ոտնահարում մեր ռազմավարական գործընկերոջ տնտեսական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական շահերը: Իսկ ինչ վերաբերում է այդ պայմանագրերի քաղաքական բաղադրիչով պայմանավորված ռուսական կողմի մտահոգություններին, ապա դրանք նույնպես հիմքեր չունեն, քանի որ մենք այսօր էլ համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, բնապահպանության եւ մարդկային կայուն զարգացման եւ հանրային կյանքի արդիականացմանը միտված այլ ոլորտներում: Իսկ մի՞թե մենք եվրոպական կառույցների հետ չէինք համագործակցում 2008թ. մարտյան իրադարձություններից հետո քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում: Կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ի շարս այլոց, մի՞թե եվրոպացիների հետ չենք մենք քննարկում: Դժվար է պատկերացնել, թե ռուս վերլուծաբանները Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության էլ ուրիշ ի՞նչ օրակարգ կարող են ենթադրել:
Իհարկե, պետք չէ բացառել, որ ՀՀ-ԵՄ տնտեսական սերտացման արդյունքում կողմերը կարող են կանգնել իրենց տնտեսական ընդհանրացումներով պայմանավորված որեւէ խնդրում միասնական քաղաքական դիրքորոշում ձեւավորելու անհրաժեշտության առջեւ: Բայց նույնիսկ այդ պարագայում մի բան աներկբա է, որ Հայաստանը երբեք չի ընդունի որեւէ քաղաքական որոշում, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը, անշուշտ, նաեւ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական շահերին:
Հետեւաբար, չփորձելով անդրադարձ կատարել Ռուսաստանի այլ գործընկերների արտաքին քաղաքական նախաձեռնությունների իրական շարժառիթներին, Հայաստանի եվրոպական նախաձեռնությունները որեւէ պարագայում չեն կարող իրականացվել ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների, որեւէ կերպ չեն կարող փոխարինել այդ հարաբերություններին եւ, առավել եւս, ռուսական կողմի համար մտահոգությունների պատճառ դառնալ:
Դժվար է ենթադրել, որ մեր ռուս գործընկերներն այդ ամենը չեն գիտակցում: Ավելին, Արեւելյան գործընկերության ծրագիրն առաջին տարին չէ, որ գործում է եւ այդ ծրագրում ընդգրկված պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, տեւական ժամանակ է՝ բանակցում են Եվրամիության հետ վերը նշված պայմանագրերի շուրջ: Հետեւաբար ինչո՞ւ միայն վերջին շրջանում Ռուսաստանի քաղաքական շրջանակները եւ իշխանամերձ վերլուծաբանները սկսեցին արտահայտել իրենց խորը անհանգստությունը Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունների արդյունքների կապակցությամբ: Մի՞թե մի քանի տարի առաջ Արեւելյան գործընկերության ծրագիրը ռուսական կողմի համար խնդրահարույց չէր: Ի՞նչն է փոխվել այս ընթացքում:
Պետք է փաստել, որ այս ընթացքում գլոբալ առումով Ռուսաստանում տեղի է ունեցել ընդամենը մեկ, բայց շատ առանցքային, փոփոխություն՝ փոխվել է այդ երկրի նախագահը: Վլադիմիր Պուտինի երկրորդ քաղաքական բեմելը նշանավորվեց նրանով, որ Ռուսաստանը հայտարարեց միջազգային զարգացումներում ԽՍՀՄ երբեմնի ուժային կենտրոնի դերակատարումը վերականգնելու քաղաքական իր կուրսի մասին՝ Եվրասիական Միություն ձեւավորելու միջոցով: Քաղաքական այդ նախագծի իրականացումը հնարավոր է միայն ԱՊՀ հետխորհրդային սահմաններում Ռուսաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցության պահպանման եւ հետագա խորացման պայմաններում: Վերանալով միջազգային նման աշխարհաքաղաքական դերակատարման համար անհրաժեշտ կարողությունների առկայությունից, փաստը մնում է փաստ, որ այսօր Ռուսաստանի համար այն վեր է ածվել ազգային գաղափարի պես մի բանի:
Այդ քաղաքականության տրամաբանության տեսանկյունից ԱՊՀ երկրների տնտեսական երկարաժամկետ եւ համակարգված ցանկացած համագործակցություն միջազգային ազդեցիկ այլ դերակատարների հետ՝ հեռավոր ապագայում վերջիններիս ինտեգրվելու շատ մշուշոտ ակնարկով անգամ, պետք է դիտարկել որպես Ռուսաստանի պետական անվտանգության դեմ ուղղված մարտահրավեր կամ նույնիսկ՝ սպառնալիք: Այստեղից էլ Ռուսաստանի շատ նյարդային եւ կտրուկ արձագանքը Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների քաղաքական նախաձեռնությունների նկատմամբ՝ ցանկացած գնով նրանց Մաքսային միություն «հրավիրելու» ձեւով, միաժամանակ մերժելով Եվրամիության հետ տնտեսական համագործակցության համատեղման որեւէ հնարավորություն Մաքսային միությանը անդամակցության հետ:
Բայց արդյո՞ք Արեւելյան գործընկերության ծրագրով, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրամիությանը, վերջինս իրավամբ նպատակ ունի սեղմել Ռուսաստանի տնտեսական-քաղաքական ազդեցության աշխարհագրության շրջանակները, դրանով իսկ հնարավորինս չեզոքացնելով վերջինիս աշխարհաքաղաքական դերակատարումը միջազգային գործընթացներում: Մի՞թե Ռուսաստանի մտահոգությունները չափազանցված չեն եւ ավելորդ անգամ չեն լարում միջպետական հարաբերությունների եվրոպական մթնոլորտը:
Ցավոք, պարզվում է՝ իրականում ռուսական մտահոգություններն այդքան էլ անհիմն չեն եւ այդ ամենի վրա լույս սփռեցին սեպտեմբերի 3-ից հետո թե՛ ռուսական եւ թե՛ հատկապես արեւմտյան լրատվամիջոցներում հայտնված որոշ վերլուծություններ: Մասնավորապես, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը սեպտեմբերի 6-ին հրապարակեց ամերիկյան Wall street journal պարբերականի «Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը հետխորհրդային երկրների շրջանում կարող է առաջացնել դոմինոյի էֆեկտ» վերլուծականը, որում ամերիկյան վերլուծաբանները փաստում են, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումը արձանագրեց տարածաշրջանում ազդեցության համար Բրյուսելի հետ մղվող պատերազմի ճակատներից մեկում Կրեմլի հաղթանակը: Ավելին, զարգացնելով Հայաստան-ԵՄ համագործակցության կարեւորության միտքը՝ վերլուծության հեղինակներն արձանագրում են. «Առեւտրի տեսակետից Հայաստանը կողմերի համար իրենից նշանակալի ավար չի ներկայացնում: Նրա տնտեսությունը համեմատաբար մեծ չէ, ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես $10 մլրդ: Բայց ԵՄ ղեկավարներն այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրերի կնքումը դիտարկում էին որպես դիվանագիտական հաղթանակ»:
Նման մեկնաբանությունները, որոնք վերջին շրջանում քիչ չեն հանդիպում մամուլում, հանրության համար բացահայտում են Հայաստանի հետ բանակցություններում պաշտոնական Բրյուսելի դիրքորոշման իրական դրդապատճառները: Այդ մեկնաբանությունների լույսի ներքո միանգամայն բացատրելի է դառնում, թե ինչո՞ւ էր պաշտոնական Բրյուսելը համառորեն Հայաստանին պարտադրում (ի դեպ, ոչ միայն Հայաստանին) կա՛մ Եվրամիության հետ ասոցացված տնտեսական համագործակցություն, կա՛մ Մաքսային միությանը անդամակցություն ոչինչ չտվող ընտրությունը՝ չանսալով Հայաստանի քաղաքական ղեկավարության, նման քաղաքականության անհեռանկարային լինելու վերաբերյալ, հորդորներին: Ընդ որում՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի միջոցով իր այդ դիվանագիտական հաղթանակին Եվրամիությունը փորձում էր հասնել առանց որեւէ ռիսկի դիմելու՝ Հայաստանին ընդամենը տալով դոնորների անընդհատ հետաձգվող կոնֆերանսի հրավիրման վերաբերյալ սին խոստումներ (այն դեպքում, երբ նույն Մոլդովային մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը Եվրամիությունն արդեն հատկացրել է ավելի քան երկու միլիարդ եվրո, իսկ վերջերս Մոլդովայում Բենիլյուքսի պետությունների արտգործնախարարները խոստացան ֆինանսական աջակցություն շուրջ մեկ միլիարդ եվրոյի չափով՝ վերջինիս Ռուսաստանի հետ առեւտրային դժվարությունները մեղմելու նպատակով):
Հետեւաբար ինչո՞ւ էր Բրյուսելը Հայաստանից պահանջում մի բան, որի արդյունքում Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար նոր հնարավորությունների աղբյուրից կարող էր վերածվել նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ծնող պատճառի: Այդ ի՞նչ նպատակ էր հետապնդում պաշտոնական Բրյուսելը, որին հասնելը, նույնիսկ բանակցություններում իր գործընկերոջ անվտանգությունը վտանգելու գնով, կարող էր արդարացված լինել: Այդ նպատակը զարգացումների արդի փուլում դիվանագիտական հաղթանակի տեսքով տարածաշրջանում Ռուսաստանի հանդեպ դիրքային առավելության ձեռք բերումն է, ինչը, ըստ Արեւմուտքի ստրատեգների, կարող է վերջինիս համար դառնալ լուրջ նախադրյալ ոչ հեռու ապագայում նույն Ռուսաստանի հանդեպ աշխարհատնտեսական, հետեւաբար եւ աշխարհաքաղաքական գերազանցության հասնելու խնդրում՝ ընդհուպ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հեռանկարով: Ստացվում է, որ Եվրամիությունը փորձում էր Հայաստանի ձեռքերով կրակից շագանակներ հանել, պարզ գիտակցելով, թե ինչպիսի անդիմագրավելի փորձությունների առջեւ է հայտնվում վերջինս: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն այլ կերպ, քան կարճատես, չի կարելի համարել, այն չէր կարող հեռանկար ունենալ եւ օբյեկտիվորեն դատապարտված էր անհաջողության:
Վերլուծելով այս տեղեկատվությունը՝ հանգում ես այն եզրակացությանը, որ մեր երկրի երկու գերակայությունների համատեղման վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջարկությունների հանդեպ պաշտոնական Բրյուսելի մերժողական դիրքորոշումը պայմանավորված է մեր տարածաշրջանում Եվրամիություն-Ռուսաստան հակասություններով եւ չի արտացոլում Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության սերտացման քաղաքականության եվրոպական ոգին:
Հետեւաբար հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը այլեւս կորցրել է իր քաղաքական-տնտեսական նշանակությունը: Նախագահ Սարգսյանը Մոսկվայում միանշանակ հայտարարեց, որ այդ համագործակցությունը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքական գերակա ուղղությունը: Դրանով Հայաստանը փաստում է, որ եվրոպական գերակայությունը իր իմաստավորված ընտրությունն է: ԵՄ Ասոցացման համաձայնագրերը մեզ համար ունեն ռազմավարական կարեւորություն, քանի որ դրանց շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում շարունակել վերջին տարիներին ձեռնարկած բարեփոխումները՝ դարձնելով դրանք անշրջելի, ապահովելով մեր քաղաքացիների համար բարենորոգ կյանքով ապրելու եվրոպական միջավայր, ընդարձակելով մեր երկրի միջպետական տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ամրապնդելով մեր անվտանգությունը:
Այս նպատակներին հասնելուն նպաստում է այն իրողությունը, որ Հարավային Կովկասի նկատմամբ Արեւմուտքի աշխարհաքաղաքական հետաքրքրությունը չի կարող սպառվել այս գործընթացներով եւ, այդ առումով, միանգամայն սպասելի էր, եւ այդ էր հուշում նաեւ քաղաքական ողջամտությունը, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության շրջանակներում գնալով ավելանում է նոր իրողությունների պայմաններում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու, այդ նպատակով նոր հնարավորություններ գտնելու անհրաժեշտության կողմնակիցների թիվը: Ինչպես նման դեպքերում եվրոպացիներն են սիրում ասել՝ գնդակը իրենց դաշտում է:
Աներկբա է, որ Հայաստանը արտաքին քաղաքական իր գերակայություններում պարտավոր է առաջնորդվել նախ եւ առաջ մեր ազգային անվտանգության առաջնահերթություններով, անշուշտ հաշվի առնելով տարածաշրջանում ձեւավորված օբյեկտիվ իրողությունները: Ըստ այդմ, միանգամայն անհեռանկարային է թվում Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական շահերը անտեսելու, նրան տարածաշրջանից դուրս մղելու ցանկացած քաղաքականություն: Միաժամանակ օբյեկտիվ իրողություն է նաեւ այս տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության եւ ԱՄՆ ռազմավարական հետաքրքրությունը, որն իր արտահայտությունն է գտնում սեփական ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցությունը ամրապնդելու եւ խորացնելու վերջիններիս քաղաքական նախաձեռնություններում: Այս օբյեկտիվ իրողության մերժումը կամ անտեսումը նույնպես դատապարտված է: Իրերի նման պարագայում առավել բանական եւ հեռանկարային է ներկայանում այն, որ Արեւմուտքը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը փորձի խորացնել ոչ թե Ռուսաստանի հետ առճակատման եւ տարածաշրջանից նրան դուրս մղելու միջոցով, որը կարող է կործանարար լինել նաեւ տարածաշրջանի երկրների համար, այլ իր «ոչ սպառնալի» ներկայությունը ապահովելու եւ Ռուսաստանի հետ հանրային կյանքի ցանկացած ոլորտում առողջ մրցակցություն ձեւավորելու մարտավարությամբ:
Հարկ է արձանագրել, որ այս հայեցակարգային մոտեցումը նախ եւ առաջ բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության շահերից եւ համապատասխանում է «կայուն եւ անվտանգ Հարավային Կովկաս» տեսլականին: Տարածաշրջանի ժողովուրդներն իրենց քաղաքականությամբ պետք է նպաստեն տարածաշրջանում միջազգային գլխավոր դերակատարների, եւ առաջին հերթին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համագործակցությանը, այլ ոչ թե նրանց հարաբերությունների սրմանն ու առճակատմանը: Սա հեշտ խնդիր չէ, իսկ այսօրվա իրողությունների պարագայում՝ թվում է նույնիսկ անիրատեսական, քանի որ երաժշտության իրական պատվիրատուները տարածաշրջանի պետությունները չեն: Սակայն այդ ամենով հանդերձ՝ նման քաղաքական վարքը ամենաողջամիտն ու կառուցողականն է: Եվ այս տեսակետից հյուսիսային եւ արեւմտյան վեկտորների համատեղման Հայաստանի քաղաքական ղեկավարության որդեգրած քաղաքականությունը ոչ միայն համահունչ է մեր անվտանգության հրամայականներին, այլեւ լավագույնս կարող է նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Հետեւաբար արդի փուլում նախագահ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի:
դեպի ետ