• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2007

Ադրբեջան-Իսրայել համագործակցության խորացման շուրջ

Руский

   

Հայկարամ Նահապետյան

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները Բաքվի արտաքին քաղաքականության և հակահայ ռազմավարության բաղկացուցիչն են: Խնդրի խորքային և բազմակողմանի լինելու պատճառով կանգ առնենք հիմնականում լոբբիստական կապերի զարգացման թեմայի վրա:

Ադրբեջանական լոբբինգի թեման ՀՀ պետական և անվտանգության առումով ուշադրության արժանի գործոններից մեկը պետք է համարել: Եթե Բաքվին հաջողվի այս կամ այն չափով իր կողմը «գրավել» հրեական միություններին, սա կարող է բազմապատկել ադրբեջանական նոր կայացող լոբբինգի հնարավորությունները, արագացնել ձևավորման գործընթացը:

Ապրիլի 12-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի («ԱզԻս») հիմնադիր խորհրդաժողովը: Այն նախկինում Իսրայելում բնակված ադրբե-ջանաբնակ հրեաների հասարակական կազմակերպություն է: Մշակութային այս կառույցին կից գործելու է առևտրային պալատ, որը զբաղվելու է տնտեսական հարցերով:

Խորհրդաժողովին ներկա է գտնվել Ադրբեջանի 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հետ աշխատանքային պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովի գլխավորությամբ: Բացման ժամանակ նա ընթերցել է նախագահ Ալիևի ուղերձը, խոսել Ադրբեջան-Իսրայել «պատմական կապերի» մասին: Իբրահիմովի խոսքով՝ Ադրբեջանում ներկայումս բնակվում է 16 հազար հրեա: Իսրայելական կողմից միջոցառմանը ներկա են գտնվել փոխվարչապետ և ռազմավարական պլանավորման նախարար Ավիգդոր Լիբերմանը, որ նաև «Իսրայելը մեր տունն է» կուսակցության ղեկավարն է, փոխվարչապետ, տրանսպորտի նախարար, գեներալ Շաուֆ Մոֆազը, տուրիզմի նախարար Իսհակ Արանովիչը: Հասարակական կազմակերպության ղեկավար է ընտրվել նախկինում Բաքվի բնակիչ, ներկայումս Իսրայելի Կնեսետի պատգամավոր Իոսիֆ Շագալը, որն «Իսրայելը մեր տունն է» կուսակցության անդամ է, հաճախ այցելում է Բաքու: Շագալը նաև առանցքային դեր է ստանձնել թուրք-ադրբեջանա-իսրայելական գաղթօջախների գործակցությունը խորացնելու գործընթացում, ներկա է գտնվել նախորդ տարվա հունիսին Անթալիայում աշխարհի թուրք-ադրբեջանական համայնքային միությունների համատեղ նիստին, որի ընթացքում հանդես է եկել նման եռակողմ գործակցությունը զարգացնելու կոչով: «ԱզԻս» կազմակերպության փոխնախագահներն են Նեխամիա Միխաելին, Ալեքս Շապիրոն և Նինա Յարովայան:

Նազիմ Իբրահիմովը նաև հանդիպել է Կնեսետի փոխնախագահ Ամնոն Կոենի և Ներգաղթի հարցերով նախարար Զեև Բոյմոմի հետ: Մեկնումից առաջ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, որ իրենց կառույցը պատրաստ է գործակցել ցանկացած պետության հրեական կազմակերպության հետ:

Ըստ առկա տվյալների՝ 1990-ից ի վեր Ադրբեջանից Իսրայել են փոխադրվել 80 հազար, ինչպես հրեա, այնպես էլ ռուս և ադրբեջանցի քաղաքացիներ: Հրեաների թիվը կազմել է մոտ 20 հազար: Նրանցից մոտ 10 հազարը բնակվում են Հայֆա քաղաքում: Նույն քաղաքում նրանք հիմնել են «Հայֆա-Բաքու» հասարակական կառույցը: Նաթանի քաղաքի նախկին ադրբեջանաբնակ քաղաքացիները հիմնել են «Ադրբեջան - Իսրայել» միությունը:

Ադրբեջանական «սփյուռքի» հարցերով պետական կոմիտեի Մերձավոր Արևելքի երկրների բաժնի ղեկավար Քյավուզ Քասիմովը հայտարարել է, որ նորաստեղծ կազմակերպությունն աշխատելու է իսրայելական Կնեսետի հետ և պետք է այնպես գործի, որ Կնեսետում քննարկվի Խոջալուի դեպքերի թեման: «Պետք է համոզել Իսրայելի կառավարությանը, որ դա նույնպես ցեղասպանություն էր, ինչպես և Հոլոքոստը»,- հայտարարել է նա: Կառույցը պետք է աշխատի նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների զարգացման համար, որտեղ, ազերի գործչի բնորոշմամբ, վերջին շրջանում հետընթաց է նկատվում: Քասիմովի խոսքով՝ այս նպատակով Ադրբեջանը պետք է շահարկի նավթի գործոնը: Նշենք, որ Իսրայելը տարեկան ներկրում է 12 մլն տոննա նավթ, որից մոտ 2 մլն-ը՝ Ադրբեջանից: Այս ցուցանիշն աճման միտում ունի: Իսրայելի էներգետիկ շահերի համատեքստում էր նաև Բաքու-Ջեյհանի շինարարությունը, քանի որ Ջեյհանը Իսրայելի Հայֆա քաղաքից մոտ 600 կմ հեռավորության վրա է, Հայֆայի նավթամշակման գործարաններն օգտագործում են Ջեյհանում ստացվող ադրբեջանական նավթը: Ավելի վաղ Հայֆա ադրբեջանական նավթը հասնում էր հիմնականում Սուփսա քաղաքից, հեռավորությունը կազմում էր մոտ 2000 կմ:

Մայիսի 17-22-ը Պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը այցով գտնվել է ԱՄՆ Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես քաղաքներում: Ըստ Բաքվի մամուլի՝ ԱՄՆ ադրբեջանական և թուրքական կառույցներից բացի, նաև հանդիպել է հրեական կառույցների անդամների հետ: Վերստին քննարկվել է համատեղ լոբբինգի կազմակերպման հարցը:

ԱՄՆ-ում պրոադրբեջանական լոբբինգի թեմայով Վաշինգտոնում գործող «Խորհրդային հրեաների ազգային խորհուրդ» կառույցի ղեկավար Մարկ Լևինը «Ջըրուսալեմ փոստ» հանդեսին ասել է, թե «ԱՄՆ հայկական կառույցները շատ ուժեղ և կազմակերպված են, հանդես են գալիս միասնական ճակատով»: «Որոշ քաղաքական հարցերում մենք գործակցում ենք հայերի հետ, բայց երբ հերթը հասնում է Ադրբեջանին՝ մենք հակադիր կողմերում ենք»,- նշել է Լևինը: Նույն թեմայով «Ջըրուսալեմ փոստին» տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է. «ԱՄՆ հրեաներն օգնել են Ադրբեջանին Վաշինգտոնում լոբբինգ կազմակերպելու հարցում, և այդ օգնությունը շատ կարևոր է»: Թերթը գրում է, որ դա, մասնավորապես, դրսևորվեց Կոնգրեսում՝ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնությունը սահմանափակող հայտնի 907-րդ կետի կասեցման դեպքում: Այս առումով կարևոր են նաև ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր 1918թ. Ադրբեջանի ներկայիս Ղուբայի շրջանում հայկական ջոկատների կողմից զանգվածաբար սպանվել են տեղի հրեաներ: Ղուբայի շրջանում հայտնաբերվել են մարդկանց զանգվածային թաղման վայրեր: Ադրբեջանական իշխանությունները նախատեսում են այստեղ հիմնել «ցեղասպանության թանգարան»: Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմին ձգտում են մեղադրել հրեաներին զանգվածաբար ոչնչացնելու մեջ: Մեծ եղեռնի հարցում ժխտողական գիծ վարող պաշտոնական Անկարայի պատմաբանները նշում են «Օսմանյան շրջանում Թուրքիայի տարածքում հայերի կողմից 100 հազար հրեաների բնաջնջման մասին»: Միանշանակ է միտումը՝ նման մարտավարությամբ իրենց կողմը գրավել միջազգային և, մասնավորապես, ԱՄՆ հրեական կառույցները՝ այսպիսով խոչընդոտելով մասնավորապես Կոնգրեսում Եղեռնի օրինագծերի հնարավոր առաջընթացին: «100 հազար հրեաների հնարովի ցեղասպանության» թեմային ժամանակին անդրադարձել է պատմաբան Վահագն Դադրյանը: Մայիսի 14-ին Բաքվում Իսրայելի դեսպան Արթուր Լենքի կողմից կազմակերպվել է Ադրբեջանում աշխատող 11 պետությունների դեսպանատների ներկայացուցիչների այց Ղուբայի շրջան, մասնավորապես՝ «Կրասնայա Սլոբոդա» ավան, որտեղ բնակվում են մոտ 4 հազար լեռնցի հրեաներ: Տեղի հրեական համայնքի ղեկավար Բորիս Սիմանդուևը (ապրիլին մեկնել էր Իսրայել «ԱզԻս» կառույցի հիմնադրման արարողությանը) հայտարարել է, որ իրենք խտրականությունների հետ չեն բախվում, իսկ «իրենց անհանգստացնող խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումն է»: Դեսպան Լենքն առավել խուսափողաբար նշել է, որ Ղուբայում հայտնաբերված եղբայրական գերեզմանի վերաբերյալ կարծիք կարող է հայտնել ուսումնասիրությունների ավարտից հետո:

Ադրբեջանի «Սահմանադրություն» հիմնադրամի տնօրեն Ալիահմեդ Նուրիևը հայտարարել է, որ նավթի դիմաց Ադրբեջանն Իսրայելից պետք է պահանջի օժանդակություն լոբբինգի հարցերում և հնարավորություն աշխատել նորագույն տեխնոլոգիաների հետ (այդ թվում նաև ռազմական), խորացնի գործընկերությունն անվտանգության ոլորտում: Ըստ մամուլի՝ մասնավորապես անվտանգության ասպարեզում հարաբերությունների որոշակի զարգացում է սկսվել 1998թ. վարչապետ Բենյամին Նաթանյահուի Բաքու այցից հետո: Մեկ տարի անց Ադրբեջանում է գտնվել Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը:

Ադրբեջան Իսրայել գործակցությունը զարգանում է նաև գյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում: Ադրբեջանում իրականացվում է իսրայելական «Մաշավ» բարեգործական ծրագիրը: Այն Իսրայելի ԱԳՆ վերահսկողությամբ իրականացվող ծրագիր է՝ ուղղված զարգացող պետությունների գյուղատնտեսության և առողջապահության զարգացմանը: Ծրագրի շրջանակում 2003թ. Իսրայելի բժիշկներն անհատույց 19 վիրահատություններ և խորհրդակցություններ են անցկացրել Ադրբեջանում, հատկացվել է $10 հազար տեխնիկական օժանդակություն: Կազմակերպվել է առողջապահության, գյուղատնտեսության և տնտեսության ոլորտի 30 մասնագետների վերապատրաստումն Իսրայելում:

Ըստ որոշ տվյալների՝ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվում են մի քանի իսրայելական գաղտնալսող կայաններ, որոնք գործածվում են Իրանի դեմ: Այս մասին նշված է ԱՄՆ «Վաշինգտոնի ինստիտուտի» Թուրքական հետազոտական ծրագրի աշխատակից, ազգությամբ թուրք Սյոներ Չաղափթայի մի հոդվածում: Ըստ թուրք վերլուծաբանի՝ կայանների վերաբերյալ ԻԻՀ-ում տեղյակ են, և թեման երկկողմ որոշակի լարվածության պատճառներից մեկն է: Բացի նշված թուրք վերլուծաբանի հոդվածից, այս թեմայով այլ հրապարակումներ առայժմ չեն հանդիպել:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր