«ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ» ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԸ ՄՈԼԴՈՎԱ-ՄԵՐՁԴՆԵՍՏՐՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Դիվանագիտության առումով հարաբերականորեն հանդարտ ժամանակաշրջանը Մոլդովա-մերձդնեստրյան սահմանին փոխարինվեց հիմնական «ծանրքաշայինների»՝ Ռուսաստանի, Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական վճռական գործողություններով։ Այսպիսով, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունն (ՄԴՄՀ) այն վայրն է, որտեղ միահյուսվում են ուժի երեք կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը։ Դրանցից ամենամեծ ռազմաքաղաքական կապիտալն ունի ԱՄՆ-ը, Միացյալ Եվրոպան երկրորդն է, Ռուսաստանը՝ երրորդը։
Վաշինգտոնի ներգրավվածությունը մերձդնեստրյան խնդրում այնքան նկատելի է, որ Կրեմլը, հանձին նախագահ Մեդվեդևի, արդեն հանդես է եկել մերձդնեստրյան կարգավորման բանակցություններում ԱՄՆ-ին որպես գործընթացի մասնակից, այլ ոչ թե դիտորդ ներգրավելու նախաձեռնությամբ։ Դրանով իսկ կասկածի տակ է դրվել ներկայիս «5+2» բանակցային ձևաչափի (Մոլդովա, Մերձդնեստր, Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ, իսկ որպես դիտորդ՝ Եվրամիություն և Միացյալ Նահանգներ) նպատակահարմարությունը։ 2011թ. փետրվարի 7-ին հանրապետական սենատոր, դեպի արևելք ՆԱՏՕ-ի էքսպանսիայի կողմնակից Ռիչարդ Լուգարը Բարաք Օբամայի վարչակազմից պահանջեց «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում՝ Կրեմլին որոշակի զիջումների մղելու համար։ Ռ.Լուգարի զեկույցում խորհուրդներ կան այն առնչությամբ, որ «գերակա դարձվի» առանձնացած շրջանը Քիշնևի կառավարմանը վերադարձնելը, մանավանդ որ «ԱՄՆ առաջատար դերը եվրոպական անվտանգության հարցերում առաջվա պես անփոփոխ է մնում»։ Վաշինգտոնի Անցումային դեմոկրատիաների նախագծի ղեկավար Բրյուս Ջեքսոնը Քիշնևում հայտարարել է, որ Մոլդովան 1990-ական թթ. բաց է թողել մերձբալթյան պետությունների նման ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը կրկնելու լավ հնարավորությունը։ Վաշինգտոնում ավելի հաճախ են պահանջներ հնչում հակամարտության գոտում ռուսական խաղաղարարներին ԵԱՀԿ, Եվրամիության և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հովանու ներքո գործող միջազգային ռազմական ուժերով փոխարինելու վերաբերյալ։ Ամերիկացիները կուզենային Մերձդնեստրը տեսնել Մոլդովայի կազմում՝ ինքնավարության իրավունքով, քանի որ Դնեստրի արևելյան ափի ռազմավարական այս կարևոր հատվածը տնօրինելը Վաշինգտոնին թույլ կտար էլ ավելի ամրանալ ռուսական սահմանների մոտ։ 1990-ական թթ. սկզբին Մոլդովայի անկախության ձեռքբերմամբ և այդ երկրի՝ դեպի Արևմուտք ակնթարթային վերակողմնորոշմամբ Մոսկվայի դրությունը Հարավարևելյան Եվրոպայում հարվածի տակ ընկավ՝ կապված տարածաշրջանում ռուսական սահմանների աշխարհաքաղաքական խոցելիության հետ։ Բեսարաբիայի (և, համապատասխանաբար, Ռումինիայի) արևելյան սահմանը կրկին գտնվում է Օդեսայի նավահանգստից (Սևծովյան նավատորմի գլխավոր բազան Սև և Միջերկրական ծով դուրս գալու համար) մոտ 50 մղոն հեռավորության վրա, և արդեն իմաստ չի ունենում խոսել Դունայի հանդեպ լիարժեք ռազմավարական վերահսկողության մասին։
Մերձդնեստրյան ուղղությամբ ամերիկյան դիվանագիտությունը պատահականորեն չէր, որ աշխուժացավ Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։ Ընտրությունների արդյունքներով՝ ո՛չ արևմտամետ Եվրոպական ինտեգրման դաշինքի (ԵԻԴ) չորս կուսակցությունները, ո՛չ կոմունիստների կուսակցությունը (Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցություն) նախագահի ընտրության համար չունեն անհրաժեշտ ձայների երկու երրորդը, ուրեմն՝ քաղաքական պայքարի բոլոր վայրիվերումները դեռ առջևում են։ Վլադիմիր Վորոնինի գլխավորած կոմունիստների և Մարիան Լուպուի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության միջև կոալիցիայի ստեղծման գաղափարը խիստ բացասաբար ընդունվեց ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրամիության կողմից։ Շվեդիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ Կառլ Բիլդտը և Ռադոսլավ Սիկորսկին (հակառուսական խորացված տրամադրություններ ունեցող եվրոպական քաղաքական գործիչներից են) չափից ավելի մեծ ջանքեր գործադրեցին այդ պլանի խափանման համար։ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նշել է, որ հիմա, Կիևում Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց և Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնանկության ձախողումից հետո, Արևմուտքը հաշվարկն անում է Մոլդովայի վրա, որը ժողովրդավարական փոխակերպումների ակնհայտ ձգտում է ցուցաբերում։
Եվրամիությունը, հանդես գալով որպես նշանակությամբ երկրորդ ուժի կենտրոն, Ռուսաստանի հետ կոշտ մրցակցության պատրաստակամություն է ցուցաբերում Մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության գոտում գերիշխանության իրավունքի համար։ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, թե վերջին ընտրությունները Մոլդովայում տարածաշրջանի քաղաքական կայունացման հնարավորություն են տալիս, նույնպես տեղավորվում են ընդհանուր համատեքստում։ Փետրվարի 8-10-ին պաշտոնական այցով Մոլդովայում էր Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աուդրոնյուս Աժունալիսը, որը հավաստեց Բրյուսելի՝ բանակցային գործընթացը վերսկսելու ցանկությունը։ Այնինչ, Մոլդովայի և Մերձդնեստրի գծով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է սլովակ Միրոսլավ Լայչակը, որը Չեխիան ու Սլովակիան, Սերբիան Հարավսլավիայի մնացած մասից, իսկ հետո էլ Չեռնոգորիան Սերբիայից «բաժանելու» փորձ ունի։ Այս ֆոնին ՄԴՄՀ ԱԳՆ-ն՝ հանձին Վլադիմիր Յաստրեբչակի, հայտարարեց իր արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների (Ռուսաստան-Ուկրաինա-Մոլդովա) և գալիք տարի դիվանագիտական մեթոդներով միջազգային ճանաչման իր իրավունքն ապացուցելու մտադրության մասին։
Ուշագրավ է Միացյալ Նահանգների և Եվրամիության համատեղ գործողությունների ներդաշնակությունը։ Ճիշտ որսալով Եվրոպայում հասունացող ազգային ինքնության ճգնաժամի և բազմամշակութայնության քաղաքականության տապալման հիմնախնդիրը՝ Վաշինգտոնը կրկին դիմեց եվրոպական էլիտաներին՝ «հրատարակել» եվրաատլանտիզմի նոր հայեցակարգ՝ Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մերձեցում ընդհանուր արժեքների և լիբերալ շուկայի գաղափարներին ու մարդու իրավունքներին հավատարմության, ինչպես նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի անբաժանության դրույթի հիմքի վրա։ Այս հայեցակարգն այնքան խորն է և ծավալուն, որ բրիտանացի քաղաքական գործիչ Ջոն Ուիլյամսը եվրաատլանտիզմի տեսությանն աստվածաբանական երանգ է տվել՝ այն անվանելով «ատլանտիստական աստվածաբանություն»։ 1996թ. հիմնադրվեց այսպես կոչված «Նոր ատլանտյան նախաձեռնությունը», որը նախատեսում էր եվրոպական աշխարհամասում հանապազօրյա հիմնախնդիրների լուծման ամերիկա-եվրոպական համատեղ մեխանիզմներ մշակել։ 2007թ.՝ Եվրախորհրդարանի կողմից «անդրատլանտյան գործընկերության» համաձայնագրի շրջանակում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման մասին բանաձևի ընդունումից ուղիղ մեկ տարի հետո, լույս տեսավ «Անդրատլանտյան նոր օրակարգը»։ Վաշինգտոն-Բրյուսել ռազմավարական գործընկերությունը շարունակում է զարգանալ՝ չնայած եվրոպացիների թվացյալ հակաամերիկանիզմին։ 2010թ. մարտի 26-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն առաջ քաշեց «Նոր ատլանտիզմ XXI դարի համար» թեզիսը։ Հենց այդպես էր կոչվում նրա ելույթը, որում Բառոզուն կոչ էր անում խորացնել անդրատլանտյան կապերը, և որում ԵՄ-ը և ԱՄՆ-ը նշում էր որպես գլոբալ լիդերներ։ Նման համատեքստում ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության միանալու մասին հավաքական Արևմուտքի առաջարկներն ավելին չեն, քան եվրաատլանտյան քողարկված խորամանկություններ (ստրատագեմներ)։ Մոլդովական ուղղությամբ հատուկ ակտիվություն է ցուցաբերում Բեռլինը։ 2010թ. դեկտեմբերի 21-ին Մոլդովա այցելեց Գերմանիայի փոխարտգործնախարար Վերներ Հոյերը և մի շարք հանդիպումներ ունեցավ մոլդավացի քաղաքական գործիչների հետ։ Մերձդնեստրյան հարցը 2011թ. փորձություն կլինի ռուս-գերմանական համագործակցության համար։ Աշխարհամասայինից ծովիշխանության (թալասոկրատիայի) Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը, ինչն առավել ցայտուն դրսևորվեց Անգելա Մերկելի իշխանության գալով, լրջորեն վնասում է Կրեմլի եվրոպական քաղաքականությանը։
Միանգամայն կանխատեսելի է թվում Վարշավայի ակտիվացումը, որը ռուսական ներկայությունը Մերձդնեստրում դիտարկում է որպես անցանկալի գործոն։ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը Բուխարեստ և մերձդնեստրյան հակամարտության լուծմանը Լեհաստանի մասնակցության կարևորության մասին նրա մեկնաբանությունները դրա ուղղակի ապացույցն են։ Լեհերը վկայակոչում են այն, որ Մերձդնեստրը ոչ միայն Մոլդովայի և Ռումինիայի, այլև ողջ Եվրամիության, հետևաբար և ՆԱՏՕ-ի հիմնախնդիրն է։ Այս խոսքերը կրկներգի նման հնչել են Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուի այն հայտարարություններում, թե Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավոր է միջամտել և նպաստել տարածաշրջանից ռուս խաղաղարարների դուրսբերմանը։ Քիշնևը, հավանություն տալով Մեծ Ռումինիայի գաղափարին, որի կազմում, ըստ գաղափարը մտահղացողների, պետք է մտնեն ոչ միայն Մոլդովան և ՄԴՄՀ-ն, այլ նաև ուկրաինական տարածքի մի մասը (Բուկովինան և Օդեսայի մարզը), պատրաստ է համագործակցել ցանկացած հակառուսական ուժի հետ։ Սրան զուգահեռ՝ ռումինացիներն արդիականացնում են Դունայի ռազմական նավատորմիկը, որը կազմված է 2 բրիգադից (Բրեիլա և Տուլչա)։ Դրանց կազմում են 3 մեծ և 6 փոքր գետային զրահանավեր, 18 զրահանավակներ, ավելի քան 20 ականազերծիչ նավ և դեսանտային ինքնագնաց ու բեռնանավ։ Ռումինական հատուկ նշանակության զորքերի երկու գումարտակ 2006-ից տեղակայված են ռումինա-ուկրաինական սահմանին՝ Իզմայիլի և Բուկովինայի դիմաց։ Ավիացիոն խմբավորման ուժեղացման համար Բուխարեստը դիտարկում է շվեդական Gripen, գերմանական Eurofighter կամ ամերիկյան F-16c ինքնաթիռներ գնելու հնարավորությունը (24 հատ)։ Ամերիկյան մի շարք փորձագետներ կարծում են, որ 24 ինքնաթիռներն ամբողջությամբ չեն լուծի Ռումինիայի ՌՕՈւ տեխնիկական պարկի արդիականացման խնդիրը, ուստի ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ՌՕՈւ-ն կկարողանա աջակցել ռումինացի գործընկերներին։ Բուխարեստի առաջիկա պլաններից է Սև ծովում ունեցած ծովային խմբավորման զգալի հզորացումը. այստեղ ծանրակշիռ տարածաշրջանային լիդեր է հանդիսանում Թուրքիան։ Մեծ Ռումինիայի գաղափարը չի հակասում Անկարայի՝ սեփական ազդեցությունը Սև ծովի ավազանում ամրապնդելու ձգտումներին։ Մերձդնեստրյան դիմակայությունում Թուրքիան միշտ մոլդավացիների կողմն է բռնել՝ ղեկավարվելով քաղաքական պրագմատիզմով։ Մոլդովայի հետ դաշնակցային հարաբերությունները թույլ կտան Թուրքիային՝ Քիշնևի համաձայնությամբ, ակտիվ հումանիտար քաղաքականություն վարել Մոլդովայի կազմի մեջ գտնվող Գագաուզիայի ինքնավար մարզում (մայրաքաղաքը՝ Կոմրատ)։ Կոմրատն ակտիվ հումանիտար և տնտեսական կապեր է պահպանում ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի հետ։ Թյուրքական ծագում ունեցող գագաուզները թուրքերի և ադրբեջանցիների հետ միավորված են էթնիկ ազգակցությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի ամերիկամետ ուղղվածությունը և Սևծովյան տարածաշրջանում առավելագույն ազդեցության հասնելու Թուրքիայի տրամադրվածությունը՝ Գագաուզիան կարող է ժամանակի ընթացքում վերածվել թյուրքական քաղաքականության «հարավարևելյան պլատֆորմի»՝ նպատակ ունենալով դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից։
Ամփոփելով վերն ասվածը՝ նշենք, որ Վաշինգտոն-Բրյուսել անդրատլանտյան առանցքը քանակապես գերազանցում է Մոսկվայի ռեսուրսները եվրոպական ողջ ուղղությամբ։ ԵՄ-ԱՄՆ երկյակը թույլ է տալիս համատեղ դիմակայել ռուսական ազդեցության սաստկացմանը Մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության գոտում։ Մոսկվան իր մրցակիցների հանդեպ բարոյահոգեկան գերազանցություն ունի։ Մերձդնեստրի և Մոլդովայի տարածքը մշտապես գտնվել է Ռուսական կայսրության, այնուհետև՝ ԽՍՀՄ ու Ռուսաստանի Դաշնության ուժային դաշտում։ Սակայն գաղափարախոսական միջոցները քաղաքական պարտությունների դարման չեն։ ՄԴՄՀ ազգային կազմը (3%՝ ռուսներ, 30%՝ ուկրաինացիներ, 30%՝ մոլդավացիներ) նպաստում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը հանրապետությունում, բայց հիմա արդեն ամերիկյան և եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են ՄԴՄՀ հումանիտար տարածքը վերցնել իրենց ոչ բացահայտ վերահսկողության տակ։ Միաժամանակ, ուկրաինական ազգայնական կազմակերպությունները, Ուկրաինայի ԱԳՆ աջակցությամբ, կապեր են հաստատում Մերձդնեստրի ուկրաինական սփյուռքի հետ՝ փորձելով նրանց մեջ սերմանել ուկրաինակենտրոն (ռուսատյաց) մոտեցում մերձդնեստրյան պետականության հանդեպ։
Եթե Ռուսաստանը հեռանա Մերձդնեստրից, դա կոպիտ աշխարհաքաղաքական վրիպում կլինի, քանի որ այդ ժամանակ կավարտվի եվրոպական սահմանի պարագծով մեկ ընկած տարածքների մաքրումը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված պետություններից։ Դա կլինի հռչակավոր «անակոնդայի օղակ» (ամերիկյան ծովակալ, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի մասնակից Մաք Քլելանի աշխարհաքաղաքական տեսությունը, որի էությունն այն է, որ հակառակորդին ափամերձ գոտուց սեղմում են մայրցամաքի խորքերը՝ նրան զրկելով դեպի ծով ելքից), միայն թե՝ ցամաքային տարբերակով։ Բուխարեստի կողմից Մեծ Ռումինիայի գաղափարի վերածնումը, ամերիկյան նեոկոնների կողմից դրան աջակցելը և միավորված Եվրոպայի սաստկացված դիվանագիտական հարձակումը Ռուսաստանի դիրքերի վրա վկայում են Եվրոպայի հարավ-արևելքում լարվածության նոր փուլի մասին։ Ցավոք, Կրեմլի քաղաքական կամքը և անհրաժեշտ ռեսուրսային բազան չեն բավարարում՝ միանձնյա իրագործելու համար իր ռազմավարական նախագծերը մերձդնեստրյան հակամարտության գոտում։ Հավաքական Արևմուտքը Ռուսաստանին առաջարկում է հետ քաշվել։
Աղբյուրներ և գրականություն
- Срджа Трифкович (Американский институт на Украине), «Проблема на Пруте».
- Леонид Савин, «Неоатлантизм в Европе».
- Науково-ідеологічний центр ім. Д. Донцова (Україна).
- «Единая Гагаузия». «Турция увеличит помощь Гагаузии».
- Vladimir Socor (Jamestown Foundation) “Efforts Underway To Reanimate Negotiations On The Transnistria Conflict”.
- George Friedman (STRATFOR), “Geopolitical journey: Moldova”.
դեպի ետ