ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայցորդ
Լրագրության պատմությունը վկայում է, որ համաշխարհային նշանակության պատմական իրադարձությունների, պատերազմների, իշխանափոխությունների, հեղափոխական և հակահեղափոխական շարժումների էպիկենտրոնում մշտապես եղել և ակտիվ դերակատարություն են ունեցել լրագրողներն ու զանգվածային լրատվության միջոցները, որոնք առաջինն են տեղեկացել կարևոր իրադարձությունների մասին: Հաճախ դա լինում էր գաղափարի ծագման կամ նախագծման փուլում, և հենց լրագրողների ուսերին էր դրվում տեղեկացնելու, կողմնորոշելու, քարոզելու, նախատրամադրվածության և մի շարք այլ բարոյահոգեբանական խնդիրներ: Բավական է հիշել միայն մեծագույն հեղափոխությունները, որոնց տարբեր ենթափուլերում մամուլի դերն ահռելի էր, հաճախ նաև` որոշիչ (1789թ. Ֆրանսիայի, 18-րդ դարում՝ Հյուսիսային Ամերիկայի հեղափոխությունները, 1917թ. սոցիալիստական մեծ հեղափոխությունը, 2003-2004թթ. Վրաստանի հեղափոխությունը, 2010թ. արաբական գարունը և այլն): Օրինակներն ընդգրկում են մեծ ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունեցել նաև մի քանի խոշոր մեդիա-հեղափոխություններ, աճել է մեդիա-ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի ու հանրային կարծիքի վրա: Պատերազմական իրադարձությունների և զինված հակամարտությունների ժամանակ լրատվամիջոցները պարզապես «ծանր հրետանի», հաճախ նույնիսկ «միջուկային զենք» են: Դեռ 1991թ. իրաքյան պատերազմի ժամանակ ամերիկյան երկու EC–130 ինքնաթիռ 24 ժամ ռադիո-հեռուստահեռարձակում էր իրականացնում Իրաքի տարածքում: Իսկ արդեն 2003թ. Բաղդադի ռմբակոծությունը սկսվեց Իրաքի հեռուստակայանի պայթեցումից: Այս դեպքում հեռուստակայանն առավել կարևոր էր, քան ռազմակայաններն ու ռազմավարական այլ օբյեկտները, քանի որ ժամանակակից ղեկավարները հիմնականում ժողովրդին են դիմում ոչ թե հրապարակներից, այլ հեռուստաեթերից1: Սա իրական պատերազմական գործողություններով հագեցած օրինակ էր, սակայն ներկայում աշխարհում ընթանում են հարյուրավոր տեղեկատվական պատերազմներ, իսկ հազարավոր քաղաքական գործիչներ փորձում են «բարձրախոս» փնտրել հեռուստատեսությունում, քանի որ այն համատեղում է բոլոր հնարավոր արտահայտչամիջոցները` շարժվող պատկեր, տեքստ, գրաֆիկա, խոսք, պլաստիկա, դիմախաղ, դրանք միաձուլում է մոնտաժի արվեստով, ստեղծում վառ, գունեղ, արտահայտիչ միջավայր քաղաքականության կամ քաղաքական գործիչների անձնավորման համար: Նշենք, որ անձնավորման երևույթն առկա է հեռուստաեթերի յուրաքանչյուր կադրում, պարզապես գրագետ ու ճիշտ մատուցման դեպքում հեռուստադիտողը չի կենտրոնանում դրա վրա: Անձնավորման ճիշտ ընտրված չափաբաժինն օգնում է, այլ ոչ թե խանգարում ընկալել ինֆորմացիան, քննարկել, տալ համապատասխան գնահատական և եզրակացություն: Անձնավորումն առկա է հեռուստատեսային բոլոր ժանրերում և հաղորդատեսակներում, սակայն տարբեր են ազդեցության աստիճանը, տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները:
Հեռուստատեսությամբ քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման նախադեպերը հայտնվել են հեռուստատեսության ծննդից անմիջապես հետո` ԽՄԿԿ գործիչների գործունեության մասին առաջին կադրերի հետ: ԽՍՀՄ-ում քարոզչությունը (պրոպագանդան) և ենթաքարոզչությունը (ագիտացիան) համարվել են Կոմունիստական կուսակցության առաջնագույն խնդիրներից: Այստեղ քարոզչությունը հիմնված էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա և իրականացվում էր երկու համակարգի՝ ԶԼՄ և ագիտացիոն ինստիտուտների միջոցով: Չնայած քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման մասին որևէ հիշատակում չկա, այնուամենանիվ, դեռ այն ժամանակ հեռարձակողները լիովին գիտակցում էին յուրաքանչյուր կադրի կարևորությունն ու նշանակությունը: Պետական-կուսակցական անվերապահ մենաշնորհի և քաղաքական հաղորդակցության ամբողջական վերահսկողության պայմաններում զանգվածային նոր լրատվամիջոցի նպատակը գիտական կոմունիզմի, կուսակցականության, սոցիալական հավասարության պրոպագանդումն էր: Հայաստանի հեռուստատեսության առաջին քաղաքական մեկնաբաններից էին Ջոն Կիրակոսյանն ու Հակոբ Հակոբյանը, ովքեր աշխատում էին «Նորություններ», «Վերջին լուրեր», «Շաբաթվա նորություններ», «Հեռուստատեսային լուրեր» լրատվական թողարկումներում: Հեռուստատեսության միջոցով կոմունիստական գաղափարախոսության քարոզչական աշխատանքն իրականացվում էր մեթոդաբանական հատուկ մոտեցումներով: Արդեն 1971թ. «Հեռուստատեսային լուրերի» փոխարեն եթեր հեռարձակվեց կիրակնօրյա «Համայնապատկերը»` երեսուն րոպե տևողությամբ: Հեռուստատեսային հաղորդագրության մեջ գաղափարներն առավել համոզիչ էին, հեշտ ընկալվող և տպավորիչ2: Այն ժամանակ նույնիսկ լուրերի կարևորությունը որոշվում էր ըստ կուսակցական գաղափարախոսության: Իրադրությունը փոխվեց հեռուստատեսության առաջին քայլերից շուրջ տասը տարի անց, երբ հեռուստատեսությունը հանդես եկավ սեփական արտադրության հեռուստածրագրերով` ապահովելով քաղաքական գործիչների «բեմելը»: Տարբեր հաղորդումներում սկսեցին հյուրընկալվել պետական կուսակցական գործիչներ: Հեռուստատեսությունը դարձավ քաղաքական հարաբերությունների ու շփումների ոլորտի ամենամեծ օգնականը, գաղափարական արժեքների փոխանակման հիմնական միջոցը: Ըստ հեռուստատեսային տեսաբան Վ.Եգորովի, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր ևս 20 տարի, որպեսզի հեռուստատեսային հեռարձակողներն ու քաղաքական գործիչները հասկանային, որ քաղաքականությունն ու ժուռնալիստիկան միմյանց գոյացնող ոլորտներ են3: Քաղաքական գործիչների համար հեռուստատեսային եթերն այլևս միայն գաղափարական արժեքները ներկայացնող միջոց չէր, այլ դրանք մշակող, քննարկող ու նոր արժեքների որոնման նպաստավոր դաշտ: 1980-ականներին անդեմ քարոզչությանը հետևեց մի ժամանակաշրջան, երբ հեռուստատեսությունը ծառայում էր որոշակի խմբերի առավել մեծ ազդեցություն ունենալուն: Խորհրդային իշխանությունը, 1985թ. ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումում ճիշտ գնահատելով հեռուստատեսության հնարավորությունները, ողջունեց պետություն-հեռուստատեսություն փոխհարաբերությունները, իսկ Է.Սագալաևը փաստեց, որ այն հանրային գիտակցության մեջ փոփոխությունների առիթ եղավ. «Խոսքը և գործը, որ նախկինում քայլում էին զուգահեռ հոսքերով, մեկը՝ մակերեսով, մյուսը՝ խորքով, սկսեցին հանդիպել՝ ստեղծելով մրրիկներ և ջրապտույտներ: Հայտնաբերվեցին կենսական նորույթներ, որոնք չէին ցանկանում հաշտվել այն համընդհանուր դեղամիջոցի հետ, որն էր ինքնադիտումը խամրած հայելու առաջ վարդագույն ակնոցով»4:
Ժամանակի տեսաբաններից Վ.Եգորովը պնդում է. «Հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս մարմնավորել քաղաքականությունը, նպաստում է այս կամ այն քաղաքական գործչի նոր հրապարակախոսական կերպարի ձևավորմանը»5: Ըստ նրա, հենց 1980-ականներին առաջ քաշվեցին հեռուստատեսության միջոցով քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորում երևույթն ու հասկացությունը: Հեռուստատեսության շնորհիվ միլիոնավոր հեռուստադիտողների համար առավել բաց դարձան ժողովրդական պատգամավորների նիստերը: Հեռուստատեսությունը դարձավ հայելի, որի մեջ էին նայում մարդկային մեծ խմբեր: Որակական փոփոխություններ է կրում նաև «Լրաբեր» լրատվական ծրագիրը` դառնալով ազատ, անկողմնակալ և համարձակ: Ստեղծվում են նաև «Հետադարձ կապ», «Անդրադարձ» հաղորդումները, որոնք ներկայացնում էին հասարակական-քաղաքական խնդիրների մասին վերլուծություններ: Ինչպես նշել է տվյալ ժամանակաշրջանի հրապարակախոս Լ.Կրավչենկոն, «պտտվում էին հանրային գիտակցության ջրաղացքարերը` կոտրելով արդեն վաղուց հնացած և անկոտրելի թվացող կաղապարներն ու կարծրատիպերը»6: Երևույթն առավել ցցուն էր ԽՍՀՄ փլուզումից հետո` վերարժևորման և նոր աշխարհայացքների ձևավորման փուլում: Հենց այդ տարիներին առավել հաճախ սկսեց շրջանառվել քաղաքական հեռուստատեսություն տերմինը: Նրա ամենաակտիվ ժանրերը դարձան հեռուստաբանավեճերը, զրույցները, թոք-շոուները: Վլադիմիր Պոզներն առաջին մարդն էր ԽՍՀՄ-ում, որ ամերիկացի հանրաճանաչ լրագրող Ֆիլ Դոնահյուի հետ համատեղ հեռուստակամուրջներ էր կազմակերպում: Հաղորդումները մեծ լսարան ունեին, որը հիմնականում պայմանավորված էր լսարանների աշխարհայացքային տարբերություններով:
Այդ շրջանի, ինչպես նաև 1990-ականների հայաստանյան հեռուստատեսությանը բնորոշ էր այնպիսի նոր խնդիրներին ու հիմնահարցերին անդրադառնալը, ինչպիսիք են ազգային շահերը, Հայաստանի պատմական անցյալը, հասարակական և քաղաքական գործիչների ճակատագիրը, անհատի մասնավոր կյանքը և այլն: Ավելին` հեռուստատեսությունը ստանձնեց երկրի անկախության կայացման պայքարում առաջամարտիկի դերը՝ իրապես դառնալով պետության անկախության գործընթացին սատարող կարևորագույն օղակ: «Լրաբերի» թողարկումներում պարտադիր լուսաբանվում էին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները: Դրանց գագաթնակետը 1988թ. հունիսի 15-ին կայացած Գերագույն խորհրդի նստաշրջանի ուղիղ հեռարձակումն էր: Հարկ է նշել նաև 1990-ականների վերջից միջազգային հանրության գործողությունները` ուղղված անկախ և պրոֆեսիոնալ ԶԼՄ դաշտի կայացմանը: Այսօր ևս հեռուստատեսային հաղորդագրությունն առավել քան կարևորվում է: Իր գոյության ընթացքում այն երբեք այսքան մեծ ռազմավարական նշանակություն չի ունեցել: Հեռուստատեսային հաղորդագրությունը մարդու վրա ակտիվ ներգործություն ունեցող միջավայր է ստեղծում, որտեղ սոցիալական նոր դերեր կան, սոցիալական վարքի նոր կանոններ և մեր աչքի առաջ ձևավորվող նոր հրապարակախոսական կերպարներ: Տեղեկատվական հոսքերի արագացումը և շատացումն ազդում են հասարակության զարգացման տեմպերի և բնույթի վրա։ Եթե շարունակենք դատել այս համատեքստում, ապա կարելի է ասել, որ աշխարհի քաղաքական պատկերը ստեղծվում է կուտակվող ինֆորմացիայի համակարգման և կանոնակարգման արդյունքում։ Ուրեմն, ինֆորմացիան հանդես է գալիս որպես հասարակական-քաղաքական զարգացումը կառավարող էական գործոն։ Ընդունված է կարծել, թե տեղեկատվական հոսքերը լինում են երկու տեսակ.
1. Տեղեկատվական հոսքեր, որոնք ներկայացնում, լուսաբանում են մարդկության կենսագործունեության այս կամ այն ոլորտը և ձևավորում են գլոբալ տեղեկատվական դաշտը։
2. Տեղեկատվական հոսքեր, որոնք նպատակ ունեն ազդել կոնկրետ հասցեատիրոջ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-հոգեբանական վիճակի վրա7:
Քաղաքական գործիչների հիմնական զենքերը հեռուստատեսային հաղորդագրության հաղորդակցական, կառավարման գործառույթներն են, որոնք որոշումների կայացման վրա նպատակային ազդեցություն ունեն8:
Անձամբ քաղաքական գործչի և մեծապես նաև նրա կուսակցության հեղինակությունն ուղիղ համեմատական է այդ գործչի հեռուստադիտողի հետ շփման ունակության, տեսախցիկի առջև ելույթ ունենալու և քննարկում անցկացնելու հմտություններին: Քաղաքական գործիչները մշտապես փնտրում են հեռուստատեսության հետ շփման նոր ուղիներ. նրանք մամուլի ասուլիսներ, հեռուստատեսային հանդիպումներ, հարցազրույցներ, զրույցներ են կազմակերպում, ձգտում տիրապետել հեռուստատեսային հրապարակախոսության կանոնների նրբություններին: Ժամանակակից քաղաքական գործիչն ունի գործունեության համեմատաբար հին և նոր ոլորտներ` աշխատանք զանգվածային լրատվամիջոցների հետ, որտեղ առաջնահերթությունը հենց հեռուստատեսությանն է, և համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում: Եթե ուսումնասիրենք հեռուստատեսության և քաղաքականության կապը, փոխհարաբերությունները, ապա կարող ենք փաստել, որ հեռուստատեսությունում քաղաքական քարոզչությունն իրականացվում է գրեթե բոլոր գործառույթներով: Վերջին երկու տասնամյակում տեսաբաններն առավել հաճախ են խոսում քաղաքական սոցիալականացման գործառույթի մասին: Քաղաքագետների եզրահանգմամբ, հեռուստատեսությունը քաղաքական սոցիալականացման գործառույթը յուրացրել է կուսակցություններից, սակայն իր հնարավորությունների, ստեղծագործական ներուժի և շփման մերձության շնորհիվ իրականացնում է ավելի արդյունավետ: Հատկապես ընտրական գործընթացներում դա առավել ակնհայտ է: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժ.Պ. Գուրվիչի կարծիքով՝ Արևմուտքում ձևավորվում է «հեռուստավարական» համակարգ, որն այսպես կոչված չորրորդ իշխանության հիմնական բաղադրատարրն է: Լրատվամիջոցը ֆինանսական հզոր կարողությունների տեր մարդու ձեռքին դառնում է միջոց, որի օգնությամբ պետական կառավարման համակարգ են ներքաշվում որոշակի մարդիկ: Ուսումնասիրելով հայկական քաղաքական դաշտի ու հեռուստատեսության փոխհարաբերությունները` պարզ է դառնում, որ «հեռուստավարական համակարգն» անցել է կատարելագործման և հմտությունների մշակման փուլ: Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում գալիս ենք մի եզրահանգման, որ ձևավորման փուլը տևել է շուրջ 10 տարի: 1990-ականներից մինչև 2003թ. հեռուստատեսային աշխատողների և քաղաքական գործիչների համատեղ աշխատանքը հող նախապատրաստեց նոր փուլի մեկնարկի համար, որը, մեր կարծիքով, տրվեց 2003թ. նախագահական ընտրություններով: Թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրությունների առաջին փուլից հետո հեռուստատեսային տեղեկատվությունը գերիշխող կշռաքար էր հասարակական կարծիքի ձևավորման գործում: Հեռուստատեսային հաղորդագրության ազդեցության հնարավոր սահմաններն առավել ընդլայնեց ընտրությունների առաջին փուլից հետո ՀՀ նախագահի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի հեռուստաբանավեճը: Գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում քաղաքականության անձնավորման և քաղաքական գործչի կերպարի ձևավորման համար ամենանպաստավոր հեռուստաարտադրանքը հեռուստաբանավեճն է: Բանավեճերն էությամբ տեղեկատվական շոուներ են, որ բացի քաղաքական գործիչների իմիջ ձևավորելուց, ապահովում են քաղաքական շատ հարցերի անձնավորումը: Ընտրողների որոշակի զանգվածի համար դրանք որոշիչ են, քանի որ նրանք չեն կարդում նախընտրական թերթիկները, այլ որոշում են կայացնում` հիմնականում գնահատելով քաղաքական ուժի կամ կուսակցության ղեկավարների, անդամների անձնական հատկանիշները: Նախընտրական գործընթացների մասնակիցների անհատականությունը լավագույնս բացահայտվում է հենց հեռուստաբանավեճերի ընթացքում: Դրանք կենտրոնացնում են հեռուստադիտողների ուշադրությունը քաղաքական գործչի իմիջի և քաղաքական խնդիրների էության վրա: Հենց այս պատճառով էլ բանավեճն օգտակար է ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ քաղաքական խմբակցությունների համար: 2003թ. ընտրությունների առաջին փուլից հետո ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հեռուստաբանավեճի էր հրավիրել ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին: Հեռուստաբանավեճի ճակատագիրը մինչև վերջին օրն անհայտ էր, այնուամենայնիվ, այն կայացավ, ավելին` հեռարձակվեց Հանրային և հինգ մասնավոր հեռուստաընկերություններով: Հանուն արդարության պետք է նշել, որ խախտվել էր հեռուստաբանավեճի սկզբնական ձևաչափը՝ ներառելով մամլո ասուլիսին բնորոշ գծեր: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ հաջողված հեռուստաբանավեճի համար հայկական հեռուստաընկերությունները շատ ջանք պետք է գործադրեն:
Վերոնշյալ հեռուստաբանավեճից շուրջ տասը տարի հետո էլ հեռուստաբանավեճի ժանրը մնում է «չնվաճված», իսկ քաղաքակիրթ բանավեճի մշակույթն իսպառ բացակայում է: Վերջինիս վառ ապացույցը «Ար» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճանապարհ» հաղորդաշարն է, որն, այնուամենայնիվ, ժանրի մյուս հաղորդաշարերից առանձնանում է պատասխանատու և հետաքրքիր հյուրերով, հրատապ խնդիրների համակողմանի և ակտիվ քննարկումներով: Չնայած դրան, երկար տարիների փորձ ունեցող հաղորդավար Ալիկ Հակոբյանը ոչ միշտ է կարողանում զսպել բանավիճող կողմերին և կանխել վիրավորական արտահայտությունները: 2013թ. ապրիլի 12-ի թողարկման ընթացքում բարեկրթության նորմերին ընդհանրապես չհետևող հյուրերը վիրավորանքի ու զրպարտության չափաբաժինը հասցրին առավելագույնի, արդյունքում` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լքեց տաղավարը: Թերևս, վերջին շրջանի ամենահիշարժան հեռուստաբանավեճերից է նաև 2012թ. ապրիլին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում կազմակերպված հեռուստաբանավեճը, որտեղ վիճող կողմերը Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկածուներ Սամվել Ֆարմանյանը և Վլադիմիր Կարապետյանն էին: Նրանց բանավեճն ընթանում էր, վիրավորանքներով, փոխադարձ մեղադրանքներով, իսկ մոդերատոր Արտակ Ալեքսանյանը ողջ հաղորդման ընթացքում փորձում էր զսպել կողմերի պոռթկումները, կանխել էթիկապես անթույլատրելի բառապաշարը` պարզապես գոռալով` «տղե՛րք, ամոթ է», «մի րոպե, տղե՛րք, այսպես չի՛ կարելի» և այլն: 2013-ի հեռուստաեթերը ևս առանձնանում էր ընտրական գործընթացը ներկայացնող նյութերի և հաղորդումների առատությամբ: 2013թ. ընտրական եթերը մեծ հաշվով կարող էր լինել «հեռուստավարական համակարգի» կատարելագործման և հմտությունների մշակման փուլի ավարտը, սակայն «ձևի և բովանդակության» անհամապատասխան զարգացումը ստիպում է առայժմ ձեռնպահ մնալ դա փաստելուց: «Ձևն» այս համատեքստում հաղորդումների ֆորմատներն են, ժանրային բնութագիրը, դրանցում ստեղծագործական նոր մոտեցումների և տեխնիկական հնարավորությունների օգտագործումը:
Ստորև ներկայացնում ենք մի քանի դիտարկումներ, որոնք արվել են 2013թ. առաջին ամիսներին: Ուսումնասիրվել են հեռուստատեսային այն նախագծերն ու ծրագրերը, որոնք լուսաբանել են ընտրական գործընթացը կամ կարող են առնչություն ունենալ ուսումնասիրվող թեմայի հետ: Այսօր ընտրական գործընթացների լուսաբանումը տեղի է ունենում շոու բիզնեսի կանոններով: Զանգվածային լսարանի համար նախընտրական հոլովակները չեն տարբերվում սովորական հաղորդաշարերից կամ սերիալներից, չունեն առավել մեծ դիտողականություն, քան վերոնշյալները: Այսպիսի եզրակացության հիմք են հանդիսացել հեռուստադիտողների շրջանում մեր կատարած հարցումներն ու համացանցում դրանց մասին հատուկենտ քննարկումները: 100 հարցվածներից 82-ը երբևէ մինչև վերջ չեն դիտել որևէ քաղաքական տեսահոլովակ, 56-ը անմիջապես շրջում է հեռուստաալիքը, իսկ 23-ի համար դրանք քաղաքական ուժերի կողմից «ավելորդ կամ զուր ջանքեր են»: Այս տարի ՀՀ նախագահի թեկնածուները հրաժարվեցին հեռուստաբանավեճի ժանրից, այն իր դիրքերը զիջեց հարցազրույցին: Բոլոր հեռուստաընկերություններն ունեին ծրագրեր, որոնցում հյուրընկալվում էին թեկնածուները, զրուցում լրագրողի հետ, պատասխանում հարցերի: Հիմնականում դրանք վարում էին այնպիսի լրագրողներ, որոնց միայն ներկայությունը կարող էր մեծ լսարան ապահովել: Նրանցից են Նվեր Մնացականյանը («Առաջին լրատվական» ծառայության «Հարցազրույց» հաղորդաշար), Արտակ Ալեքսանյանը («Բանաձև»), Արթուր Կիրակոսյանը («Երկրի հարցը»), Մանվել Մարգարյանը («Կարծիքների խաչմերուկ»), Պետրոս Ղազարյանը («Ուրվագիծ», «Հայկական ուրբաթ»), Ալիկ Հակոբյանը («Ճանապարհ» հաղորդաշար) և այլք: Նրանք նախընտրական շրջանում որոշակի պարբերականությամբ վերլուծում էին հասարակական-քաղաքական երևույթները՝ հյուրընկալելով նաև ՀՀ նախագահի թեկնածուներին: Մեր դիտարկումների արդյունքում եկել ենք մի եզրահանգման, որ այս նախընտրական շրջանը մյուսների համեմատությամբ առանձնանում է հյուրերի և լրագրող-վարողների բարձր պատրաստվածությամբ, խոսքի կշռի գիտակցումով: Չնչին տոկոս է կազմում անհավասարակշիռ և զրպարտություն կամ անհիմն մեղադրանք պարունակող խոսքը: Նկատելի է գիտակցումը, որ հաճախ քաղաքական գործչի անհատականությունն ու հեռուստադիտողների վրա թողած տպավորությունն ավելի արժեքավոր են, քան քաղաքական ծրագրի բովանդակությունն ու գաղափարախոսությունը: Վերոնշյալի դասական օրինակը ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին է: Նա լիարժեքորեն օգտագործում է դրական իմիջի ձևավորման համար մշակված ընդունելի և անընդունելի շատ տեխնոլոգիաներ:
Նկատելով փոքր առաջընթաց քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման մեթոդով նոր հրապարակախոսական կերպարի ձևավորման գործում՝ պետք է նշենք նաև այն մասին, որ ինչն ընդունված է ամբողջ աշխահում, բացակայում է մեզ մոտ: Աշխարհի խոշորագույն հեռուստաընկերություններում քաղաքական վերլուծությունների ամենատարածված ժանրը թոք շոուն է: Հեռուստաընկերությունների տնօրենները հայկական հեռուստաեթերի այս բացը հիմնականում կապում են ֆինանսական մեծ ծախսերի հետ: Թոք շոուի ժամանակ եթերում են ծրագրավարը, քաղաքական գործիչը, քաղաքագետը, խնդրի շուրջ տարբեր տեսակետներ ունեցող առնվազն երկու հյուր: Տեսաշարն այստեղ կարող է ամբողջովին բացակայել, դիտողականությունն ապահովում է մասնակիցների և հաղորդավարների պրոֆեսիոնալիզմը: Հատկապես ծրագրավարը պետք է քննարկվող թեմային լավ տիրապետի, ունենա իր կարծիքը դրա վերաբերյալ և կարողանա հաղորդման ընթացքում իմպրովիզացիա անել: Օպերատորների և ռեժիսորների ուսերին ևս մեծ բեռ կա դրված: Հարկավոր է մշակել գործողությունների հստակ պլան` իմպրովիզացիայի լայն հնարավորություններով: Մոնտաժի, տարբեր տեսանկյունների, խոշոր և մանր պլանների և տեխնիկական այլ էֆեկտների օգտագործումը թույլ է տալիս տեղեկատվությունը մատուցել` նեղացնելով և ընդգծելով հնարավոր գնահատման շրջանակը: Օրինակ, թեկնածուի ելույթից հետո ծափահարող և ժպտացող հանդիսատեսը կարող է վստահության երաշխիք դառնալ, իսկ անտարբեր հանդիսատեսը` ստեղծել բացասական մթնոլորտ: Հոգեբանները պարզել են, որ աչքերի մակարդակում կատարվող նկարահանումը հեռուստադիտողների մոտ վստահություն և համակրանք է առաջացնում, իսկ վերևից կամ ներքևից կադրը` հակակրանք, նույնիսկ թեկնածուի ինտելեկտուալ դատարկության տպավորություն: Հասակի զգալի տարբերություն ունեցող մարդկանց միասին ցուցադրող կադրը մշտապես «աշխատում» է հօգուտ բարձրահասակի: Բացի տեխնիկական հնարքներից, գոյություն ունեն նաև հոգեբանական ծուղակներ: Լրագրողների կողմից դրանց ուսումնասիրությունն ու կիրառությունը կթոթափեն ավելորդ լարվածությունը, մեծապես կօգնեն քաղաքակիրթ բանավեճի մշակույթի ձևավորմանը:
Այսպիսով, հեռուստատեսային հաղորդագրության մեջ քաղաքական ինֆորմացիան ոչ միայն քաղաքականությունն է արտացոլում, այլև ծնում է այն: Դրա նպատակային օգտագործումը կարող է շահավետ լինել լրագրողի, քաղաքական գործչի և հեռուտադիտողի համար: Մենք առանձնացրել ենք այն երեք հիմնական պայմանները, որոնց բացակայությունը հայկական հեռուստաընկերությունների ու քաղաքական ուժերի փոխհարաբերությունների ներկա վիճակի պատասխանատուն է: Այս եռանկյունու յուրաքանչյուր մասնակցի պահանջմունքները միաժամանակ և ոչ մյուսի հաշվին բավարարելու անհրաժեշտ պայմաններից են լրագրողի մասնագիտական բարձր պատրաստվածությունը, քաղաքական գործչի էթիկան, հեռուստադիտողի` ակտիվ քննարկումներին մասնացելու ցանկությունը: Սրանց առկայության դեպքում քաղաքականության և քաղաքական գործիչների անձնավորման մեթոդի կիրառությունը հեռուստատեսությունը` հրապարակ, իսկ հեռուստադիտողին հանրահավաքի մասնակից չի դարձնի: Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ խոսքի կշիռն ու ազդեցությունը մեծացնելու համար կան նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ, քան հրամայական ոճի հռետորական տեքստերն ու դրանք պաթոսով արտաբերելը: Եթե հեռուստաալիքները ներդնեն որակի հսկման ամբողջական համակարգ, հեռուստատեսությունը կարող է դառնալ ազատ խոսքի ամբիոն, իսկ հեռուստալրագրողի մասնագիտությունն օգտագործվել հանուն հանրային շահերի։
1Артур Атанесян, Актуальные проблемы современных политических и конфликтных ком¬муникаций, ЕГУ, Ереван, 2008г, с. 129.
2 http://www.1tv.am/hy/1339509408
3 Егоров В.В., Телевидение и власть, М., 1997.
4 Сагалаев Э., Этажи взросления // Сб. Телевидение: вчера, сегодня, завтра, М., 1988, с. 154.
5 Егоров В.В., Телевидение и власть, М., 1997, с. 42.
6 Кравченко Л.П., За строкой партийной программы // Телевидение и радиовещание, 1986, № 5, с. 5.
7 http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2244
8 http://old.hetq.am/am/technologies/ist/#
դեպի ետ