Իրանի միջուկային խնդրի ուժային լուծման հնարավորությունը


Փետրվարի 5-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը լրագրողներին հայտարարեց, թե ինքը լիովին հավանական է համարում Իրանի դեմ ռազմական գործողության անցկացումը, որպեսզի վերջ դրվի նրա միջուկային ծրագրին և բացառվի Թեհրանի մոտ ատոմային ռումբի հայտնվելը: Պենտագոնի ղեկավարը սուր քննադատության ենթարկեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտահայտությունները, որը Թեհրանում նախորդ տարվա հոկտեմբերին ելույթ ունենալով «Աշխարհն առանց սիոնիզմի» կոնֆերանսում` հայտարարեց հետևյալը. «Անտարակույս է, որ սիոնիստական վարչակարգի դեմ պաղեստինյան ժողովրդի պայքարի նոր ալիքը կբարձրացնի իսլամի բոլոր հետևորդների բարոյական ոգին և շուտով իսլամական աշխարհից ընդմիշտ կջնջի այդ ամոթի խարանը` Իսրայելը»: Ռամսֆելդը նշեց. «Ցանկացած կառավարություն, որը պնդում է, թե Իսրայելն իրավունք չունի գոյատևելու, հայտարարում է ապագայում իր հնարավոր գործողությունների մասին»: Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը նաև հասկացրեց, որ Իրանի միջուկային պատրաստություններն անմիջական սպառնալիք են հանդիսանում Իսրայելի համար:
* * *
Ռամսֆելդի կարծիքի հետ լիովին համաձայնեց Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Բիլ Ֆրիսթը: Կանզաս Սիթիում անցկացված Միսսուրի նահանգի հանրապետականների կոնֆերանսում սենատորը ԶԼՄ ներկայացուցիչներին հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում ԱՄՆ Կոնգրեսը կպաշտպանի Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը: «Մենք չենք կարող թույլ տալ Իրանին` դառնալ մի երկիր, որը տիրապետում է միջուկային զենքի: Մեզ հարկավոր է դիմել դիվանագիտական պատժամիջոցների: Եթե այն չգործի, ապա` տնտեսական պատժամիջոցների: Եթե դա էլ չօգնի` անհրաժեշտ է դիտարկել ռազմական ուժի օգտագործման հնարավորությունը»,– ասաց Ֆրիսթը: Այն հարցին, թե կբավարարի, արդյոք, Կոնգրեսի անդամներին քաղաքական կամք` հավանություն տալու Իրանին հարված հասցնելուն, Սենատի մեծամասնության ղեկավարը պատասխանեց. «Անշուշտ, այո՛»:
Ռազմական գործողության անցկացման օգտին են հանդես գալիս նաև ամերիկյան մյուս օրենսդիրները: Այսպես, Քոնեքթիքութ նահանգից դեմոկրատ սենատոր Ջո Լիբերմանը, նշելով, որ ԱՄՆ Զինված ուժերը հանդիսանում են աշխարհում ամենահզորներից մեկը, հայտարարեց, թե, չնայած Իրաքում, Աֆղանստանում և աշխարհի այլ տարածաշրջաններում ռազմական գործողությունների անցկացմանը, Միացյալ Նահանգներն ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները` Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու համար:
Լիբերմանի հետ համակարծիք է նաև նրա գործընկերը` Արիզոնա նահանգից սենատոր Ջոն Մակքեյնը, որը համարվում է Հանրապետական կուսակցությունում ազդեցիկ դեմք և նախագահի պաշտոնի ենթադրյալ թեկնածու: «Չի կարելի շեշտել նման ռազմական գործո-ղության արդյունավետությունը, բայց այն պետք է լինի այդ խնդրի լուծման բացարձակապես վերջին տարբերակը: Դրանից առավել վատ կլինի թույլատրել Իրանին` ձեռք բերել միջուկային զենք: Նրա ռազմական զինանոցում արդեն իսկ կան հրթիռներ, որոնք կարող են լիցքավորվել մարտագլխիկներով»,–ընդգծել է Մակքեյնը: Նա նաև նշել է, որ հասկանում է տվյալ հարցով Թել Ավիվի անհանգստությունը, հատկապես եթե հաշվի առնվի Իրանի նախագահի հայտարարությունը Իսրայելը երկրի երեսից ջնջելու մտադրության մասին:
Այնուամենայնիվ, ռազմական ուժի գործադրման համար վերջին խոսքը պատկանում է ամերիկյան զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին` ԱՄՆ նախագահին: Իսկ Ջորջ Բուշը Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևի ընդունումից հետո ասաց, որ «միջազգային ընկերակցությունը Իրանին թույլ չի տա իր տնօրինության տակ ունենալ միջուկային զենք»:
Ընդ որում` ի տարբերություն 2003թ. իրաքյան կամպանիայի նախօրեի, Վաշինգտոնի մտահոգությունը` պայմանավորված Իրանի միջուկային ամբիցիաներով, կիսում են արևմտաեվրոպական առաջնորդները: Այսպես, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վտանգը համեմատել է նացիստական Գերմանիայից եկած սպառնալիքի հետ: Նա հարկ համարեց հիշեցնել, որ Գերմանիայում, ֆաշիստական վարչակարգի հաստատման սկզբնական շրջանում, միջազգային ընկերակցությունն ակնհայտորեն թերագնահատեց նրանից ելնող վտանգի աստիճանը: «Հետադարձ հայացք գցելով Գերմանիայի պատմությանը` անցած դարի 30-ականների սկզբին, երբ նացիոնալ-սոցիալիստական շարժումը նոր էր միայն սկսվում, Գերմանիայի սահմաններից դուրս շատերն ասում էին, թե դրանք սոսկ բառեր են, չարժե անհանգստանալ»,–նշել է Մերկելը:
* * *
2004թ. վերջին ամերիկյան «Atlantic Monthly» հայտնի հանդեսն անցկացրեց իմպրովիզացված «ռազմական խաղ»` երեք ժամ տևողությամբ, որը իմիտացնում էր Իրանին հարվածելու ուղղությամբ Միացյալ Նահանգների նախապատրաստությունների տարբեր փուլերը: «Խաղի» սցենարը մշակել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) նախկին գնդապետ Սեմ Հարդիները, որը երկար տարիներ ռազմական մոդելավորում էր դասավանդում Ազգային ռազմական քոլեջում և Ամերիկայի մի շարք ուրիշ համանման ուսումնական հաստատություններում: Այս պաշտոնաթող սպան ժամանակին անմիջական մասնակցություն էր ունեցել Իրաքում պատերազմի մոդելավորմանը:
Բացի Հարդիներից, որը սցենարով հանդես էր գալիս նախագահի վարչակազմի ղեկավարի դերում, «ռազմական խաղին» մասնակցում էին նաև մի քանի գիտնականներ, որոնք հանդիսանում էին Մերձավոր Արևելքի գծով փորձագետներ և տարբեր ժամանակներում իրանական խնդրի զանազան կողմերին առնչվող տվյալների անմիջական պատրաստողներ:
Ըստ մտահղացման, ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի տեղակայման և Իրանին օդից հարվածելու համար առաջարկվում էր օգտագործել Ադրբեջանի տարածքը: Բացի այդ, նախատեսվում էր գրոհների կազմակերպում Իրաքում, Աֆղանստանում, ինչպես նաև Մեծ Մերձավոր Արևելքի այլ երկրների տարածքներում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններից:
Մտահղացված գործողության իրականացման համար ծրագրվել էր գործի դնել նաև Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական օդակայանները: Սակայն ԱՄՆ ՌՕՈՒ բազավորման այս կետերը նախապես հարկավոր էր լուրջ վերակառուցել, որպեսզի նրանց վրա կարողանան վայրէջք կատարել իրանյան գործողությանը մասնակցող ամերիկյան ռազմական ու տրանսպորտային ինքնաթիռները: Այդ կապակցությամբ առաջարկվում էր դրանց արդիականացման աշխատանքների կատարման համար հատկացնել 700 մլն դոլար:
Հարկ է նշել, որ Պենտագոնի որոշ փորձագետներ բավական բարձր են գնահատել հանդեսի անցկացրած «ռազմական խաղի» արդյունքները:
* * *
Նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարարությունում բաց քննարկվեց Իրանին «կանխարգելիչ հարված» հասցնելու հնարավորությունը: Համաձայն Իսրայելի զինվորականների հայտարարությունների, նման մտադրությունները պայմանավորված են նրանով, որ արդեն 2006թ. մարտին Թեհրանն ընդունակ է սկսել արդյունաբերական ուրանի հարստացումը, իսկ 2-3 տարի հետո նրա մոտ կհայտնվի միջուկային զենք:
Այսպես, 2005թ. դեկտեմբերի 11-ին հրեական պետության ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ամոս Հիլադը հայտարարեց, թե ինքը «չի բացառում Իրանին հարվածելու հնարավորությունը, եթե երկիրը շարունակի միջուկային զենքի մշակումը»:
Շատ փորձագետներ ուշադրություն են դարձնում Իսրայելի կողմից Իրանի դեմ սահմանափակ ռազմական գործողության անցկացման մեծ հավանականության վրա: Նրա նպատակը, անտարակույս, լինելու է ոչ թե երկրի օկուպացումը, այլ սոսկ իրանական միջուկային օբյեկտների ոչնչացումը: Ընդ որում` մասնագետները կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, նման «կանխարգելիչ գործողությունը» կիրականացվի միայն իսրայելական զորքերի կողմից. ընդ որում` Թել Ավիվն այդ քայլին կդիմի առանց ՄԱԿ որևէ թույլտվության: Տվյալ գործողությունը, որի ծրագրման իրական լինելու մասին 2005թ. վերջին եվրոպական թերթերը շատ են գրել, հազիվ թե ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից լրջորեն դատապարտվի:
12 փետրվարի, 2006թ.«Независимое военное обозрение»
դեպի ետ