• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2008

ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սուրեն Մովսիսյանի հետ

EnglishРуский

   

Suren_Movsisyan (original)- Ինչո՞վ է այժմ արտահայտվում Ղարաբաղյան հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը», և ի՞նչ նշանակություն ունի այն կարգավորման գործընթացի համար:

- Այսօր գոյություն ունեցող որևէ հակամարտություն չի կարող վերջնական լուծում ունենալ, եթե չկա աշխարհաքաղաքական հավասարակշռություն: Հետևաբար, աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեծ դեր ունի նաև Ղարաբաղյան հակամարտության համար: Այսօր, թեպետ ԱՄՆ-ի կողքին հզորանում են նաև Չինաստանն ու Ռուսաստանը, աշխարհը դեռևս որոշ չափով շարունակում է մնալ միաբևեռ: Որքան արագ զարգանան այդ երկրները, այնքան շատ կկարողանան ազդել աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա: Խնդիրն այն է, որ ցանկացած հակամարտության մեջ պետությունները հետապնդում են իրենց շահերը: Ղարաբաղյան հակամարտության դեպքում էլ հզոր երկրներից յուրաքանչյուրն (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ունի իր շահը: Եվ եթե այդ պետությունների միջև հավասարակշռությունը խախտված է, ապա դա ազդում է հակամարտության վրա. գերիշխող պետությունը փորձում է թելադրել իր շահերը: Այս պայմաններում հակամարտության կարգավորման հարցում համաձայնություն լինել չի կարող: Իմ կարծիքով, Ղարաբաղյան և ընդհանրապես ցանկացած հակամարտության կարգավորումը մեծապես կախված է հենց աշխարհաքաղաքական հավասարակշռությունից:

- Ի՞նչ գլխավոր հետևությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային օրենքներից:

- Կոսովոյի ճանաչումն արդեն իսկ բացառություն է ընդունված օրենքներից: Թեպետ միջազգային իրավունքում կա և՛ ազգերի ինքնորոշման, և՛ տարածքային անձեռնմխելիության սկզբունքը, սակայն, մինչև հիմա կիրառվել է միայն երկրորդը, քանի որ առաջինի նախադեպ չի եղել: Նախքան Կոսովոյի ճանաչումը հակամարտությունները կարգավորվել կամ չեն կարգավորվել, սառեցվել կամ այլ ընթացք են ստացել: Հիմա խախտվել են աշխարհում ընդունված խաղի կանոնները, և պարզ չէ` ինչ կլինի: Սա շատ լուրջ և վտանգավոր մարտահրավեր է, քանի որ, փաստորեն, երկու հակասող սկզբունքներն էլ դառնում են կիրառելի, և հակամարտությունների կարգավորման որևէ որոշման հանգելը կրկնակի բարդանում է: Իսկ նման հակամարտություններ աշխարհում շատ կան, և այս նախադեպը կարող է հիմք լինել մնացածների համար: Ես չեմ կարծում, թե Կոսովոյի ճանաչումը դրական ազդեցություն կունենա:

- Ձեր կարծիքով` միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, և ո՞րն է այժմ հայկական կողմի համար միջազգային միջնորդության լավագույն ձևաչափը:

- Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք լինել անգամ չի կարող: Իմ կարծիքով` Հայաստանը պետք է ձգտի ընդլայնել իր ներգրավվածությունը Եվրամիության ծրագրերում և այլ ելք չունի, քան աշխատել որքան հնարավոր է սերտ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ: Միջնորդի ընտրությունը հակամարտության կողմերինն է: Կողմերը, սովորաբար, նախընտրում են ունենալ այնպիսի միջնորդ, որոնց հետ ունեն պատմական, մշակութային և տնտեսական կապեր` հույս ունենալով, որ դա կօգնի իրենց շահերի պաշտպանության ժամանակ: Այսօր Ռուսաստանն, օրինակ, շատ լավ միջնորդ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Հայաստանին շատ ձեռնտու է Ֆրանսիայի միջնորդությունը: Հետաքրքիր փորձառություն կլիներ նաև Իրանի ընդգրկումը միջնորդների կազմում: Իսկ Ադրբեջանին, հավանաբար, ավելի նախընտրելի է Թուրքիայի միջնորդությունը: Նույնը ԱՄՆ-ի դեպքում է, քանի որ թուրքական և հրեական լոբբին մեծ ազդեցություն ունի Նահանգներում:

- Երկու մոտեցում կա աշխարհաքաղաքականության նշանակության հարցում. առաջին` ոչինչ կախված չէ հակամարտության կողմերից, և կարգավորում կլինի այն ժամանակ, երբ դա ձեռնտու կդառնա գերտերություններին: Եվ երկրորդ կարծիքը, որ կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից, և կարգավորմանը խոչընդոտող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար վերապահումներ են կողմերի համար: Ձեր կարծիքով` այս երկու բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավոր:

- Ղարաբաղյան հակամարտության դեպքում երկու կարծիքներն էլ հիմնավոր են: Ուստի, ես կառաջարկեի երրորդ կարծիքը, որը երկուսի համադրումն է. հակամարտության կարգավորումը մեծապես կախված է գերտերություններից և հնարավոր չէ առանց հակամարտության կողմերի համաձայնության: Մեկն առանց մյուսի չի լինում:

- Ըստ Ձեզ` ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական և մերձդնեստրյան հակամարտությունների միջեւ:

- Հիմնական տարբերությունն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի «հայր պետություն»` ի դեմս Հայաստանի, որը ներկայացնում է Ղարաբաղի շահերը միջազգային հանրությունում: Դա լավ է Ղարաբաղի համար: Ո՛չ աբխազական, ո՛չ հարավօսական և ո՛չ էլ մերձդնեստրյան նորաստեղծ չճանաչված պետությունները չունեն իրենց «Հայաստանը»: Տարբերություն է նաև այն, որ Ղարաբաղյան հակամարտության պատերազմական փուլում զոհեր անհամեմատ շատ են եղել, քան մյուս հակամարտությունների դեպքում: Իսկ ընդհանրությունն այն է, որ բոլոր այդ պետություններն էլ առանձնացել են և ձգտում են հիմնել իրենց պետականությունը:

Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոն www.hetq.am

Նյութը պատրաստվել է Բրիտանական “Conciliation Resources” կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում


դեպի ետ