
ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Մինչև Սիրիայում արյունալի դիմակայությունն սկսվելը, այդ երկրի տարածքում քրիստոնյաներն իրենց եթե ոչ արտոնյալ, ապա գոնե ընդունելի էին համարում։ Սիրիայում քրիստոնյաները կազմում էին բնակչության 10-12%-ը, ինչը շատ ավելին էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվաքանակի միջին ցուցանիշից (5%): Բացի այդ, Սիրիան հարուստ է սրբատեղիներով, հնագույն վանքերով ու տաճարներով, իսկ Դամասկոսն ուղենշային քաղաք է բոլոր քրիստոնյաների համար։ Սիրիան ոչ միայն աշխարհիկ արաբական նացիոնալիզմի և Արևմուտքի թելադրանքին դիմակայելու բաստիոնն է, այլև մերձավորարևելյան քրիստոնեության վերջին հենակետերից մեկը (Պաղեստինի հետ մեկտեղ), որին ներկայում լրջորեն սպառնում են արմատական իսլամիստները։
Սիրիայում պայքարը Բաշար Ասադի և քաղաքական զինված խմբավորումներից բաղկացած նրա հակառակորդների միջև տեղափոխվել է դավանաբանական ոլորտ։ Ընդդիմության կողմում մարտնչում են «Ջաբաթ ալ-Նուսրա»-ի՝ «Ալ-Քաիդայի» ճյուղերից մեկի զինյալները, ինչպես նաև «Մուսուլման եղբայրները»։ Ասադի շատ հակառակորդներ արդեն չեն քողարկվում դեմոկրատների ու լիբերալների շղարշով՝ բացահայտորեն խոսելով Սիրիայում իսլամական պետության ստեղծման մասին։ Համապատասխան տեսագրություն է հրապարակվել, օրինակ, France-Press գործակալության կողմից։ Շիաները, ալավիները և այլ դավանանքների հետևորդները, որոնք, զինյալների կարծիքով, կապված են Բաշար Ասադի կառավարության հետ, դաժան ճնշման են ենթարկվում, իսկ նրանց ներկայացուցիչները հաճախ ֆիզիկապես ոչնչացվում են։
Հատկապես ծանր է (առաջին հերթին՝ իր անմիանշանակության պատճառով) Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության դրությունը, որը մինչև զինված դիմակայության սկիզբը կազմում էր երկրի բնակչության մոտավորապես 10%-ը։ Քրիստոնյաներին արմատական իսլամիստները մի կողմից ընկալում են որպես «արևմտյան ազդեցության կամակատարներ», մյուս կողմից էլ՝ որպես Բաշար Ասադի իշխող ռեժիմի դաշնակիցներ։ Այն փաստը, որ ընդդիմությունն ինքն էլ է ստանում Արևմուտքի աջակցությունը, քրիստոնյաներին չի փրկում։
Թերևս, որպես «ամենաարևմտամետ» քրիստոնեական համայնք Սիրիայի տարածքում համարվում են կաթոլիկները՝ «հույները», մելկիտները կամ «լատինները» (լատինածես կաթոլիկները)։ Հնարավոր է՝ այս պատճառով են իսլամիստները նոյեմբերին պղծել սուրբ Սերգիի և Վակհի հնագույն տաճարը Կարա քաղաքում՝ այնտեղից գողանալով հնագույն սրբապատկերներ, ձեռագրեր և անգամ հոգևորականների հանդերձանքը։ Ավազակները փորձել են իրենց հետ տանել նաև 12-րդ դարով թվագրվող «Մադոննա դել Լատե» որմնանկարը, ընդ որում՝ նրանց չի շփոթեցրել արվեստի այդ ստեղծագործությունը պատից պոկելու աշխատատարությունը։ Միայն քաղաքի բնակիչների վճռական դիրքորոշումն է ստիպել զինյալներին վերադարձնել գողոնի գոնե մի մասը։ Վանդալիզմը քրիստոնյաների հանդեպ սիրիական ահաբեկիչների սիրելի «զբաղմունքն» է դարձել։ Օրինակ, այդ նույն կաթոլիկները տուժել են 2012թ. սեպտեմբերի 20-ին. այդ օրը Հոմս քաղաքում հրդեհվել է արքեպիսկոպոսի նստավայրը։ (Լուսանկարում՝ Սիրիական ազատ բանակի զինյալը, մի ձեռքում պահելով գողացված խաչն ու մյուս ձեռքում՝ ինքնաձիգը, հոգևորականի հանդերձանք հագած՝ կանգնած է թաղման կարգ կատարող մեքենայի ֆոնին Հոմսի քրիստոնեական տաճարի պղծումից հետո)։
Ամենայն հավանականությամբ, այդ նույն «արևմտամետության» համար սեպտեմբերի 24-ին առևանգվեցին նաև 240 մելկիտներ Ռաբլեհ գյուղից ոչ հեռու։ Այդ պատմությունը պատանդների համար ավելի լավ ավարտվեց, քան կարելի էր սպասել. տեղի բնակիչներին, նրանց հարազատներին ու հարևաններին հաջողվեց պայմանավորվել առևանգիչների հետ և ազատել ամբողջ խմբին։ Հազիվ թե արժե զարմանալ զգալի չափով կաթոլիկ Արևմուտքի՝ այդ դավանանքի անգամ պաշտոնական ներկայացուցիչների «անսպասելիորեն» բացասական արձագանքից ապստամբների ակտիվության հանդեպ։ Այսպես, սուրբ Հակոբ վանքի վանամայր, կաթոլիկ միանձնուհի Ագնես-Մարիամ դը լա Կրուան համաշխարհային հանրության առջև հանդես է գալիս ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներով։ Միանձնուհին դատապարտում է արմատական իսլամիստների կամայականությունները, բարբարոսությունն ու դաժանությունը։ Դը լա Կրուան առաջին անգամ հիրավի հանրահայտ դարձավ արևմտյան լրատվամիջոցների տեղեկատվության մերկացմամբ, որոնք Խուլա քաղաքի կոտորածի համար պատասխանատվությունը գցում էին Բաշար Ասադի վարչակազմի վրա։ Ինքը՝ մելկիտների պատրիարք Գրիգորի III Լահամն է դեռ 2012թ. ամռանը արևմտյան ԶԼՄ տեղեկությունների 80%-ը Սիրիայում տիրող իրավիճակի մասին կեղծիք անվանել։ Պատրիարքը նշել է նաև, որ ընդդիմության առաջադրած՝ ազատության և ժողովրդավարության կարգախոսներն ավելին չեն, քան քողածածկույթ, որի հետևում թաքնվում են արմատական իսլամիստները՝ շիական պետություն կառուցելու երազանքներ փայփայելով։ Նորին սրբազնությունը հետևողականորեն մերկացնում է Սիրիայի իրավիճակին միջամտող Արևմուտքի երկրներին, ի լուր աշխարհի խոսում այն մասին, որ դրանք են ֆինանսավորում և զինում ընդդիմադիր զինյալներին։ Կողքից դիտողի համար տարօրինակ, բայց միանգամայն ազնիվ դիրքորոշում բարձրաստիճան հոգևարականի կողմից, որին եկեղեցին համարում է «արևմտամետ»։
Կաթոլիկների համեմատ, Սիրիայում իրավիճակն ավելի լավ չէ ոչ մեծաթիվ բողոքականների պարագայում: Նրանց եկեղեցիները, որ Ասադի օրոք հանգիստ գործում էին, ավերվում են, իսկ կղերականները և ծխականները` ոչնչացվում: Մասնավորապես, հոկտեմբերին սպանվեց բողոքական եկեղեցիներից մեկի Սամի անունով հոգևորականը: Նրա հետ միասին գնդակահարվեց նաև նրա ողջ ընտանիքը: Christian Aid Mission-ի տվյալների համաձայն՝ այդ հանցագործությունն իրականացրել են նույն արմատական իսլամիստները: Իսկ դրանից քիչ անց` նոյեմբերին, Հալեպում ռումբի պայթյունից ոչնչացվեց Ավետարանական եկեղեցու վանքը, որը մարտական գործողությունների ժամանակ դարձել էր օթևանից զրկված քաղաքացիների ապաստարանը:
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա նրա հետ տեղի ունեցածը որոշ հրապարակախոսներ որակում են որպես «հայերի նոր ցեղասպանություն»: Տարբեր տվյալներով` հայկական համայնքի թվաքանակը կազմում է 60.000-100.000 մարդ:
«Դեմոկրատիայի կողմնակիցների» գործողություններից առանձնապես տուժել են Հալեպի հայերը, ուր բազում տարիներ ապրում է այդ երկրի տարածքում նրանց ամենամեծ համայնքը: Հոկտեմբերին այդ քաղաքում այրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր Նոր գյուղ թաղամասում: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Բերայի թեմի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի՝ ընդդիմադիրները միտումնավոր այրել են վանքի գույքը, օրինակ` սրբապատկերները: Եկեղեցուց բացի, կրակից տուժել են նաև գրադարանը, հայկական «Մեսրոպյան» գիմնազիան, տարրական դպրոցը և մանկապարտեզը: Զինյալները չեն սահմանափակվել միայն կառույցներով և առևանգել են նաև հայկական համայնքի 10 ներկայացուցչի: Սա ամենևին էլ եզակի և ամենասարսափելի դեպքը չէր... 2012թ. օգոստոսին Սիրիան ցնցեց Զամալկա քաղաքում հայ քրիստոնյա մի ամբողջ ընտանիքի սպանությունը: Նրանք բոլորն էլ սպանվել են գազանաբար. նրանց գլխատել են: Իշխանության ու ընդդիմության միջև հակամարտության ընթացքում միայն Հալեպում իսլամիստների գործողություններից զոհվել են Հայ Առաքելական եկեղեցու 40 ծխականներ: Դեյր էզ-Զոր քաղաքում, որտեղ գրեթե հարյուր տարի առաջ երիտթուրքական կառավարության կողմից իրականացվել է հայերի սարսափելի կոտորածը, ահաբեկիչները ոչնչացրել են այդ ահավոր ողբերգության զոհերին նվիրված հուշարձանը:
Հայերը ստիպված են արագ լքել Սիրիան: Եթե 2010թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է միայն 422, ապա 2011թ.` արդեն 3000 մարդ: Մինչդեռ 2012թ. միայն առաջին երեք ամիսներին հայկական անձնագիր ստանալու ցանկություն է հայտնել 1500 մարդ: Ընդհանուր առմամբ, Սիրիայից Հայաստան է եկել 6000 քաղաքացի:
Թերևս, Սիրիայի արաբական հանրապետության ամենաուժեղ և ամենաազդեցիկ քրիստոնեական դավանանքը ուղղափառ եկեղեցին է, որը ներկայացված է Անտիոքի պատրիարքարանով (նրա հետևորդների ընդհանուր թվաքանակը հասնում է մինչև 1.8 միլիոն մարդու), որը նույնպես ընդդիմադիր զինյալների թիրախն է դարձել: 2012թ. սկզբին ուղղափառ հասարակությանը ցնցեց Համա քաղաքում քահանայապետ Վասիլի Նասսարի մահը, որն ընկել էր դիպուկահարի գնդակից՝ վիրավորին օգնելու փորձի ժամանակ: Իսկ հոկտեմբերին սպանվեց Կատանա քաղաքի Եղիա մարգարեի տաճարի վանահայր, Անտիոքի պատրիարքարանի քահանա Ֆադի ալ-Հադդադը: Զինյալները նախ առևանգել են նրան, ապա սպանել՝ կրակելով գլխին:
Անտիոքի եկեղեցին սեփական հոգևորականների և ծխականների օրինակով է տեսել արևմտյան երկրների՝ սիրիացի ընդդիմադիրներին աջակցելու քաղաքականության արդյունքները։ Զարմանալի չէ, որ և՛ վերջերս մահացած պատրիարք Իգնատի IV-ը, և՛ մի քանի օր առաջ այդ պաշտոնին ընտրված Հովհան ալ-Յազիջին արաբական հանրապետության գործերին արտաքին միջամտության մոլի հակառակորդներ էին։ Ավելին, ուղղափառ հոգևորականությունն ակտիվորեն փորձում է ազատել տալ զինյալների առևանգած պատանդներին։ Հայտնի է, որ այս առումով հաջողություն է ունեցել քահանա Մաքսիմ ալ-Ջամալը, որն ամռանը կարողացել էր գերությունից ազատել տալ 63 մարդու։ Անտիոքի պատրիարքության հոգևորականներն ակտիվ դիրքորոշում ունեն նաև երկրի սահմաններից դուրս՝ պատասխանելով սիրիական կառավարության և անձամբ Բաշար Ասադի մասին տարածվող ապատեղեկատվությանն ու վերջինի կերպարի վատաբանմանը։ Պատրիարքարանը բազմաթիվ ծխականներ ունի ԱՄՆ-ում, ինչը նման աշխատանքն ավելի ակտուալ է դարձնում։ Օրինակ, Տեխասի սուրբ Ղուկաս Առաքյալ եկեղեցու վանահայր, ավագերեց Փիլիպոս Լե-Մաստերսը քանիցս հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին՝ հայտարարելով, թե քրիստոնյաների համար անընդունելի է, որ Սիրիայում իշխանության գա ընդդիմությունը։
Ինչպես տեսնում ենք, Սիրիայի քրիստոնյաները նախանձելի համախմբվածություն են ցուցաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչների և զինյալների մեթոդների ու գաղափարների չընդունման գործում։ Դավանանքներից յուրաքանչյուրը լրջորեն տուժել է «դեմոկրատիայի»՝ վանքեր թալանող, մարդկանց առևանգող ու սպանող կողմնակիցների գործողություններից։ Այս առնչությամբ զարմանք է առաջացնում ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ղեկավար, քրիստոնեադավան Ջորջ Սաբրայի դիրքորոշումը։ Պարոն Սաբրան, փաստորեն, գլխավորել է մի ուժ, որը հալածում ու ճնշում է նրա հավատակիցներին ոչ թե քաղաքական, գաղափարախոսական կամ մեկ այլ պատճառով, այլ հենց կրոնական հատկանիշով։ Ի դեպ, իրեն քրիստոնյա համարող և, միևնույն ժամանակ, տարիներ շարունակ մարքսիստական գաղափարախոսություն դավանող մարդը, մեր կարծիքով, իր մեջ հետաքրքիր այլ հակասություններ էլ է թաքցնում...
Ի՞նչ են ձեռնարկում սիրիացի քրիստոնյաները՝ ի պատասխան զինյալների բռնարարքների։ Նրանց մեծ մասը ստիպված լքել է սեփական տները` որոնելով առավել անվտանգ վայրեր: Դա զարմանալի չէ, քանի որ իսլամիստները երբեմն անգամ չեն թաքցնում իրենց մտադրությունները: Օրինակ, սիրիացի ապստամբների առաջնորդներից Ադնան ալ-Ուրը բացահայտ ցանկություն է հայտնել քրիստոնյաներին կտոր-կտոր անել և նետել շներին, ինչով կարգին «վախեցրել» է անգամ արևմտյան հանրությանը, որն, ի դեպ, միևնույն է՝ անտարբեր է մնացել այդ հայտարարության հանդեպ։ Սիրիայի մի շարք քաղաքներ ամբողջովին զրկվել են իրենց քրիստոնյա բնակչությունից: Դրանցից ամենախոշորը Հոմսն է: Ականատեսների տեղեկությունների համաձայն՝ Հոմսի արվարձան Համիդիեի 85 հազար քրիստոնյաներից ներկա պահին այնտեղ մնում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ Եվս 9 հազար քրիստոնյա փախել է Հոմսից արևմուտք գտնվող ալ-Կուսայրե քաղաքից։ Սիրիական քաղաքներից քրիստոնյա փախստականների ընդհանուր թիվը հարյուր հազարների է հասնում։ Այսպես, ֆրանցիսկյանների օրդենի տվյալների համաձայն՝ միայն Համան և Հոմսը ստիպված են եղել լքել տարբեր եկեղեցիների 200 հազար ծխականներ։ Հալեպը ներկայում կորցրել է իր քրիստոնյա բնակչության մինչև 70%-ը։ Փախստականները բաժանվում են երկու հոսքի. նրանց մի մասն ուղղվում է դեպի Դամասկոս, մյուս մասը` արտասահման (Լիբանան):
Լիբանանի քրիստոնյաներն, իմիջիայլոց, նույնպես լավ վախեցած են սիրիացի ընդդիմադիրների ակտիվությունից։ Ինչպես հայտարարել է լիբանանյան մարոնիտների պատրիարք Բաշար Բուտրոս Ռաին, իր համայնքը մտահոգված է Սիրիայում իսլամական պետության ի հայտ գալու հնարավորությունից, եթե Ասադի ռեժիմը հեռացվի իշխանությունից:
Սակայն ոչ բոլոր քրիստոնյաներն են ցանկանում հեռանալ սեփական երկրից: Անտիոքի պատրիարք Հովհան ալ-Յազիջին մասնավորապես հայտարարել է, թե քրիստոնյա բնակչությունը Սիրիայում է գտնվում նրա համար, որ այդ հողը պատկանում է նրան, և չի լքի այն` չնայած առկա բոլոր խնդիրներին: Սիրիացի մի շարք քրիստոնյաներ սկսել են սպառազինվել, որպեսզի հնարավորություն ունենան զինյալների հարձակումներից պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքներին: Այդ գործընթացը հատկապես արագություն հավաքեց Հոմսի կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրի վերոնշյալ հրդեհումից հետո: Անմիջապես ձևավորվեցին ինքնապաշտպանության մի քանի խմբեր: Միևնույն ժամանակ, կրոնական մի շարք առաջնորդներ կտրուկ դեմ էին իրենց ծխականների նման քայլին։ Անգամ քրիստոնեական փոքրամասնության զինված ընդդիմության ավելի արմատական նախագիծ եղավ. այն է՝ ստեղծել քրիստոնեական ինքնավարություն: Նման հռչակագրով հանդես եկավ Ադնան Չալմայի գլխավորած խումբը, որը Սիրիայի քրիստոնյաներին կոչ արեց մի կողմ դնել երբեմնի բոլոր հակասությունները և միավորվել արմատական իսլամի սպառնալիքի դեմ: Ըստ հռչակագրի հեղինակների` Սիրիայում իսլամիստների իշխանության գալը կդառնա ոչ միայն սիրիական, այլև ողջ մերձավորարևելյան քրիստոնեության ավարտը: Սակայն այդ նախագիծը կյանքի չկոչվեց օբյեկտիվ պատճառներով. Սիրիայի քրիստոնյաները ոչ միայն ցրված են տարածքային ու դավանական առումներով, այլև չափազանց թույլ են ռազմական տեսանկյունից. նրանց մեծ մասը մտավորականներ են կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ:
Ինչևէ, Սիրիայում դիմակայությունը շարունակվում է, իսկ իսլամիստների պատժիչ ակտիվությունը քրիստոնյա բնակչության հանդեպ չի նվազում: Ի՞նչ կբերի ապագան սիրիացի քրիստոնյաներին։ Տարբերակները շատ չեն։ Ամենատարբեր եկեղեցիների ներկայացուցիչների մեծամասնությունը հստակ հասկանում է, որ միայն գոյություն ունեցող կառավարությունը և նրա մասնակցությամբ կազմակերպված ազգային երկխոսությունը կարող են ապահովել նրանց անվտանգ գոյությունը։ Քրիստոնյաների հանդեպ (որոնք, ըստ շարիաթի, պարտավոր են ջիզիա՝ հարկ վճարել) իրենց ծրագրերը չթաքցնող արմատական իսլամիստները հազիվ թե արդի պայմաններում կարողանան գոհացնել նրանց: Ընդդիմության հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կավելացնի այդ երկրից քրիստոնյա ներգաղթյալների արտահոսքը: Արժե ընդգծել, որ Սիրիան քրիստոնյաների համար ամենևին էլ Մերձավոր Արևելքի միակ «անբարենպաստ» երկիրը չի լինի:
Բոլորովին վերջերս զանգվածային գաղթով և կրոնական հիմքի վրա իրականացվող զտումներով ուղեկցվող նույնպիսի իրավիճակ է դիտվել Իրաքում, որտեղ ամերիկյան զորքերի ներխուժման ժամանակ ապրում էր 1.4 միլիոն քրիստոնյա։ Այժմ այնտեղ ընդամենը 400 հազար քրիստոնյա է մնացել:
Ավելին, ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում մուսուլմանների համեմատ քրիստոնյաների մասնաբաժինը, ժողովրդագրական և սոցիալական պատճառներով, անշեղորեն նվազում է: Որպես կանոն, քրիստոնեություն դավանող մտավորականության և քաղաքային մանր առևտրականների շրջանում ծնելիության մակարդակը զգալիորեն ցածր է, քան գյուղացիների շրջանում: Ընդ որում՝ տարածաշրջանը ժողովրդագրական առումով հիմնականում «մեծանում» է գյուղով, որը գրեթե բացառապես մահմեդական է։ Եթե 100 տարի առաջ տարբեր եկեղեցիներին պատկանող անձինք կազմում էին Մերձավոր Արևելքի ողջ բնակչության 20%-ը, ապա ներկայում այդ ցուցանիշը կազմում է հազիվ 5%: Քրիստոնյաների վիթխարի արտահոսք է տեղի ունեցել նաև վերջին տարիներին։ Դա կապված է արմատական իսլամիստների աճող ակտիվության հետ: Քադաֆիի օրոք Լիբիայում ապրող 60.000-անոց քրիստոնեական համայնքից քաղաքացիական պատերազմից հետո ընդամենը կեսն է մնացել։ Կտրուկ նվազում է նաև Եգիպտոսի ղպտի համայնքը. միայն 2011 թվականին այն զրկվել է իր 100.000 անդամներից: Քրիստոնյաներն արդեն մեծամասնություն չեն իր կազմավորման պահին արաբական աշխարհի միակ քրիստոնյա պետությունում` Լիբանանում: Եթե ուշադրության առնենք Իրաքից Քրիստոսի կրոնի հետևորդների արդեն նշված արտահոսքը, պատկերն ավելի ընդգծված կդառնա։
Այնինչ, մինչև Սիրիայում արյունալի դիմակայության սկսվելը, այդ երկրի տարածքում քրիստոնյաներն իրենց եթե ոչ արտոնյալ, ապա գոնե ընդունելի էին համարում։ Սիրիայում քրիստոնյաները կազմում էին բնակչության 10-12%-ը, ինչը շատ ավելին էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվաքանակի միջին ցուցանիշից (5%): Բացի այդ, Սիրիան հարուստ է սրբատեղիներով, հնագույն վանքերով ու տաճարներով, իսկ Դամասկոսն ուղենշային քաղաք է բոլոր քրիստոնյաների համար, քանի որ հենց այստեղ է, համաձայն Սուրբ գրոց, կուրությունից բժշկվել և մկրտվել Պողոս առաքյալը։ Այսպիսով, Սիրիան ոչ միայն աշխարհիկ արաբական նացիոնալիզմի և Արևմուտքի թելադրանքին դիմակայող բաստիոնն է, այլև մերձավորարևելյան քրիստոնեության վերջին հենակետերից մեկը (Պաղեստինի հետ մեկտեղ)։ Դժվար է ճշգրիտ ասել, թե ինչ տեղի կունենա, եթե տապալվի երկրում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը և իշխանության գան արմատական իսլամիստները, բայց կարելի է վստահաբար փաստել, որ սիրիացի քրիստոնյաների դրությունն արմատապես դեպի ավելի վատը կփոխվի։
դեպի ետ