ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ԽՈՍՔԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾ

ԵՊՀ քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ.
Վերջին ժամանակներս ռուս-հայկական ռազմավարական, գործընկերային փոխհարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չէին, իսկ հոռետեսորեն տրամադրված որոշ փորձագետներ անգամ կանխատեսում էին հայ-ռուսական ռազմավարական դաշինքի «քաղաքակրթական անկում»։ Պետք է խոստովանել, որ իսկապես նման վատատեսական կարծիքների առիթ կար, և վերջին տարվա ընթացքում կողմերը քայլեր էին անում, որոնք, համենայնդեպս, միանշանակ չէին ընկալվում երկու կողմից էլ։ Մասնավորապես, Ռուսաստանում ուշադրությամբ հետևում էին ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի փոխհարաբերությունների աստիճանական խորացման ընթացքին։ Իսկ Հայաստանի և ԵՄ-ի միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի՝ նոյեմբերին նախատեսված նախաստորագրումը դարձավ այն գայթաքարը, որը կարող էր լրջորեն սասանել ռուս-հայկական դաշնակցային փոխհարաբերությունները։
Իր հերթին, Հայաստանում վրդովմունքով էին ընկալում ռուսական գազի գների բարձրացման լուրը, որը հանգեցրեց շղթայական ռեակցիայի և առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների թանկացման։ Սկզբում Հայաստանի իշխանական ընտրանու ներկայացուցիչները համառորեն հերքում էին այս տեղեկատվությունը1, իսկ արդեն մեկ ամիս անց ստիպված էին ipso facto ընդունել այդ տեղեկությունների արժանահավատությունը և փորձում էին «խելամիտ» փաստարկներ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ։ Դրան գումարվեցին նաև ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների որոշ չափով ցուցադրական «ջերմացումը», Վ.Վ. Պուտինի աշխատանքային այցը Բաքու, Ադրբեջանի հետ $1 մլրդ-ի հարձակողական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրի կնքումը, հակահայկական տրամադրությունների հրահրումը ռուսական ԶԼՄ-ում՝ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարից հետո, որը 18 մարդու մահվան պատճառ էր դարձել, անորոշությունը գազի թանկացման հետևանքները նվազագույնի հասցնելու համար ռուսական դրամաշնորհի ստացման հարցում և այլն։ Դեռ մեկ տարի առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Հայաստանում հանրահավաքներ և նստացույցներ տեղի կունենան ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեմ՝ ռուսական իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու պահանջներով։ Թեև այդ ցույցերը սակավամարդ էին և հանրային լայն աջակցություն չունեին, բայցևայնպես, ինդիկատորն էին այն բանի, որ հայ-ռուսական փոխհարաբերություններում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք շուտափույթ լուծում և հռչակագրային հայտարարություններից գործուն քայլերի անցում են պահանջում։
Այս համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացնում ոչ միայն երկու երկրների քաղաքական, փորձագիտական և հանրային շրջանակներում, այլ նաև առհասարակ եվրոպական հանրությունում։
Երկու նախագահների՝ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները մենք կդիտարկենք մի քանի տեսակետից։ Վերլուծության առաջին ասպեկտը վերաբերում է այդ հանդիպման նշանակալիությանը, որի ընթացքում հնչեց Հայաստանի ղեկավարության որոշումը Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին։ Դրանով իսկ Հայաստանի քաղաքական կյանքում վերջին ժամանակների հրատապ հարցերից մեկն ստացավ իր վերջնական պատասխանը հօգուտ Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրման։ Դյուրին էր կանխատեսել, որ նման ընտրությունից հետո այս որոշումն ստանալու էր Ռուսաստանի ղեկավարության լիակատար աջակցությունը, ինչի մասին բանակցությունների ընթացքում հայտարարեց ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը։ Այդ հանդիպման հաջորդ կարևոր քաղաքական նշանակությունը վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի վստահելի քաղաքական երկխոսության վերականգնմանը, ինչպես նաև կողմերի՝ գործընկերային և դաշնակցային փոխհարաբերություններն ավելի խորացնելու պատրաստակամությանը։
Հանդիպման երկրորդ նշանակալի ասպեկտը վերաբերում է ընդունված որոշումների աշխարհատնտեսական բաղադրիչին։ Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության արդի զարգացումը գլոբալացման վառ արտահայտված գծեր, ինչպես նաև տարածաշրջանային աշխարհատնտեսական խաղացողների ձևավորման միտում ունի։ Ակնհայտ է, որ Մաքսային միության և նրա հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման գաղափարը որոշակի մարտահրավեր է համաշխարհային տնտեսության մեջ գլոբալացման միտումներին՝ այն իմաստով, որ հարկ է պաշտպանել մի կողմից՝ Եվրասիական տնտեսական տարածքի մասնակիցների ներքին շուկաները, մյուս կողմից էլ՝ բարձրացնել Եվրասիական միության տնտեսության մրցունակությունը միջազգային ասպարեզում։ Այս առումով փոքր պետությունները, ինչպիսին է, օրինակ, Հայաստանը, չունենալով ինքնաբավ տնտեսական ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, ստիպված են ինտեգրվել ավելի խոշոր տնտեսական կազմավորումներում։
Անկախության տարիները ցույց տվեցին, որ հայկական տնտեսությունը եղել և մնում է ռուսական կողմնորոշվածությամբ տնտեսություն, և Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Ելնելով իր տնտեսական և ազգային շահերից՝ միանգամայն օրինաչափ է Հայաստանի շահագրգռվածությունը՝ այսուհետ ևս խորացնել տնտեսական փոխհարաբերություններն իր հիմնական տնտեսական գործընկերոջ հետ։ Դրա համար էլ պատահական չէ, որ տնտեսական թեմատիկան հիմնականներից մեկն էր նախագահներ Ս.Սարգսյանի և Վ.Պուտինի բանակցություններում։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահն ինչպես իր ողջույնի խոսքում, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արեց հենց բանակցությունների տնտեսական կողմի վրա՝ շոշափելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկ ավելացումը, ռուսական կապիտալ ներդրումների մեծ ծավալը, ռուսական ընկերությունների ենթադրվող ներդրումները հայկական տնտեսությունում, հույս հայտնելով, որ Երևանի միանալը եվրասիական ինտեգրացիոն կառույցին հզոր ազդակ կհաղորդի փոխշահավետ տնտեսական համագործակցությանը2։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ բանակցությունների ընթացքում լուծվել է առնվազն երկու խնդիր. 1. ընդհանուր մաքսային սահմանի և տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրը, քանի որ Հայաստանն ուղղակի սահման չունի Մաքսային միության երկրների հետ, 2. հայկական տնտեսությունում նոր ներդրումների հարցը, որոնց շնորհիվ մոտ ապագայում հայկական տնտեսությունը նոր շունչ և զարգացման նոր ազդակ կստանա։
Եվ վերջապես, վերլուծության երրորդ ասպեկտը վերաբերում է Մոսկվայի բանակցություններում ընդունված որոշումների աշխարհաքաղաքական նշանակալիությանը։ Այստեղ կարելի է երկու գործոն առանձնացնել։ Աշխարհաքաղաքական հաջողության առաջին գործոնը կապված է եվրասիական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գաղափարի առաջմղման գործում Ռուսաստանի ունեցած դիրքորոշման հետ։ Բանն այն է, որ հետխորհրդային տարածքում արդեն երկար ժամանակ մեծ ակտիվություն են ցուցաբերում աշխարհաքաղաքական այլ դերակատարներ՝ փորձելով Ռուսաստանին դուրս մղել ազդեցության ավանդական գոտիներից։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսված էր նոյեմբերին նախաստորագրել Հայաստանի և ԵՄ-ի միջև խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Եթե Հայաստանը հրաժարվեր մասնակցել Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունների նախագծերին, դա կհարվածեր տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերին այն առումով, որ եթե Ռուսաստանի ավանդական դաշնակցին, ինչպիսին է Հայաստանը, չի գրավում եվրասիական ինտեգրման գաղափարը, հազիվ թե աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այդ հայեցակարգը հաջողություն ունենա ավելի լայն համատեքստում։ Ուստի, պատահական չէ, որ տարածաշրջանային և միջազգային հարցերի գծով շատ փորձագետներ նշել են այն փաստը, որ աշխարհաքաղաքական այդ դիմակայությունում Ռուսաստանը հաղթանակած դուրս եկավ Եվրոպայի հանդեպ։
Որոշակի աշխարհաքաղաքական հաջողության երկրորդ գործոնը կապված է ղարաբաղյան կարգավորման հարցի հետ, որտեղ Հայաստանը հասավ առնվազն ստատուս քվոյի պահպանման և իր ռուս գործընկերներից որոշակի երաշխիքներ ստացավ, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծում տեղ կա նաև Լեռնային Ղարաբաղի համար։ Իսկ սա այն հարցերի շարքից է, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց որոնք կազմում են մեծ քաղաքականության անտեսանելի ու անքակտելի մասը։
Այնպես որ, ամփոփելով ռուս-հայկական բարձրամակարդակ հանդիպման արդյունքները՝ կարելի է փաստել, որ կողմերը հռչակագրային հայտարարություններից անցում են կատարում դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդման և ապագա ինտեգրացիոն նախագծերի ամուր հիմքերի հաստատման գործուն միջոցների։
1 Տե՛ս Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ (18.03.2013) [http://www.president.am/hy/videos/item/FHqnlVG3YOc/]
2 Տե՛ս Заявления для прессы по итогам российско-армянских переговоров [http://www.kremlin.ru/transcripts]
դեպի ետ