ՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Երեկ «Ուոլ սթրիթ Ջոռնալ»-ը տպագրել է ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի նամակը խմբագրին՝ ի պատասխան Հարավային Օսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և խաղաղության հեռանկարների վերաբերյալ հոդվածի։ ԼՂՀ ներկայացուցիչը մասնավորապես ասել է հետևյալը.
Անցած ամիս Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունները մեր՝ կովկասցիներիցս շատերի մեջ արթնացրին տհաճ հիշողություններ՝ կապված 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի հետ։
Ինչպես իրավացիորեն նշում է Թոմաս դը Վալը, («Caucasus Burning», խմբագրական, օգոստոսի 19), եթե նոր պատերազմ սկսվի Լեռնային Ղարաբաղում... եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա... դա կարող է հանգեցնել ավելի մեծ աղետի, քան մենք տեսանք Վրաստանի պարագայում։
Եթե ընդունենք, որ նախորդ ամսվա ողբերգությունը պետք է լավ դաս լինի միջազգային հանրության համար, ապա ակնկալում ենք կենտրոնացված դիվանագիտություն, որը կկասեցնի Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը Ղարաբաղի նկատմամբ, կդատապարտի ադրբեջանցի պաշտոնյաների ատելությունն ու կհետևի արդեն իսկ գոյություն ունեցող հրադադարի շարունակմանը։ Այս բոլոր քայլերը կարող են մեր տարածաշրջանը դնել զինաթափման և խաղաղության ուղու վրա։
Իմ երկիրը բազմիցս խնդրել է Ադրբեջանին չդիմել ռազմական ուժի և վստահության մթնոլորտ ստեղծել երկու հանրապետությունների միջև։ Ադրբեջանը շարունակաբար մերժում է նման քայլերի իրականացումը... նույնիսկ բնական աղետների դեմ պայքարելու հարցում համագործակցությունը։
Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները կիսում է մեր տեսակետն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով։ Յուրաքանչյուր լուծում արդյունավետ կլինի, եթե հիմնված է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ապրելու ցանկության վրա։ Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգներն ու այլ միջազգային միջնորդները բաց չեն թողնի այս հնարավորությունը։
Վարդան Բաղրամյան
ԼՂՀ ներկայացուցիչ
Վաշինգտոն
Սեպտեմբերի 17, 2008
Wall Street Journal Եվրոպա
Չորեքշաբթի, սեպտեմբերի 17, 2008
դեպի ետ