• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԾ ԹՎՈՎ ՎՐԱՑԻՆԵՐ ԿԱՆ Հատված Վրաստանի համայնքների հարցերով պետնախարար Յուլոն ԳԱԳՈՇԻՁԵԻ հետ հարցազրույցից

   

- Պրն Գագոշիձե, քանի՞ վրացի կա Թուրքիայում։

- Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների՝ Թուրքիայում ապրում է ավելի քան 2 մլն գյուրջի։ Սա մի ժողովուրդ է, որը գիտի իր վրացական արմատների մասին և իր մայրենի լեզուն համարում է վրացերենը։ 2008թ. օգոստոսյան հայտնի իրադարձությունների ժամանակ Թուրքիայի վրացիները չափազանց ակտիվացել էին։ Երբ ես ժամանեցի Թուրքական Վրաստան, անցա Մարմարայի ափով, եղա մի շարք վրացական գյուղերում, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, ասես, գտնվում եմ (Վերին) Աջարիայի Ջեմո գյուղում։ Այդ գյուղերում հոծ բնակվում են հիմնականում աջարական մոհաջիրների սերունդները։ Հատկապես տպավորիչ էին հանդիպումներն Ինեգոլի, Իզնիկի, Բուրսա, Հերջուկ, Օրքան գյուղերում։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում են վրացական կազմակերպություններ՝ «Չվենեբուրեբի» («Մերոնք») անվանումով։ Քաղաքացիները շատ ակտիվ են։ Օրինակ, Ինեգոլիում արդեն 20 տարի ամեն ինչ անում են վրացիները. կրթության և մշակույթի ոլորտները վրացիների ձեռքում են, համալսարաններում աշխատում են մեծամասամբ վրացի դասախոսներ, Ստամբուլում գործում են մի շարք կազմակերպություններ և այլն։

Թուրքիայի վրացիներն իրենց արմատներով, հոգով կապված են Վրաստանի հետ։ Սահմանները բացվելուց հետո այդ կապն էլ ավելի ամրացավ։ Նրանք՝ մերոնք են, և օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիայի վրացական համայնքը հանդես եկավ որպես քաղաքական ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։ Ապացուցեց, որ իրենից ուժ է ներկայացնում և միշտ կսատարի Վրաստանին։

Բացի այդ, համայնքը զգալի ներդրում ունի ևս մի բնագավառում։ Թուրքիայում գոյություն ունի խոշոր աբխազական համայնք, որը կազմված է Աբխազիայից գաղթած մոջահիրների (որոնց արտաքսել են ռուսները) սերունդներից։ Վրացական համայնքը սերտ բարեկամական կապեր է պահում աբխազական այդ համայնքի հետ, այդ առումով էլ նրանք կաջակցեն մեզ աբխազների հետ հարաբերությունների բարելավման գործում։

- Ինչպե՞ս եք օգնում վրացական համայնքին, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։

- Մեր հայրենակիցներին ամենից շատ անհրաժեշտ է պահպանել լեզուն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս կիրակնօրյա դպրոցներին, որոնք այնտեղ շատ-շատ են, և դա տեղի վրացիների նախաձեռնությունն է։ Օգնում ենք նրանց դասագրքերով, գտնում ենք, որ անհրաժեշտ է նաև բացել մանկապարտեզներ, որպեսզի երեխաները մանուկ հասակից սկսեն խոսել վրացերեն։

Տարբեր բնագավառների շատ գիտնականներ մեկնեցին այնտեղ։ Նախատեսվում է իրագործել մի ծրագիր, որը ֆինանսավորում է Հոլանդիան (ծրագրի կետերից մեկը՝ շահագրգռել հայրենակիցներին վերադառնալ Վրաստան)։

«Сакартвелос республика»

"Голос Армении"


դեպի ետ