• am
  • ru
  • en
Версия для печати
09.07.2012

ՀԱՅ «ՍԱՄԻԶԴԱՏ» ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

   

Արման Գալոյան
Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, բ.գ.թ.


Հայ լրագրության պատմության արդի փուլում ուրույն դեր ունի «սամիզդատ» մամուլը1: Գաղտնի պայմաններում լույս տեսնող թերթերն էին, որ դարձան ամբիոն ազատության և անկախության, ազգային իղձերի իրականացման նպատակով ոտքի ելած ժողովրդի համար: Չնայած ժամանակին ունեցած դերակատարությանը, «սամիզդատ» մամուլի ժամանակաշրջանը տեսաբանները բավարար ուշադրության չեն արժանացրել:

«Սամիզդատ» տերմինը ծագել է 20-րդ դարի կեսերին՝ Խորհրդային Միությունում: «Սամիզդատ»-ի՝ հենց Ռուսաստանում ի հայտ գալը մասնագետները պայմանավորում են այնտեղ տարբեր ժամանակներում գրաքննության մշտական առկայությամբ2: «Նախկին ԽՍՀՄ տարածքում «սամիզդատը» սկիզբ է առել ստալինյան բռնապետության ընդերքում: Գեղարվեստական «սամիզդատ» տպագրության վերելքը հատկապես կապվում է Սոլժենիցինի, Պաստեռնակի, Նաբոկովի, Ավտորխանովի, Բուլգակովի և մի քանի այլ այլախոհ հեղինակների գործերի անօրինական տարածման հետ»3:

«Սամիզդատ» բառն առաջին անգամ գործածության մեջ է դրել ռուս բանաստեղծ Նիկոլայ Գլազգովը: Խորհրդային գրաքննության հպատակ խմբագրությունները մերժում էին տպագրել նրա ստեղծագործությունները: Այդ խոչընդոտների արդյունքում Գլազգովը որոշեց ստեղծագործությունները հրապարակել անձամբ. 1952թ. նա իր ձեռագրերի տիտղոսաթերթին՝ այն հատվածում, որտեղ սովորաբար նշվում է հրատարակչության անվանումը, գրեց «Самсебеиздат»: «Արձանագրված է, որ ռուսական իրականության մեջ առաջինը Նիկոլայ Գլազգովն էր, որ 1952թ. իր ձեռագրի վրա նշեց «Самсебеиздат»4: Ռուս հեղինակների կարծիքով, Գլազգովն այսպես անալոգիա է արել «Госиздат» («Պետհրատ») բառի հետ: «Արդեն 60-ականների կեսերին իրոնիկ նորամուծությունը կրճատվեց, ու ի հայտ եկավ «սամիզդատ» (самиздат) տերմինը: Իսկ հետագայում այդ բառը կորցրեց իրոնիկ բնույթն ու գործածվեց ամենայն լրջությամբ»5:

Առաջին «սամիզդատները» ոչ թե քաղաքական, այլ գրական-գեղարվեստական բնույթ ունեին: «Սամիզդատ» եղանակով սկզբնական շրջանում տպագրվում էր խորհրդային տարիներին արգելված գրականությունը: Գեղարվեստական բնույթ էին կրում նաև առաջին «սամիզդատ» ամսագրերը. սրանք բանաստեղծությունների ժողովածուներ էին, որոնց յուրաքանչյուր համարում հրատարակվում էին տասնյակ բանաստեղծների գործեր: Որպես առաջին ամսագիր հիշատակվում է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1956թ. լույս տեսած «Կուլտուրա»-ն («Մշակույթ»):

ԽՍՀՄ-ում սամիզդատներին զուգահեռ, երևան եկան նաև тамиздат-ները: Սրանք արտերկրում տպագրվող և ԽՍՀՄ-ում անլեգալ կերպով տարածվող արգելված գրքերն էին6: «Տամիզդատները» և՛ գրական-գեղարվեստական, և՛ քաղաքական նշանակություն ունեին:

Առաջին հասարակական-քաղաքական տեղեկագիրը՝ «Ինֆորմացիա» վերնագրով, լույս է տեսել 1956թ. Պետերբուրգում: Խմբագիր Ռևոլտ Պիմենովը հասցրեց տպագել 10 համար, որից հետ ձերբակալվեց ու դատապարտվեց հակախորհրդային քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: Իսկ Մոսկվայում առաջին «սամիզդատը» լույս է տեսել 1959թ.: Դա Ալեքսանդր Գինզբուրգի «Սինտաքսիս» («Շարահյուսություն») ամսագիրն էր7: Արդեն 60-ական թվականներից ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) զեկուցագրերում հիշատակվում էր «սամիզդատ» տերմինը: Իրենց գաղտնի զեկուցագրերում ՊԱԿ աշխատակիցները փաստում էին, որ վերջին տարիներին «սամիզդատ»-ները որակական փոփոխություն են կրել: «Եթե հինգ տարի առաջ ձեռքից ձեռք էին անցնում գաղափարապես անկայուն գեղարվեստական գործեր, ապա վերջին տարիներին ավելի մեծ տարածում են գտնում ծրագրային-քաղաքական բնույթի փաստաթղթերը»8:

«Սամիզդատ» թերթերի ի հայտ գալը պայմանավորված էր ԽՍՀՄ-ում այլախոհական (դիսիդենտական) շարժումներով: «Սամիզդատ» թերթերի հրատարակումն այլախոհության դրսևորումներից էր. այլախոհներն այդպես էին մարդկանց հասցնում իրենց խոսքը, գաղափարները:

Հայաստանում «սամիզդատ» մամուլը զարգացման ուրույն փուլեր է ունեցել: Առաջին «սամիզդատն» ի հայտ եկավ 1967թ.: Մինչ այդ, սակայն «սամիզդատ» մամուլի ու այլակարծության դրսևորումների համար արդեն իսկ պարարտ հող էր ստեղծվել. 1965թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, ի հիշատակ անմեղ զոհերի, Երևանում քաղաքացիները երթ անցկացրին: Առաջին անգամ էր, որ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության տարելիցին նվիրված նման լայնամասշտաբ միջոցառում տեղի ունեցավ: Այդ օրը կայացած ցույցի մասնակիցներից ոմանց ձերբակալեցին, նույնը եղավ նաև հաջորդ տարի:

Արդեն 1967թ. Հայաստանում հիմնադրվեց ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը9: Վերջինիս անդամներին է վերագրվում հայերեն առաջին «սամիզդատ» թերթի լույսընծայումը: Ընդունված է համարել, որ հայկական առաջին «սամիզդատ»-ը ԱՄԿ «Փարոս» թերթն է: Հրատարակիչներն էին Հայկազն Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Վահան Զատիկյանը և այլք: «Փարոսն» ուներ 5 հազար տպաքանակ, տպագրվում էր ստանդարտ մեքենագրական թղթի վրա և բաղկացած էր չորս էջից: «Փարոսի» հաջորդ համարը` լրացուցիչ հավելումով, հրատարակվեց միայն 1971թ., ուղիղ տասը տարի անց՝ 1981թ., հրատարակվեց «սամիզդատ» թերթի չորրորդ՝ վերջին համարը. այն հրատարակեցին նախկին այլախոհ քաղբանտարկյալներ Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանը10:

«Փարոս»-ի առաջին համարի հրատարակումից մեկ տարի անց՝ 1968թ., ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը գաղտնի տպագրեց «Երկունք» «սամիզդատ» ամսագիրը՝ 500 օրինակով: Սակայն պարբերականը տարածող խմբին ՊԱԿ աշխատակիցները ձերբակալեցին և այլախոհության ու հակախորհրդային քարոզչության համար դատապարտեցին ազատազրկման:

Վկայություններ կան, որ բացի «Փարոս»-ից, այդ տարիներին հրատարակվել է մեկ այլ «սամիզդատ» թերթ՝ այլախոհ գործիչ Պարույր Հայրիկյանի11 «Ազգային ինքնորոշում միավորման» կողմից: Այն կրում էր «Ցասում» անվանումը12: 1968թ. «սամիզդատ» եղանակով փորձ է արվել տպագրելու նաև «Հանուն Հայրենիքի» ամսագիրը: Նախաձեռնողը եղել է «Հայ դատ» ընդհատակյա կազմակերպությունը՝ Հովիկ Վասիլյանի գլխավորությամբ, սակայն նրանց հաջողվել է տպագրել 343 օրինակ. Վասիլյանին և այդ խմբի անդամներին հայտնաբերել ու դատապարտել են ազատազրկման13:

Այնուհետև մոտ 18 տարի Հայաստանում «սամիզդատ» եղանակով թերթեր չէին տպագրվում: Մինչդեռ այդ տարիներին խորհրդային մյուս հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում, «սամիզդատները», հակառակ իշխանությունների ճնշումներին, տպագրվում էին14: Սակայն սա չէր նշանակում, թե խորհրդային իշխանություններին հաջողվել էր Հայաստանում մարել այլախոհական շարժումները: Ընդհակառակը, Հայաստանում 1953-1990թթ. այլախոհության համար դատապարտվել է 107 մարդ, միայն 1980-ականներին՝ 14 հոգի15:

Հայաստանում սառույցը կոտրվեց 1987թ.: Օգտվելով վերակառուցման տարիներին ընձեռված հնարավորություններից՝ Հայաստանում ստեղծվեցին նաև հասարակական կազմակերպություններ՝ «Մաշտոց», «Զանգակատուն», «Ամբերդի վերականգնման ֆոնդ»: Թեև դրանք առերևույթ ոչ քաղաքական կազմակերպություններ էին, սակայն իրականում զբաղվում էին հենց քաղաքականությամբ:

«Սամիզդատ» մամուլը կանոնավոր սկսեց հրատարակվել 1987-ից: Ներսես Հայրապետյանը 1987-1989 թվականներն անվանում է «սամիզդատ» մամուլի շրջան. «Ոչ պաշտոնական մամուլի «սամիզդատ» շրջանն իրավամբ ավարտվեց, երբ 1989թ. նոյեմբերի 2-ին Հայոց համազգային շարժման առաջին համագումարի առթիվ լույս տեսավ «Հայք» թերթի անդրանիկ համարը… Սրանով, սակայն, «սամիզդատ» պարբերականները չվերացան և նույնիսկ այժմ, առիթից առիթ, երևան են գալիս»16: Շարունակելով մամուլի պարբերականացումը՝ նա առանձնացնում է նաև հետևյալ փուլերը. 1990-1991թթ. անցումային փուլն է, 1992-1998թթ.՝ ազատական մամուլի ձևավորման շրջանը17:

1987-1990 թվականները հայ «սամիզդատ» մամուլի պատմության մեջ համարվում են վերելքի շրջան, երբ դրանք բուռն ծաղկում էին ապրում:

1987թ. մայիսին, ազատ արձակվելով Մորդովիայի աքսորավայրից, Պարույր Հայրիկյանը հիմնադրեց «Աշոտ Նավասարդյանի և Ազատ Արշակյանի պաշտպանության կոմիտեն»: Մի քանի ամիս անց այն վերանվանվեց «Քաղբանտարկյալների պաշտպանության հայկական կոմիտե»: Եվ այդ կոմիտեն 1987թ. մայիսին «սամիզդատ» եղանակով լույս ընծայեց «Աշոտ Նավասարդյանի և Ազատ Արշակյանի պաշտպանության կոմիտեի Տեղեկագիր»-ը18:

Սակայն կա տեսակետ, որ Հայաստանում առաջին «սամիզդատը» համարվում է Պարույր Հայրիկյանի հիմնադրած, Սուսաննա Գրիգորյանի խմբագրած «Անկախություն» թերթը, որը լույս տեսավ 1987թ. հոկտեմբերի 24-ին: «Հայաստանում առաջին (ԽՍՀՄ տարածքի երկրորդ) ոչ պաշտոնական, անկախ շաբաթաթերթն է, որ բացահայտորեն ըմբոստացավ կոմունիստական ամբողջատիրության դեմ (առաջինը 1987թ. օգոստոսի 1-ից Մոսկվայում լույս տեսած՝ Ա.Պոդրաբինեկի «Էքսպրես խրոնիկա» շաբաթաթերթն էր): Արցախյան ազատամարտի պոռթկումից սկսած՝ ազատագրական շարժման փաստորեն առաջին և երկար ժամանակ միակ տարեգիրն էր»19: Այս տեսակետի կողմնակից Ն.Հայրապետյանը որպես հիմնավորում նշում է. «Տեղեկագիրը» տարածվում էր նեղ շրջանակներում, ուներ ոչ թե գաղափարախոսական, այլ գերազանցապես տեղեկատվական-փաստագրական բնույթ: «Այն ավելի ճիշտ կլինի բնորոշել որպես հիշյալ կոմիտեի շրջաբերական, քան պարբերական՝ վերջինիս դասական իմաստով»20: Հենց այս պատճառով էլ նոր շրջանի առաջին «սամիզդատ» համարվում է ոչ թե «Տեղեկագիրը», այլ՝ «Անկախություն»-ը, որը բավական երկար կյանք ունեցավ:

1987-1990 թվականները հայ «սամիզդատ» մամուլի ոսկեդարն էր: Միայն 1988թ. Հայաստանում լույս տեսավ ավելի քան մեկ տասնյակ «սամիզդատ» թերթ, իսկ 1988-1990թթ. մոտավոր հաշվարկներով լույս է տեսել երեք տասնյակից ավելի «սամիզդատ» պարբերական21: Այդ ժամանակաշրջանի «սամիզդատ» թերթերի գոյությունը պայմանավորված էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով` ծավալված Հայոց համազգային շարժմամբ: «Սամիզդատներից» ոչ բոլորը հրատարակվեցին կանոնավոր կերպով և տևական ժամանակ: Նրանց մի մասը նույնիսկ երկու-երեք թողարկումից հետո դադարում էր տպագրվելուց: Թերթերից բացի, նույն եղանակով տպագրվում էին նաև թռուցիկներ: Սրանք իրենց բովանդակությամբ նման էին «սամիզդատ» թերթերին, հաճախ՝ հենց «սամիզդատ» թերթն իր ծավալով թռուցիկ էր հիշեցնում: Այնպես որ, սրանք ևս տեղեկատվական, քարոզչական նպատակներ էին հետապնդում:

1988-1990թթ. «սամիզդատ» թերթերից առանձնացնենք Ալեքսանդր Արզումանյանի խմբագրած «… և այլն», ԱԻՄ «Ինքնորոշում», «Անկախություն», «Հայրենիք», ՀՀՇ կուսակցության «ՀՀՇ խոսնակ», «88», ինչպես նաև «Գոյապայքար» երիտասարդական միության «Մաշտոց» «սամիզդատ»-ները: Սրանք մյուսներից առանձնանում են և՛ իրենց «երկարակեցությամբ», և՛ որակով: «Հայ լրագրությունը նմանատիպ մեկ վերելք ևս ապրեց 1988-1990 թվականներին՝ Ղարաբաղյան շարժման տարիներին: Այդ տարիներին բնորոշ էր ավելի շատ «սամիզդատ» մամուլի գոյությունը, որից իր լայնախոհությամբ, հարցադրումների հրատապությամբ և վերլուծությունների խորությամբ առանձնանում էր «… և այլն» պարբերականը (խմբագիր՝ Ալեքսանդր Արզումանյան), որը լույս էր տեսնում 1989-1990 թվականներին և անդրադառնում էր օրախնդիր դրսևորումներին, որոնք հետաքրքրում էին հասարակությանը»,- նման գնահատական է տվել Այդին Մորիկյանը22:

Ինչպես արդեն նշվեց, «սամիզդատ» թերթերը տպագրվում էին գաղտնի պայմաններում. դրանք հիմնականում հասարակ թղթի վրա գրամեքենայով տպված, լուսապատճենված թերթիկներ էին կամ լուսանկարահանված էջեր, լույս էին տեսնում ոչ մեծ տպաքանակով։ Ի տարբերություն պաշտոնական մամուլի, որը վաճառվում էր կրպակներում, «սամիզդատները» տարածվում էին գաղտնի՝ թռուցիկների նման: Հատկապես սկզբնական շրջանում «սամիզդատները» չունեին հստակ պարբերականություն: Պատճառն ընդհատակյա կազմակերպությունների, այդ թվում՝ «սամիզդատ» մամուլի հրատարակիչների հանդեպ խորհրդային իշխանության հետապնդումներն ու հալածանքներն էին, որոնց արդյունքում նրանք գործում էին գաղտնի պայմաններում:

Բավական բազմազան էր «սամիզդատ» մամուլի բովանդակությունը: Դրանք անդրադառնում էին թեմաների, որոնց մասին գրելն արգելված էր պաշտոնական մամուլի համար. ԽՍՀՄ կազմից Հայաստանի անջատում, Հայաստանի անկախ պետության հիմնադրում: Այս թեմաներն արծարծվում էին հիմնականում հրապարակախոսական ժանրի նյութերում: «Սամիզդատ» մամուլում ներկայացված էին նաև հայ ազգային գործիչների, մասնավորապես՝ Հայաստանի առաջին Հանրապետության գործիչների մասին նյութեր, արտատպում հատվածներ նրանց ստեղծագործություններից և այլն: Ներկայացվում էին պատմության էջերը, որոնք խորհրդային տարիներին կամ փակ էին, կամ հրապարակվում էին գրաքննության «զտիչով» անցնելուց հետո:

«Սամիզդատ» մամուլում շատ էին նաև ինֆորմացիոն բնույթի նյութերը: Դրանք տեղեկություն էին հաղորդում առաջին հերթին այդ օրերին ընթացող քաղաքական գործընթացների մասին: Հանրահավաքի վայրից ռեպորտաժներին զուգահեռ, ինքնահրատները ներկայացնում էին նաև շարժման առաջնորդների ու ակտիվիստների ելույթները: Լայն անդրադարձ կար մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես, քաղբանտարկյալներին, նրանց դեմ հարուցված քրեական գործերին, դրանց վերաբերյալ արձագանքներին: 1988-1989թթ., երբ ձերբակալվել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, «սամիզդատ»-ները կանոնավոր անդրադառնում էին կատարվածին՝ բոլոր մանրամասներով: Հայաստանյան «սամիզդատ» մամուլը սերտորեն համագործակցում էր նաև խորհրդային մյուս երկրների «սամիզդատ» թերթերի, մասնավորապես՝ «Գլասնոստի»-ի հետ, արտատպելով նրանց, ինչպես նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի լուրերը: Այսպես, փաստորեն, «սամիզդատ» թերթերը նոր լույսով սկսեցին բացահայտել իրողությունները, ներկայացնել այն, ինչի մասին խորհրդային իշխանությունների օրոք ընդունված չէր խոսել. «Պաշտոնական մամուլի նկատմամբ սրանք ունեին մի մեծ առավելություն՝ քարոզում էին ազատության և ճշմարտացիության լեզվով, ասում նախկինում յոթ փակի տակ պահվող մտքեր ու գաղափարներ»23:

«Սամիզդատ» մամուլի առանձնահատկությունների և նրա ունեցած ազդեցության մասին խոսելիս առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել տվյալ պատմական ժամանակաշրջանի առանձնահատկությունները:

Խորհրդային Միությունում, որտեղ իշխում էր միակուսակցական ռեժիմը, հալածվում էր այլընտրանքային խոսքը, վերահսկվում և պաշտոնական գրաքննության էին ենթարկվում լրատվամիջոցները: «Կոմունիստական, մասնավորապես՝ խորհրդային մամուլը պլանավորված, կուսակցության և կառավարության կողմից վերահսկվող համակարգ էր, որը մերժում էր և՛ մասնավոր հրատարակությունները, և՛ դրանց մրցակցությունը: Միակուսակցական մամուլին էր պատկանում որևէ նյութի հրապարակման մենաշնորհը: Թղթակիցների աշխատանքը դիտվում էր որպես պոզիտիվ լրատվություն, որը պետք է ծառայեր կուսակցության նպատակներին և ոչ թե մարդկանց շահերին»24: Նման պայմաններում «սամիզդատ» մամուլի ի հայտ գալը չէր կարող աննկատ ու անհետևանք մնալ: «Սամիզդատ» մամուլը բացահայտ քննադատում էր կենտրոնին, մատուցում այլընտրանքային տեղեկատվություն ու գաղափարներ: Օրինակ, «սամիզդատ» մամուլում լայնորեն արծարծվեց Հայաստանի անկախության գաղափարը. «Փարոս»-ը դեռ 1967թ. գրում էր. «Հայ մտավորականության սրբազան պարտքն է ժողովրդի հետ միասին կարճ ժամանակում լուծել Հայկական հարցը նոր և ճիշտ ձևով, հայ ժողովրդի իղձերը իրականություն դարձնելու, այսինքն՝ Հայաստանն ազատագրել Ռուսական լծից, դուրս գալ այսպես կոչված սովետական կազմից և հայտարարել Հայաստանն անկախ, չեզոք պետություն»25: «Ազգային շարժման սկզբից մինչև օրս մենք միշտ ենթարկվել ենք Մոսկվայի կողմից կազմակերպված հոգեբանական և մարմնական ահաբեկչության: 1988 թվականը հայ ժողովրդի համար եղավ քաղաքական հասունացման և ճշմարտության հետ հաղորդակցվելու տարի: Ոչ մի կոտորած, ոչ մի սադրանք մեզ չպետք է կարողանա հետ պահել մեր պայքարից»26:

Այս առումով, «սամիզդատ» մամուլի առանձնահատկություններից մեկն էլ ազգային բովանդակությունն էր: Այս հանգամանքը դրսևորվում էր նաև «սամիզդատ» թերթերի անուններում, ձևավորման մեջ օգտագործվող պատկերներում (հիմնականում հանդիպում են Մասիս լեռը, արծիվ, առյուծ, խաչ, սուր և այլն) և նյութերի բովանդակությունում:

«Սամիզդատ» մամուլի ևս մեկ առանձնահատկություն էր ծայրաստիճան քաղաքականացված լինելը: Այդ փաստը, թերևս, բնական է և միանգամայն հասկանալի. այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ «սամիզդատ» մամուլն այդ օրերին սկիզբ առած Հայոց համազգային շարժման խոսափողն էր, ըստ այդմ՝ նրա անբաժանելի մասը: Ինչպես վերը նշեցինք, «սամիզդատ» թերթերի ի հայտ գալը պայմանավորված էր ԽՍՀՄ-ում ծավալվող այլախոհական շարժումներով: Եվ այս համատեքստում հարկավոր է նկատել, որ «սամիզդատ» մամուլը լուրջ ազդեցություն ունեցավ քաղաքական պայքարում. «սամիզդատը» նպաստեց քաղաքական ընդդիմության գործունեության խթանմանը, հասարակության մեջ նրա գաղափարների տարածմանը: Այն ոչ միայն տեղեկատվության, այլև հասարակական կարծիք ձևավորելու միջոց էր: Այդպես «սամիզդատ» թերթերն ու թռուցիկները վերածվեցին քաղաքական պայքարի լուրջ միջոցի: «Պաշտոնական մամուլի վիթխարի տպաքանակի և հնարավորությունների համեմատ, «ինքնահրատ» մամուլը տարածման շրջանակներ և հասարակական մտքի վրա ազդելու հնարավորություններ գրեթե չուներ: «Սամիզդատների» ուժը ժողովրդի և նրա ոգու մեջ էր, իսկ դա դրսևորվեց Հայոց համազգային շարժմամբ, որը Հայաստանը վերածեց մի միասնական ամբողջության՝ մեկ սիրտ, մեկ մարմին, մեկ նպատակ՝ Ղարաբաղ և Միացում: «Ինքնահրատ» մամուլն ուներ մի հզոր դաշնակից ևս՝ ամենօրյա ցույցերում տարածվող բաց նամակները, պլակատները, քարոզչաթերթերը (թռուցիկներ), սրանք ստեղծվում, բազմացվում և տարածվում էին հեղեղի պես»27: Այս համատեքստում «սամիզդատ» թերթերն ու թռուցիկներն ունեցան նաև հոգեբանական ազդեցություն՝ ըստ էության կոտրելով վախի մթնոլորտը:

«Սամիզդատ» մամուլի հետևանքով զգալիորեն վերափոխվեցին նաև մամուլի ինֆորմացիոն շրջանակները: Այլևս մամուլը սկսեց անդրադառնալ ոչ թե այն թեմաներին, որ նպատակահարմար էր գտնում իշխանությունը, այլ՝ ինչ հետաքրքրում էր ժողովրդին: «Սամիզդատ» թերթերը կոտրեցին լրագրության, լրագրողի աշխատանքի մասին մինչ այդ եղած կարծրատիպերը: Այսինքն, եթե նախկինում մամուլը ծառայում էր կուսակցության շահերին, ապա «սամիզդատները» ծառայում էին հասարակությանը, մարդկանց, բավարարում այդ օրերի նրանց լրատվական, ինֆորմացիոն «քաղցը»: Եվ նրանք եղան կամուրջը՝ հնից նորի անցման ճանապարհին:

Եթե ընդհանրացնելու լինենք հայ «սամիզդատ» մամուլի պատմությունը, ապա այն կարելի է բաժանել 5 հիմնական շրջանի.

1967-1981թթ. - նախնական շրջան. այս ընթացքում հիմնադրվեցին հայերեն առաջին «սամիզդատ»-ները, որոնք, սակայն, ճնշումների ու հալածանքների պատճառով երկար կյանք չէին ունենում:

1981-1987թթ. - անկման տարիներ. այս ընթացքում Հայաստանում պարզապես դադարեց «սամիզդատների» լույսընծայումը, իսկ այլախոհների մեծ մասը գտնվում էր կալանավայրերում:

1987-1988թթ. - «սամիզդատ» մամուլի վերակենդանացման տարիներ. այս ընթացքում ակտիվ փորձեր արվեցին կրկին լույս ընծայելու «սամիզդատ» թերթեր. սառույցը որոշակիորեն շարժվեց:

1988-1991թթ. - «սամիզդատ» մամուլի զարգացման շրջան: Այս ընթացքում մեծ թիվ էին կազմում «սամիզդատ» թերթերը, որոնք նոր որակ ու շունչ ստացան:

1991թ. առայսօր: ՀՀ անկախության հռչակումից, «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո վերացան թերթ տպագրելու համար պետական մարմինների արգելքները: Թեև դրանից հետո եղան որոշակի «սամիզդատների» թողարկումներ, սակայն դրանք կրում էին ոչ պարբերական բնույթ և լույս էին տեսնում առիթից առիթ:

1 Հայերենում օգտագործվում է նաև «Ինքնահրատ» բառը, որը «Սամիզդատ»-ի հայերեն թարգմանությունն է: «Սամիզդատ»-ին զուգահեռ գործածվում է մեկ այլ տերմին՝ «ոչ պաշտոնական մամուլ»: Այս անվանումը տրվել է ի հակադրություն խորհրդային պաշտոնական լրատվամիջոցների. այդ եզրույթը գործածվում է՝ նկատի ունենալով «ոչ պաշտոնական մամուլի» տպագրության եղանակը: Տե՛ս Ներսես Հայրապետյան, Հայաստանում ժամանակակից մամուլի զարգացման մի քանի հարցեր (1988-1998թթ.), Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում. սեմինարի նյութերի ժողովածու, Երևան, 1999, էջ 28:

2 Алексеева Людмила, История инакомыслия в СССР, M., 1992. http://www.memo.ru/history/diss/books/ALEXEEWA/index.htm

3 Ներսես Հայրապետյան, Հայաստանում ժամանակակից մամուլի զարգացման մի քանի հարցեր (1988-1998թթ.), Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում. սեմինարի նյութերի ժողովածու, Երևան, 1999, էջ 28:

4 Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), կազմեց՝ Ներսես Հայրապետյանը, Երևան, 1999 էջ 9: Տե՛ս նաև Суетнов Александр, Самиздат: Библиографический указатель, Москва, 1992, с. 18.

5 http://his.1september.ru/articlef.php?ID=200301102

6 http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B7%D0%B4%D0%B0%D1%82, տե՛ս նաև http://scepsis.ru/library/id_815.html, տես նաև՝ http://urokiistorii.ru/history/trad/2009/05/tamizdat

7 http://his.1september.ru/articlef.php?ID=200301102

8 Նույն տեղում:

9 Հայաստանը ԽՍՀՄ երկրներից միակն էր, որտեղ կար կուսակցություն, որի նպատակն էր ԽՍՀՄ-ից Հայաստանի անջատումը, միտք, որն արժանանում էր ժողովրդի հավանությանը: 15 տարվա մեջ ՊԱԿ-ը համոզվեց, որ ԱՄԿ-ն անկոտրում է. ձերբակալությունների յուրաքանչյուր ալիքից հետո ի հայտ էին գալիս նորանոր հետևորդներ: Միևնույն ժամանակ, ԱՄԿ-ն և ընդհանրապես՝ Հայաստանում տիրող տրամադրությունները երկրից դուրս քիչ էին հայտնի: Մանրամասն տե՛ս http://www.memo.ru/history/diss/books/ALEXEEWA/index.htm

10 ԱՄԿ անդամ Աշոտ Նավասարդյանն այլախոհության, հակախորհրդային քարոզչության համար ձերբակալվել և առաջին անգամ դատապարտվել է 1969-71թթ., երկրորդ անգամ՝ 1974-77թթ., երրորդ անգամ՝ 1981-87թթ.: Իսկ Ազատ Արշակյանը ձերբակալվել և դատապարտվել է առաջին անգամ՝ 1974-77թթ., երկրորդ անգամ՝ 1981-87թթ.: Վերջին անգամ նրանք ձերբակալվեցին ու դատապարտվեցին հենց «Փարոսի» չորրորդ համարի հրատարակության համար:

11 Քաղաքական դրդապատճառներով շուրջ 17 տարի կալանավայրում, այնուհետև աքսորում է անցկացրել նաև Պարույր Հայրիկյանը:

12 Անանյան Գ., Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը, Երևան, 2001, էջ 10, տե՛ս նաև Ժուռնալիստիկա. տեսության և պատմության հարցեր, Պրակ Բ, Երևան 2001, էջ 95:

13 Մանուկյան Ա., Քաղաքական այլախոհությունը Հայաստանում. 1950-1988թթ., Երևան, 2005, էջ 50:

14 Այդ տարիներին Մոսկվայում լույս տեսնող ամենահայտնի «սամիզդատը» եղել է «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկա» (”Хроники текущих событий”) տեղեկատվականը, որը հրատարակվեց 1968-1983թթ. (ընդհանուր 64 համար): Առաջին գլխավոր խմբագիրը Նատալյա Գորբանևսկայան էր: Տե՛ս Մանուկյան Ա., Քաղաքական այլախոհությունը Հայաստանում. 1950-1988թթ., Երևան, 2005, էջ 32: Տե՛ս նաև http://his.1september.ru/articlef.php?ID=200301102

15 Մանուկյան Ա., Քաղաքական այլախոհությունը Հայաստանում. 1950-1988թթ., Երևան, 2005, էջ 84:

16 Ներսես Հայրապետյան, Հայաստանում ժամանակակից մամուլի զարգացման մի քանի հարցեր (1988-1998թթ.), Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում. սեմինարի նյութերի ժողովածու, Երևան, 1999, էջ 28:

17 Նույն տեղում։

18 Գևորգ Յազըճյան, Հայաստանի 1985-1991 թուականներու պարբերական մամուլը, Անթիլիաս, 2004, էջ 39:

19 Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), կազմեց Ներսես Հայրապետյանը, Երևան, 1999 էջ 37:

20 Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), կազմեց՝ Ներսես Հայրապետյանը, Երևան, 1999, էջ 37:

21 Անանյան Գ., Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը, Երևան, 2001, էջ 10:

22 Մորիկյան Ա., Ժուռնալիստիկա, ինչ, ինչու, ինչպես, Երևան, 2006, էջ 197:

23 Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), կազմեց՝ Ներսես Հայրապետյանը, Երևան, 1999, էջ 10:

24 Լրագրողի հակիրճ տեղեկատու բառարան, Pro Media, Երևան, 2000, էջ 20-21:

25 Փարոս, 1967, N 1:

26 Ինքնորոշում, 10 հունվարի, 1989, N 2:

27 Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), կազմեց՝ Ներսես Հայրապետյանը, Երևան, 1999, էջ 10:

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2012

դեպի ետ