• am
  • ru
  • en
Версия для печати
03.09.2013

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ 2012-2013ԹԹ. ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԸՍՏ TIMES HIGHER EDUCATION ԱՄՍԱԳՐԻ

   

Տիգրան Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, «Ուսումնական կենտրոն»-ի ղեկավար

2010 թվականից Times Higher Education ամսագիրը1 Thomson Reuters մեդիա և տեղեկատվական ընկերության2 հետ համատեղ ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների տարեկան վարկանիշային ցուցակը` THE World University Rankings3, որը համալսարանների լավագույն 3 համաշխարհային վարկանիշային աղյուսակներից (THE World University Rankings, QS World University Rankings և Academic Ranking of World Universities) մեկն է։

Վարկանիշային աղյուսակի կազմման մեթոդաբանությունը համատեղ է մշակվել։ Համալսարանների ձեռքբերումները գնահատվում են դրանց գործունեության վիճակագրական վերլուծության, հաշվետվությունների և միջազգային ակադեմիական համայնքի փորձագետների ու գործատուների՝ բուհերին տրվող գնահատականների համակցությամբ։

Հարցումներն անցկացվում են աշխարհի բազմաթիվ երկրների հազարավոր փորձագետների և գործատուների շրջանում։ Փորձագետների ընտրման չափորոշիչներն են գործունեության արդյունավետության և հղումների գիտաչափական վերլուծությունը, բուհերում գիտական և կրթական գործունեության փորձը, առնվազն 50 տպագրված աշխատանքների առկայությունը և այլն։

Փորձագետները 6000 համալսարաններից ընտրում են 400-ը, որտեղ հնարավոր է ստանալ լավագույն կրթություն։

Վարկանիշային տարեկան աղյուսակներում բուհերին տրվում են միավորներ՝ մինչև 100։ Բուհին տրվող միավորը 5 հիմնական չափորոշիչների գումարն է։

Այդ չափորոշիչներն են.

1. Դասախոսական գործունեություն, ուսումնական միջավայր (ներառում է մի քանի ավելի փոքր չափորոշիչներ՝ դասախոսների թվի և ուսանողների թվի հարաբերությունը, 1 ուսանողի համար նախատեսված բուհական մակերեսը, դասախոսական անձնակազմում դոկտորների համեմատական թիվը, դասախոս-ուսանող հարաբերությունները և այլն)։ Սա կազմում է բուհին տրվող ընդհանուր միավորի 30%-ը։

2. Հետազոտությունների ծավալը, ստացվող շահույթը, վարկանիշը (ներառում է մի քանի ավելի փոքր չափորոշիչներ՝ ընդհանուր հետազոտությունների և գիտական անձնակազմի թվի հարաբերությունը, հետազոտությունների առևտրայնացումից ստացվող գումարները, հետազոտական աշխատանքների որակը և այլն)։ Սա կազմում է բուհին տրվող ընդհանուր միավորի 30%-ը։

3. Հղումներ, հետազոտությունների ազդեցությունը (բուհի աշխատակիցների կողմից տպվող հոդվածներին կատարվող հղումների քանակը)4։ Սա ևս կազմում է բուհին տրվող ընդհանուր միավորի 30%-ը։

4. Ինովացիաներ և արդյունաբերական եկամուտներ (բուհի քանի՞ աշխատակից է ներգրավված ինովացիոն ծրագրերում, այդ ծրագրերի քանի՞ տոկոսն է առևտրայնացվում, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից բուհի նորարարական ծրագրերը ֆինանսավորելու պատրաստակամությունը)։ Սա կազմում է բուհին տրվող ընդհանուր միավորի 2,5%-ը։

5. Միջազգային համագործակցությունը (ներառում է մի քանի ավելի փոքր չափորոշիչներ՝ բուհի անձնակազմի քանի՞ տոկոսն է ներգրավված միջազգային ծրագրերում, արտասահմանցի ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին բուհում ներգրավելու հնարավորությունները և այլն)։ Սա կազմում է բուհին տրվող ընդհանուր միավորի 7,5%-ը։

2012-2013թթ. վարկանիշային աղյուսակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի լավագույն համալսարանները հիմնականում գտնվում են Հյուսիսային Ամերիկայում (128 համալսարան) և Եվրոպայում (178 համալսարան)։ Դրանց մոտ կեսն անգլոսաքսոնական դպրոցի ներկայացուցիչ են։ Լավագույն տասնյակում են 7, իսկ լավագույն հարյուրյակում՝ 47 ամերիկյան համալսարաններ։

Ասիական համալսարաններից 57-ն են ընդգրկված աշխարհի լավագույն բուհերի ցուցակում։

Հետաքրքիր դինամիկա է նկատվում ասիական բուհերի ընդգրկվածության պատկերում։ Օրինակ, վերջին 3 տարվա ընթացքում ասիական բուհերի քանակը կրկնապատկվել է և 27-ից հասել 57-ի։ Ասիական բուհերի թիվն աճել է հիմնականում հյուսիսամերիկյան և եվրոպական բուհերի ընդգրկվածության հաշվին։

Հումանիտար ուղղվածության լավագույն 50 բուհերից 46-ը անգլոսաքսոնական դպրոցի ներկայացուցիչներ են։ Բնական և տեխնիկական ուղղվածության բուհերի շարքում անգլոսաքսոնական դպրոցը դիրքերը զիջում է և լավագույն 50 բուհերի մեջ կազմում է դրանց մոտ կեսը։

Աղյուսակների վերլուծությունից պարզ է դառնում, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համալսարանները շարունակում են զբաղեցնել առաջատար դիրքեր և կազմում են աշխարհի 400 լավագույն բուհերի մեծամասնությունը։ Նրանց մեջ առանձնանում են հատկապես անգլոսաքսոնական դպրոցի ներկայացուցիչները։ Ամերիկյան և եվրոպական բուհերը տալիս են հումանիտար գիտությունների գծով լավագույն կրթությունը և առայժմ մրցակցությունից դուրս են։ Դա վկայում է հումանիտար գիտությունների բարձր զարգացածության և ավանդույթների մասին։

Պատկերը նույնը չէ բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում։ Չնայած եվրոպական և ամերիկյան բուհերը զբաղեցնում են առաջատար դիրքեր, սակայն տարեցտարի դիրքերը զիջում են ասիական համալսարաններին։ Բնական և տեխնիկական գիտությունները վերջին տարիներին բուռն աճում են հատկապես Հարավարևելյան Ասիայի երկրներում, ինչը հսկայական ներդրումների ու գիտության ոլորտի բարեփոխումների արդյունք է։

Ասիական համալսարանների ներկայացուցչական աճը հիմնականում պայմանավորվում է հետազոտական համալսարնների թվի աճով։

Կան հետազոտական համալսարանների 3 հիմնական մոդելներ՝ ամերիկյան, եվրոպական և ասիական։

Ամերիկյան մոդելով հետազոտական համալսարանների կարգավիճակը հաստատվում է հասարակական փորձագիտության հիման վրա, և հիմնական չափանիշը գիտական հետազոտությունների համար մրցույթով ստացված միջոցների ծավալն է:

Գոյություն ունի Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա (LERU5)։ Եվրոպական հետազոտական համալսարանների մեծ մասն այդ լիգայի անդամ է և եվրոպական կրթական համակարգի առաջատար։

Ասիայում հետազոտական համալսարանները ձևավորվում են վարչական որոշումների հիման վրա: Ի տարբերություն եվրոպական և ամերիկյան հետազոտական համալսարանների, ասիականները «զրոյից» ձևավորված ժամանակակից հզոր կրթական համակարգ են ներկայացնում:

Հետազոտական համալսարանները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

1. Գիտական դպրոցների առկայություն

2. Գիտական հետազոտությունների արդյունավետություն

3. Բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու հնարավորություն

4. Ժամանակակից գիտական ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի առկայություն

5. Միջազգային ծրագրերին ինտեգրվածության աստիճան

6. Ինովացիոն գործունեության հնարավորություն

7. Ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիայի մակարդակ

8. Մշակութային միջավայր ձևավորելու հնարավորություն։

Անդրադառնալով հետազոտական համալսարանների առաջացման և նրանց թվի կտրուկ աճի պատմությանը՝ պետք է նշել, որ հետազոտական համալսարաններն առաջ են եկել որպես զարգացող գիտատար տնտեսությանը սպասարկող և աջակցող կառույցներ։

Հետազոտական համալսարանները հանդիսանում են գիտատար մեգածրագրերի հիմքը։

Օրինակ կարելի է բերել Չինաստանի վերջին տարիների ամենամեծ գիտատեխնիկական ծրագիրը՝ Շանհայի սինքրոտրոնային արագացուցիչը (SSRF6), որը նախաձեռնել և կառուցել է Կիրառական ֆիզիկայի Շանհայի ինստիտուտը (SINAP7

Ծրագրի արժեքը մոտ $200 մլն է և աշխարհում 4-րդ սերնդի սինքրոտրոնային լավագույն արագացուցիչներից մեկն է։

Կիրառական ֆիզիկայի Շանհայի ինստիտուտը համարվում է Չինաստանի լավագույն հետազոտական համալսարաններից մեկը և միջուկային ֆիզիկայի, ֆոտոնների ուսումնասիրության, նաև գիտության և տեխնիկայի նորարարությունների առևտրայնացման խոշորագույն կենտրոններից է։

Մեգածրագրերի իրականացման ճանապարհն է ընտրել նաև Հայաստանը։

ՀՀ-ում այս պահին ընթանում են աշխատանքներ 2 խոշոր գիտատեխնիկական ծրագրերի շուրջ՝ 3-րդ սերնդի CANDLE8 սինքրոտրոնային արագացուցչի (մոտ $120 մլն արժողությամբ) և ԵրՖԻ-ում ռադիոնուկլիդների արտադրության (մոտ $50 մլն արժողությամբ)։

Առաջին ծրագիրը կխթանի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նյութագիտության, բժշկության, նանոտեխնոլոգիաների ոլորտի և նոր որակի գիտատար տնտեսության զարգացումը։

Նշենք, որ Մերձավոր Արևելքում և ԱՊՀ-ում նման տեխնիկական հնարավորություններով արագացուցիչներ առայժմ չկան, և Հայաստանը կունենա բացառիկ դիրք այս տարածաշրջաններում։

Արդեն իրագործվել է CANDLE նախագծի առաջին փուլը՝ AREAL9 գծային արագացուցչի կառուցումը։

Համագործակցության պայմանագրեր են կնքվել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Չինաստանի հետ։ AREAL-ի սարքավորումները՝ մոտ $22 մլն արժողությամբ, նվիրաբերվել են գործընկերների կողմից։

Երկրորդ ծրագիրը կխթանի բժշկության զարգացումը, հատկապես ուռուցքաբանության ոլորտում։ Հայաստանը կարող է դառնալ ուռուցքների ախտորոշման և բուժման տարածաշրջանային կենտրոն։

Այս երկու խոշոր ծրագրերի իրագործման և արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է բարձր որակի մասնագետների պատրաստում, համապատասխան գիտական ուղղվածության ինստիտուտների ստեղծում, լայն ընդգրկվածություն միջազգային գիտակրթական համակարգում, տեխնոպարկի, ձեռնարկությունների ինկուբատորի ստեղծում, որի միջոցով էլ կառևտրայնացվեն գիտական նորամուծությունները։

Նմանատիպ աշխատանքները կարելի է իրագործել միայն նոր հետազոտական համալսարանի ստեղծմամբ։

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից մշակված ՀՀ գիտության զարգացման ռազմավարության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ-ում հետազոտական համալսարան ստեղծելու նախագիծը10։ 2015 թվականից նախատեսվում է սկսել բնագիտական ուղղվածություն ունեցող Տեխնոլոգիական հետազոտական համալսարանի ստեղծման աշխատանքները։

ՀՀ գիտակրթական միջավայրը համապատասխանում է վերը նշված չափանիշներից մի քանիսին։ Կան ավանդական գիտական դպրոցներ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ոլորտներում։ Գիտական հետազոտությունների արդյունավետության առումով ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է երկրորդ տեղն Իսրայելից հետո11։

Բարձր է նաև միջազգային ծրագրերում ներգրավվածության աստիճանը։

Առկա գիտակրթական ենթակառուցվածքները նույնպես օժանդակող մեծ դեր են կատարելու։

Խոչընդոտող հանգամանքների շարքին կարելի է դասել կրթության և գիտության համակարգերում առկա բազմաթիվ պրոբլեմները.

• միջնակարգ կրթության անցումային շրջանի հետ կապված խնդիրները

• կրթական ծրագրերի անհամապատասխանությունը ժամանակակից պահանջներին

• կոռուպցիան կրթական համակարգում

• հնացած նյութատեխնիկական բազան

• մասնավոր սեկտորի սահմանափակ հետաքրքրվածությունը գիտական արտադրանքի առևտրայնացմամբ

• գիտության թերֆինանսավորումը։

Առկա պրոբլեմներից շատերից խուսափելու համար պետք է ստեղծվի լիովին նոր համալսարան, ոչ թե եղած համալսարանների հիմքի վրա, քանի որ այդ դեպքում միայն ստեղծվելիք համալսարանը չի ժառանգի նախորդների բոլոր հիմնական պրոբլեմները։

Կրթությունը պետք է իրագործվի միջազգային առաջավոր կրթական ծրագրերի շրջանակներում և գիտական ինստիտուտներում, որպեսզի ապահովված լինի կրթություն-գիտություն կապը։

Դասախոսական անձնակազմը պետք է ընտրվի հիմնականում գիտական հանրությունից, ինչը կապահովի գիտություն-կրթություն-գիտություն կապը և զերծ կպահի ներկայիս կրթական համակարգին հատուկ պրոբլեմներից։

Հետազոտական համալսարանին հատկացվող միջոցները պետք է ունենան ավանդական համալսարաններից տարբեր բաշխվածություն։ Ֆինանսավորման առնվազն 35-40%-ը պետք է հատկացվի զուտ գիտական աշխատանքներ իրականացնելու համար (ՀՀ–ում գործող համալսարաններում գիտությանը հատկացվում է 0-10%)։

Համալսարանի կազմում պետք է լինի ուսանողական կամպուս, որը միջազգային գիտակրթական կենտրոններին յուրահատուկ մշակույթ կստեղծի։

Պետք է գործի նաև տեխնոպարկ, որտեղ կառևտրայնացվեն հեռանկարային նորարարական աշխատանքները։

Չնայած առկա բոլոր խնդիրներին, Հայաստանը պարտավոր է գնալ մեգածրագրերի իրագործման և հետազոտական համալսարանների ստեղծման ճանապարհով, եթե ցանկանում ենք 21-րդ դարում ունենալ մրցունակ կրթություն, գիտություն, տնտեսություն և, իհարկե, պետություն։

1 http://www.timeshighereducation.co.uk/

2 http://thomsonreuters.com/

3 http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/

4 http://en.wikipedia.org/wiki/Citation_index

5 http://www.leru.org/index.php/public/home/

6 http://ssrf.sinap.ac.cn/english/

7 http://english.sinap.cas.cn/

8 http://www.candle.am/

9 http://www.candle.am/areal/index.html

10 http://scs.am/uploads/Cragrer/git-volorti-zarg-razmavarutyun.pdf

11 http://unesdoc.unesco.org/images/0018/001899/189958e.pdf

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2013

դեպի ետ