• am
  • ru
  • en
Версия для печати
10.07.2012

ԳԱԼԻՍ Է ՆՈՐ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

   

Անդրեյ Ֆուրսով
Մոսկվայի հումանիտար համալսարանի Հիմնարար և կիրառական հետազոտությունների ինստիտուտի Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Անցած տարին աչքի ընկավ նշանային մի շարք իրադարձություններով՝ «արաբական գարուն», եվրոգոտու ճգնաժամ, բազմամշակութայնության գաղափարախոսության ձախողում։ Դրանք երկարաժամկետ հետևանքների մի ամբողջ շղթա են ծնում։ Ինչպիսի՞ն կարող են լինել այդ հետևանքները։ Ո՞վ կշահի փոփոխություններից։ Ինչպե՞ս կանդրադառնան Ռուսաստանի վրա այսօր Եվրոպայում և աշխարհում ծավալվող գործընթացները։ Այս և այլ հարցերի շուրջ մտորում է Մոսկվայի հումանիտար ինստիտուտի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Ֆուրսովը։

ՌԿ1 – Անդրեյ Իլյիչ, ձեզ՝ որպես հետազոտողի, ի՞նչը հետաքրքրեց առաջին հերթին։

- Ես կառանձնացնեի եվրոգոտու ճգնաժամը և Գերմանիայի վերելքը, ինչպես նաև նորվեգական միջադեպը։ Այդ ամենը տեղի էր ունենում աշխարհում և Ռուսաստանում երկու դարաշրջանների՝ նեոլիբերալ հեղափոխության և հետխորհրդային դարաշրջանի միաժամանակյա ավարտի ֆոնին։

Եվրոգոտու ճգնաժամը 2011թ. կարևոր իրադարձություններից էր, որը մի քանի շերտ և «պոչ» ունի։ Այն վկայում է նեոլիբերալ համակարգի, հետևաբար՝ ընդհանրապես գլոբալիզացիայի ճգնաժամի մասին։ Եվրամիության արհեստականությունն այն տեսքով, ինչպիսին այն կառուցվել էր, սկսեց ի հայտ գալ արդեն 1990-ականների վերջին։ 2008թ. ճգնաժամն այդ արհեստականությունն ավելի ակնհայտ դարձրեց։ Այսօր խոր ճգնաժամի մեջ է հենց նեոլիբերալ, բազմամշակութային Եվրոպան։ Եվ դրանում ակնհայտորեն առանձնանում է հետնեոլիբերալ առաջնորդը՝ Գերմանիան, որպես «կարոլինգյան միջուկի» (Գերմանիա, Ֆրանսիա, Հյուսիսային Իտալիա) կենտրոն։

ՌԿ – Ձեր կարծիքով՝ դա արդեն կատարված փա՞ստ է։

- Կարծում եմ՝ այո։ Գերմանիայի վերելքը, որով շահագրգիռ են այդքան տարբեր ուժեր, ինչպիսին են «Սև ինտերնացիոնալը» և Չինաստանը, «ներկառուցված» է «Եվրամիության մայրամուտը» կասկադային իրադարձության մեջ։ Ինչպիսին կլինի մայրամուտը՝ իրավաբանական, թե փաստացի, արդեն կարևոր չէ։ Պարզ է, որ 2012-2013թթ. այն Եվրոպան, որը ձևավորվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո, անցյալի գիրկը կանցնի։ Գերմանիայի այս վերելքը ցույց է տալիս նաև գլոբալիզացիայի «աճի սահմանը», ըստ էության՝ դրա վերջնագիծը։

Նեոլիբերալ հեղափոխություն/գլոբալիզացիան հասել է իր նպատակներին և դրանով իսկ սպառել գոյություն ունեցող համակարգն ու դրա կազմակերպման ձևերը՝ վերացնելով, օրինակ, ազգային պետությունը։ Միևնույն ժամանակ՝ նաև իրեն։ Այսօր պարզ է, որ հարկավոր են այլ, ոչ թե պարզապես նեոլիբերալ, այլ հակալիբերալ ձևեր, թեկուզև նրա համար, որ հաղթահարվի ճգնաժամը և մեղմվի երեսուն տարվա ընթացքում սանձազերծված ֆինանսաշուկայական, և որ պակաս կարևոր չէ, սոցիալ-հոգեբանական, եթե չասենք՝ հոգեկան, տարերքը, դադարեցվի քաոսը։

ՌԿ – Դուք նկատի ունեք համաշխարհային տնտեսության, ֆինանսների քաոսայնացո՞ւմը։

- 1980-2000թթ. քաոսն ընդգրկեց ոչ միայն ֆինանսական ոլորտը։ Այն կործանեց ոչ միայն իրական տնտեսությունը, ազգային պետությունն ու քաղաքականությունը, այլև, ինչը հատկապես կարևոր է, գիտակցության ոլորտը։ Նեոլիբերալ հեղափոխությունը հավասարակշռությունից զրկեց մարդկանց գիտակցությունը։ Գլոբալ քաոսին այլընտրանք և հակազդեցություն կարող են դառնալ (մասամբ արդեն դառնում են) իշխանության և հարստության հետգլոբալ բյուրեղացման կենտրոնները, որոնք գլոբալ չեն իրենց մասշտաբով և միևնույն ժամանակ տարածքային ու ժողովրդագրական առումներով գերազանցում են անցյալի գիրկն անցնող ազգային պետությանը։

Արտաքնապես դա նման է այն բանին, որ գլոբալ համակարգը բաժանվում է կայսերական կազմավորումների տիպի բլոկների։ Կազմավորողները նույնիսկ սկսել են խոսել կայսրությունների վերածնման մասին՝ Գերմանական, Օսմանյան, Բրիտանական։

Գերմանիան նման «կայսրություն» ստեղծելու թիվ մեկ թեկնածուն է։ Ըստ էության, այդ մասին արդեն գրում են անգամ թերթերում։ Օրինակ, 2011թ. օգոստոսի 17-ին Daily Mail-ը հրապարակել է «Չորրորդ ռեյխի վերածնունդը կամ՝ ինչպես է Գերմանիան օգտագործում ֆինանսական ճգնաժամը Եվրոպան նվաճելու համար» հոդվածը։ Հոդվածում խոսվում է այն մասին, որ Գերմանիան ստեղծում է Եվրոպայի Միացյալ Նահանգներ, որոնք ամենևին էլ դեմոկրատական չեն լինի, այլ ընդհակառակը։

Հասկանալի է՝ սրանում մասամբ նկատվում են բրիտանացիների ավանդական երկյուղները գերմանացիներից։ Բայց միայն մասամբ։ 1940թ. Չերչիլը նշել է, որ բրիտանացիները պայքարում են ոչ թե Հիտլերի, այլ Շիլլերի ոգու դեմ, որպեսզի այն երբեք չվերածնվի։ Ինչպես երևում է, XX դարի գլխավոր ռուսատյացներից ու գերմանատյացներից մեկը սխալվել է. ոգու մասին խոսելը դժվար է, բայց, ահա, Գերմանիան արդեն վերածնվել է։ Հենց գերմանացիներն են, ունիվերսալիզմի/գլոբալիզմի (լինի կաթոլիկ, թե լուսավորչական) իրենց պատմական անընկալությամբ, հիտլերյան Եվրամիության և «ԻԳ Ֆարբենինդուստրի» հզորագույն կոնցեռնի իրենց փորձով, «օրդնունգի» և հակալիբերալիզմի ավանդական հակմամբ, ընթանում Եվրոպայի վերածննդի առջևից։ Համենայնդեպս, դրա կենտրոնական մասի վերածննդի. դա միանգամայն բավարար է կենսունակ հակալիբերալ, կայսրության տիպի Եվրոպա ստեղծելու համար։ Խոսքը հենց կայսրության տիպի կազմավորումների մասին պետք է լինի, նորի ստեղծման, այլ ոչ թե հնի վերածննդի մասին։

ՌԿ – Դուք կարծում եք, որ հենց ա՞յդ ձևն է փոխարինելու գլոբալիզացիային՝ իր կառույցներով։

- Կայսրությունների ժամանակն անցել է։ Բայց անցել է նաև դրանց փոխարինելու եկած ազգային պետությունների ժամանակը։ Ինչպես և գլոբալիզացիայինը, որը խափանել է այդ պետությունները։

Կայսրության տիպի կազմավորումները (ԿՏԿ) վերազգային իշխանություն են, սուպերկոնցեռն և օրդեն՝ միաժամանակ, որոնք համակցում են ինստիտուցիոնալ-հիերարխիկ և ցանցային սկզբունքները։ Դրանք ավելի կամ պակաս չափով օրգանական վերազգային բլոկներ են՝ 300-350 մլն մարդուց ոչ պակաս բնակչությամբ։ ԿՏԿ կառավարման արտաքին սուբյեկտը կլինեն պետական բյուրոկրատիաները՝ զինվորականների և հատուկ ծառայությունների զգալի դերով, որոնց դերը ճգնաժամային պայմաններում կմեծանա, և որոնք գոտեմարտի մեջ մտան ֆինանսական կապիտալի հետ, որն իրենց պատերազմ էր հայտարարել 2008-ին և որը դատապարտված էր ճնշման՝ փոխզիջումային կամ ոչփոխզիջումային տեսքով։

Արտաքնապես ԿՏԿ ձևավորումը կարող է ընդունել աջ ազգայնական (առնվազն՝ հակաբազմամշակութային) քաղաքական հեղափոխության ձև։ ԿՏԿ-ն կարող է լինել միայն հակալիբերալ (աստիճանը կոնկրետ պատմական հանգամանքների հարց է)։ Իսկ դա նշանակում է, համենայնդեպս՝ Եվրոպայի համար, որ ճգնաժամի պայմաններում առաջին պլան կարող են դուրս գալ նոր տիպի աջ կուսակցությունները։ Հավանաբար, պատմությունը կրկնվում է. 1929-1933թթ. ճգնաժամից Գերմանիան դուրս եկավ որպես Երրորդ ռեյխ, 2010-ական թթ. համաշխարհային ճգնաժամից, որը, ինչպես արդեն նախազգուշացրել է Կ.Լագարդը, ավելի դաժան կլինի, քան 1929-ինը, Գերմանիան կարող է դուրս գալ որպես Հինգերորդ ռեյխ (Չորրորդ ռեյխը ցանցային կառույց էր՝ ստեղծված նախկին նացիստների կողմից 1940-ական թթ. կեսերին – 1950-ական թթ.)։

ՌԿ – Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Եվրոպայի այն վերակառուցումը, որի մասին դուք խոսում եք։

- Գերմանական միջուկով «Եվրոպա» ԿՏԿ-ի ի հայտ գալը կլուծի որոշ խնդիրներ և առաջ կբերի նորերը՝ ինչպես հարևանների, այնպես էլ Ռուսաստանի համար։ Մեզ դժվար թե արժե դրանից հիացմունքի մեջ ընկնել։ Ռևանշիզմը՝ որպես պատմական երևույթ, ոչ ոք չի վերացրել։ Սակայն կարճաժամկետ, հնարավոր է՝ նաև միջնաժամկետ հեռանկարում Գերմանիայի վերելքը դրական գործոն կհանդիսանա Ռուսաստանի համար։ Ցանկացած դեպքում՝ մենք պետք է ստեղծենք մեր ԿՏԿ-ն, ինչպես էլ որ այն անվանվի՝ պատմական Ռուսաստան, թե Եվրասիական միություն, դա մեր միակ, թեև ոչ անպրոբլեմ շանսն է։ Եվրոպական հավասարակշռության տրամաբանությունը կպահանջի ստեղծել Գերմանիայի հակահավասարակշռություն, որը կարող է դառնալ անգլո-ֆրանսիական միությունը, պակաս հավանական է ֆրանս-ռուսականը (Գերմանիայի և ՌԴ կապերի պատճառով), էլ ավելի պակաս հավանական է անգլո-ֆրանս-ռուսականը՝ Եվրասիայում, մասնավորապես՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում բրիտանացիների և ռուսների ավանդական պատմական դիմակայության պատճառով։ Եվ քանի որ այս տարածաշրջաններում այսօր Մեծ խաղ-2-ն է վարվում, որում բրիտանական և ռուսական շահերը բախվում են վերստին, ապա Անտանտ-2 հազիվ թե հնարավոր լինի։ Լավագույն դեպքում՝ բրիտանա-ֆրանսիական միություն՝ այն ոգով, որը կար հետնապոլեոնյան դարաշրջանում։

Բրիտանացիների ակտիվացումը Եվրասիայում և աշխարհում պահանջում է փոխել հարաբերություններն ամերիկյան «կուզենների» հետ, այն է՝ անգլո-ամերիկյան միասնության գծի լուրջ թուլացում, 1890-ական թթ. հռչակված Սեսիլ Ռոդսի կողմից, որն առայսօր ակտիվորեն զարգանում է։ Եվ նման «ապահարզանի» միտումն ակնհայտ է. 2005թ. փետրվարին Լորդերի պալատում «բոստոնյան թեյախմության» կոչ հնչեց հակառակ իմաստով («բոստոնյան թեյախմությունը» Անգլիայի հյուսիսամերիկյան գաղութների անկախության պայքարից մի դրվագ է։ Անգլիական կառավարության 1773թ. որոշումը՝ Օստ-Հնդկական ընկերությանը տրամադրել հյուսիսամերիկյան գաղութներ առանց մաքսի թեյ ներկրելու իրավունք, ինչն ուղղված էր գաղութների տնտեսությունների խափանմանը, առաջ էր բերել գաղութարարների, հատկապես թեյի մաքսանենգ վաճառքով զբաղվող վաճառականների վրդովմունքը։ 1773թ. դեկտեմբերին «Ազատության զավակներ» կազմակերպության անդամների մի խումբ թափանցում է Բոստոնի նավահանգիստ եկած անգլիական նավ և ծով նետում թեյի մի մեծ խմբաքանակ։ Դրան հաջորդում են Բոստոնի նավահանգստի փակումը, քաղաքացիների հավաքների և անգլիական զինվորներին տեղավորելու արգելքը, ինչն էլ ավելի է սրում մետրոպոլիայի և գաղութների հակամարտությունը- ՌԿ)։ Իսկ Ատլանտիկայի մյուս ափին Օբաման է՝ կրկին անգլո-ամերիկյան միասնության ոչ մեծ կողմնակիցը, ինչպես Ռոդսը։

ՌԿ –Եվ ի՞նչ հեռանկարներ ունի Մեծ Բրիտանիան։

- Որպես ազգային պետություն Մեծ Բրիտանիայի ազատ նավարկությունն անհնար է։ Այն ոչ ժողովրդագրական, ոչ էլ ֆինանսատնտեսական պոտենցիալ ունի։ Միակ տարբերակը վերածնունդն է Բրիտանական կայսրության ԿՏԿ տեսքով։ Բայց դրա համար կրկին բավականաչափ ֆինանսական բազա չկա։ Իսկ բրիտանացիների գործունեության համար ավանդական գոտիներում նրանք դեմ են առնում Ռուսաստանին և Թուրքիային, որն ինքն է ջանում ԿՏԿ-ի վերածվել։

Օբյեկտիվորեն բրիտանացիների դաշնակից կարող են դառնալ հրեական կապիտալը և Իսրայելը։ Հնարավոր են խաղեր Աֆրիկայի հարավում։ Սակայն Մեծ Բրիտանիայի «ԿՏԿ»-ացման ճանապարհին լրջագույն խոչընդոտներ կան։ Այդ գործընթացը պահանջում է հրաժարվել նեոլիբերալ գծից, որի գլխավոր հետևորդն է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը։ Վերջին հենարանը, տեղը, որտեղ թաքնված է նեոլիբերալ գլոբալիզացիայի «Կոշչեյի մահվան ասեղը», Բուկինհեմյան պալատն է։ Վինձորները դրանով էլ կանգուն են և այլ կերպ չեն կարող։ Կանգուն են՝ չնայած լրջագույն նախազգուշացումներին, որոնք այդ դինաստիան 2011թ. ամռանը ստացավ միանգամից երկու երկրում՝ Նորվեգիայում և հենց Մեծ Բրիտանիայում։

ՌԿ – Պարզաբանեք...

- Խոսքը Բրեյվիկի (և, առնվազն, «կադրից դուրս մնացած» ևս երեք մարդկանց) իրականացրած նորվեգական գնդակոծության մասին է։ Այս իրադարձությունների մի քանի վարկած և պատճառ նշվեցին։ Ես ներկայացնում եմ նաև իմը, մի մարդու վարկած, որը պատկերացում ունի դինաստիական սխեմաների և զինանիշագիտությա մասին և փորձում է դրանք կապել արդի մեռնող կապիտալիզմի քաղաքատնտեսության հետ։

Այն, որ Բրեյվիկը մենակ չէ, պարզ է։ Իրադարձության թաքուն գաղտնագրերը հասկանալու համար հարկավոր է հարց տալ. ո՞վ է կառավարում Նորվեգիան։ Սաքսեն-Կոբուրգների արքայատոհմը։ Իսկ ո՞վ է կառավարում Մեծ Բրիտանիան։ Ի՜նչ անսպասելի բան՝ նույնպես Սաքսեն-Կոբուրգները։ Միայն թե նրանք Վինձոր են անվանվում. «ազգանունը» փոխել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (որքանո՞վ էր հարմար, որ Մեծ Բրիտանիան, որը կռվում էր գերմանացիների դեմ, կառավարեր գերմանական հնչողություն ունեցող արքայատոհմը)։

Իսկ նման ինչ-որ բան տեղի չունեցա՞վ արդյոք 2011թ. ամռանը Մեծ Բրիտանիայում։ Այն էլ ինչպե՜ս տեղի ունեցավ. ջարդարարությունների ալիք, ըստ էության՝ գունավոր բնակչության փողոցային մարտեր, որը տարօրինակ կերպով համընկավ նորվեգական միջադեպի հետ։ Թեև, իհարկե, չհասավ երկրորդի դաժանության մակարդակին։ Նշեմ, որ ես միակը չեմ, որ Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի իրադարձությունները կապում է Սաքսեն-Կոբուրգների արքայատոհմի և համաշխարհային վերնախավում տիրող դիմակայության հետ։ Սա նկատել են նաև այլ վերլուծաբաններ։ Նորվեգական զանգվածային սպանությունը, որի զոհ դարձան ամենևին էլ ոչ հասարակ ժողովրդի ներկայացուցիչ պատանիներ ու աղջիկներ, ինչպես և լուրջ հուզումներն անգլիական քաղաքներում, իմ կարծիքով, համաշխարհային վերնախավի մի մասի ուղերձն են (կամ վերջին նախազգուշացումը, եթե կուզեք՝ «սև նշանը») մյուսին, որը նեոլիբերալ գծի առաջնորդն է։ Ուղերձը շատ դաժան է։ Դրա իմաստը պարզ է. «Կվերցնենք նաև երեխաներին»։ Սա նշանակում է, որ համաշխարհային վերնախավի կոնֆլիկտը հասել է սրության այնպիսի աստիճանի, որ չեն խնայի անգամ երեխաներին. մինչ այս նման բան չէր եղել։ Ազդանշանն ընդունված է։ Ընդունված են թագավորական ընտանիքի անվտանգության աննախադեպ միջոցներ։ Կհասցնի՞ արդյոք «կայսրությունը, ասել է թե՝ դինաստիան, պատասխան հարված։ Դիանայի հետ կապված պատմությունը, և ընդհանրապես, Վինձորների ողջ պատմությունը ցույց է տալիս, որ այդ տղաները շատ բանի են ընդունակ։ Տեսնենք։

ՌԿ – Եվ ի՞նչ ենք ստանում արդյունքում։

- Երեք իրադարձություն, որոնք ինձ գլխավորն են թվում 2011թ.՝ «արաբական գարուն», եվրոգոտու ճգնաժամ և նորվեգական գնդակոծություն. մասշտաբներով տարբեր իրադարձություններ։ Բայց դրանք մեկ հայտարար ունեն՝ 2008-ից հետո կտրուկ սրված պայքարը համաշխարհային վերնախավի ներսում՝ ապագայի համար։ Այսպիսով, մենք ունենք տարբեր մակարդակի և մասշտաբի էլ ավելի սուր հակասությունների թնջուկ։ Դրանք հակասություններ են.

  • համաշխարհային վերնախավի զարգացման հակալիբերալ և նեոլիբերալ ռազմավարությունների և համապատասխանաբար՝ հակալիբերալ և նեոլիբերալ կլաստերների միջև,
  • 1980-2000թթ. գլոբալիզացիայի միտումների և իրենց համար ճանապարհ հարթող ԿՏԿ-ների (որպես գլոբալ ճգնաժամի հաղթահարման ձևի) միջև,
  • պետբյուրոկրատիաների և ֆինանսական կապիտալի ու, համապատասխանաբար, ցանցային և օրդենյան կառույցների միջև, որոնք կանգնած են առաջինների և երկրորդների հետևում,
  • ԱՄՆ-ի և Չինաստանի միջև,
  • ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի «անդրկուլիսների» միջև (պայմանականորեն՝ Օրդեն և Խումբ, քանի որ ռեալ իրավիճակն ավելի բարդ է),
  • բուն ԱՄՆ իսթեբլիշմենթի ներսում՝ ինչպես մարտավարական (հերթական ընտրություններ), այնպես էլ ռազմավարական հարցերով։

Կան նաև այլ հակասություններ։ Դրանք բոլորն էլ ուժգնանում և արագանում են աճող համակարգային ճգնաժամով պայմանավորված՝ աշխարհակլիմայական և աշխարհաֆիզիկական իրավիճակների վատթարացման հետ մեկտեղ, ընդ որում՝ երկրային և տիեզերական սպառնալիքներն աշխատում են հենց զարգացման պետական-կայսերական (կայսրություն հիշեցնող), հակալիբերալ վեկտորի օգտին։ Խնդիրը, միևնույն ժամանակ, նաև այն է, որ մեկ թնջուկի մեջ են խճճվել հեռացող դարաշրջանի հակասություններն ու հակամարտությունները, դրա միտումները և նոր դարաշրջանի հակասությունները՝ նրա ուժերի և գործակալների հակասությունները ոչ միայն հնի հետ, այլ նաև միմյանց միջև։

ՌԿ – Եվ ի՞նչ է սպասվում այս համատեքստում Ռուսաստանին։

- Բոլոր ճգնաժամերը, որոնց մասին խոսեցինք, անդրադառնում են ՌԴ-ի վրա։ Ստացվում է ճգնաժամի «կրկնակի զանգված»։ Մեզ համար 2011 թվականը նույնպես խիստ կարևոր էր։ Նախ՝ սրվեցին բոլոր հնարավոր հակասությունները. իշխանության և հասարակության միջև, իշխանության ներսում՝ վերին և ստորին սեգմենտների միջև, վերին սեգմենտի ներսում՝ տարբեր խմբերի միջև («ուժայիններ»-«քաղաքացիականներ»), իսկ խմբերի ներսում՝ կլանների միջև։ Ընդ որում՝ հավանաբար բոլոր խմբերի իշխանական (վարչական) ռեսուրսները գրեթե սպառված են։ Վերջին ընտրություններն ակնհայտ ցույց տվեցին դա։ Նշված սպառվածությունն ուժեղանում է խորհրդային նյութական ժառանգության վատնման փաստով. «տասականների» կեսին այն ամբողջովին կմսխվի-կվերջանա։ Ավարտվում է իննսունականների և 2000թթ. սկզբի «ՆԷՊ-2»-ը։ Արդյո՞ք այն կավարտվի այնպես, ինչպես «ՆԷՊ-1»-ը։ Չգիտեմ։

Ցանկացած պարագայում, համաշխարհային իրավիճակը կտրուկ թեժացնում է ներքին ռուսական հակամարտությունների սրությունը և ոչ պակաս սրությամբ դնում արտաքին դաշնակցի՝ ընդհանրապես պետության և տարբեր իշխանական կլանների հարցը։ Ճգնաժամի, հատվածայնացման, համաշխարհային վերնախավի պառակտման պայմաններում սա չափազանց բարդ և դժվար հարց է (1990-ական և անգամ 2000-ական թթ. սկզբին իրավիճակը շատ ավելի պարզ էր)։ Արդյունքում՝ ակնհայտ է առանց այդ էլ միասնությունից ու ամբողջականությունից այդքան հեռու ռուսական վերնախավի հետագա մասնատման ռիսկը, այն, որ ռուսական տարածքը կվերածվի տերությունների, կորպորացիաների, օրդենների ու ցանցային կառույցների մարտադաշտի՝ հանուն ապագայի (ի վնաս բուն բնակչության), ռեզերվային տարածքի և հոգեբանակենսաբանական և այլ փորձարկումների փորձադաշտի։ Թույլ մխիթարություն է արևմտյան վերնախավերի՝ որպես խաղացողների, բարոյակամային դեգրադացումը։ Եվ դա այն պատճառներից մեկն է, թեև ոչ միակը, որով Համաշխարհային Խաղի Տերերը որոշեցին մաքրել Արևմուտքի կուշտ նեոլիբերալ էլիտան։

2011 թվականը գիծ քաշեց հետխորհրդային դարաշրջանի վրա։ Եվ դա, թերևս, անցած տարվա խիստ կարևոր գիծն է. հետխորհրդային դարաշրջանը Ռուսաստանում և աշխարհում անդառնալիորեն ավարտվել է։ Մենք թևակոխում ենք այլ, շատ վտանգավոր դարաշրջան կյանքի համար, որում հարկավոր են կամք և բանականություն։ Այսինքն՝ ամենից առաջ սկզբունքորեն նոր գիտություն հասարակության և մարդու մասին, որը ենթադրում է նոր գիտաճյուղերի ստեղծում, նոր հասկացական ապարատ, աշխատանքի նոր ձևեր՝ զգալի ծավալով տեղեկատվական հոսքերով և, բնականաբար, ռացիոնալ գիտելիքի կազմակերպման նոր ձևեր։

1Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոն։

Զրույցը վարեց Վիկտոր Սավենկովը
http://www.csef.ru

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2012

դեպի ետ