• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2008

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՆԱՑԻՆ ՈՉ ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ»

EnglishРуский

   

Gagik_Harutyunyan (medium) «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների վերանայման գնացին ոչ լավ կյանքից»։ Այս կարծիքն է արտահայտել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման միտումները՝ ազգային անվտանգության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտը, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ։

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մոսկովյան հռչակագրին՝ «Նորավանքի» տնօրենը նշել է, որ ադրբեջանական կողմը վերանայել է իր նախկին ավելի կոշտ դիրքորոշումները, որովհետև Ադրբեջանն այժմ լուրջ տնտեսական խնդիրներ ունի՝ նավթի գների անկման հետ կապված։

Գ.Հարությունյանի խոսքերով՝ Թուրքիան նույնպես վերանայել է հարաբերությունները Հայաստանի հետ։ «Թուրքիան այսօր բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես՝ քրդերի, Եվրամիության հետ։ Ծագած ներքին ու արտաքին խնդիրների հետ կապված էլ հենց երկու երկրները փորձում են համարժեք արձագանքել տեղի ունեցող փոփոխություններին, մասնավորաբար՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։

Բացի այդ, նա նշել է, որ վերջին ժամանակներս տեղի են ունեցել մի քանի հայեցակարգային փոփոխություններ, մասնավորապես՝ աճել է Ռուսաստանի դերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, դրվել է նոր Սառը պատերազմի սկիզբը, ինչի վկայությունն են լոկալ հակամարտությունների հաճախակիացած օրինակները, ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ «Համաշխարհային ճգնաժամն արդի ամենահրատապ խնդիրներից է, բայց Հայաստանում դրան բավարար ուշադրություն չի դարձվում»,- ընդգծել է Գ.Հարությունյանը՝ նշելով, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է արտաքին քաղաքական նոր մոտեցումներ մշակել։

http://arminfo.info
դեպի ետ