ԼԻԲԱՆԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Դեռեւս 1970-ականներից Լիբանանում իսլամադավանների, հատկապես շիաների թվաքանակի կտրուկ աճը, նրանց քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ակտիվությունը, խախտեցին 1943թ. «Ազգային դաշինքով» կրոնադավանական համայնքների միջեւ ձեռք բերված փխրուն հավասարակշռությունը: Ուժերի նոր հարաբերակցությունը, որ այսօր առկա է Լիբանանում, իր պատշաճ արտացոլումը դեռեւս չի գտել կրոնադավանական համակարգում, չնայած 1989թ. Տաիֆի համաձայնագրով դրանում որոշ փոփոխություններ արվեցին: Արդյունքում` շիական «Հիզբալլահ» շարժումն այսօր ձեռնոց է նետում «Ազգային դաշինքով» իսլամադավան համայնքների շարքում ամենաազդեցիկը համարվող սուննի համայնքին: Մյուս կողմից, այն հմտորեն օգտագործում է ներկայումս մարոնիական համայնքում առկա հակասությունները: Դրա վառ ապացույցն է մարոնի գեներալ Միշել Աունի հետ «Հիզբալլահի» ռազմավարական դաշինքը:
Լիբանանի ներքաղաքական հակասությունների հերթական սրումը կապված է 2008թ. մայիսի սկզբի իրադարձությունների հետ, երբ Լիբանանի աշխատավորների համադաշնության կազմակերպած գործադուլը վերաճեց զինված ընդհարման, մի կողմից` կառավարության կողմնակիցների (Սաադ Հարիրիի գլխավորած «Մուսթակբալ» շարժում եւ Վալիդ Ջումբլատի ղեկավարած Առաջադիմական-սոցիալիստական կուսակցություն), մյուս կողմից` ընդդիմադիր ուժերի, հիմնականում «Հիզբալլահ» շարժման զինյալների միջեւ:
Բախումները բռնկվեցին արեւմտյան Բեյրութում, ապա ընդգրկեցին հյուսիսային Լիբանանը, Բեքաայի հովիտը եւ Լեռնալիբանանը: Ընդդիմությունը շատ արագ իր վերահսկողությունը հաստատեց արեւմտյան Բեյրութում եւ Լեռնալիբանանի որոշ շրջաններում: «Հիզբալլահի» զինված մարտիկները փակեցին նաեւ դեպի Բեյրութի միջազգային օդանավակայան եւ նավահանգիստ տանող մայրուղիները: Այս ամենին զուգահեռ երկրի կառավարության որոշմամբ պետական, մասնավոր եւ հասարակական հաստատությունների անվտանգության ապահովումը հանձնվեց բանակի զորամիավորումներին:
Իր վերահսկողությունը սահմանելու ընթացքում բանակը դրսեւորում էր խիստ զգուշավորություն` բախումների մեջ ներքաշվելուց խուսափելու նպատակով: Նշենք, որ լիբանանյան բանակը եւս ունի կրոնադավանական կառուցվածք:
Մայիսի 5-ին Լիբանանի կառավարությունն ընդունեց երկու որոշում, որոնց համաձայն` պաշտոնանկ արվեց «Հիզբալլահը» ներկայացնող Բեյրութի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավարը, ինչպես նաեւ վերահսկողություն սահմանվեց «Հիզբալլահի» հաղորդակցային ցանցի նկատմամբ: Այս որոշումների ընդունումը դարձավ զինված բախումների բռնկման առիթ:
Ոչ պաշտոնական պայմանավորվածության համաձայն` թե՛ ընդդիմադիր եւ թե՛ կառավարամետ քրիստոնեական ուժերը, այդ թվում նաեւ լիբանանահայ քաղաքական կուսակցությունները, համաձայնության էին եկել չներքաշվել քաղաքացիական բախումների մեջ:
Մայիսի 9-ին Լիբանանում գործող լիբանանահայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպման ընթացքում որոշում ընդունվեց հակամարտող կողմերից որեւէ մեկին չպաշտպանելու եւ նրանց միջեւ երկխոսության հաստատմանը նպաստելու վերաբերյալ: Համայնքը հավատարիմ մնաց դեռեւս 1975թ. բռնկված երկրորդ քաղաքացիական պատերազմի ընթացքում որդեգրած դրական չեզոքության քաղաքականությանը:
Վերջին յոթ ամիսների ընթացքում բավական ակտիվացել էին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) շրջանակներում լիբանանյան ճգնաժամի կարգավորմանն ուղղված արաբական ջանքերը: Լիբանանում զինված բախումների խորացումն ու հնարավոր քաղաքացիական պատերազմի բռնկումը կանխելու նպատակով, մայիսի 11-ին Կահիրեում ԱՊԼ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կազմավորվեց հանձնախումբ, որի ղեկավարումը ստանձնեց Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Համադ բեն Ջասեմ բեն Ջաբար Ալ-Թանին: Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ երկարատեւ եւ լարված բանակցություններից հետո հանձնախմբին հաջողվեց որոշակի հաջողությունների հասնել:
Վերաբացվեց Բեյրութի միջազգային օդանավակայան տանող երթեւեկությունը, օդանավակայանի վերահսկողությունն առժամանակ դրվեց լիբանանյան բանակի վրա, ինչպես նաեւ վերականգնվեց Բեյրութի նավահանգստի գործունեությունը: Հակամարտող կողմերը համաձայնության եկան զինված բախումները դադարեցնելու, ինչպես նաեւ պայմանավորվեցին ԱՊԼ-ի հովանու ներքո բանակցությունները Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակելու վերաբերյալ:
Կրակի դադարեցմանը մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ ԱՊԼ հանձնախմբի հորդորով Լիբանանի կառավարությունը չեղյալ հայտարարեց մայիսի 5-ին ընդունած իր որոշումները: Արդյունքում` «Հիզբալլահի» ներկայացուցիչը պահպանեց միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, «Հիզբալլահի» հաղորդակցային ցանցը կրկին դուրս մնաց կառավարության վերահսկողությունից: «Հիզբալլահը» ոչ միայն չմեկուսացվեց, այլ նաեւ վերահաստատեց Լիբանանի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը լինելու իր կարգավիճակը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Սաուդ Ալ-Ֆեյսալը մայիսի 13-ին տված ասուլիսում լիբանանյան բոլոր ուժերին կոչ արեց աջակցել ԱՊԼ ջանքերին եւ գնալ համալիբանանյան քաղաքական երկխոսության ճանապարհով: Ալ-Ֆեյսալը կրկին դիմեց տարածաշրջանային ուժերին (բնականաբար, հասցեատերերը Սիրիան եւ Իրանն էին)` կոչ անելով հարգել Լիբանանի անկախությունն ու ինքնիշխանությունը, դադարել միջամտել նրա ներքին գործերին, հրաժարվել միջհամայնքային հակասություններ հրահրելուց եւ թույլ տալ Լիբանանին ինքնուրույն լուծել սեփական խնդիրները:
Մայիսի 21-ին Կատարի մայրաքաղաքում հայտարարվեց ԱՊԼ հովանու ներքո լիբանանյան «ազգային երկխոսության» «հաջող ավարտի» մասին: «Երկխոսության» մասնակիցներն ընդունեցին «Դոհայի համաձայնագիրը»:
Համաձայնագրի առաջին կետով` խորհրդարանի խոսնակը պետք է հրավիրեր խորհրդարանի նիստ, որում նախագահ էր ընտրվելու համաձայնեցված թեկնածու, Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Միշել Սուլեյմանը: Խորհրդարանի նիստի գումարման պատասխանատվությունը դրվեց «Ամալ» շարժման ղեկավար եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի վրա, որը ներկայացնում է լիբանանյան ընդդիմությունը:
Համաձայնագրի երկրորդ կետը նախատեսում էր, որ նախագահի ընտրություններից հետո պետք է կազմավորվի 30 նախարարից կազմված «ազգային միասնության» կառավարություն, որում 16 նախարարական տեղ կստանա իշխող մեծամասնությունը, 11 տեղ` ընդդիմությունը, երեք նախարար կնշանակի նախագահը:
Մայիսի 22-ին Լոնդոնում լույս տեսնող սաուդյան «Շարկ ալ-աուսատ» պարբերականին տված իր հարցազրույցում Լիբանանի իշխող մեծամասնության ղեկավար Սաադ Հարիրին ընդգծեց լիբանանյան ճգնաժամի կարգավորման գործում Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի նեծ ներդրումը: Նա նշեց նաեւ, որ այսուհետ եւս վերոնշյալ երկրները կարեւոր դեր են խաղալու լիբանանյան գործերում: Այս փաստը դժգոհություն առաջացրեց Սիրիայում, որը Լիբանանը մշտապես համարում է «պատմական Սիրիայի» անբաժան մաս եւ իր ազդեցության գոտի: 2005թ. Լիբանանից սիրիական զորամիավորումների դուրսբերումից հետո Դամասկոսը հմտորեն օգտագործում է Սիրիա– Իրան–«Հիզբալլահ» ռազմավարական համագործակցությունը` անուղղակիորեն ազդելով ներլիբանանյան զարգացումների վրա:
Համաձայնագրի երրորդ կետը վերաբերում է նոր ընտրական օրենքի ընդունմանը, որի մշակումը հանձնարարվեց «ընտրական օրենքի պատրաստման ազգային հանձնաժողովին»: Այն ղեկավարելու է իշխող մեծամասնության նախարարներից մեկը:
Համաձայնագիրը նախատեսում է նաեւ քաղաքական նպատակների իրագործման հարցում հրաժարում զենքի օգտագործումից եւ պետության դերի ամրապնդում Լիբանանի ներքին կյանքում:
Շուրջ յոթ ամիս շարունակվող հակամարտության, ապա նաեւ արյունալի բախումներից հետո (նշենք, որ մայիսին կառավարության կողմնակիցների եւ «Հիզբալլահի» միջեւ բախումներում զոհվեց 65 մարդ. դրանք ամենախոշոր բախումներն էին 1990թ. երկրորդ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո) Լիբանանի խորհրդարանը մայիսի 25-ին նախագահ ընտրեց Միշել Սուլեյմանին: Իշխող մեծամասնությունը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրեց Ֆուադ Սինիորայի թեկնածությունը, որին էլ մայիսի 28-ին նոր նախագահը հանձնարարեց «ազգային միասնության» կառավարության ձեւավորումը:
Այս ամենը հույս է ներշնչում, որ Լիբանանը հնարավորություն ունի վերադառնալ հարաբերական կայունության շրջան: Կրոնահամայնքային կառավարման համակարգ ունեցող այս երկրում, որտեղ բախվում են տարածաշրջանային եւ միջազգային ուժերի շահերը, պետական իշխանության թուլության պայմաններում քաղաքական ճգնաժամերը նրա պատմական զարգացման անբաժան մասն են: Թեեւ Միշել Սուլեյմանի ընտրությունը վերջ դրեց երկրում 2007թ. նոյեմբերից շարունակվող նախագահական վակուումին, սակայն վերջինիս դիրքերը բավական խոցելի են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր նախագահը պետք է խուսանավի լիբանանյան քաղաքականության տարբեր բեւեռների միջեւ` դառնալով յուրահատուկ հավասարակշռող գործոն:
Ակնհայտ է, որ Լիբանանում ընթացող զարգացումները նաեւ մերձավորարեւելյան հակամարտության դեռեւս չկարգավորված լինելու հետեւանք են: Փաստենք, որ Իսրայելի եւ Սիրիայի միջեւ ցանկացած հնարավոր խաղաղություն իր ուղղակի անդրադարձը կունենա մերձավորարեւելյան տարածաշրջանի, այդ թվում նաեւ Լիբանանի վրա: Այդ հանգամանքը ոչ միայն կարող է թուլացնել Իրանի եւ Սիրիայի անուղղակի ազդեցությունը լիբանանյան գործերում, այլ նաեւ կարող է արագացնել «Հիզբալլահի» ռազմական թեւի վերացման եւ նրա` քաղաքական կուսակցության վերակազմավորման գործընթացը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ[30.07.2007]
- Զարգացումներ պաղեստինյան ինքնավարությունում[12.03.2007]
- Լիբանանյան զարգացումներ[29.01.2007]