ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի բացումը

Նորանկախ երկրների կազմավորումը պահանջ առաջացրեց գիտականորեն իմաստավորել նրանց կայացման, զարգացման գործընթացները, ԱՊՀ ինտեգրման ընդհանուր տեսություն մշակել, ինչպես նաև ուսումնասիրել ԱՊՀ անդամ պետությունների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։ Այս ամենը 1996թ. Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտ հիմնադրելու հիմք հանդիսացավ։ Այն Ռուսաստանում առաջին գիտական հաստատությունն է, որը հետխորհրդային տարածքն ուսումնասիրելու բացառիկ նպատակն է հետապնդում։
Իր գոյության ընթացքում ինստիտուտն իրականացրել է մի շարք հետազոտություններ Կովկասի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական կյանքի վերաբերյալ։ Ինստիտուտի աշխատակիցներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական մոնիթորինգ, մամուլում և հեռուստատեսությամբ հանդես են գալիս ԼՂՀ միջազգային ճանաչման օգտին։
2005թ. սկսած ինստիտուտը զբաղվում է Հայաստանում իր մասնաճյուղի բացման հարցով։ Այժմ այդ աշխատանքները մոտեցել են ավարտին։ Անցյալ տարի մասնաճյուղը պաշտոնապես գրանցվել է Երևանում, իսկ «Մոսկվայի տան» բացումը լուծեց նաև մասնաճյուղի գրասենյակի գտնվելու հարցը։
Մասնաճյուղը ստեղծվել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության համալիր ուսումնասիրության նպատակով՝ աջակցելու համար Ռուսաստանի հետ պատմական կապերի պահպանմանն ու զարգացմանը, տնտեսական, քաղաքական, ռազմական և մշակութային ոլորտներում միջպետական ու միջտարածաշրջանային համագործակցությանը, ռուսաց լեզվի ու մշակույթի տարածմանը, ինչպես նաև փոխադարձ ներդրումների ուղղությունների որոշման, ռուսաստանյան ու միջազգային հանրության մեջ ԱՊՀ երկրների ինտեգրման գաղափարների տարածման համար։
Ինստիտուտը զբաղվում է մոնիթորինգով, գիտահետազոտական, փորձագիտական-վերլուծական, սոցիոլոգիական և թեմատիկ աշխատանքներ է կատարում իրավանորմատիվային, տնտեսական, հասարակական-քաղաքական և այլ տեղեկատվության վերլուծության, մշակման ու մեկնաբանման ուղղությամբ, իրականացնում է պետական, տեղական մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների և պայմանագրային առաջադրանքների, համապատասխան հետազոտությունների ուղղությամբ գիտական հիմնավորումների և հանձնարարականների ընդհանրացումն ու մշակումը, գիտական զեկույցներ, հաղորդագրություններ, աշխատություններ է հրատարակում անցկացվող աշխատանքների ու հետազոտությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև զբաղվում է գովազդային ու խմբագրական-հրատարակչական գործունեությամբ։
Մասնաճյուղի տնօրեն է նշանակվել ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Ալեքսանդրի Մարկարովը։
դեպի ետ