• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2006

Համաչափության հակման մասին

Руский

   

Ալեքսանդր Պրիվալով

Ֆրանսիայի խորհրդարանի Ներքին պալատը հավանություն տվեց այն օրենքին, ըստ որի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հրապարակային ժխտումը պետք է դիտվի քրեական հանցագործություն, որը պատժվում է խոշոր տուգանքով և մեկ, իսկ կրկնվելու դեպքում՝ հինգ տարի ազատազրկմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես պատժվում է Հոլոքոստի հրապարակային ժխտումը։ Ֆրանսիացիներն իրենց դիվանագիտական քայլը ձեռնարկել են ոչ առանց նախազգուշությունների։ Ներքին պալատում 577 պատգամավորներ են, իսկ օրինագիծն ընդունվել է 106 ձայնով 19-ի դեմ. այլ կերպ ասած՝ կարող էր և չանցնել։ Այն խորհրդարան էր մտցրել ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը, ինչը թույլ տվեց գործադիր իշխանությանը նրբանկատորեն հեռու քաշվել դրանից։ ԱԳՆ-ն հայտարարեց, թե «դա միայն սկիզբն է երկարատև օրինաստեղծ գործընթացի» և թե «դրա յուրաքանչյուր փուլում կառավարությունը կհայտարարի իր դիրքորոշումն այդ փաստաթղթի նկատմամբ, որը պետք չէ և անժամանակ է»։ Այսպիսով, ամբողջ աշխարհին և առաջին հերթին Թուրքիային թափանցիկորեն ակնարկեցին, որ այդ օրենքը կարող է չանցնել Վերին պալատ կամ չստանալ նախագահի ստորագրությունը։ Բայց այս նրբանկատությունը ոչինչ չփոխեց. վիթխարի սկանդալ սկսվեց։

Անկարայի արձագանքը ծայրահեղ կոշտ էր։ Արտաքին գործերի նախարար Գյուլը հայտարարեց, թե օրենքի ընդունմամբ «Թուրքիան ոչինչ չի կորցնի, իսկ Ֆրանսիան կկորցնի Թուրքիային», և նույնիսկ պատմեց, թե ինչպես է կորուստն սկսվելու. ֆրանսիական ընկերությունները կզրկվեն ինչպես քաղաքացիական (ԱԷԿ-ի շինարարություն), այնպես էլ ռազմական (ուղղաթիռների մատակարարում) թուրքական խոշոր նախագծերին մասնակցելու իրավունքից։ Համաչափ պատասխանի փորձ նույնպես եղավ. Փարիզում քվեարկության նախօրեին թուրքական խորհրդարանի պատգամավորները երեք ժամ թունդ վիճում էին. չմտցնե՞ն, արդյոք, եռամյա բանտարկություն «Ֆրանսիայի կողմից 1960-ական թթ. իրականացված 250 հազար ալժիրցի խաղաղ մահմեդականների ցեղասպանության» հրապարակային ժխտման համար։ Բայց հրաժարվեցին այդ մտադրությունից՝ որոշելով, որ «չպետք է իջնեն Ֆրանսիայի մակարդակին»։ Դրա փոխարեն շատ հավանական է անհամաչափ պատասխանը։ Ֆրանսիական դեմարշը կապելով հայկական լոբբիի աշխատանքի հետ՝ թուրքերն արդեն գրեթե պաշտոնապես խոսում են իբր այժմ Հայաստանից իրենց տարածքում գտնվող 70 հազար ապօրինի միգրանտներին վռնդելու մտադրության մասին։

Հեշտ է պատկերացնել, թե ինչպես կզգային իրենց թուրք պաշտոնատար անձինք Ֆրանսիայում, եթե քննարկվող օրենքն ուժի մեջ մտներ։ Ամեն մի թղթակցի ցանկացած հարց 1915-1917թթ. իրադարձությունների մասին նրանց կկանգնեցներ զվարճալի ընտրության առջև. ո՞ր օրենքը խախտել։ Ասել, թե հայերի ցեղասպանությունը չի եղել, նշանակում է՝ խախտել հյուրընկալող երկրի օրենքը։ Որքան հնարավոր է անուղղակի ձևով ընդունել, թե այն եղել է, նշանակում է՝ խախտել սեփական քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածը, որով անխուսափելի բանտարկություն է սպասվում նման արտահայտությունների համար։

Իհարկե, պաշտոնական Բրյուսելը անմիջապես դատապարտեց ֆրանսիական խորհրդարանականների այս քայլը և ընդգծեց, որ հայերի ցեղասպանության փաստի ընդունումը «չափանիշ չէ Թուրքիայի՝ Եվրամիություն հնարավոր մուտքի համար»։ Դա և՛ ճիշտ է, և՛ ճիշտ չէ միաժամանակ։ Այո, նման պաշտոնական պայման Բրյուսելը չի առաջադրել։ Բայց մյուս կողմից՝ ԵՄ-ում նոր երկիր ընդունելու համար անհրաժեշտ է նրա բոլոր անդամների կոնսենսուս, իսկ Ֆրանսիայի կարծիքն այս հարցի առնչությամբ դժվար թե փոխվի։ Շատ հատկանշական է ներքին գործերի նախարար և նախագահի հնարավոր թեկնածու Սարկոզիի դիրքորոշումը։ Հեռախոսային խոսակցության ժամանակ նա Թուրքիայի վարչապետ Էրդողանին հայտարարել է, թե թուրքերի համար այդքան տհաճ օրենքը չի անցնի, եթե Թուրքիան կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես՝ հանի Քր. օր. այդ նույն 301-րդ հոդվածը «թյուրքական աշխարհի վիրավորանքի մասին»։ Թուրքիան, իհարկե, դրան չի գնա։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն ընթանում են և կշարունակվեն (երկու կողմերի համար այդ փաստն էականորեն ավելի կարևոր է, քան ժամկետը և նույնիսկ արդյունքը), բայց առկա է ակնհայտ փակուղին, և Թուրքիան, հավանաբար, ԵՄ-ում չի լինի։ Երկրի քաղաքական կայունությունն ուղղակիորեն կախված է ազգայնական և իսլամիստական ազդեցիկ ուժերի, որոնք նահանջ չեն հանդուրժի, շահերը հաշվի առնելուց։ 301-րդ հոդվածն արգելում է խոսել ոչ միայն հայերի, այլև քրդերի հալածանքների մասին. վերացնել այն այժմ, Իրաքի ամերիկյան օկուպացումից հետո, կնշանակեր ուժեղացնել քրդական անջատողականությունը։ Բացի այդ, թուրքերը զգուշանում են հայերի նյութական հայցերից, որոնք կհաջորդեն ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Ֆրանսիան նույնպես չի նահանջի. շուտով նախագահական ընտրություններն են։ Բանը միայն հայկական լոբբին և հարյուր հազարավոր էթնիկ հայ ընտրողները չեն. էթնիկ թուրք ընտրողների պակաս էլ այնտեղ չի զգացվում։ Երկիրը, մերժելով Եվրասահմանադրության նախագիծը, հստակորեն ցույց տվեց, որ չի ուզում տեսնել Թուրքիային ԵՄ-ում, և ոչ մի աչքի զարնող քաղաքական գործիչ չի ուզենա համարձակ երևալ՝ այդ հոսանքին հակառակ գնալով։ Կարելի կլիներ այսպիսով եզրակացնել, թե փակուղին առաջ է եկել երկու երկրների ներքաղաքական խաղերի պատահական բախմամբ, բայց դա հազիվ թե ամբողջովին այդպես է։ Չլիներ այս պատահականությունը, կգտնվեր մեկ ուրիշը։

Հենց այդպես էլ ասաց Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հաջիևան. «Նրանք (ֆրանսիացիները – Ա.Պ.) քողարկված ձևով ցուցադրում են համաեվրոպական շահերը։ Եվրոպայում թափ հավաքող կրոնաէթնիկական արմատականությունը նպատակ է հետապնդում՝ փորձելու մեկուսացնել եվրոպական աշխարհամասն այլ մշակույթներից, կրոններից և էթնոսներից»: Նա ափսոսանքով նշել է, որ այդ քայլն, ըստ էության, «Եվրոպան քրիստոնեական տան վերածելու ուղղությամբ ձեռնարկված փորձ է» (...этот шаг, по сути, является «попыткой, предпринятой в направлении превращения Европы в христианский дом»)։ Բացի բառապաշարից և շարահյուսությունից (մեջբերում եմ ըստ www.day.az), այստեղ վիճելի գրեթե ոչինչ չկա։ Թուրքիան միանգամայն ժամանակակից պետություն է, բայց Եվրոպա նրա՝ որպես հավասար տերերից մեկը, մտնելու մասին երկար խոսակցությունները չէին կարող չհանգեցնել մի քանի ոչ մոդայիկ հարցերի առաջադրմանը՝ սկզբում համաչափության բավական համեստ հակման տեսքով։ Ինչո՞ւ նստեցնելը ցեղասպանության (որի անկասկածելիությունն ընդունվել է շատ երկրների, ներառյալ Ռուսաստանի խորհրդարանների կողմից) հիշատակման համար ճիշտ է, իսկ ժխտման համար՝ կրոնաէթնիկական արմատականություն։ Ինչո՞ւ այն, որ իսլամական երկրներն իսլամական տուն են, քննարկման ենթակա չէ, իսկ այն, որ եվրոպական տունը կերտել են քրիստոնյաները, անասելի հերետիկոսություն է։ Նորություններն այն մասին, թե ինչպես են դրվում այս հարցերը, և նույնիսկ այն մասին, թե ինչպես են դրանց բնական պատասխաններ տրվում, վերջին ժամանակներս գալիս են տարբեր երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Ֆրանսիայից։ Նորությունը, որ քննարկում ենք այսօր, հեռու է անբասիր լինելուց. այնուամենայնիվ, տարօրինակ միջոց է առաջարկվել։ Կլինեն և ավելի խելամիտ և, վախենամ, ավելի հիմար ու տհաճ նորություններ։ Բայց աշխարհն, ինչպես երևում է, սկսել է պտտվել հենց այդ ուղղությամբ։

www.expert.ru
դեպի ետ