ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ Գագիկ Հարությունյանի հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը
Հունվարի 28-ին Ցյուրիխում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը որևէ նոր բան չի վկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար և ընդամենը հերթականներից մեկն է հանդիպումների ցիկլում։ Այս մասին ИА REGNUM-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
Փորձագետի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հերթական հանդիպումը չի կարող նաև վերջինը կամ ամփոփիչը, ինչպես նաև «կարապի երգը» լինել ներկայիս ձևաչափի համար, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ։ «Ես Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը վկայող նշաններ չեմ տեսնում»,- նշել է Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ ձևաչափից Ֆրանսիայի դուրս գալու պատճառներ նույնպես չկան։ Նա նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Ֆրանսիայի շահագրգռվածությունը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում բավական մեծացել է, ինչը համապատասխանում է այդ երկրի ներկայիս քաղաքականությանը Հարավային Կովկասում։
Նշենք, որ վերջին ժամանակներս քաղաքագետների շրջանում ուռճացվում էին լուրերն այն մասին, թե հնարավոր է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը փոփոխություն կրի։ Մասնավորապես, չի բացառվում, որ Ֆրանսիան դուրս կգա այդ ձևաչափից։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի աշխատանքի դադարեցումը Մինսկի խմբում կապում էին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում կադրային վերադասավորումների հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ցյուրիխում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունվարի 28-ին հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի շրջանակներում։ Նշենք, որ դա կլինի Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման շուրջ։
www.regnum.ruդեպի ետ