• am
  • ru
  • en
Версия для печати
10.11.2005

XXI դարի գավրոշները

EnglishРуский

   

Գեորգի Դերլուգյան

Փարիզում պայթում է սոցիալական դինամիտը։ Որ դինամիտը շատ էր՝ զգուշացնում էին և՛ ձախ մտավորականները, և՛ Լը Պենի պես ուլտրաաջ պոպուլիստները։ Պարզվեց՝ դինամիտն ավելի քան շատ էր. փողոցային անկարգություններն ու խռովությունները, որպես կանոն, մարում են երրորդ օրը, իսկ այստեղ, ավելի քան մեկշաբաթյա կռիվներից ու խառնաշփոթից հետո, ոստիկանությունը գլուխ չի հանում որտեղ և ինչը հանդարտեցնի։

Ամերիկայում չարախնդում են. տեղն է ֆրանսիացիներին, լա՞վ էր, որ մեր աչքն էին մտցնում մեր նեգրերին։ Ֆրանսիայի կառավարությունում զարգանում է ինտրիգ վարչապետ Վիլպենի և ոստիկանության նախարար Սարկոզիի մրցակցության շուրջ, ում` նախագահի պաշտոնում հոգնած Շիրակին փոխարինելու շանսերը, ինչպես երևում է, որոշվում են հենց այս պահին։ Ինտելեկտուալ դաշտում եվրոպական մտքի տիրակալները շտապում են առաջ ընկնել մեկը մյուսից «ո՞վ է մեղավոր» և «ի՞նչ անել» հավերժական թեմաների իրենց նրբաոճ դատողություններում։ Իսկ եթե ավելի պարզ և ռուսավարի՝ ապա ախտորոշումը հանգում է մեկ բառի՝ լիմիտա։

Հիսունական թվականներին, երբ հանկարծ անցյալում մնաց մեծ լճացման և ֆաշիզմի մղձավանջը և Արևմուտքի պրոլետարներին, հանուն սոցիալական խաղաղության և կոմունիզմը զսպելու, օգնեցին մեկ աստիճանով բարձրանալ դասակարգային հիերարխիայի սանդղակով, ստորին մակարդակներում աշխատող ձեռքի պակասություն զգացվեց։ Բետոն խառնել, տուն և փողոց մաքրել կամ հարահոսի առջև կանգնել ցանկացողներին եվրոպացիներն այն ժամանակ առանց դժվարության գտնում էին իրենց նախկին տիրույթներում. անգլիացիները՝ Պակիստանում և Ջամայկայում, գերմանացիները՝ Թուրքիայում և Հարավսլավիայում, ֆրանսիացիները՝ Ալժիրում և Սենեգալում։ Մոտավորապես նույն կերպ Մոսկվայի իշխանությունները, մետրոյի կառուցման ժամանակվանից սկսած, ռուսական գյուղերից, իսկ այսօր՝ Մոլդովայից ու Տաջիկստանից, «քաշում» են երիտասարդ և քչով բավարարվող աշխատուժին։ Լիմիտչիկներին խոստանում էին քաղաքացիություն որոշ ժամանակ անց (Մոսկվայում՝ գրանցում), և նրանք բանում էին այնպես, ինչպես կբանեին երեկվա գյուղացիները՝ հավատալով, որ իրենց երեխաների համար լավ է լինելու։

Հենց երեխաներն էլ այսօր կոտրում են ապակիները Փարիզում։ Հաստատ նրանց կյանքն այնքան քաղցած չէ, որքան նրանց ծնողներինն էր հեռավոր գյուղում, բայց դրա հետ չէ, որ նրանք իրենց համեմատում են։ Սոցիալական շարժը կանգ առավ Արևմուտքի համար ճգնաժամային յոթանասունական թվականներին։ Էժան աշխատուժն այլևս պետք չէր. արտադրությունն ինքը «տեղափոխվում» էր Մեքսիկա կամ Չինաստան՝ նրանց հազիվ տեղից շարժվել սկսող երեկվա գյուղացիության ռեզերվով։ Եվրոպական լիմիտչիկների միլիոնավոր զավակներ անհուսալիորեն կախված մնացին անորոշության մեջ։

Ո՞ւմ զավակներն են նրանք։ Մշակույթով ու կենսաոճով նրանց մեծամասնությունն արևմտյան քաղաքների արդեն ուծացված բնակիչներ են. կրում են մարզակոշիկներ և ջինսեր, ֆուտբոլ են խաղում, ուտում են համբուրգեր և պաղպաղակ, ֆրանսերենն ու անգլերենը նրանց մայրենի լեզուներն են։ Բայց նրանց ծագումը, միևնույն է, գրված է նրանց դեմքին, ինչի մասին անընդհատ մտաբերում են մշտաբնակները. դեռևս գեներալ Դենիկինն էր գանգատվում, որ իր վտարանդիական տան կիսագրագետ դռնապանուհին առիթը բաց չէր թողնում նրա հետևից մռթմռթալու՝ «կեղտոտ ռուսներ»։ Նման վերաբերմունքն, իհարկե, առաջ է բերում հպարտորեն և ի հեճուկս բոլորի հագնել կամ ռուս սպայի համազգեստը, կամ ինչ-որ մուսուլմանական կամ պարզապես խուլիգանական հագուստ (ում ինչն ավելի հարազատ է)։

Մոդեռնացման տեսությունների լավատեսական կանխատեսումների համաձայն՝ նախկին գյուղացիներն ինքնաբերաբար պետք է վերածվեն ժամանակակից քաղաքացիների՝ միջին դասի կամ կադրային պրոլետարիատի հուսալի կարգավիճակով։ Ավա՜ղ, տեսությունը չգործեց։ Այսօր ամբողջ աշխարհում կա մի դաս, որը մի կարգին անուն էլ չունի։ Լատինական Ամերիկայում նրանց անվանում են մարգինալներ, Գերմանիայում՝ լյումպեններ, երիտասարդ Գորկու դեգերումների ժամանակվա Ռուսաստանում՝ բոսյակներ։ Ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն առաջարկել է ավելի վերլուծական եզր՝ սուբպրոլետարիատ։

Սուբպրոլետարներն արդեն գյուղացի չեն, բայց նաև իսկական քաղաքացի էլ չեն, քանի որ նրանց կայուն և պատշաճ աշխատատեղեր բաժին չեն ընկնում։ Նման միջանկյալ խավերը, որոնք իրենց էթնիկական միջավայրից օտար քաղաքներ անցման մեջ են, չեն կազմակերպվում կանոնավոր արհմիություններում և կուսակցություններում։ Նրանց կյանքը խիստ պատահական է կազմակերպված բողոքի համար և զրկված այնպիսի հեռանկարից, որի վրա կարելի է որևէ ծրագիր կազմել։ Ռուս մտածող, անարխիստ իշխան Պյոտր Կրոպոտկինը հստակ նշել է «հեղափոխությունները կապված են հույսի հետ, իսկ անելանելիությունը միայն խռովություն է ծնում» երկընտրանքի մասին։

Հիմնախնդիրը միայն ֆրանսիական չէ, այն համաշխարհային է։ Վերջերս Նալչիկի վրա կատարված հարձակումը նույն տեկտոնական բեկվածքի արձագանքն է, ինչ և Փարիզում։ Եվ բանը բոլորովին էլ իսլամը չէ։ Կրոնը պարզապես համընկավ ժամանակակից եվրոպական կենսակերպի և այն զանգվածների միջև գոյություն ունեցող արգելապատնեշի հետ, որոնց համար այդ կենսակերպն անմատչելի է, ուստի և կրոնը վերածվեց դիմակայության խորհրդանիշի։

Գյուղացիական կենսաձևն իր ավանդական ադաթներով ու հնազանդությամբ սրընթաց կերպով վերանում է ամբողջ մոլորակով մեկ։ Սա շատ վտանգավոր պատմական անցում է։ Ժամանակին ինդուստրիալացումը և՛ ֆրանսիացիներին, և՛ ռուսներին «խառնեց» ժամանակակից քաղաքացիների մեջ, չնայած այդ պատմությունը լի էր իր բարիկադներով և հեղափոխություններով։

Այսօր երրորդ աշխարհը հայտնվել է առաջինի ներսում։ Եվրոպան հիմնախնդիրը լուծում էր բարեգործության և ոստիկանության վերահսկողության օգնությամբ։ Սա չի աշխատում, ինչպես չի աշխատել և XIX դարում։ Այն ժամանակ հիմնախնդիրը լուծվեց զանգվածային զբաղվածության և զանգվածային ժողովրդավարության զարգացմամբ, և XX դ. կեսերին արևմտյան աշխատավորները հեղափոխականներից վերածվեցին բարեփոխիչների։ Բայց ինչպե՞ս և ո՞վ կարող է դա անել այժմ, գլոբալ մակարդակով։

Իսկ առայժմ բարիկադները և հուսահատ թխամորթ գավրոշները վերածնվում են։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր