ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը Արմինֆո գործակալությանը

- Պրն Հարությունյան, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն վերջերս հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներ չի տեսնում. ո՞րն է Վրաստանի նման դիրքորոշման պատճառը։
- Հայ-թուրքական սահմանի բացմամբ Վրաստանի տարանցիկ դերը Հայաստանի համար նկատելիորեն կթուլանա, քանի որ մենք, Իրանի հետ միասին, լրացուցիչ հաղորդակցային այլընտրանք կստանանք՝ հանձին Թուրքիայի։ Այնպես որ՝ Վաշաձեի հայտարարության նախանձախնդիր համատեքստը միանգամայն բացատրելի է։ Բայց, միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Թբիլիսին այսօր խնդիրներ ունի Անկարայի հետ։ Հիշենք, օրինակ, Թբիլիսիի Ռազմական ակադեմիայի հետ կապված պատմությունը, որտեղից, լայն հասարակայնության համար ոչ այնքան հասկանալի պատճառներով, ազատվեցին բոլոր թուրք դասախոսները։ Բացի այդ, վրացական հասարակության մի որոշակի մասն այնքան էլ խանդավառ չի վերաբերվում Վրաստանի ռազմական և տնտեսական ոլորտներում տեղ գտած թրքականացմանը։
- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի թրքականացման մասին սահմանը բացելու պարագայում։
- Անշուշտ, հայ-թուրքական սահմանի բացումը մարտահրավեր է Հայաստանի համար։ Սակայն ցանկացած մարտահրավեր, սպառնալիքներին զուգահեռ, նաև հնարավորություններ է պարունակում։ Սկզբում՝ ռիսկերի մասին։ Առաջին հերթին՝ դա թուրքական տնտեսության էքսպանսիան է Հայաստան և շատ այլ բաներ, ինչի մասին խոսվում է մշտապես, և կրկնելու հարկ չկա։ Իսկ մեր ձեռքբերումների շարքում, սահմանը բացելու պարագայում, ուզում եմ հատկապես նշել ադրբեջանա-թուրքական ռազմավարական միության սասանման հնարավորությունը, ինչը հաստատ տեղի կունենա, եթե սահմանն, այնուամենայնիվ, բացվի։ Դա հարված կլինի Ադրբեջանի համար, քանի որ սահմանների բացման դեպքում ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, այնքան էլ հաշվի չի նստում «կրտսեր եղբոր» շահերի հետ։ Իսկ տարաձայնությունը դաշնակիցների շարքերում (նման միտում այսօր արդեն նկատվում է) կնպաստի ԼՂՀ-ի հետ կապված հարցերի քաղաքական կարգավորմանը և կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի արևելյան մասը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, տնտեսապես թույլ է զարգացած, մենք պետք է ջանանք (ծրագրերի և որոշակի ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում) որոշակի տնտեսական դիվիդենդներ ստանալ Թուրքիայի հետ սահմանը բացելուց։ Պետք է նշել նաև, որ ակտիվացնելով երկխոսությունը Թուրքիայի հետ՝ մենք ակտիվացնում ենք նաև «հայկական այլ հարցեր», որոնք արդեն առկա են գլոբալ քաղաքականության մեջ, այն է՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ԼՂՀ ճանաչման հիմնախնդիրը։
- Ըստ Ձեր գնահատման՝ ի՞նչ է տեղի ունենում այժմ հայ-թուրքական բանակցություններում։
- Այժմ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, որը ես հակված եմ ավելի շուտ «շախմատային դիվանագիտություն» անվանել, Հայաստանի և Թուրքիայի միջև շատ բարդ շախմատային խաղ է ընթանում։ Խաղի բարդության վկայությունը թուրքական առաջնորդների հայտարարությունների հակասականությունն է։ Բոլորովին վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումներով, թեև թվում էր, թե ԼՂՀ հարցը դադարել է նախապայման լինել հայ-թուրքական հարաբերություններում։ Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ Անկարան Երևանի հետ խաղի առաջին պարտիայում, այնուամենայնիվ, տանուլ է տվել է։ Իսկ մեր դիվանագիտությունն այդ պարտիայից ավելի մեծ շահաբաժիններով է դուրս եկել, քան թուրքականը։ Փաստորեն, մենք առաջին պարտիայում ավելի լավ ենք խաղացել, քան թուրքերը։
-Ինչո՞ւմ։
- Դե, գոնե այն հարցում, որ Անկարան հայտնվեց այնպիսի իրավիճակում, երբ սահմանների բացումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ստիպված կրկին կապում է ԼՂՀ հիմնախնդրի հետ։ Դրանով իսկ թուրքերը միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ այնքան էլ անկախ չեն՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշումը։ Սակայն կարծում եմ, որ մենք չպետք է հատուկ ուշադրություն դարձնենք Էրդողանի վերջին հայտարարությանը, քանի որ թուրքական իշխող շրջանակները բազմաթիվ այդպիսի իրարամերժ հայտարարություններ են անում։ Եվ այնուամենայնիվ, Թուրքիան այդպիսով ցույց տվեց ողջ աշխարհին, որ 21-րդ դարում ևս այդ երկիրը, որ ցեղասպանություն է իրականացրել 20-րդ դարում, նախկինի պես հակահայ քաղաքականություն է վարում։ Դրանով իսկ Թուրքիայի իմիջը, որը կարծես թե ջանում էր խաղաղություն և անդորր հաստատել Հարավային Կովկասում, շոշափելիորեն վնասվեց, քանի որ Էրդողանի հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում Անկարայի հռչակած դիրքորոշմանը Կովկասյան պլատֆորմի վերաբերյալ և այլն։ Ուստի, ես կարծում եմ, որ դիվանագիտական գործընթացն առայժմ մեր օգտին է դասավորվում. Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, դրսևորեց իրեն որպես հուսալի, խոստումները կատարող գործընկեր։
- Ո՞րն է այդ հակասականության պատճառը։
- Թերևս, այդ հակասականությունը կապված է նաև այն բանի հետ, որ Անկարան չստացավ այն, ինչ սպասում էր ԱՄՆ-ից՝ նախագահ Օբամայի Թուրքիա այցելությունից հետո։ Այսինքն՝ թուրքական ղեկավարության հակասական քայլերում որոշակի տրամաբանություն կա։ Բազմաբևեռ նոր աշխարհի պայմաններում Թուրքիան փորձում է վարել իր խաղը տարածաշրջանում։ Կարելի է փաստել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախկին ռազմավարական միությունն արդեն չկա։ Անկարան լուրջ խնդիրներ ունի Իսրայելի և իրաքյան քրդերի հետ, որոնց երկուսին էլ ակտիվորեն աջակցում է ԱՄՆ-ը։ Մեծ խնդիր ունեն՝ կապված սեփական ինքնության հետ, քանի որ թուրքերը՝ իբրև ազգ, դեռևս չեն կայացել։ Այս ամենը Թուրքիան անհամեմատ ավելի քիչ գրավիչ է դարձնում արևմտյան գործընկերների համար, քան ոչ հեռավոր անցյալում։ Կարծում եմ՝ հենց սրանով է բացատրվում ԱՄՆ ձգտումը՝ Թուրքիան ինչ-որ կերպ տեղավորել ԵՄ-ում։ Ճիշտ է՝ ի պատասխան եվրոպացիները շարունակում են «չեմուչում» անել ևս մեկ գլխացավանքի, մանավանդ որ նրանք Թուրքիան համարում են ամերիկյան «տրոյական ձի»։ Հնարավոր է՝ ԱՄՆ-ը դեմ չէ ինչ-որ կերպ մասերի բաժանել այս երկիրը, որը պրոբլեմի է վերածվում ոչ միայն եվրոպացիների, այլ նաև ամերիկացների համար։ Բայց նաև այլ տարրեր կան։ Չէ՞ որ նոր բազմաբևեռ աշխարհում, որքան էլ տարօրինակ հնչի, ԱՄՆ-ը անհամեմատ ավելի շատ է շահագրգռված համագործակցել Թեհրանի, քան դերը կորցրած Անկարայի հետ։ Սա խիստ հրատապ է՝ նկատի ունենալով Իրանի դերը մերձավորարևելյան քաոսում, որտեղ վերջինը շատ լավ գլուխ է հանում։ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, ուժեղ է ու հետևողական իր գործողություններում, ինչը, ընդհանուր առմամբ, Նահանգներին ավելի մեծ վստահություն է ներշնչում։ Չի կարելի բացառել, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ռազմավարության տարրերից մեկը Պենտագոնի մշակած Բեռնարդ Լյուիսի դոկտրինն է Մեծ Մերձավոր Արևելքը ըստ դավանական-էթնիկական հատկանիշի բաժանելու վերաբերյալ։ Ըստ որոշ վերլուծական աշխատանքների՝ նման հնարավորությունը չի բացառվում։ Թեև նման սցենարի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, տեսական մակարդակում այդ խնդիրը ծառացած է Թուրքիայի առջև։ Դա լավ են հասկանում ինչպես գլոբալ քաղաքական դերակատարները, այնպես էլ, ինչպես թվում է, ինքը՝ Թուրքիան։
- Ձեր նշած դոկտրինում տեղավորվո՞ւմ է արդյոք ԱՄՆ ձգտումը՝ բացել հայ-թուրքական սահմանը։
- Սահմանի բացումը, ինչպես և ցանկացած այլ խոշոր, աշխարհաքաղաքական նշանակության միջոցառում, միշտ երկակի իմաստ ունի։ Թերևս, ամենակարևոր ռազմավարական գործոնը հայ-թուրքական սահմանը բաց տեսնելու Վաշինգտոնի ցանկության մեջ, իհարկե, Ռուսաստանն է։ Կարծում եմ՝ դրա պատճառներն այսօր հասկանալի են բոլորին, քանի որ դա ևս մեկ փորձ է՝ Ռուսաստանը դուրս մղել տարածաշրջանից և մասնավորապես Հայաստանից։ Այսօր արդեն կարելի է լսել իրողություններին ոչ այնքան համարժեք այսպիսի արտահայտություններ. «ինչներիս է պետք ռուսական բազան, եթե Թուրքիան մեր բարեկամն է», ինչը պետք է ընկալել որոշ մեկնաբանների կողմից ամերիկյան քաղաքականության տեղեկատվական ապահովման համատեքստում։ Հայ-թուրքական սահմանի բացման հետ Լյուիսի դոկտրինի հնարավոր կապը կարող է լինել այն, որ դրանով իսկ կփոխվի հայերի և քրդերի միջև բարդ հարաբերությունների համատեքստը։ Թվում է, թե այդ փոփոխությունները չեն համապատասխանելու Թուրքիայի շահերին։
- Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեկնելու է Թուրքիա՝ հավաքականների պատասխան խաղը դիտելու, ուղիղ հայ-թուրքական սահմանով. ո՞րն է այս հայտարարության աստառը։
- Հնարավոր է, որ նախագահը դրանով ուզում է ցույց տալ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի դիրքերի անսասանությունն ու սկզբունքայնությունը։ Դա շատ բանիմաց PR քայլ է իր թուրք գործընկերոջ նկատմամբ։ Դրանով իսկ Հայաստանը ցույց է տալիս ողջ աշխարհին, որ պատրաստ է միակողմանի քայլերի Թուրքիայի հանդեպ, որը համառորեն, հայկական նախաձեռնություններին ընդառաջող պատասխան քայլեր չի ձեռնարկում։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
դեպի ետ