• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2009

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՎ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը REGNUM լրատվական գործակալությանը

Руский

   

Gagik_Harutyunyan (original)Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ներկա փուլն աչքի է ընկնում մեծ ինտենսիվությամբ։ Այս մասին REGNUM Новости լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ «Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը դրանով փորձում է վերցնել նախաձեռնությունը դիվանագիտական հակամարտությունում»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով նաև, որ «Սարգսյան-Ալիև հանդիպումներն այժմ իրենց համատեքստով ենթադրում են նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն առայժմ չկան թեկուզ և անուղղակի նշաններն այն բանի, որ պետերբուրգյան հանդիպումը իրական փոփոխությունների կհանգեցնի»։

Սրան զուգահեռ՝ փորձագետը պնդում է, որ որոշ երկրների քաղաքական շրջանակներում ամրապնդվում է այն կարծիքը, թե «վատ խաղաղությունը լավ պատերազմից ավելի լավ է»։ Նրա խոսքերով՝ «այդ էլիտաները կարծում են, թե Հայաստանի և թուրքական պետությունների միջև պետք է խաղաղություն հաստատվի և որպես օրինակ (ոչ այնքան կոռեկտ) բերում են Ֆրանսիային և Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ «Ես չեմ կարող ամբողջովին բացառել նման սցենարով զարգացումը»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ «եթե նման բան տեղի ունենա, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները Խաղաղության Նոբելյան մրցանակ կստանան»։ Միևնույն ժամանակ, Հարությունյանը նշել է, թե «շատ են սխալվում նրանք, ովքեր կարծում են, թե դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն ու բարօրություն կտիրեն, քանի որ առճակատումը Հայաստանի և այդ երկրների միջև կրում է միջքաղաքակրթական բախման դասական բնույթ, ավելի շուտ՝ դա հակամարտություն է քաղաքակրթության և դրա բացակայության միջև»։ Որպես իր խոսքերի ապացույց փորձագետը բերեց օրինակ Թուրքիայի պատմությունից՝ մասնավորապես ընդգծելով, որ «դա քաղաքակրթությունների կործանման և ցեղասպանությունների (հայերի, հույների և այլոց) պատմություն է»։ «Ուստի կարծում եմ, որ եթե նման սցենարն անգամ տեղի էլ ունենա, ապա հակամարտությունը կշարունակվի»,- նշել է Հարությունյանը՝ ենթադրելով, թե «այն կընդունի տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական և այլ պատերազմների ավելի ճկուն ձևեր, այսինքն՝ կընթանա սառը պատերազմի ժանրով, որը, համապատասխան աշխարհաքաղաքական իրավիճակում, կարող է փոխակերպվել թեժի, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզման պարագայում»։

REGNUM Новости լրատվական գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը այսուհետ Սերժ Սարգսյանի ստորագրած որևէ փաստաթղթի իրավական ուժը չճանաչելու մասին, Հարությունյանն ասաց հետևյալը. «Նախագահի որոշումների իրավական չճանաչման» հայտարարության վերաբերյալ կարծում եմ, որ հայտարարությունն արվել է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հնարավոր համաձայնությունների համատեքստում։ Դրանով ՀԱԿ-ը ցույց է տալիս, որ տվյալ փուլում այդ կազմակերպությունը հաշվարկն անելու է ոչ միայն սոցիալ-իրավական, այլ նաև ազգային գործոնի հաշվառմամբ»։ Բացի այդ, փորձագետը նշեց նաև հետևյալը. «Մանդատներից հրաժարումը ցույց տվեց, որ, չնայած «պայքարի սահմանադրական մեթոդների» վերաբերյալ հայտարարություններին, ՀԱԿ-ը չի ընդունում «ցիվիլ» քաղաքական մեթոդներն ու հավատարիմ է մնում իր «հրապարակային» մարտավարությանը»։ «Չի կարելի նաև բացառել, որ այլընտրանքը քաղաքապետարանի աշխատանքներին մասնակցության ձևով, ինչն ամենօրյա քաղաքական աշխատանք և իրական ջանքեր է պահանջում, ՀԱԿ ուսերի բանը չէր»,- հատկապես ընդգծել է Հարությունյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ «այստեղ տեղին է ինչ-ինչ անալոգներ անցկացնել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ «գունավոր հեղափոխությունների» նոր սերնդի արտահանման համատեքստում»։


դեպի ետ