• am
  • ru
  • en
Версия для печати
20.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ԻՆՉԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՎԵԼԻ ՃԿՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հետ

   

Artak Davtyan (original)- Ինչպե՞ս սկսվեց ֆինանսատնտեսական արդի ճգնաժամը և ի՞նչ է այն ենթադրում։

- Ֆինանսատնտեսական ներկա ճգնաժամն ամերիկյան դոլարի գերարտադրության արդյունք է, ինչը սկսվեց ԱՄՆ-ից։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կանխիկ՝ կանաչ գույնով ներկված, այլև ամբողջ էմիսիային, որը 1914թ. ի վեր, ներդրվելով համաշխարհային տնտեսության մեջ, խարխլեց ֆինանսական և տնտեսական ներկա համակարգը։ Մի համակարգ, որտեղ արտաքին ողջ առևտուրը կատարվում է այս կամ այն արտարժույթի, առաջին հերթին, ԱՄՆ դոլարի միջոցով։ Հատկապես վերջին շրջանում դոլարի արտադրությունն իրականացվում էր անվերահսկելի ձևով, որի հետևանքով ներդրման համար ամենահրապուրիչ ոլորտն, ըստ էության, դարձավ հիփոթեկային շուկան։ Այն հսկայական գումարներ է ապահովում ներդրողների համար՝ սպեկուլյատիվ կապիտալի, տարբեր տիպի հիմնադրամների, ֆինանսական կազմակերպություններ ստեղծելու միջոցով, որը, բնականաբար, տեղի էր ունենում վարկավորման միջոցով։ Այս ամենի հետևանքով վիթխարի խզում առաջացավ բնակչության իրական եկամուտների և կապիտալի գոյացման միջև։ Արդյունքում՝ անհնար դարձավ բանկերին տրված գումարների կամ ավելցուկային դոլարների վերադարձը, քանի որ մի կողմից տեղի էր ունենում կապիտալի հսկայածավալ կուտակում, մյուս կողմից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտները չէին ավելանում։ ISR-ի (International socialist review) տվյալներով՝ 1973թ. Միացյալ Նահանգներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, կայուն չարժեզրկվող դոլարով արտահայտված, կազմում էր տարեկան 20 հազար դոլար, 2006-ին՝ տարեկան 38 հազար, այսինքն՝ 90 տոկոսով ավելի։ Այն դեպքում, երբ աշխատավարձն այդ 33 տարիների ընթացքում ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։ Խոսքն իրական աշխատավարձի մասին է։ 1973թ. իրական աշխատավարձը կազմել է շաբաթական 330 դոլար, 2007-ին՝ ընդամենը 279, այսինքն՝ 15 տոկոսով ավելի քիչ։ Եվ քանի որ Միացյալ Նահանգներից դուրս կուտակվող հսկայածավալ դոլարային զանգվածի մեծ մասը նորից վերադառնում էր ԱՄՆ, այս ամենը, վաղ թե ուշ, պետք է իր բացասական ազդեցությունն ունենար ոչ միայն ամերիկյան տնտեսության, այլև համաշխարհային տնտեսական զարգացումների վրա։

- Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ տնտեսությունը կայունացնելու համար։

- Համաշխարհային ֆինանսական ներկա համակարգի պայմաններում միակ դեղատոմսը տնտեսության մեջ նույն դոլարային ներարկումներն են։ Քանի որ բանկերի կողմից վարկավորվող խոշոր ընկերությունները, արտադրությունները, կոնցեռնները, ֆիրմաները փաստորեն ի վիճակի չեն վերադարձնելու այդ վարկերը, բնականաբար, կա՛մ այդ ակտիվները պիտի դուրս գրվեն, կա՛մ կատարվեն համապատասխան ֆինանսական ներարկումներ, որպեսզի կարողանան իրենց գոյությունը պահպանել։ Մյուս կողմից՝ այն ձեռնարկությունները, որոնց արտադրանքը չի սպառվում, ստիպված են կրճատել ծախսերը։ Վերջիններիս գոյատևման համար անհրաժեշտ են նոր ֆինանսական ներդրումներ։

- Համաշխարհային ֆինանսական համակարգն անվերապահորեն ունեցել է նաև կայունության շրջաններ։

- Ուղիղ 250 տարի, մինչև 1914թ., ամբողջ աշխարհում գների կայունացման ժամանակաշրջան էր. բոլոր հիմնական արտադրատեսակների, անշարժ գույքի, հողատարածքների գները կայուն էին, որոնք իրենց արտահայտությունը ստանում էին գունավոր և առաջին հերթին ոսկյա մետաղադրամների տեսքով։ Այսինքն՝ դրա մեջ կոնկրետ աշխատանքի արդյունք կար, ինչը թույլ չէր տալիս, որպեսզի չաշխատած, չվերահսկվող, զուտ սիմվոլիկ արժեք ունեցող թղթադրամները շրջանառվեն և ապրանքների ու ծառայությունների արժեքը գնահատվի ոչ իրական վճարամիջոցներով։ Մինչդեռ ներկայիս ֆինանսատնտեսական համակարգի հիմքում չափման մետրական միավոր, որպես այդպիսին, չկա։ 1944թ. Բրետոն Վուդյան ֆինանսական համակարգին 1976թ. փոխարինեց Յամայկայինը, որով կյանքի կոչվեց արտարժույթների փոխարժեքների «լողացող կուրսը», և կուրսային կտրուկ տատանումներով գերարտադրված դոլարներն ու մնացած արտարժույթները ժամանակ առ ժամանակ պարզապես հանվեցին շրջանառությունից։

- Ինչպիսի՞ մեխանիզմներ կան հիմնական արտարժույթների կուրսերի սահմանման համար։

- Հիմնական արտարժույթների կուրսերի փոխադարձ սահմանման տարբեր մեխանիզմներ գոյություն ունեն՝ հաշվարկային դրույքների իջեցում, վիճակագրական տարբեր տիպի հաշվետվություններ, սպեկուլյատիվ կապիտալի առկայություն ֆոնդային և արտարժութային բորսաներում, արտարժույթի արտահոսք՝ մի տեղից մեկ այլ, որոնք սուբյեկտիվ գործոններ են։ Արտարժույթների փոխարժեքների անկանխատեսելի տատանումներն ուղղակի ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի և Եվրոբանկի ձեռքին գործիք են՝ գերարտադրված դոլարների ու եվրոների շրջանառությունից դուրսհանման համար։ Անկախ ամեն ինչից, լինելու է գերարտադրված արտարժույթի որոշակի կայուն խմբաքանակ, ինչը դարձյալ հնարավորություն կտա առաջիկա մի քանի տարիների կամ տասնամյակների ընթացքում պահպանել առկա իրավիճակը։ Հաշվի առնելով, որ դա նաև քաղաքական ազդեցության լուրջ գործիք է՝ կարծում եմ, առաջիկայում հազիվ թե հնարավոր լինի վերադառնալ արտարժույթի իրական՝ մետրական չափման միավորի ամրագրմանը։

- Այս բոլոր իրողությունների վերլուծությունը հաստատո՞ւմ է, որ ճգնամաժամն անխուսափելի էր։

- Միգուցե այս վիճակը դեռ երկար շարունակվեր, նավթի գինը կարող էր հասնել 300 դոլարի, համապատասխանաբար մի քանի տրիլիոն կամ մի քանի տասնյակ տրիլիոն դոլարներ ավել կտպագրվեր, սակայն, միևնույն է, վաղ թե ուշ ճգնաժամը լինելու էր։ Ստեղծված իրավիճակն ինչ-որ տեղ նման է 1990-ականներին խորհրդային բանկային համակարգի փլուզմանը։ Այն ժամանակ բանկերի միջև թղթակցային հաշիվներ չկային, գործում էր միջբանկային շրջանառություն հասկացողությունը։ Այդ համակարգը, բնականաբար, պետք է փլուզվեր, և փլուզվեց։ Բայց մի բան է, երբ ռուբլին պտտվում է պետության ներսում, այլ բան, երբ դա տեղի է ունենում վերազգային մակարդակով՝ տարբեր երկրների միջև, որոնք ունեն տարբեր շահեր, ներմուծման և արտահանման տարբեր հաշվեկշիռներ։

- Արդյոք Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել գլոբալ ճգնաժամի բացասական ազդեցությունը։

- Ճիշտ է, ճգնաժամը համընդհանուր և համընդգրկուն բնույթ ունի, սակայն կարծիք կա, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ ինչպես հաղթահարել այն։ Ճգնաժամի հնարավոր ռիսկերը ճիշտ գնահատելու համար նախևառաջ պետք է հասկանանք այսօրվա մեր տնտեսության առանձնահատկությունները, և ամենակարևորը՝ պետության վճարային հաշվեկշիռը։ Վիճպետծառայության տվյալներով՝ նախորդ տարի արտահանումը կազմել է 1 մլրդ 69 մլն դոլար, ներմուծումը՝ 4 մլրդ 411,7 մլն։ Այսինքն՝ ունենք ավելի քան 3,3 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռ։ 2009թ. բյուջեում արտացոլված ծրագրային ցուցանիշների համաձայն՝ 2008թ. առևտրային հաշվեկշիռը պետք է լիներ մինուս 1 մլրդ 210 մլն՝ 1 մլրդ 442 մլն դոլարի արտահանման և 2 մլրդ 652 մլն դոլարի ներմուծման պայմաններում։ Փաստորեն, երկու ցուցանիշներն էլ նվազել են, ինչը նշանակում է, որ պակասն ինչ-որ կերպ պետք է համալրել։ Իսկ համալրման աղբյուրը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ըստ պաշտոնական հաղորդման՝ վերջին մեկ տարում Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Իսկ եթե ավելացնենք այն գումարները, որոնք բանկային համակարգի միջոցով չեն ներմուծվում, ստացվում է, որ միայն անցյալ տարի մոտ 3,5-4 մլրդ ԱՄՆ դոլարի արտարժույթ է մտել Հայաստան, որից մոտ 700 մլն կարող էր գնալ առևտրային բանկերի կողմից ավանդների ներգրավմանը և բնակչության խնայողությունների ձևավորմանը։ Հակառակ դեպքում չէինք ունենա համապատասխան արտարժութային միջոցներ՝ վճարելու ներմուծվող հացահատիկի, բուսական և կենդանական ծագում ունեցող արտադրանքի, վառելիքի համար։ Եվ այս դեպքում տնտեսության մնացած ճյուղերի, ենթակառուցվածքների զարգացման, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման մասին խոսելն ուղղակի անիմաստ կլիներ։ Հայաստանը տարբերվում է շատ այլ երկրներից նրանով, որ չնայած նվազ արտահանմանը, երկիր են մտնում մեծածավալ արտարժութային միջոցներ։

- Փաստորեն, հարաճող ճգնաժամի հետևանքով հնարավոր է տրանսֆերտների կրճատում։ Որքանո՞վ է դա սպառնում մեր տնտեսությանը։

- Դրա համար նախ պետք է հասկանալ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս է ազդելու այն երկրների վրա, որտեղից ստացվում են այդ գումարները։ Դավոսում կայացած վերջին հանդիպման ժամանակ նշվեց, որ համաշխարհային տնտեսությունը, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, այս տարի լինելու է ստագնացիայի (տեղապտույտի) մեջ՝ արձանագրելով ընդամենը կես տոկոս աճ։ Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ հնարավոր է առավելագույնը 10 տոկոսի անկում։ Վերջիններս նկատի են առնում համաշխարհային շուկայում վառելիքի գների անկումը։ Ներկայումս ՌԴ կառավարությունը վերանայում է բյուջեի եկամտային մասը՝ այդ ցուցանիշը 10,9 տրիլիոնից ծրագրելով իջեցնել 6,6 տրիլիոն ռուբլու։ Ուրեմն, Ռուսաստանում ՀՆԱ 10 տոկոսի կրճատման դեպքում Հայաստան փոխանցվող գումարները պետք է մոտ 50 տոկոսով կրճատվեն, որպեսզի մենք հայտնվենք ռիսկային գոտում, ինչը, սակայն, այնքան էլ հավանական չէ։ Մինչդեռ Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները, որտեղից մեր քաղաքացիները ստանում են Հայաստան եկող տրանսֆերտների մոտ 20 տոկոսը, հարաբերական կայուն վիճակում են լինելու։ Այնպես որ, ստացվող գումարները կբավականացնեն՝ ծածկելու վատթարագույն կանխատեսումներով անգամ 1,5-2 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռը։

- Վճարային հաշվեկշռի բացասական միտումներին հակազդող ի՞նչ այլ գործոններ կան։

- Նմանօրինակ գործոններ են արտահանումն ու ներմուծումը։ Արտահանման պարագան հետևյալն է. 1 մլրդ 69 մլն-ից եթե հանենք ադամանդագործությունը, որը ինչպես գալիս, այնպես էլ գնում է, շատ քիչ մարժայով մնալով Հայաստանում, և գունավոր մետաղների խտանյութի ծավալը, որ մոտ 200 մլն դոլար է, իրականում արտահանումից կարող ենք ունենալ 600-700 մլն դոլարի սպասելիքներ, որովհետև մնացածի՝ գինու, կոնյակի, քիմիական արտադրանքի արդյունահանման հետ կապված էական կրճատում չի ակնկալվում, նույնիսկ հնարավոր է որոշակի ավելացում։ Ներմուծման պարագայում առաջին տեղում, բնականաբար, վառելիքն է՝ նավթ, դիզվառելիք, բենզին, գազ։ Ի տարբերություն գազի, որի գները դեռ ճշտվում են, նավթադիզելային վառելիքի գների անկման հետևանքով դրա համար շատ ավելի քիչ գումար ենք վճարելու, քան 2008-ին։ Երկրորդ տեղում հացահատիկն է, որի ներմուծման ծավալը տարեկան ավելի քան 400 հազար տոննա է, հետո բնական և կենդանական ծագման յուղերն են, քիմիական արտադրանքը, ավտոմեքենաները, ինչը նույնպես ծանրակշիռ թիվ է՝ ավելի քան 300 մլն դոլար։ Հաշվի առնելով, որ այս ապրանքատեսակների գներին էլ է անկում սպասվում և նաև անխուսափելիորեն կնվազեն հանրապետություն ներկրվող մի շարք ապրանքների սպառման ծավալները, կարծում եմ, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կկազմի ոչ ավելի, քան 1,5 մլրդ, վատագույն դեպքում՝ 2 մլրդ՝ 2008-ի 3,3 մլրդ-ի փոխարեն։ Ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է մի շարք քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն վճարային հաշվեկշռի հարցերը կարգավորել, այլև պաշտպանել եղած արտադրական հզորությունները, ենթակառուցվածքները՝ հնարավորինս չեզոքացնելով ճգնաժամի ազդեցությունը սոցիալական վիճակի վրա։ Կարևորագույն քայլերից մեկը դոլարի փոխարժեքի պահպանումն է որոշակի կայուն և կանխատեսելի միջակայքում, ինչը Կենտրոնական բանկն ապահովում է։

- Կան վերլուծաբաններ, ովքեր պնդում են, որ դոլարի կայունությունն արհեստական է և հղի անցանկալի ու անկանխատեսելի զարգացումներով։

- Կարծում եմ, խնդիրը պետք է դիտարկել համատեքստում։ Դոլար-դրամ հարաբերակցությունը կախված է նրանից, թե շուկայում ինչքան դոլար և ինչքան դրամ գոյություն ունի։ Դրամի ամբողջ էմիսիան փաստացիորեն ԿԲ ձեռքում է, և ԿԲ-ն էլ կարգավորում է շուկայում դրամի քանակությունը։ Իսկ դա նշանակում է, որ եթե Կենտրոնական բանկն ավելի շատ դրամ բաց թողի, դոլարի արժեքը կաճի, իսկ դրամն էլ համապատասխանաբար կարժեզրկվի։ Հակառակ պարագայում, դրամին ոչինչ չի սպառնում։ ԿԲ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, իսկ այդ խնդիրը լուծելու համար պետք է դոլարի կուրսը որոշակի կանխատեսելի միջակայքում պահել։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկի կողմից սխալ կլինի դոլարի փոխարժեքը բարձրացնել, ասենք՝ տարեվերջին հասցնելով 600 դրամի։ Ճիշտ է, այդ քայլով կառավարությունը կկարողանա հեշտությամբ կատարել բյուջեով նախատեսված բոլոր թիրախավորած ցուցանիշները, սակայն այդ դեպքում կրկնակի կբարձրանան ապրանքների և ծառայությունների գները, և նույնքան կվատանա մարդկանց սոցիալական վիճակը։ Առաջին հերթին կտուժեն սոցիալապես առավել անապահով խավերը, իսկ աղքատությունն ավելի կխորանա։

- Ի՞նչ վիճակում է այսօր տեղական արտադրողը։

- Հայաստանում տեղական արտադրությունը (ալկոհոլային խմիչքներ, գյուղատնտեսական մթերքներ, նպարեղեն, հրուշակեղեն, ծխախոտ և այլն) խթանման և քաջալերվելու կարիք ունի։ Բոլորս պետք է հասկանանք, որ «Բորժոմիի» փոխարեն «Ջերմուկ» և «Դիլիջան» խմելով՝ նպաստում ենք, որպեսզի ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզանում հնարավորինս փոքր ազդեցություն ունենա։ Նույնը վերաբերում է ծխախոտին։ Եթե «Մարլբորոյի» ակցիզը բարձրացնենք 100-200 տոկոսով, չեմ կարծում, թե որևիցե մեկը մեզ կմեղադրի հովանավորչության մեջ, որովհետև նույն «Մարլբորոն» Միացյալ Թագավորությունում 8-9 անգամ թանկ է, քան Հայաստանում։ Նույնը վերաբերում է տարբեր ալկոհոլային խմիչքներին, որ այսօր ներմուծվում է արտասահմանից։ Փաստորեն, ներմուծված ապրանքի վրա ավելացած տարբերությունը կուղղորդվի պետական բյուջեի եկամտային մասի համալրմանը։

- Ի՞նչ պետք է անել տեղական արտադրանքը խրախուսելու համար։

- Կարծում եմ՝ մեր կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր ունի անելու։ Տնտեսական ազատականացման ջատագով Միացյալ Նահանգները նույնիսկ միջոցներ է ձեռնարկում սեփական արտադրողին պաշտպանելու համար։ Մենք արդեն իսկ լուրջ կորուստներ ունենք շինարարության, հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման ոլորտում։ Այսպես շարունակվելու դեպքում կվտանգվեն կառավարության գործունեության ծրագրված ցուցանիշները, որտեղ նշված հիմնական 5 գերակայություններից առաջինը շարունակական տնտեսական աճի վրա հիմնված կայուն զարգացման ապահովումն է։ Շինարարության ծավալների հետագա կրճատումն իր հերթին կհանգեցնի հարակից ճյուղերի որոշակի կրճատման։ Այս ամենը կարող է կասկածի տակ առնել բյուջետային եկամուտների առաջադրանքը։ Իսկ այդ դեպքում հարկ կլինի վերանայել բյուջեի ծախսային հոդվածները։ Առանձին տեսակետների համաձայն՝ դոլարի կուրսի բարձրացումը կարող է խթանել արտահանումը, ինչը, կարծում եմ, պոպուլիստական մոտեցում է։ Մենք այս պայմաններում լուրջ արտահանման ակնկալիք չենք կարող ունենալ, որովհետև բոլոր երկրներն էլ ձգտում են խթանել սեփական արտադրությունը։ Մենք, որպես պետություն, պետք է ամեն ինչ անենք՝ խրախուսելու սեփական արտադրողին և զարգացնենք միջին և փոքր բիզնեսը։ Օրինակ, սարսափելի ոչինչ չի լինի, եթե բանան ներկրող ընկերությունները 12 մլն-ի փոխարեն 1 մլն դոլարի բանան ներկրեն, և ներկրող կազմակերպություններից մեկ-երկուսը վերապրոֆիլավորվեն՝ բանանի փոխարեն գնելով մեր գյուղացիների արտադրանքը։ Քանի որ օրական կես կիլոգրամ բանանի փոխարեն 100 գրամ բանան ուտելու դեպքում ոչ մի սարսափելի բան չի լինի, սակայն նույնիսկ այս փոքր քայլը կնպաստի, որպեսզի Հայաստանից ավելի քիչ արտարժույթ դուրս գա։

- Ի՞նչ այլ գործոններ կան ճգնաժամը հաղթահարելու համար։

- Կարևոր դրական գործոն է կայացած բանկային համակարգ ունենալը։ Հայաստանի բանկային համակարգը լավագույնն է ԱՊՀ նախկին երկրներում, ներառյալ Մերձբալթիկան։ Այսինքն՝ մենք կարողանում ենք վերահսկել մեր ֆինանսական համակարգում իրականացվող ողջ ֆինանսական գործարքները։ Հաջորդ կարևոր գործոնը Հայաստանի ցածր ինտեգրվածությունն է համաշխարհային տնտեսությանը։

- Ի՞նչ դրական դեր կարող է ունենալ խորհրդարանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման համար։

- Օրենսդիր մարմինն իր հերթին պետք է փորձի նպաստել ճգնաժամի արագ հաղթահարմանը, ասենք՝ արժութային կարգավորման և վերահսկողության մասին օրենքում որոշակի խստացումներ մտցնելով։ Կանխիկ դրամաշրջանառության վերաբերյալ օրենքը նույնպես պետք է վերանայվի։ Կարծում եմ, ճիշտ կլինի սահմանափակել Հայաստանից դուրս ֆիզիկական անձանց կողմից արտարժույթի տեղափոխումը, օրինակ, 2-5 հազար՝ 10 հազար ամերիկյան դոլարի փոխարեն, միաժամանակ չսահմանափակելով վճարման այլ միջոցներով, պլաստիկ քարտերով իրականացվող գործարքները։ Այս ամենը թույլ կտա մի կողմից՝ կանխել արտարժույթի արտահոսքը, մյուս կողմից՝ բանկային համակարգից դուրս շրջանառվող կանխիկ գումարի զգալի մասը բերել բանկային համակարգ, ինչը պետք է իրականացվի ներդրումային համապատասխան միջավայրի ստեղծմամբ։

Բացի այդ, խորհրդարանը պետք է պայքարի ստվերային շրջանառության դեմ, այստեղ ևս անհրաժեշտ են օրենսդրական հստակեցումներ։ Մասնավորապես, հարկային վարչարարության խստացումը կարիք ունի հարկային օրենսդրության պահանջների հստակեցման և ձևակերպումների պարզեցման։ Այսինքն՝ մի կողմից պետք է բարձրացնել հարկահավաքների աշխատավարձը՝ անվերջ ի ցույց դնելով նրանց աշխատանքի արդյունավետությունը, մյուս կողմից՝ համակարգի անբարեխիղճ ծառայողները հրապարակավ պետք է պատժվեն։

Հաջորդ անհրաժեշտ քայլը, որ պետք է արվի, բյուջետային ծախսերի վերանայումն է, հատկապես նյութական ծախսերի՝ վառելիքի, գույքի, ծառայողական ավտոմեքենաների համար ծախսվող միջոցների մասով՝ հնարավորինս պահպանելով աշխատավարձերը։

Ներքին արտադրողների, հատկապես տեղական հումքով արտադրություն իրականացնող սուբյեկտների գործունեությունը պետք է խրախուսվի, մի դեպքում՝ հարկման պրոգրեսիվ բանաձևերի կիրառման, մյուս դեպքում՝ հարկային պրեսինգի թուլացման և որոշակի հարկային արտոնությունների սահմանման միջոցով։ Կարիք կա հարկային խստացումների հետ կապված, օրինակ, 2009թ. մորատորիում հայտարարել։ Մի բան է, երբ ստվերում գործող տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու խնդիր ես դնում, այլ բան, երբ հարկային բեռի խստացման հարց ես լուծում։ Կենտրոնական բանկը նույնպես այստեղ անելիք ունի՝ կառաջարկեի վերանայել համակարգաստեղծ ընկերություններին և կազմակերպություններին առևտրային բանկերի կողմից արդեն իսկ տրամադրված վարկերի պայմանները՝ հատկապես ժամկետների առումով։ Համապատասխան գրավի առկայությամբ առևտրային բանկերն առանց ֆինանսական հետևանքներ կրելու պետք է իրավունք ունենան այդ ընկերություններին տրված վարկերի մարման ժամկետները երկարացնելու։ Սա անհետաձգելի խնդիր է, որ պետք է լուծվի մարտ-ապրիլ ամիսներին, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան։ Խնդիրն այն է, որ գների կայունությունը չի վերաբերում միայն սպառողական ապրանքներին, կան գներ, որոնց վրա հիմնված են ամբողջական համակարգեր։ Օրինակ, անշարժ գույքի գները, եթե առևտրային բանկերը ստիպեն շինարարական կազմակերպություններին մարել ստացված վարկերը և վերջիններս հարկադրված իջեցնեն գները, ապա այն դոմինոյի ու բումերանգի էֆեկտով կհարվածի հենց նույն բանկային համակարգին։

- Որքանո՞վ կփրկի վիճակը Ռուսաստանից ստացած 500 մլն դոլարը։

- Այն կարող է որոշակիորեն կայունացնել իրավիճակը 2009թ. խնդիրները լուծելու տեսանկյունից։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի կառավարությունը ողջ տնտեսությունը, իր բոլոր հաշվեկշիռներով, մաթեմատիկական մոդելավորման ենթարկվի։ Պետք է ունենալ մեր տնտեսության մաթեմատիկական մոդելը՝ և՛ բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերը, և՛ բյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ մակրոտնտեսական ցուցանիշներն, ըստ ճյուղերի, ոլորտների, կազմակերպությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրվածքով։ Պետք է լինի միասնական ցանցային մոդել, որտեղ այդ ամենը կարտացոլվի հորիզոնական և վիրտուալ կապերի մակարդակով։

- Որքանո՞վ է հասարակությունն ընկալում առկա խնդիրները։

- Հասարակությանը պետք է մատչելի ձևով բացատրել ամեն ինչ, իսկ առանձին՝ անկախ տնտեսագիտական վերլուծությունների, պետք է Կենտրոնական բանկն արձագանքի, որպեսզի հասարակությունը խուճապի չմատնվի, հասականա, թե իրականում ինչ է կատարվում այսօր ֆինանսատնտեսական դաշտում։

Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն արձագանքել մարտահրավերներին։ Համոզված եմ, ճգնաժամը կօգնի մեզ հասկանալ, որ գլոբալացումն ունի թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություններ։


դեպի ետ