• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2009

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵԼ ԱՎԻՎԻ ՄԻՋԵՎ ԱՅԼԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Գ.Հարությունյանի հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը

English

   

Turkey and Israel (original) Թուրքիան և Իսրայելն այլևս չի կարելի ռազմավարական դաշնակիցներ անվանել, քանի որ նման գործընկերությունը ենթադրում է ռազմավարական շահերի համընկնում, ինչն այսօր չի նկատվում։ Այս մասին REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով վերջին գործընթացները Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում, մասնավորապես՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը դադարեցնելու կոչը։

«Ռազմավարական դաշնակցությունը ենթադրում է նաև ռազմավարական շահերի ընդհանրություն, սակայն այսօր Թուրքիայի և Իսրայելի ազգային շահերի ամբողջական հատվածներ չեն համընկնում։ Թեև սա, ամենայն հավանականությամբ, չի անդրադառնա պաշտպանական և երկու պետությունների հատուկ ծառայությունների հարաբերությունների ոլորտում համագործակցության վրա, սակայն նախկին մակարդակի գործընկերության մասին խոսելն ավելորդ է»,- նշել է Գ.Հարությունյանը։

Փորձագետը հիշեցրել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ ի հայտ եկան խնդիրներ պաշտպանական համագործակցության հարցերում, և թուրքական զինվորական սպայակույտն անգամ դժգոհություն հայտնեց Թել Ավիվի կիրառած «երկակի ստանդարտների» կապակցությամբ։ Գ.Հարությունյանը պարզաբանել է, որ թուրք-իսրայելական հակասությունները պայմանավորվում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ գործոններով, առաջին հերթին, իրաքյան պատերազմով և տարածաշրջանում ԱՄՆ ներկայության թուլացմամբ։ «Քրդական գործոնի ուժեղացումը Թուրքիայի համար բացասական երևույթ էր, իսկ Իսրայելի համար, հակառակը՝ դրական, քանի որ վերջինն այդ գործոնն օգտագործեց Իրաքի արաբների (ինչպես սուննիների, այնպես էլ շիաների) դեմ։ Այս հարցում Անկարայի և Թել Ավիվի շահերը լրջորեն բախվեցին»,- նշել է փորձագետը։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության թուլացմանը և «բազմաբևեռ» աշխարհակարգի ամրապնդմանը զուգընթաց, տարածաշրջանի յուրաքանչյուր պետություն ստիպված է գործել, առաջին հերթին, իր շահերից ելնելով։ «Էրդողանը, բարձարցնելով ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության կասեցման հարցը, փորձում է այս կերպ դառնալ իսլամական աշխարհի առաջատարը, լինել «պապից ավելի կաթոլիկ», հատկապես եթե հիշենք, որ Իրանի հոգևոր առաջնորդն արգելել է իր երկրի քաղաքացիներին մասնակցել Գազայում ընթացող պատերազմում»,- նշել է վերլուծաբանը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան ունի ներքաղաքական լուրջ խնդիրներ, ինչպիսին են ազգային փոքրամասնությունների, բանակի հիմնախնդիրները, քեմալականների և իսլամիստների բախումները։ «Թուրքիայի ցանկությունը՝ ներքին խնդիրները տեղափոխել արտաքին քաղաքական դաշտ, ստիպում է նրան երբեմն դիմել «արտաքո կարգի» քայլերի, ինչպիսին է, ասենք, Էրդողանի վերջին հայտարարությունը կամ Հայաստանի հետ երկխոսությունը»,- նշել է փորձագետը։

Գ.Հարությունանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը հազիվ թե առիթ հանդիսանա Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցին մոտեցման մեջ հաշվի է առնում ոչ միայն Թուրքիայի դիրքորոշումը, այլև սեփական շահը, այն է՝ լինել միակ պետությունը, որը համապատասխանում է «ցեղասպանության զոհ» հասկացությանը»,- նշել է նա։ Սակայն, մյուս կողմից, քաղաքագետի կարծիքով, Թել Ավիվի և Անկարայի հարաբերություններում ստեղծված իրավիճակը կարող է դառնալ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դրական ազդակ։ «Այս տեսանկյունից Հայաստանը, պահպանելով Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացման քաղաքական գիծը, պետք է նաև՝ ի դեմս Իսրայելի, փնտրի նոր դաշնակից»,- ամփոփել է Գ.Հարությունյանը։

www.regnum.ru
դեպի ետ