• am
  • ru
  • en
Версия для печати
26.09.2013

ՎԵՐՋԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԸ

Руский

   

Նիկիտա Ելիսեև

Պրագմատիկ մարքսիզմի տասնամյակների տիրապետությունից հետո իսկական ռոմանտիկ աշխարհզգացողությունը Ռուսաստանում դժվարությամբ է արմատավորվում

Մանուել Սարգսյանցի կենսագրությունը, սովորականությամբ հանդերձ, գունագեղ է ու արտասովոր, ինչպեսև նրա դատողությունները։ Սարգսյանը «հաջողացրել» է ծնվել և ապրել այնտեղ և այն ժամանակ, որտեղ խայտաբղետությունը, պարադոքսալությունն ու տարօրինակ, ուշացած ռոմանտիզմը հազիվ թե բնական համարվեին։ Նա լույս աշխարհ է եկել 1923թ. Բաքվում։ Վեց տարի անց ծնողները տղային տարել են Թեհրան։ Թեհրանի համալսարան, Նյու Յորքի իրանական ինստիտուտ, Չիկագոյի համալսարան։ 1956թ. Մ.Սարգսյանցը հրատարակում է իր «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը» գիրքը։ Այսօր Մանուել Սարգսյանցի առաջին տպագիր աշխատությունը կանվանեին հակագլոբալիստական. այն ժամանակ այդ եզրը պարզապես գոյություն չուներ։

Աշխարհի քաղաքացի է Մանուել Սարգսյանցը։

Այժմ Մանուել Սարգսյանցն ապրում է Մեքսիկայում։ Նրա գրքերը Լատինական Ամերիկայի, Բիրմայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հայաստանի, Ռուսաստանի պատմության մասին լույս են տեսել անգլերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներով։ Պետերբուրգում, որտեղ «Ակադեմիական նախագիծ» («Академический проект») հրատարակչությունը պատրաստում է հրապարակել նրա նոր աշխատությունը, Մանուել Սարգսյանցը, մի քանի օր մնալով, դասախոսություն է կարդացել Եվրոպական համալսարանում, այցելել գրախանութներ և սիրահոժար համաձայնել է հարցազրույց տալ «Հյուսիս-Արևմուտք» («Северо-Запад») ամսագրի թղթակցին։

- Ձեր հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է՝ Ռուսաստանից մինչև Ինդոնեզիա։ Ինչո՞վ կբացատրեք դա։

- Լայն է զուտ աշխարհագրական ընդգրկումը։ Իրականում ինձ հետաքրքրում է միայն մի թեմա. գյուղացիական միլենարիստական (լատ. Millenium – հազարամյակ բառից։ Միլենարիզմը ուսմունք է «հազարամյա թագավորության» մասին, որի համաձայն՝ սատանան շղթայվելու է, իսկ սուրբ նահատակները թագավորելու են Քրիստոսի հետ՝ իրենց սրբության համար որպես պարգև դառնալով «առաջին հարության» մասնակիցները, ինչպես խոստացված է Հայտնությունում – խմբ.) շարժումները, որտեղ և երբ էլ որ դրանք ծագեին՝ Չինաստանում, Ռուսաստանում, Բիրմայում, Պերուում։ Աստվածաբանության մեջ դա անվանվում է քիլիազմ։ Աշխարհի մոտալուտ վերջի սպասում և Երկրի վրա Աստծո արքայության երազանքի մարմնավորման փորձ։

Ինձ հետաքրքիր են քաղաքական առասպելները։ Դրանցից ավելի հետաքրքիրն այն է, որն ամենաերկարն է պահպանվում՝ կատարյալ հասարակության մասին առասպելը։ Պերուում ցայսօր կարելի է դառնալ սենատոր՝ քարոզելով ինկերի կատարյալ պետությունը, որը գոյություն է ունեցել XVI դարում, մինչև իսպանացիների գալը։

Ասենք, ես գիրք ունեմ հնդկացի խիլիաստի մասին՝ «Ֆելիպե Կառիլյոն՝ մայաների «կարմիր» առաքյալ»։ «Կարմիրը» չակերտների մեջ է, նա, ավելի շուտ, կանաչ է, Նեստոր Մախնոյի նման մի բան։ Ո՛չ, անարխիստ չէ։ Կարելի՞ է արդյոք Անտոնովին՝ 1921թ. Տամբովի մարզի գյուղացիական ապստամբության ղեկավարին, օրինակ, անարխիստ անվանել։ Ավելի շուտ՝ էսէռ (ի դեպ, Անտոնովը էսէռ էր, որ կար)։ Այս գիրքն այժմ թարգմանվում է մայա հնդկացիների լեզվով։ Իհարկե, այն հազիվ թե ընթերցողներ ունենա. ժամանակակից մայաները եթե կարդում էլ են, ապա միայն իսպաներեն։

Ինձ քիչ են հետաքրքրում պրագմատիկ հասարակությունները, ինչպես անգլոսաքսոնականն է։ Ես ապրել եմ ԱՄՆ-ում 1946-1956թթ.։ Այդ պրագմատիկ հասարակությունում ես չկարողացա տպագրել իմ առաջին գիրքը՝ «Ռուսաստանը և Արևելքի մեսիականությունը». այն տպագրեցին Գերմանիայում, Հեյդելբերգում, և հենց տպագրեցին, ինձ ԱՄՆ-ից «ներմուծեցին» Գերմանիա։

Ամերիկացիները չունեն այն, ինչը Միգել դե Ունամունոն անվանում էր «կյանքի ողբերգական զգացում»։ Այդ զգացումն անհամեմատ ավելի հեռու է ինքնագոհ, ինքնաբավ ամերիկացիներից, քան բոլոր մարքսիզմներն իրար հետ վերցրած։ Այ, գերմանացի ռոմանտիկներն ու ռուս սլավոնաֆիլները կյանքի իսկական ողբերգական զգացում ունեին։ Իմ բախտը բերել է. 50-ական թթ. Հեյդելբերգում ես հասցրի հանդիպել վերջին նեոռոմանտիկներին։ Նշեմ, որ Ռուսաստանում պրագմատիկ մարքսիզմի տասնամյակներ տևած տիրապետությունից հետո իսկական ռոմանտիկ աշխարհզգացողության համար դժվար կլինի արնատավորվելը։

- Բայց ինձ թվում է, որ ռոմանտիկական աշխարհզգացողությունը, հատկապես գերմանականը, վարկաբեկվել է նացիստների կողմից, որոնք ընդգծում էին իրենց սերը Գերմանիայի ռոմանտիկական ժառանգության հանդեպ։

- Դա այդպես չէ։ Նացիստներն ամբողջ ուժով ցուցադրում էին իրենց հավատարմությունը գերմանացի ռոմանտիկներին, բայց դա ցուցադրական, դեկորացիոն սեր էր։ Իսկ ըստ էության, ըստ իրենց բնույթի, նացիստները պրագմատիկներ էին, ուտիլիտարիստներ, ինչպես կասեին անգլոսաքսոնները։ Ես այդ մասին գրել եմ իմ գրքում, որը պետք է լույս տեսնի հիմա պետերբուրգյան «Ակադեմիական նախագիծ» հրատարակչությունում։ Նացիստների իսկական ուսուցիչը անգլիացի փիլիսոփա Թոմաս Կառլեյլն էր։ Ի՞նչն էր ռոմանտիկ նացիզմի մեջ։ Ռիխարդ Վագների պաշտամո՞ւնքը։ Բայց Վագներին նացիստներն ընկալում էին ոչ թե անմիջականորեն, այլ այդ երաժշտի փեսայի՝ անգլիացի ռասիստ և հակասեմիթ Հյուսթոն Սթյուարտ Չեմբեռլենի մեկնաբանությամբ։ Իսկական ռոմանտիկ էր Ալեքսանդր Բլոկը։ 1921թ. նրա մահվան մասին Իվանով-Ռազումնիկը, կարծես, ասում էր, թե Բլոկը չափից ավելի լավն էր այն բանի համար, ինչը վրա էր հասնում, դե նա էլ մահացավ, իսկ մենք բավական վատն ենք, որպեսզի հարմարվենք դրան, ու ահա մենք ապրում ենք։ Ռոմանտիկներ էին սլաֆոնաֆիլները։

- Շատերը կարծում են, թե սլավոնաֆիլական նախագիծը մարմնավորվել է ստալինյան Խորհրդային Միությունում...

- Ոչ, դա սլավոնաֆիլական նախագիծ չէ, դա նրա ծաղրանկարն է։ Այն, ինչ տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում 40-ական թթ. վերջին – 50-ական թթ. սկզբին, նույն առնչությունն ուներ սլավոնաֆիլության հետ, ինչ և նացիզմը՝ գերմանացի ռոնմանտիկների։ Սլավոնաֆիլները ոչ շովինիստներ էին, ոչ նացիոնալիստներ։ Հիշո՞ւմ եք, Ֆեոդոր Տյուտչևը գրում էր. «Единство куплено быть может железом лишь и кровью. / Вот так сказал оракул наших дней. / Ну что ж. А мы попробуем связать его любовью. / А там посмотрим, что сильней!» («Միասնությունը գնված է գուցե երկաթով միայն ու արյամբ։ «Այսպես ասաց ահա մեր օրերի գուշակը։ / Դե ինչ։ Իսկ մենք փորձենք սիրով կապել այն։ / Հետո կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ»)։

«Երկաթն ու արյունը» Բիսմարկի, Ստալինի Realpolitik-ն են, իսկ սերը՝ սլավոնաֆիլների իդեալական քաղաքականությունը կամ էլ, առհասարակ, քաղաքականության բացակայությունը։ Հիմա ձեզ մոտ՝ Ռուսաստանում, իրենց սլավոնաֆիլ են անվանում սովորական նացիոնալիստները։ Բայց իսկական սլավոնաֆիլները մտածում և զգում էին տիեզերական կատեգորիաներով։ Նրանց համար հավատի հարցն ավելի կարևոր էր ազգային հարցից։

- Ձեզ համար նույնպե՞ս հավատը կարևոր է։ Քրիստոնեակա՞նը, ուղղափա՞ռը։

Օ, ոչ, ոչ։ Աստծո հավատից լավագույն պաշտպանությունը եկեղեցին է։ Ես աստվածաբան չեմ։ Ավելի շուտ միստիկ եմ։ Այնտեղ, ուր սկսվում է աստվածաբանությունը, այդտեղ սկսվում են դոգմաները։ Անգամ ամենալավ աստվածաբանը՝ Թովմա Աքվինացին, ընդամենը վերապատմել է Արիստոտելին։ Սխոլաստիկան ինձ հետաքրքիր չէ, դրա համար էլ ինձ հետաքրքիր չէ մարքսիզմը։ Գիտե՞ք ինչպես էր Նիկոլայ Բերդյաևն անվանում ռուսական մարքսիզմը։ Ռուսական գաղափարի սխոլաստիկա։ Ինձ հետաքրքիր է, ինձ համար կարևոր է միստիկական ապրումը։ Մարքսը հիանալի է ասել. «ճնշված արարածի ազատագրված հառաչանք». ահա թե ինչն է կարևոր ինձ համար։ Դժվար է բացատրել, թե ինչ է դա՝ միստիկական ապրումը։ Սերգեյ Եսենինը մի բանաստեղծության վերջում միանգամայն ճիշտ է նկարագրել միստիկական ապրումը։ Հիշո՞ւմ եք, այն բանից հետո, երբ շնից խլեցին ձագերին ու խեղդեցին, Եսենինը գրում է. «И глухо, как от подачки, / Когда бросят ей камень в смех, / Покатились глаза собачьи / Золотыми звездами в снег» («Եվ լուռ է, ասես շանը նետված փայ, / Երբ զվարճանքի համար քար են նետում վրան, / Ոսկե աստղերով հոսեցին / Աչքերը շան ձյան մեջ»)։ Բայց գուցե ձեր ամսագրի ընթերցողներին սա այնքան էլ հետաքրքիր չէ։

- Հնարավոր է... Դուք զբաղվում եք XIX-XXդդ. Ռուսաստանի պատմությա՞մբ։

- Այո, մինչև 1925 թվականը։ Սա շատ կարևոր տարեթիվ է։ Խորհրդանշական, եթե կուզեք։ Եսենինի ինքնասպանությունը։ Ստալինը դեռ երկիրն իր ձեռքը չէր վերցրել, բայց ուր որ է տիրանալու էր ողջ իշխանությանը։ Ես հնաոճ եմ։ Ինձ համար Ստալինի և Վլադիմիր Լենինի միջև հսկայական, սկզբունքային տարբերություն կա։ Դրանք երկու տարբեր կոմունիստական վարչակարգեր էին։ Մեկը բաց էր ինչպես գյուղացիական աշխարհի, այնպես էլ առհասարակ աշխարհի հանդեպ, մյուսը փակ էր, պարփակված իր մեջ։ Ստալինի իզոլյացիոնիզմը կապված էր նրա պրագմատիզմի հետ։ Ես Թեհրանում լսում էի խորհրդային ռադիոն թե՛ 30-ական, թե՛ 40-ական թթ.։ Խոսքն այն ժամանակ վերաբերում էր ճնշվածների ազատագրմանը։ Բացառապես արտաքին քաղաքական և տնտեսական հաջողություններին։ Ընդհուպ մինչև պատմությունն այն մասին, թե որքան պարարտանյութ են ստացել հավի ծերտից մի ինչ-որ կոլտնտեսությունում։ Այդ ամենը բավական ծիծաղելի և ձանձրալի էր, բայց, ասենք, պրագմատիկ ամերիկացիներին դա ավելի հասկանալի էր, ավելի մոտ, քան մի ինչ-որ ազատագրումը։ Ստալինին Արևմուտքում ավելի լավ էին հասկանում, քան Լենինին կամ, առավել ևս, Ալեքսանդր Կերենսկուն, որը խոսում էր ժողովրդավարական աշխարհի, անեքսիաներից և կոնտրիբուցիաներից հրաժարվելու մասին, և դա ընդունում էին քամահրանքով։ Ռուսական իդեալիզմ, ռուսական ցնդաբանություններ... Իսկ Ստալինը բանակցությունների ժամանակ կարող էր հարցնել. քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը։ Եվ դա նորմալ պրագմատիզմ էր գիտելիքների նվազագույնի պարագայում։ Առողջ մոտեցում։

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Լենինը ռոմանտի՞կ էր։

Շատ ավելի, քան Ստալինը։ Բայց, առհասարակ, և՛ Լենինը, և՛ Ստալինը ամեն բան արեցին այն բանի համար, որ իրենց անկումից հետո Ռուսաստանում հաղթանակի հենց արևմտյան նմուշի կապիտալիզմը։ Հետմարքսիստական Ռուսաստանը շատ ավելի մոտ էր կապիտալիզմին, քան Ռուսաստանը ինքնակալությունից հետո։ Հենց Խորհրդային Միության պայմաններում ձևավորվեց մարդկանց այն շերտը, որոնցից կարող էր ստացվել և ստացվեց այն, ինչն Արևմուտքում անվանվում է «միջին դաս»։ Պատմության զարմանալի, բայց օրինաչափ պարադոքսներից մեկն այն է, որ հենց բոլշևիկյան հեղափոխությունը նախապատրաստեց Ռուսաստանի անշրջելի արևմտականացումը (վեստերնիզացիան)։

- Ռուսաստանում շատերը Ձեզ հետ չեն համաձայնի։

Հավատում եմ։ Բայց եթե մտածեն, կհամաձայնեն։ Չէ՞ որ դա թվացյալ պարադոքս է. մարքսիզմը եվրոպակենտրոն ուսմունք է, եթե կուզեք՝ գաղութատիրական։ Արևելքը, Ասիան դասական մարքսիզմի համար այն է, ինչը ենթակա է վերացման, գոնե արմատական փոփոխության։ Կարլ Մարքսն ատում էր Ռուսաստանը՝ որպես ասիական երկիր Եվրոպայում։ «Տեղից չշարժվող մոնղոլ». ահա թե ինչպես էր նա անվանում Ռուսաստանը։ Նա տիպիկ գաղութարար էր, ինչպես հիմա կասեին՝ գլոբալիստ. ողջունում էր Հնդկաստանի զավթումն անգլիացիների կողմից, նրա համար առաջընթաց էր ԱՄՆ-ի կողմից մի քանի մեքսիկական տարածքների զավթումը։ Ռուսական մարքսիզմի պարադոքսն էլ՝ նրա լենինյան տարբերակով, հենց նրա տարօրինակ ընդլայնումն էր. դա միություն էր արևելյան, գաղութային ազգերի հետ։ Դասական մարքսիզմին դա բնորոշ չէ։ Բայց դա արմատացած է ռուսական աջ, անգամ ռեակցիոն ավանդույթում։ Ռեակցիոն փիլիսոփա Կոնստանտին Լեոնտևը, որն ատում էր քաղքենիական բուրժուական Արևմուտքն այնպես, ինչպես հեղափոխական Ալեքսանդր Գերցենը, գրում էր, որ Ռուսաստանը պետք է երես թեքի լիբերալ արևմտյան քաղաքակրթությունից, որ աշխարհի հույսը մոնղոլներն ու տիբեթցիներն են։ Նրանք են Ռուսաստանի բնական դաշնակիցները։

- Բայց դե այդ հույսերը ոնց որ թե չարդարացան։ Եվ կարո՞ղ էին արդյոք դրանք արդարանալ։

Ցավոք, չարդարացան։ Ցավոք, աշխարհի ապագան, ըստ իս, կապված է Չինաստանի հետ։ Ինչու ցավո՞ք։ Որովհետև այդ մշակույթն էլ ավելի պրագմատիկ է, ավելի ուտիլիտար, մատերիալիստական, քան ամբողջ արևմտյան աշխարհը։ Իզուր չէին ռուս սլավոնաֆիլներն ու գերմանացի ռոմանտիկները հիանում Հնդկաստանով, իսկ ֆրանսիացի ռացիոնալիստներն ու ամերիկացի պրագմատիկները՝ Չինաստանով։


դեպի ետ