• am
  • ru
  • en
Версия для печати
22.10.2012

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

   

Էդուարդ Դանիելյան
«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.

Մովսես Խորենացու գիտական ժառանգության ուսումնասիրությունը վկայում է, որ հայ գրականության Ոսկեդարում հայրենի պատմությունը` պատմագրությամբ, աշխարհագրությամբ, բնափիլիսոփայությամբ և իմաստասիրությամբ, տիեզերագիտությամբ և աստվածաբանությամբ, ընկալվող աշխարհաճանաչողության բնագավառ էր, որի իմաստավորումը յուրաքանչյուր հայ սերնդի ազգանվեր գործունեության երաշխիքն է, քանզի ճշմարիտ պատմության իմացությունը անցյալը, ներկան և ապագան շաղկապող հզոր հոգևոր լիցք է հաղորդում:

Հնագույն ժամանակներից անցյալի հետ ոգեղեն կապի միջոց էին դիցաբանությունը և նախնիների պաշտամունքը՝ որպես հայրենանվեր գործերի ոգեշնչման և, Հայրենիքի պաշտպանությամբ` ազգային-հոգևոր հարատևության գրավական: Կյանքի հարատևությունը, դիցաբանական ընկալմամբ, բարի և չար ուժերի պայքար էր, իսկ բնափիլիսոփայական իմաստավորմամբ, ըստ Անանիա Շիրակացու` «Լինելութիւնն իցէ սկիզբն ապականութեան և ապականութիւնն դարձեալ անդրէն իցէ սկիզբն է լինելութեան, զի յայսմ անվնաս հակառակութենէ` աշխարհ առցէ զտեւողութիւն» [1, էջ 44 ]:

Օտար միջավայրում բարին չարի զուգակից համարելը պայմանավորված էր «երկակիության» վերագրումով միաստվածության գաղափարին, ինչը բնորոշ չէր հավատի ծագումնաբանական արմատներին։ «Երկակիությունը» կամ «երկարմատականությունը» բացակայում էր հին հայոց պաշտամունքային համակարգում: Հայկը, Արան, Վահագնը կործանում են արտաքինից եկող՝ չարը մարմնավորող և կռապաշտություն սերմանող ուժերին։ Պատմականորեն դա բացատրվում է Հայկական լեռնաշխարհի` հայոց էթնոհոգևոր բնօրրան լինելու հանգամանքով։

Վերջին երկու դարերի ընթացքում հայոց էթնիկական պատմության ակունքները պատմագիտության մեջ համեմատական լեզվաբանության զարգացմամբ տարբեր ելևէջներով դիտարկվել են «հնդեվրոպական նախահայրենիքի» մասին առաջադրված տեսությունների տեսանկյունից: Ըստ Թ.Գամկրելիձեի և Վ.Իվանովի, հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է «արևելյան Անատոլիայի, Հարավային Կովկասի և Հյուսիսային Միջագետքի սահմաններում», որտեղ էլ V-IV հազ. տեղի է ունեցել հնդեվրոպական ընդհանրության տրոհումը, որի ընթացքում` ըստ նրանց կարծիքի, «մ.թ.ա. III հազ. ոչ ուշ անջատվել և տրոհվել է հունա-հայկական-արիական բարբառային ընդհանրությունը...» [2, с. 865, 895]: Այնինչ, նկարագրված տարածքի մեծ մասն իրականում համապատասխանում է Հայկական լեռնաշխարհին, որը չնայած այլ առիթներով իրենց գրքում նշված է [2, с. 912-913], սակայն այս կապակցությամբ չի հիշատակված, քանի որ, ինչպես երևում է այնտեղ զետեղված քարտեզից, Հայկական լեռնաշխարհի արևելյան և կենտրոնական մասերում անհիմն կերպով նրանք տեղադրել են «նախաքարթվելականը», իսկ իրենց խոսքով` «նախահայերենը» Վանա լճից հյուսիս-արևմուտք էր [2, с. 956-967]:

Ըստ նորագույն` գլոտտոխրոնոլոգիական` լեզվաժամանակագրական մեթոդներով կատարված հետազոտությունների, Ռասել Գրեյը և Քվենթին Աթկինսոնը հնդեվրոպական լեզուների վաղագույն տարածումը, ավելի խորքային դիտելով, նշել են կատարված «Անատոլիայից մ.թ.ա. VIII հազ. կես-VII հազ.», գրելով, որ նախ անջատվել է խեթական լեզվաճյուղը (մ.թ.ա. VII հազ. առաջին կես), իսկ մ.թ.ա. VI հազ. երկրորդ կեսին-մ.թ.ա. V հազ. սկզբին` թոխարական և հունական ու հայկական լեզվաճյուղերը: Ընդ որում, այս տեսությամբ` հնդեվրոպական լեզուների տարածումը կապվել է 8.000–9.500 տարի առաջ «Անատոլիայից» տեղի ունեցած հողագործության տարածման հետ [3, pp. 435-438]: Ակնհայտ է, որ «Անատոլիան», որը Փոքր Ասիային է համապատասխանում, նշված է նաև Հայկական լեռնաշխարհի փոխարեն: Կ.Կոզլովսկու և Օ.Աուրենչի 2005թ. լույս տեսած «Նեոլիթյան Մերձավոր Արևելքում տարածքներ, սահմաններ և մշակույթներ» հոդվածում որպես Առաջավոր Ասիայի նեոլիթյան մշակույթի տարածաշրջան հիշատակվող «Ոսկե եռանկյունին» տեղադրված է «հյուսիսային Սիրիայում, հարավարևելյան Անատոլիայում1 և արևմտյան Զագրոսում» [4, pp. 80-82; հմմտ. 5, p. 97], այնինչ, ինչպես երևում է հոդվածում զետեղված քարտեզից, «հարավարևելյան Անատոլիայի» փոխարեն պետք է նշված լինի Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքը:

2009թ.Վավիլովյան 5-րդ համագումարին ներկայացված «Գենետիկան որպես կամուրջ բնական և հասարակական գիտությունների միջև» զեկուցմանը կից համր-սխեմատիկ քարտեզում հեղինակները Հայկական լեռնաշխարհի տարածքը ցույց են տվել որպես 8.000 տարի առաջ հողագործության` Փոքր Ասիայով դեպի Եվրոպա տարածման սկզբնավայր [6]:

Առասպելաբանաստեղծական մտածողությունից սնվող պատմության փոխակերպված ընկալումը դարերի ընթացքում պահպանել է իր կարևորությունը։ Հայոց ծննդաբանության հավաստի պատմությունը գրավոր սկզբնաղբյուրների հիման վրա շարադրելիս` ըստ Պատմահոր, կարևորվում են նաև առասպելները, քանզի «ճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ» [7, էջ 90]: Բարի, կենարար, աշխարհաշեն ուժերի հաղթանակը երկրին բերում է խաղաղություն և բարեկարգություն:

Հայկին և Հայկազուններին նվիրված Պատմահոր պահպանած ավանդությունում բյուրեղացվել է հայոց էթնոհոգևոր զարգացման ուղին` տոհմ-ցեղ-ցեղային միություններից դեպի պետական կազմավորումներ, պետականություն և ամբողջական պետություն` թագավորություն: Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ հայ-արմեն էթնիկական միջավայրից սերած` Հայկազուն տոհմաբանությամբ Հայոց ավելի քան հինգհազարամյա պետականության ակունքների վկայությունն են Աղձնիքի, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի, Բարձր Հայքի հնագիտական հուշարձանները, ինչպես նաև մ.թ.ա. III հազ.-I հազ. սեպագիր և գրավոր աղբյուրներից հայտնի Արատտայի, Արմանումի, Հայք-Հայասայի, Նաիրիի և Ուրուատրիի, Բիայնիլիի (Վան-Արարատ-Ուրարտու)-Այրարատյան, Երվանդյան և Արտաշեսյան թագավորությունների մասին տեղեկությունները:

Հայկական լեռնաշխարհի նեոլիթ-էնեոլիթյան և բրոնզեդարյան արվեստի և պաշտամունքի վառ արտահայտությունը հանդիսացող ժայռապատկերների նախորդ ժամանակների հետ ունեցած ծագումնաբանական կապը բնութագրելիս Հարություն Մարտիրոսյանը գրել է. «Պալեոլիթից եկող որսորդական հարուստ ավանդույթներ ունեցող հայաստանյան ցեղերը պետք է որ լեգենդներ ու հիշողություններ պահպանեին իրենց նախնի որսորդների քաջագործությունների ու արարքների մասին, որոնք հեռանալով իրենց յուրահատուկ աշխարհը՝ դառնում էին կենդանի սերունդներին հովանավորող, օգնող հզոր, ազդեցիկ ոգիներ2 և միանգամայն հնարավոր է, որ Գեղամա լեռների և այլ վայրերի ժայռապատկերների մարդակերպ պատկերներից շատերը ներկայացնում են սրբացված, աստվածացված նախնիներին` աստղային նշանների ուղեկցությամբ, քանի որ աշխարհի շատ ժողովուրդների և մանավանդ տեղաբնակ հայերի պատկերացմամբ՝ նախնիների ուրույն աշխարհը երկինքն էր» [8, էջ 258]:

Հին հայոց առասպելաբանությունն ավանդաբար բյուրեղացրել է ազգի անպարտելիությամբ պայմանավորված հայրենիքի հարատևման գաղափարը: Իր ժողովրդին մարմնավորող հերոսն աստվածացվելով երկինք էր բարձրացվում` Հայկի համաստեղություն, Արայի աստղ, Վահագնի արեգակնային կերպարը:

V դարի հայ գիտական միտքը հուզող` Հայրենիքի ազատության և Հայոց ամբողջական պետության վերականգնման գործում` հայկական պետականության և հոգևոր ներուժի ներդաշնակման խնդիրը Մովսես Խորենացու ազգապահպան խոհերի առանցքումն էր:

Պատմահայրը Հայոց աշխարհը հյուսիսային ազգերի մեջ համարելով վեհագույնը՝ Հայկազուն գահակալների մասին խորհրդապաշտորեն գրել է. «Այսոքիկ արք ի մերոց թագաւորաց են սիրելիք, որպէս բնիկք և իմոյ արեան առուք և հաւաստի հարազատք: Եւ սիրելի էր ինձ` յայնժամ գալ Փրկչին և զիս գնել, և առ նոքօք յաշխարհ զմուտն իմ լինել, և նոցա տէրութեամբն խրախճանալ... » [7, էջ 66-67]:

Սահակ Բագրատունուն ուղղված իր խոսքում Պատմահայրը, արտահայտելով պատմության իմացությամբ տրվող ազգային և համամարդկային իմաստությանը կատարելությամբ հասնելու վեհ գաղափարը, գրել է. «Եթե... առաքինութիւն բանականին է խոհականութիւն, և քո յայսոսիկ անհատ ցանկութիւն` ապա ուրեմն գեղեցիկ մտածութեամբ զխոհականութեանդ քո վառ և բորբոք պահելով զկայծակն` զարդարես զբանն...» [7, էջ 6]:

Պատմահոր գնահատմամբ՝ ազգանվեր գործունեության հիմնարար չափանիշն է Հայկ նահապետի կերպարը: Ընթերցելով Մովսես Խորենացու երկը՝ համոզվում ես, որ Հայոց պատմության իմացությունն օգնում է խոհականության առաքինությամբ ազգապահպան և ազգանպաստ գործունեութանը պատրաստ հայորդիներ դաստիարակել` կատարելու գործեր, որոնք արժանի լինեն գրանցվելու Հայոց պատմության մատյանում, քանզի. «բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ յիշատակի...» [7, էջ 10]:

Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը մշտապես գտնվել է հայ պատմագիտական հետազոտությունների առանցքում, իր բազմակողմանի պատմա-աղբյուրագիտական և մեթոդաբանական ընդգրկումներով: Ի տարբերություն միջնադարյան պատմագրության, երբ Պատմահոր երկը բացարձակ արժեք ունեցող սկզբնաղբյուր էր, հետագայում այն հայտնվեց քննական պատմագիտության կիզակետում և հուժկու հարվածներ կրեց գերքննադատության կողմից, որը պայմանավորված էր նաև քաղաքական շարժառիթներով:

Առաջին իսկ հայացքից երևում է, որ Մովսես Խորենացու շարադրանքին բնորոշ է մեթոդաբանական զինանոցի բազմազանությունը: Խորենացիական իմաստավորմամբ, Հայաստանն իր բնապատմական միջավայրում արգասավորված Հայոց ազգային արժեհամակարգով հարատևող ամբողջություն է, որի գոյաբանական խորհրդանիշն են Հայկազունները: Այսպիսի ընկալումը պահպանվեց միջնադարյան հայ պատմիչների երկերում: Ասողիկը գրել է. «Երիս զարմս յերիս ժամանակս թագաւորեալ Հայոց` ամենեցուն յայտնի է, զՀայկազեանցն ասեմ և զԱրշակունեաց և զԲագրատունեաց: Սակս այսոցիկ և յերիս հատուածս զբան պատմութեան մերոյ որոշեցաք», Հայկազունների կապակցությամբ ընդգծելով. «Զառաջինն ի նախաստեղծէն սկսանելով…» [9, էջ 157]:

Հայ միջնադարյան պատմագրության համար բնական էր աստվածաշնչյան անդրանցական ընկալումով պատմության մեկնությունը: Իսկ, օրինակ, դեռևս I դարում Սուրբ Գրքին մոտեցման քաղաքականացմամբ, Փիլոն Եբրայեցին, փորձելով մերժել դրախտի աստվածաշնչյան կապը Հայոց լեռների հետ, գրել է. «Ասին Դկղաթայ եւ Արածանւոյ աղբիւրքն բղխել ‘ի Հայոց լերանցն. եւ անդ դրախտ ոչ է, այլ եւ ոչ երկուք եւ այլ աղբիւրք գետոյն» [10, էջ 9]: Այն, որ Փիլոնը ձգտել է մերժել աստվածաշնչյան ճշմարտությունը` Հայոց լեռներից դրախտի գետերի բխումը, ապացուցում է հակառակը` հնում քաջ հայտնի էր Հայոց լեռների սրբազան նշանակությունը: Եվ Եղիշեն V դարում տվել է պատասխանը. «Երկու գետով և տապանաւն գեր ի վերոյ եմք քան զհոլովս: Եւ թէ զի՞նչ օգուտ է, նախ` իմաստութեան պատճառ է մեզ, անմոռաց պահելով զԱստուծոյ արարչութեան, եւ ակն ունել փոփոխմանն ի նոյնն...» [11, էջ 245]:

Մովսես Խորենացին հայ պատմիչներից առաջինն էր, որ մի կողմից պատմական սկզբնաղբյուրներից, իսկ մյուս կողմից` բանահյուսության և աստվածաբանության բնագավառներից եկող տեղեկություններին մոտենալով ամբողջական հայեցակարգով` փոխլրացնող մեթոդաբանությամբ, Հայոց ամբողջական պատմությունը շարադրեց հնագույն ժամանակներից մինչև իր ապրած և ստեղծագործած դարաշրջանը` ճշմարիտ պատմության առանցքը համարելով ժամանակագրությունը` «քանզի ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան» [7, էջ 224]:

XIX դարի երկրորդ կեսից` գիտության այլ ճյուղերի թվում, պատմագիտության բնագավառում քննադատական մոտեցումները վերաճեցին «գերքննադատության», ինչը, հատկապես Մովսես Խորենացու կյանքի և գործունեության դարաշրջանի և նրա «Պատմութիւն Հայոց» երկի նկատմամբ շարունակվեց նաև XX դարում, իսկ ներկայումս իր արձագանքներն է գտնում որոշ օտար հրապարակումներում3: «Գերքննադատությունն» իբրև թե պատմագիտության քննական մոտեցումներ ցուցաբերելով` անտեսել էր բազմաբնույթ տեղեկությունների նկատմամբ հենց Պատմահոր կիրառած բազմակողմ գիտական մեթոդաբանությունը: Դրանով իսկ Մովսես Խորենացու երկի հանդեպ «գերքննադատության» հետևորդները հին Հայոց պատմության ուսումնասիրության ասպարեզում օտարածին «տեսությունների» ներթափանցման հնարավորություններ էին ստեղծում:

«Գերքննադատությունը» վնասակար էր, քանզի սկիզբ առավ նորահայտ սեպագիր արձանագրությունների վերծանման և հետազոտման ժամանակաշրջանում, և բացասաբար էր ազդում դրանց տրվող մեկնաբանությունների վրա: Մինչդեռ, Պատմահոր երկը հիրավի ուղեցույց է հնագիտության և սեպագրագիտության ասպարեզներում հայագիտական մեթոդաբանության կիրառման համար: Պատմահոր հաղորդած տեղեկությունների շնորհիվ հիմք է դրվել հին Հայոց մայրաքաղաքների` Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի և այլ հնավայրերի ու պատմական հուշարձանների հնագիտական և պատմագիտական ուսումնասիրության համար: Հնագիտորեն ապացուցվում է Պատմահոր հաղորդումների ճշգրտությունը, ինչպես, օրինակ, այդ եղավ Վանի սեպագիր արձանագրությունների, Արտաշես Ա արքայի սահմանաքարերի հայտնաբերմամբ և այլն:

Հենվելով հայ պատմագրության` վաղ միջնադարից եկող, Մովսես Խորենացու դարաշրջանի և պատմագիտական ժառանգության նկատմամբ ճշմարիտ մոտեցման վրա՝ մի շարք հայագետ պատմաբաններ պայքարեցին «գերքննադատության» դեմ` հիմնարար կերպով ներկայացնելով Պատմահոր երկի գիտական արժեքը հայ պատմագրության մեջ և վերստին ապացուցելով, որ Մովսես Խորենացին V դարի հեղինակ է: Այս բնագավառում իրենց մեծ ներդրումն ունեն Բարսեղ Սարգսյանը, Ֆրեդերիկ Կոնիբերը, Նորայր Բյուզանդացին, Ստեփան Մալխասյանցը, Մանուկ Աբեղյանը, Թադևոս Ավդալբեգյանը, Գագիկ Սարգսյանը, Ալբերտ Մուշեղյանը և մի շարք այլ անվանի հայագետներ:

Հնագույն ժամանակներից Հայկական լեռնաշխարհի բնապատմական միջավայրում են ընթացել տեղաբնիկ հայկական էթնոհոգևոր, մշակութային, հասարակական ու քաղաքական զարգացումները, որոնց պատմական շարադրանքի թագն ու պսակն է Հայկականության ոգեղեն ընկալմամբ` Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը:

1 Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության միջոցով բռնազավթված Արևմտյան Հայաստանի մշակույթի ցեղասպանությունն իրականացնելիս, թուրքական պաշտոնական շրջանների հրահանգներով հազարավոր հայկական տեղանուններ կեղծվում և ոչնչացվում են: Դրա հետ մեկտեղ, Արևմտյան Հայաստանում կատարվող հնագիտական պեղումներին մասնակցող այլ երկրների հնագետներին պարտադրվում է Հայկական լեռնաշխարհ տերմինի փոխարեն սխալ կերպով «Անատոլիա» և «Արևելյան Անատոլիա» տերմիններն օգտագործել իրենց հրապարակումներում:

2 J.Maringer, The Gods of Prehistoric Man, London, 1960, p. 129.

3 Այս խնդրի քննարկումը մանրամասն տե՛ս [12]։

Աղբյուրներ և գրականություն

  1. Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, ի լոյս ած Ք.Պատկանեան, Ս.Պետերբուրգ, 1877:
  2. Гамкрелидзе Т.В., Иванов В.В., Индоевропейский язык и индоевропейцы, т. II, Тбилиси, 1984.
  3. Gray R.D., Atkinson Q.D., Language-tree Divergence Times Support the Anatolian Theory of Indo-European Origin, Nature, vol. 426, 2003.
  4. Kozlowski K.S., Aurenche O., Territories, Boundaries and Cultures in the Neolithic Near East, BAR International Series 1362, Oxford, 2005.
  5. Asouti E., Beyond the Pre-Pottery Neolithic B interaction sphere Journal of World Prehistory, 2006, #20.
  6. Е.В. Балановская, О.П. Балановский, «Генетика – мост между естественными и гуманитарными науками», М., V Съезд Вавиловского общества генетиков и селекционеров (21-27.06.2009) (http://www.genofond.ru/default2.aspx?s=0&p=704).
  7. Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991:
  8. Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երևան, 1971:
  9. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս.Պետերբուրգ, 1885:
  10. Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ‘ի Հայս որ են մեկնութիւն Ծննդոց եւ Ելից. Վենետիկ, 1826:
  11. Լևոն Խաչիկյան, Եղիշեի «Արարածոց մեկնութիւնը», Երևան, 1992:
  12. Ա.Մուշեղյան, Մովսես Խորենացու դարը, Երևան, 2007:
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր