ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԴԵ-ՖԱԿՏՈ ԱՄՐԱԳՐԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ՝ ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ. ԿԱՐԾԻՔ

Մադրիդյան սկզբունքները դե-ֆակտո ամրագրել են Լեռնային Ղարաբաղի որպես անկախ պետության կարգավիճակը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Մադրիդյան սկզբունքներում ամրագրվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ինքնուրույն միավոր է և պետք է անկախ պետության կարգավիճակ ունենա՝ լինի դա հանրաքվեի միջոցով, թե որևէ այլ կերպ՝ դիվանագիտական կամ միջպետական»- ասաց Հարությունյանը:
Տվյալ առումով, ինչպես կարծում է փորձագետը, զգալիորեն կրճատավում է ադրբեջանական դիվանագիտության՝ մանևրելու հնարավորությունը՝ ի տարբերություն հայկական կողմի, որն ինչ-որ տեղ կարող է բավարարվել փաստաթղթի առանձին կետերով, որոնցից ոչ բոլորն են բարենպաստ և ընդունելի:
Ընդ որում նա նշեց, որ թեև Մադրիադյան սկզբունքների հրապարակումը սենսացիա չէ, քանի որ դրանք ներկայացվել էին արդեն երկու տարի առաջ, այդուհանդերձ, փաստաթուղթը որոշակի բացատրություններ է պահանջում, մասնավորապես, նշվում է այն փաստը, որ կարգավիճակի մասին հարցը կսահմանվի ապագայում հանրաքվեի միջոցով, սակայն ստույգ ժամկետներ չկան:
Փորձագետի կարծիքով՝ գոյություն ունի նաև տարածքների վերադարձի հետ կապված խնդիր, մասնավորապես, նշվում է Ղարաբաղի հսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, սակայն ոչ մի խոսք ղարաբաղյան այն տարածքների մասին, որոնք տվյալ պահին գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Հարությունյանի խոսքերով՝ չի պարզաբանվում նաև փախստականների վերադարձի հարցը:
«Կան նաև խաղաղասիրական ուժերի տեղակայման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, թե որ երկրներն են դրանք ներկայացնելու և ինչ ձևաչափով են գործելու՝ հատկապես հաշվի առնելով ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայման փորձը, երբ վերջիններս ժամանակին չկարողացան ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»«- ասաց հարությունյանը:
Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
դեպի ետ