ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԼՂՀ մի խումբ հասարակական գործիչներ ստեղծել են Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհուրդ։ Որպես հիմնական առաջնահերթություն Խորհուրդը նպատակ ունի նպաստել առկա մտավոր ներուժն ի մի բերելուն և արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը այն ի սպաս դնելուն, շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում՝ հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով։ Խորհուրդը պարբերաբար վերլուծական նյութեր է պատրաստելու, հրապարակելու է մեկնաբանություններ և փորձագիտական գնահատականներ։
Խորհրդի անդամները պայմանավորվել են գործել ազգային շահերին հավատարմության, ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժական իրավասուության սկզբունքների հիման վրա։
Խորհուրդը գլխավորելու է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նրա խոսքերով՝ Խորհրդում որպես փորձագետներ ներգրավվելու են ոչ միայն արցախցի մասնագետները, այլև Արցախի բարեկամները, ովքեր աշխատում են նորանկախ երկրի սահմաններից դուրս։ Մ.Մայիլյանը վստահություն է հայտնել, որ Հանրային խորհրդի աշխատանքը կնպաստի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության պաշտոնական սուբյեկտների, այնպես էլ հանրապետական առանձին կառույցների գործունեության ակտիվացմանը։
Խորհրդի անդամների կարծիքով՝ ԼՂՀ-ի համար բոլորովին նոր հանրային կառույցի աշխատանքը հեռանկարային գաղափարներով ու նախաձեռնություններով կհարստացնի արտաքին-քաղաքական օրակարգը։ Հանրապետության արտաքին-քաղաքական ռազմավարության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կնպաստի ԼՂՀ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված որոշումների ընդունմանը։
(Մամուլի հաղորդագրություն)
25 դեկտեմբերի 2008թ.
Ստեփանակերտ
դեպի ետ