• am
  • ru
  • en
Версия для печати
10.11.2008

ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՉԸՆԴՈՒՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՎ, ԹԵ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԴՐԱՆՑ Գ.Հարությունյանի հարցազրույցը ИА REGNUM-ին

EnglishРуский

   

NKR (medium) Հայ-ադրբեջանա-ռուսական հռչակագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվում։ ИА REGNUM-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Փորձագետը նշել է այն փաստը, որ առաջին անգամ 1994թ. հետո փաստաթղթի տակ ստորագրել են ոչ միայն հայկական ու ադրբեջանական կողմերը, այլև մեկ այլ պետություն, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը։ «Հարավօսական հակամարտությունից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, և Ռուսաստանի քաղաքական կշիռը խիստ բարձրացել է։ Այս մասին է վկայում այն, որ Ռուսաստանը ձգտում է դառնալ այն համաձայնությունների երաշխավորը, որոնք, հնարավոր է, կարող են ձևավորվել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ընդգծել է Հարությունյանը։

«Շատերն են այսօր խոսում, թե Ռուսաստանի կողմից առաջարկվել է կարգավորման տարբերակ, որն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Գուցեև այդպես է, և այս առումով շատ են հիշատակում 20-ական թթ. իրավիճակը, երբ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց միջև բաժանեցին Հայաստանը։ Համեմատությունն այնքան էլ տեղին չէ։ Ի տարբերություն այն տարիների, Հայաստանն արդեն հանդես է գալիս որպես կայացած պետություն, և այն բաժանելն այդքան էլ հեշտ չէ, եթե անգամ ուրիշները դա շատ են ցանկանում»,- նշել է փորձագետը։

Հարությունյանն ընդգծեց նաև Ռուսաստանի ոչ այնքան միանշանակ դերը հակամարտության կարգավորման գործում։ Նա կարծիք հայտնեց, թե «սույն իրավիճակում խաղը վարում է ոչ այնքան Ռուսաստանը, որքան Ադրբեջանն ու Թուրքիան», և նշեց, որ Հայաստանը պետք է ուշադիր լինի այս իրավիճակի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, փորձագետը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը հակամարտության կարգավորման մոտեցումներում դադարել է առաջնորդվել միայն տնտեսական շահերով։

«Ինչպես երևում է, բանակցությունների մակարդակը փոխվել է. մենք նոր դինամիկ հավասարակշռություն ունենք և, ըստ իս, Ռուսաստանը գիտակցում է, որ նավթից ու գազից բացի տարածաշրջանում այլ շահեր էլ ունի»,- նշել է քաղաքագետը։

Հարությունյանն ընդգծել է, որ անհնար է անտեսել ՀՀ և ԼՂՀ շահերը հակամարտության կարգավորման գործում։ Այս առումով նա հատկանշական համարեց մինչ մոսկովյան հանդիպումը ԼՂՀ-ում անցկացված մարտական զորավարժությունները, որոնցում դիտարկվում էր նաև մարտական գործողություններն ադրբեջանական տարածք տեղափոխելու սցենարը։ Նրա գնահատմամբ՝ զորավարժությունները վկայում են այն մասին, որ Ղարաբաղյան հարցը պարզապես չի կարող լուծվել հակամարտության կողմերից մեկի ցանկությամբ։

Փորձագետը չհամաձայնեց ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, թե ստորագրելով հռչակագիրը՝ Հայաստանը փաստորեն նոր բանակցային կարգավիճակ հաստատեց և ընդմիշտ բացառեց դրանցում ԼՂՀ մասնակցությունը։ «Մենք պետք է ելնենք նրանից, թե ինչն է համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ Հայաստանի շահերին։ Ղարաբաղը կարող է ցանկացած պահի հայտարարել, թե ինքը բանակցությունների մասնակից չէ և չընդունել դրանց արդյունքները։ Սա, ի դեպ, վատ քայլ չէ ռեզերվի առումով... թեև Հայաստանը ներկա պահին մենակ է բանակցային գործընթացում, բնական է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որ ղեկավարում էր Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն, դե ֆակտո ներկայացնում է նաև Ղարաբաղի շահերը»,- ամփոփել է Հարությունյանը։

www.regnum.ru
դեպի ետ