• am
  • ru
  • en
Версия для печати
26.09.2013

«ԳԱՂՈՒԹԱՏԻՐԱԿԱՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՌԱՍԻԶՄԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԷՐ»

Руский

   

Մանուել Սարգսյանցը (ծնվ. 1923թ. Բաքվում) հայտնի պատմաբան է, սոցիոլոգ, Ռուսաստանի նարոդնիկական, լատինաամերիկյան, հարավարևելաասիական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող։ 2005թ.Սանկտ Պետերբուրգի համալսարանի հրատարակչությունում ռուսերեն լեզվով տպագրվեց նրա «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գրքի առաջին մասի ռուսերեն թարգմանությունը։ Գիտնականի այս աշխատությունն առաջին անգամ հրապարակվել էր գերմաներեն, հեռավոր 1955թ. և արժանացել ռուս նշանավոր սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինի գնահատանքին (նրա առաջաբանով էլ սկսվում է գիրքը)։ Գրքի երկրորդ՝ դեռևս ռուսերեն չթարգմանված մասը նվիրված է իսլամի և բուդդայականության հեղափոխական որոնումներին։ Այս գիրքը, որի լույսընծայումը գաղափարախոսական պատճառներով անհնար էր Միացյալ Նահանգներում, որտեղ 1940-50-ական թթ. աշխատել է գիտնականը (ծնունդով՝ իրանահպատակ), Մ.Սարգսյանցի առաջին խոշոր աշխատանքն էր։ Գիտնականի 1980-90-ական թթ. մյուս երեք գրքերը նվիրված են Հարավային Ամերիկայի՝ Մեքսիկայի և Բոլիվիայի հեղափոխական ավանդույթներին։ Գիտնականի ավելի վաղ աշխատությունը, որն անգլերեն լույս է տեսել 1965թ., «Buddhist Background of the Burmese Revolution» («Բիրմայի հեղափոխության բուդդայական համատեքստը») գիրքն է, որն անդրադառնում էր ասիական սոցիալիզմի կրոնական (բուդդայական) ակունքներին։

2003թ. պետերբուրգյան «Ակադեմիական նախագիծ» («Академический проект») հրատարակչությունում արագ ռուսերեն թարգմանվեց պատմաբանի «Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատները» գիրքը, որում Սարգսյանցը մանրամասն վերլուծել է նացիստական գաղափարի ծագումը՝ դրա իմպերիալիստական գաղափարախոսության և գործունեության մեջ «հայտնաբերելով» բրիտանացիներին։ Այս գրքի համար Սարգսյանցի դեմ երկու անգամ քրեական գործ է հարուցվել Գերմանիայում։ Գիրքն այդպես էլ չհրապարակվեց Անգլիայում՝ անգլերեն լույս տեսնելով միայն Հնդկաստանում և Իռլանդիայում։ Ներկայում Սարգսյանցը Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր է, տարվա մեծ մասն ապրում է Մեքսիկայում, որտեղ աշխատում է նոր գրքի վրա (այն լույս կտեսնի իսպաներեն), որը ռուսական նարոդնիկական սոցիալիզմի մասին է։

2006թ. մայիսին Մանուել Սարգսյանցն այցելել է Մոսկվա։ Մայիսի 18-ին բաց դասախոսություն է կարդացել Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ փիլիսոփայական ֆակուլտետում՝ «Ռուսական հարցը XX հարյուրամյակի անգլո-սաքսոնական սլավոնաբանությունում» թեմայով։ Այդ դասախոսությունից հետո նա պատասխանել է АПН թղթակցի հարցերին.

- Ռուսաստանում Ձեր անունը հայտնի է հիմնականում «Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատները» գրքով։ Մի քիչ պատմեք այդ գրքի մասին։

- Ստիպված էի տպագրել իռլանդացիների և հնդիկների մոտ։ Հնդկաստանում այն լույս տեսավ «Իմպերիալիզմից դեպի ֆաշիզմ։ Ինչո՞ւ Հիտլերի «Հնդկաստանը» պետք է դառնար Ռուսաստանը» վերնագրով։ Գերմանիայում այդ մասին չեն համարձակվում հիշել։ Չնայած գերմանական չորս վարչակարգերի համար, սկսած Հոհենցոլերների Ռեյխից, Անգլիան մշտապես անհասանելի նմուշ և ընդօրինակման առարկա է եղել։ Սակայն այն պնդման մեջ, որ Հիտլերն իր ռասայական դոկտրինի որոշակի դրույթները փոխառել է անգլիացիներից, չգիտես ինչու հիտլերիզմի արդարացումն են տեսնում։ Իմ դեմ Գերմանիայում արդեն երկու դատական հայց են ներկայացրել։ Ես նյութն սկսել եմ հավաքել դեռ 1947թ., և զարմանալի է, որ հիսուն տարվա ընթացքում ոչ ոք ինձնից առաջ չի անցել։ Գաղութատիրական իմպերիալիզմը ռասիզմի լաբորատորիան էր։ Վիլհելմյան Գերմանիան գիտակցաբար ընդօրինակում էր Անգլիային։ Հիտլերը քանիցս հիշեցրել է գերմանացի ժողովրդին, որ եթե ցանկանում է արժանի տեղ զբաղեցնել աշխարհում, ապա պետք է հետևի անգլիացիների օրինակին։ Անգլիայից է Գերմանիային անցել ընտրյալ ցեղի գաղափարը, իսկ Անգլիայում այդ գաղափարը հայտնվել է Կրոմվելի կալվինիզմի հետ։ Հիտլերին բնավ չէր խանգարում այդ գաղափարների «հուդայական», հինկտարանական ծագումը։ Նա դրանք լրացրեց սոցիալական դարվինիզմով։ «Ուժեղի իրավունքի» գաղափարը նույնպես Գերմանիա եկավ Անգլիայից։ Կոնստանտին Պոբեդոնոսցևն ասում էր, թե էթիկայի ռուսական ըմբռնումը չի կարող որպես նորմ ընդունել «ուժեղի իրավունքը»։ Անգլիայում Հիտլերն ուշադրություն էր դարձրել նաև սոցիալ-իմպերիալիզմի պրակտիկայի վրա, որի հիմնադիրը՝ Բենջամեն Դիզրաելին, բանվոր դասակարգին կառավարության կողմը գրավեց բանվորներին գաղութներում տնտեսական հնարավորություններ տրամադրելու միջոցով։ Բանվորներին ձայնի իրավունքի տրամադրումը կապված է անգլիական իմպերիալիզմի հետ։ Դիզրաելիի համար ցեղը (ռասան) դասակարգից բարձր էր։ Ցեղի գաղափարներով հաջողվեց մարել դասակարգային հակասություններն այն ժամանակվա անգլիական հասարակությունում։ Անգլիական գաղափարախոսական դրույթների ազդեցությունն առավել ցայտուն դրսևորվեց Ռեյխի ապագա կառավարիչների համար գերմանական էլիտար դպրոցների ստեղծման փորձի մեջ։ Այդ դպրոցներին բնորոշ էին մկանների պաշտամունքը, արհամարհանքը հոգևորի հանդեպ, խստավարժանքը, անվերապահ հնազանդությունը։

Հիտլերի վրա վճռական ազդեցություն է ունեցել իմպերիալիստ և հակասեմիթ Հյուսթոն Սթյուարտ Չեմբեռլենը։ Գեբելսը նրան իր ոգեշնչողն էր համարում, նրա աշխատություններն արտագրում էր Ռոզենբերգը։ Մյուս Չեմբեռլենը՝ Նևիլը, Հիտլերին փրկեց 1938թ. գեներալների դավադրությունից, որոնք ուզում էին ձերբակալել Հիտլերին Սուդետյան երկրամասի արկածախնդրության ձախողման դեպքում։ Անգլիացիներն իրենց անգործությամբ ևս մեկ անգամ Հիտլերին փրկեցին 1939թ.՝ լեհական արշավանքի առաջին օրերին։ Գրքում ես էլի մի շարք թաբուներ եմ խախտում, որ դրված էին Անգլիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա։ Մասնավորապես, դիտարկում եմ Նորմանդական կղզիների օկուպացիան։

- Ի՞նչ դրդապատճառներով է Անգլիայի քաղաքական էլիտան իրականացրել նացիզմին աջակցելու քաղաքականությունը։

- Նրանք շահագրգռված էին, որ պահպանվի անգլիական հասարակության դասակարգային բնույթը, բայց որ գլխավորապես պահպանվի կայսրությունը, չէ՞ որ կայսրությունը հիմնված էր ռասայական գաղափարախոսության վրա։ Ռասայական գաղափարախոսությունն արդեն վտանգի տակ էր՝ պայմանավորված Գանդիի ուսմունքով և Արևելքի ժողովուրդներին ուղղված Լենինի կոչով։ Հիտլերի ռասիզմի մեջ բրիտանացիները տեսնում էին բնիկ ժողովուրդների անխուսափելի էմանսիպացիայի հակակշիռը։ Այդ գործոնն անհամեմատ ավելի կարևոր դեր խաղաց, քան վախը կոմունիստներից, որ կար Անգլիայում, ինչպես ընդունված է կարծել։ Մանավանդ որ կոմունիստներն Անգլիայում համեմատաբար սակավաթիվ և անվնաս էին։

- Դուք գրում եք նացիզմի գաղափարախոսության վրա անգլիական ազդեցության մասին, իսկ կարելի՞ է խոսել ամերիկյան ինչ-որ ազդեցության մասին։

- Այո, և դա Հենրի Ֆորդն է։ Նյուրնբերգյան դատավարությունում Բալդուր ֆոն Շիրախն սկսեց խոսել այդ ազդեցության մասին, բայց հենց այդտեղ նրան ընդհատեցին՝ նկատողություն անելով, թե դա գործին չի վերաբերում։ Լույս է տեսել «Նացիզմի ամերիկյան զինակիցները» գիրքը, Ֆորդից բացի այնտեղ հիշատակվում է հանրահայտ օդաչու Լինդսբերգը։ Քենեդիների կլանը, թեև նման լուրեր պտտվում են, կապ չի ունեցել նացիզմին աջակցելու հետ։ Նրանք կաթոլիկ կղերականներ էին։ Ջոզեֆ Քենեդին՝ Անգլիայում դեսպանը, որոշ չափով պաշտպանում էր գեներալ Ֆրանկոյին։ Ռուզվելտին հակառակ։

- Իսկ ի՞նչ կասեք ժամանակակից նեոնացիզմի մասին Գերմանիայում։ Որո՞նք են դրա արմատները։

- Դա հետաքրքիր երևույթ է։ Չէ՞ որ նացիզմը հիմնվել է ուժեղի իրավունքի վրա։ Բայց ուժեղի իրավունքը ավելի թույլի պատրանքը դուրս եկավ։ Այժմ հատկանշական է տարվածությունն էզոթերիկայով։ Այդ շրջանակներում տարածված է աշխարհի վերջին՝ Կալի Յուգային սպասելը։ Նացիստական շրջանակներում իմտելեկտուալ մակարդակով մեծ ազդեցություն ունի տիբեթյան, կեղծտիբեթյան, հինդուիստական էզոթերիկան։ Չէ՞ որ Հիմլերը ժամանակին արշավախումբ էր ուղարկել Տիբեթ, որպեսզի այնտեղ գտնեն հին արիական միստերիաների հետքեր։ Այսօր հակաֆաշիստները Գերմանիայում մեղադրում են Դալայ Լամային նացիզմը հովանավորելու մեջ։ Նեոնացիստները, ի տարբերություն ձեն-բուդդայականությամբ տարված հոլիվուդյան կինոաստղերի, տարված են տանտրայական բուդդայականությամբ, որն ավելի շուտ տիբեթյան լամայականության տարատեսակ է։

Դեռ ոչ ոք գիրք չի գրել նացիզմի բավարական ծագման մասին։ Գերմանիայում վարժվել են մեղադրել բոլոր գերմանացիներին։ Բայց ինձ թվում է, որ եթե բոլորը մեղավոր են, նշանակում է՝ ոչ ոք մեղավոր չէ։ Եթե դաշնակիցները լավ տեղեկացված լինեին նացիզմի ակունքների մասին, նրանք կվերացնեին Բավարիան որպես պետություն, իսկ նրանք վերացրին Պրուսիան։ Թեև նացիզմի բնօրրանը Բավարիան էր, այլ ոչ թե Պրուսիան։

- Այժմ Դուք աշխատում եք «Հող և կամք։ Գերցենից մինչև Իվանով-Ռազումնիկ». ո՞րն է այն գրելու նախապատմությունը։

- Ես խորապես ուսումնասիրել եմ Ռուսաստանում հեղափոխական շարժման պատմությունը և հեղափոխական մտավորականության ճակատագիրը։ Ռուսական հեղափոխության պատմության ուսումնասիրումը ԱՄՆ-ում զարգանում էր սառը պատերազմի շրջանում, և դա հանգեցրեց որոշակի շեղումների։ Չնայած սխալ կլիներ չափազանցել սառը պատերազմի ազդեցությունը, այստեղ անհամեմատ ավելի մեծ դեր է խաղացել էթնոցենտրիզմը, այս կամ այն գաղափարախոսական շարժման էթնիկ արմատների վրա կենտրոնանալը։ Երբ 1954թ. հետազոտություններ էին անցկացվում, ի դեպ՝ նավատորմի պատվերով, ռուսական ազգային բնավորությունը, այսինքն՝ կոշտ իշխանությունը հանդուրժելու պատրաստակամությունը, հայտարարվեց նորածնին ձիգ բարուրելու ռուսական սովորության արդյունք։ Մեկ այլ հետազոտող՝ Դ.Ռանկուր-Լաֆերիերը, ապացուցում էր, որ ռուսական բնավորությունը քրիստոնյաների մազոխիզմի և քոչվորների սադիզմի խառնուրդի արդյունք է։

Սառը պատերազմի ժամանակ Ամերիկայում ապրող ռուսները գործնական շահ ունեին չհիշելու ռուսական ազգային ինքնատիպության մասին։ Բոլշևիզմը, կոմունիզմը զանգվածների համար վերացական հասկացություն էր, չէր զուգորդվում գաղափարախոսության, բայց զուգորդվում էր Ռուսաստանի հետ։ Հետաքրքիր է, որ սառը պատերազմի թեժ պահին, երբ, թվում է, շատ կարևոր էր հանրությանը պատմել կոմունիզմի էության մասին, ամերիկյան ոչ մի համալսարան դասընթաց չանցկացրեց կոմունիզմի մասին։ Հավանաբար, ղեկավարվելով այն սկզբունքով, որ լավագույն պաշտպանությունը անմեղությունից՝ չիմացությունն է։ Այլ կերպ ասած, եթե ուսանողներին պատմեն կոմունիզմի մասին, նրանք կոմունիստ կդառնան։ Կային բացառություններ, դրանք կաթոլիկ համալսարաններն էին։ Դրանցում կային դասընթացներ կոմունիզմի մասին, որտեղ այդ գաղափարախոսությունը մերկացվում էր փիլիսոփայության դասականներից բերված օրինակներով ու փաստարկներով։

Ռուսաստանի մասին ամերիկյան պատկերացումն առհասարակ աչքի է ընկնում սոցիալական հոգեբանության լիակատար տիրապետությամբ՝ փիլիսոփայության բացակայությամբ։ Դա վերաբերում է ոչ միայն ռուսներին։ Հնդկական մշակույթն այնպես են ուսումնասիրում, որ հնդիկների փիլիսոփայությունն առհասարակ չի դիտարկվում։ Ամերիկացիների համար դա չափից ավելի հեռու է, չափից ավելի տարաշխարհիկ, չափից ավելի արտառոց։ Առհասարակ, գիտելիքները Ռուսաստանի մասին նվազագույն են։ Ինձ անգամ հարցնում էին՝ իսկ ճի՞շտ է, որ հայերենը ռուսերենի բարբառն է։ Որոշ ուսանողներ անգամ կարծում էին, թե Ստալինը Ջորջիա նահանգի ծնունդ է։

- Իսկ բոլշևիկյան գաղափարախոսությունը որևէ ազդեցություն գործե՞լ է ԱՄՆ-ի վրա։

- ԱՄՆ-ում մարքսիզմին միանգամայն խորթ շրջանակներն օգտվել և օգտվում են մարքսիստական մեթոդաբանությունից։ Մարդու՝ որպես տնտեսական էակի մասին մարքսիստական հասկացությունը բավական մոտ է մարդու մասին հասկացությանը կապիտալիստական հասարակությունում, որտեղ մարդը չէ՞ որ նույնպես տնտեսական էակ է։ Սրանով է բացատրվում այն, որ մենշևիկների դերն ամերիկյան գիտության մեջ խիստ գերագնահատված է։ Ռուսաստանի գծով մասնագետների աշխարհում տարածված էր այն կարծիքը, թե բոլշևիկների հիմնական սոցիալիստական հակառակորդները մենշևիկներն էին։ Այնինչ, Հիմնադիր ժողովի համաժողովրդական ընտրություններում մենշևիկները ձայների չնչին տոկոս հավաքեցին ամբողջ երկրում, բացի Վրաստանից։ Բայց մենշևիզմը հակառակ համեմատական ազդեցություն ունեցավ ամերիկյան հետազոտողների վրա։ Օրինակ. Լեոպոլդ Հայմսոնը, մեկնաբանելով Ն.Կ. Միխայլովսկու բանավեճը մարքսիստների հետ XIX դարի 1990-ական թթ., ասում էր, որ «տնտեսական նարոդնիկական գաղափարները հիվանդ հոգիների զառանցանքն են»։ Այս հարցին ավելի օբյեկտիվ է մոտեցել ամերիկացի հետազոտող Արթուր Մենդելը։ Մեր ժամանակներում, գրում է նա, զարգացող երկրների ազատագրական շարժումների թեզիսները նման են Միխայլովսկու՝ XIX դարավերջի թեզիսներին։ Միխայլովսկու ստեղծագործական ժառանգությունը բավական օբյեկտիվորեն է լուսաբանել ամերիկացի պատմաբան Ջեյմս Բիլինգթոնը, որը նշել է, որ թեև Լենինը պայքարում էր նարոդնիկության դեմ, բայց այն որոշ չափով ժառանգվել է բոլշևիկների կողմից։ Այն իմաստով, որ ժողովրդի կատեգորիան բարուց և չարից դուրս էր դրվել և անուղղակիորեն ծառայում էր բոլշևիկների գործին։

- Ուրիշ էլ ո՞ր ամերիկացի հետազոտողներն են զբաղվել ռուսական հեղափոխական մտքի պատմությամբ։

- Ռուսական հեղափոխության ամենահետաքրքիր պատմաբանը՝ Օ.Ռադկեն, զբաղվել է «կանաչ» շարժման հետազոտությամբ։ Մասնավորապես՝ «անտոնովշչինայով»։ Մենք քաղաքացիական պատերազմը պատկերացնում ենք իբրև սպիտակների և կարմիրների պատերազմ։ Իրականում դա պատերազմ էր, որն ընթանում էր սկզբում կարմիրների ու կարմիրների, հետո՝ սպիտակների ու կարմիրների, վերջում՝ կանաչների ու կարմիրների միջև։ Իր հետազոտություններում Ռադկեն կատաղի քննադատում է ռուս մտավորականներին, հատկապես նարոդնիկ մտավորականներին։ Կարծիք կա, թե նրա վրա ազդեցություն է գործել ինքնատիպ ամերիկյան պոպուլիզմը, քաղաքի հանդեպ հակաինտելեկտուալ թշնամանքը, «պոչվեննիկության» ամերիկյան տարատեսակը։ Մինչ այդ ԱՄՆ-ում ավելի լավ էին հասկանում ռուս հեղափոխական մտավորականությանը։ Ջորջ Քենանն աշխարհին ծանոթացրեց «ռուսական հեղափոխության տատի»՝ Եկատերինա Բրեշկո-Բրեշկովսկայայի հետ։ Ստեպնյակ-Կրավչինսկու ազդեցությամբ հիմնադրվեց ամերիկյան «Ռուսական ազատության բարեկամների կենտրոնը»։ Ռուս հեղափոխականների համար ոչ միայն կարմիր, այլև ամերիկյան դրոշն էր խորհրդանշում ազատությունը։ 1876թ. Ամերիկյան հեղափոխության տարելիցի օրը ռուսական բանտերից մեկի քաղբանտարկյալները բարձրացրին աստղագծավոր դրոշը՝ որպես ազատագրման խորհրդանիշ։

- Դա XIX դարում էր, իսկ հիմա՞։

- 100 տարի անց ամերիկացիներն ավելի լավ հասկանում են Ստալինին, քան Կերենսկուն։ Ստալինի «քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը» հարցը նրանց միանգամայն հասկանալի էր։ Դա գործնական լեզուն է։ Իսկ Կերենսկուն՝ իր «խաղաղություն առանց կոնտրիբուցիաների և անեքսիաների» կարգախոսով, համարում էին ռուսական անվնաս իդեալիզմի ներկայացուցիչ։ Եվ ցայսօր այդպես է։ Չեռնիշևսկին և նրա համախոհները, ինչպիսին է Դոբրոլյուբովը, անհամեմատ ավելի հասկանալի են ամերիկյան հանրությանը, քան Միխայլովսկին։ Նիհիլիստները, ինչպես հայտնի է, հայտարարում էին, թե մի զույգ սապոգն ավելի կարևոր է, քան ամբողջ Շեքսպիրը, և ամերիկացիների մեծամասնությունը հաճույքով կհամաձայներ այդ պնդման հետ։ Առավել ևս՝ Չեռնիշևսկու այն թեզիսի հետ, թե՝ «զոհը դատարկ բան է»։ Սա ուտիլիտարիզմ է։ Այդ ուսմունքի համաձայն՝ մարդկային բնույթը բացատրվում է ցավի հանդեպ ունեցած վախով և հաճույքների հետևից վազելով։ Եվ հենց դրա համար էլ «ամերիքեն դրիմը»՝ ամերիկյան երազանքը, իսկապես իրականացավ՝ ի տարբերություն ռուսական գաղափարի։ Կարելի է ասել, որ «ամերիքեն դրիմն» անհամեմատ ավելի պարզ է, առօրեական ու հասկանալի հասարակ աշխատավորների համար։ Միացյալ Նահանգներում ավելի են մոտեցել իրականցնելու այն, ինչ խոստանում էր մարքսիզմը։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ ստեղծագործական մարդկանց համար դա ճղճիմ է և նսեմ։ «Ռուսական տեսլականը» «այսաշխարհիկ տեսլական չէր», ուստի իրականում իրագործելի չէր այն չափով, որչափով որ «ամերիքեն դրիմը», այսինքն՝ ամերիկյան տեսլականը։ Սա բացատրում է, թե ինչու ռուսական հոգևոր հեղափոխական շարժման մեջ այդքան անհասկանալի բան կա միջին դասի ամերիկացի ուտիլիտարիստի համար, որքան էլ որ նա լավ հասկանա Չեռնիշևսկուն։

Ամերիկացիները չեն կարող հասկանալ, թե ինչու ռուսական հակակապիտալիզմը արիստոկրատական ծագում ունի, այլ ոչ թե պրոլետարական։ Թե ինչու Գերցենի և Օգարյովի ռուսական սոցիալիզմը պայմանավորված է ամենևին էլ ոչ հարուստների հանդեպ չունևորների նախանձով։ Այլ հակառակը՝ հենց հարուստների խղճով։ Խղճի դեմ բան է չափից ավելին ունենալը։

Հեղափոխական շարժման էսթետիկան միանգամայն անըմբռնելի է այսպես կոչված միջին դասի համար։ Ես նկատի ունեմ Շիլլերի էսթետիկան, որը ոգեշնչել է Գերցենին և Օգարյովին։ Այդ էսթետիկայի իմաստը արդարացիի և գեղեցիկի միասնության մեջ է։ Պատահական չէ, որ Շիլլերը Գերցենի և Օգարյովի մասին ամերիկյան մեկնաբանություններում անվանվում է «հավերժ դեռահաս»։ Իսկ այն, որ Գերցենը գրում էր պատանության տեսլականների քաղքենիական անարգանքի մասին, գրեթե հաստատել է նրա կենսագիր Մարտին Մալիան, երբ գրում էր այն մասին, որ երդումը Վորոբյովյան բլուրներում «կանաչ պատանյակների ցնորքն» է։

Այս ամենն առավել քան պարադոքսալ է նրանով, որ ամերիկյան ժողովուրդն առհասարակ կողմնորոշված է դեպի առաքինությունը։ Նա բնազդորեն պատրաստ է կանգնել ավելի թույլերի կողմը, բայց նա հազվադեպ է ճիշտ իրազեկված լինում։ Եվ այն ամենը, ինչ ասացի ամերիկյան ժողովրդի մասին, չի վերաբերում փոքրամասնությանը՝ «զարգացած» ամերիկյան մտավորականությանը։ Այստեղ հիմնականում, չգիտես ինչու, կարծում են, թե համոզմունքներ ունենալը անհասության նշան է։ Համոզմունքների վրա ծիծաղում են։ XVII դարում Լոկը եկավ այն եզրակացության, որ մարդկային բնությունն ամենուրեք նույնն է, իսկ տարբերությունը բացատրեց պաթոլոգիայով։ Ֆրեյդականները վերլուծեցին Բակունինի անձը և նրա մեջ «Էդիպյան կոմպլեքս» գտան։ Տիրանալ մայր երկրին և սպանել արքա հորը։ Ես հարցրի նմանատիպ հետազոտողներից մեկին. «Ինչո՞ւ եք վերլուծության ենթարկում Բակունինին, այլ ոչ թե Միլյուկովին։ Որովհետև Միլյուկովը չափից ավելի նման է մեզ ձեզ հետ միասի՞ն»։

Բայց 100 տարի առաջ ամեն բան այլ կերպ էր։ ԱՄՆ-ը Մարկ Տվենի ԱՄՆ-ն էր, որը նամակ էր գրել Ստեպնյակ-Կրավչինսկուն, որտեղ հիացմունք էր հայտնում ազատության համար հաստատ կործանման գնացող ռուս մարտիկների անձնազոհության վերաբերյալ։ Որոնք կախաղանից բացի՝ այլ ելքի հույս չունեին։ Մարկ Տվենը նման բան տեսել էր միայն Ռուսաստանում և ուրիշ էլ ոչ մի տեղ։ Դա 1891 թվականն էր, իսկ հարյուր տարի հետո ավելի գործնական Անգլո-Ամերիկան այդ մարտիրոսության մեջ մազոխիզմ է տեսնում։ Հարկ է հիշել, որ 1918թ. Իվանով-Ռազումնիկը գրում էր, թե մարտիրոսությունը միշտ հաղթանակում է։ Նա նկատի չուներ կալվինիզմը, որտեղ միջին դասի ռեֆորմացիան վերացրեց բոլոր սրբերին, հետն էլ նահատակներին աստվածաբանությունից։ Մարտիրոսներին այստեղ պարզապես բնակեցրին հոգեբուժարաններում։ Ես չեմ կարող մոռանալ, երբ ցուցադրվում էր «Ոճիր և պատիժ» ֆիլմը, այնտեղ, երբ Ռասկոլնիկովն ասում է, թե պատրաստ է իր վրա վերցնել ողջ մարդկության տառապանքների բեռը և գնալ Սիբիր, քրքիջ է պայթում։ Հանդիսատեսները հիմնականում ուսանողներ էին, և դա բնութագրական է։ Անգլո-սաքսոնական ավանդույթում ջենթլմենը չպետք է ցուցադրի իր զգացմունքները։

- Իսկ ի՞նչ եք մտածում արդի Ամերիկայի քաղաքական դրության մասին։ Էմիգրանտների հիմնախնդիրը, հարաբերությունը Մեքսիկայի հետ։

- Մեքսիկան Միացյալ Նահանգների հանդեպ երկակի զգացմունքներ է տածում։ Մի կողմից՝ ատելություն (ռեկոնկիստի երազանքներ), մյուս կողմից՝ ընդօրինակում։ «Նոր մեքսիկացիներն» ամեն բանում ընդօրինակում են ամերիկացիներին։ Մեքսիկական հեռուստատեսության բոլոր հաղորդավարուհիներն արհեստական շիկահերներ են։ Մեքսիկական բանակը տասնամյակներ ուսանում է ԱՄՆ-ում։ Ընդդիմությունը մեղադրում է Ֆոքսին Միացյալ Նահանգների հանդեպ ստորաքարշության մեջ։ Ցավոք, Մեքսիկան, որտեղ իրականացվել է ХХ դարի առաջին սոցիալական հեղափոխությունը, այժմ զբաղեցնում է աշխարհում առաջին տխուր տեղերից մեկը հարուստներ-աղքատներ շերտատման գծով։ Մեքսիկացիների մեծ մասը խիստ աղքատացավ վերջին 10-15 տարիներին, գլոբալացման հետևանքով։

- Իսկ ինչպե՞ս են Ձեր աշխատություններին վերաբերվում գիտական շրջանակները։

Պիտիրիմ Սորոկինը գովել է իմ աշխատություններն այն բանի համար, որ ի տարբերություն այլ հետազոտողների՝ ես մեծ դժվարությամբ չեմ ապացուցել, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի։ Ես իրավունք չունեմ համեմատվելու Պուշկինի հետ, բայց երբ ինձնից պահանջել են նորից գրել իմ աշխատանքները, ինչպես Նիկոլայ 1-ինն էր պահանջում Պուշկինից փոխել «Բորիս Գոդունովը» Վալտեր Սքոթի ոճով, ապա ես, ինչպես Պուշկինը, հրաժարվել եմ։ Ռուսական միսիոնականության մասին աշխատությանս համար ուկրաինացի անկախականները մտադիր էին «մռութս ջարդել»։ Չիկագոյի համալսարանն ամենալիբերալն էր համարվում սառը պատերազմի ժամանակ։ Բայց ինձ կարգադրվել էր հարմարվել, եթե ուզում եմ աշխատել այնտեղ։ Եվ արդյունքում՝ ես աշխատանքի անցա ամենաարհամարհելի տեղում՝ նեգրական Հարավի համալսարանում։ Եվ այնտեղ ես ինձ ավելի պահանջված և պոպուլյար էի զգում, քան հեղինակավոր համալսարանում։ Սակայն ԱՄՆ-ում, համալսարանական հիերարխիայից բացի, գոյություն ունի նաև աշխարհագրական հիերարխիա։ Արևելյան ափն արհամարհում է Արևմտյանին։ Կալիֆորնիան՝ Միջին Արևմուտքին։ Բոլորն իրար հետ՝ Հարավին։ Նման աշխարհագրական հիերարխիան կենսական նշանակություն ուներ։ Հարկավոր էր, որ գիտաժողովներում ներկայանալիս անվանեիր քո համալսարանը։ Երբ ես էի ներկայանում, ապա ի պատասխան ստանում էի միայն ներողամիտ ժպիտներ և կարեկցական լռություն։

Հարցազրույցը պատրաստեց Յակով Շուստովը


դեպի ետ