• am
  • ru
  • en
Версия для печати
05.10.2010

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՔԱՈՍԻ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Руский

   

Դավիթ Ստեփանյան

Դ.Ստեփանյան` «Արմինֆո» գործակալություն, վերլուծաբան

Մի շարք վերլուծական հետազոտություններ (հատկանշական է, որ ոչ միայն ռուսական) վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ դրանք բոլորը համակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ռազմավարական նպատակը, հատկապես գլոբալ ֆինանսական ճգնաժամի համատեքստում, ԱՄՆ՝ որպես անայլընտրանք գլոբալ լիդերի, դերի և ազդեցության պահպանումն է աշխարհում։ Հատկանշական է, որ այս նպատակով առավել հավանական գործողություններ են համարվում այսպես կոչված «կառավարվող քաոսի» ստեղծումն ու սաստկացումն աշխարհում, որն իրականության մեջ կառավարելը շատ ավելի էժան է, քան կարգուկանոնը։ Այս ֆոնին Վաշինգտոնի համար այժմեական են նաև «քաոսի ծովում» ԱՄՆ՝ որպես «հանդարտության կենտրոնի» իրավիճակը պահպանելը, ցանկացած հասանելի միջոցով Չինաստանի՝ որպես արդեն 2012թ. «առաջին կարգի համաշխարհային տերության» դերի հավակնորդի աճող տնտեսական և քաղաքական հզորությունն արգելակելը։ Սրա հաստատումն է այն, որ Միացյալ Նահանգները, չկարողանալով կայունության հասնել Բալկաններում, ձախողվելով Աֆղանստանում և Իրաքում, սկսել է ուժեղացնել ռազմական ճնշումն արդեն Իրանի վրա։ Տպավորություն է ստեղծվում, թե կայունության ձեռքբերումն ու հակամարտությունների կարգավորումն ամերիկյան ռազմական գործողությունների նպատակը չեն։ Ավելի շուտ հակառակն է, ԱՄՆ-ը հակամարտությունների ընթացքում աշխարհը կառավարելու նոր մեթոդիկաներ է մշակում, որոնք կրկին հիմնված են կառավարվող քաոսի տեսության վրա։

Հայաստանը որպես տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության միակ գործոն

Այսօր արդեն ամերիկյան ստրատեգներն իրապես պատրաստվում են վաղը չէ մյուս օրվան։ Եվ այս իմաստով Վաշինգտոնն ակնհայտորեն առաջ է անցնում և՛ Մոսկվայից, և՛ Պեկինից, և՛ բոլոր այն կենտրոններից, որոնք առնվազն տարածաշրջանային առաջնորդի դերին են հավակնում։ Ամերիկացիները, Իրաքում և Աֆղանստանում բախվելով մի շարք հիմնախնդիրների, իրենց շատ լավ հաշիվ են տալիս, որ իսլամական աշխարհի աստիճանական համախմբման գործընթացի, գլոբալ իսլամական սուբյեկտի ձևավորման իրական այլընտրանք կարող է դառնալ «կառավարվող քաոսի» քաղաքականությունը։ Հայաստանը, ինչպես և ողջ կովկասյան տարածաշրջանը, գտնվում է իսլամական աշխարհի գրեթե կենտրոնում, հաշվի առնելով մեծ ախորժակ ունեցող Թուրքիայի և Իրանի հարևանությունը, ուստի և՝ մեծ տերությունների և առաջին հերթին ԱՄՆ ակնդետ ուշադրության կենտրոնում, ինչն առավել նկատելի դարձավ վերջին ժամանակներս։ Ընդ որում, այստեղ ամենևին էլ վերջին դերը չի խաղում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության թեժացումը՝ Վաշինգտոնի «փոխանցմամբ» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձեռնարկվող քայլերի ֆոնին։ Դա հատկապես հրատապ է այն համատեքստում, որ Մոսկվայի որոշակի հույսերը՝ կապված Անկարայի՝ եվրաատլանտյանից դեպի եվրասիական կողմնորոշման փոփոխության հետ, չարդարացան նույնիսկ ռուս-թուրքական էներգետիկ և առևտրատնտեսական ինտենսիվ երկխոսության ֆոնին։ Հաշվի առնելով Իրաքի և Թուրքիայի միջև երկաթգծի անցկացումը՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր ապաշրջափակման հետ համակցված, դա կարող է, եթե չստեղծի էլ սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական դասավորվածություն, ապա, համենայնդեպս, փոփոխություններ մտցնել դրանում, որոնց արդյունքում արտաքին ուժերի ազդեցությունը Կովկասում էլ ավելի կաճի։

Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ վարչակազմի հետաքրքրությունն այստեղ թաքնված է Հայաստանում առկա և պարբերաբար մեծացող Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ներկայության, ինչպես նաև Իրանի հետ հարևանության մեջ, որը Միացյալ Նահանգները ներառել է «չարիքի առանցքի» մեջ։ Պակաս կարևոր չէ այն, որ Հայաստանի աշխարհառազմավարական նշանակությունն իրականում շատ ավելին է, անկախ նրա տարածքից, բնակչության թվաքանակից, և որ գլխավորն է՝ տնտեսական ռեսուրսներից։ Կարևոր է նաև, որ դրանով հանդերձ, հաշվի առնելով մշտական փոխհրաձգությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանից մշտապես հնչող ագրեսիվ հռետորականությունը, ՀԱՊԿ կովկասյան թևում գլխավոր տեղ զբաղեցնող Հայաստանն առայսօր կանգնած է իրավիճակի մասշտաբային ապակայունացման սպառնալիքի առջև, որը, բնականաբար, կհարվածի նաև Ռուսաստանի շահերին։ Սա խիստ կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը զինվորական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում։ Ընդ որում, 5 հազար անձնակազմ ունեցող ռազմակայանը բավական հզոր պաշտպանական ռեսուրս է, քանի որ բացի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումներից, դրա կազմում ընդգրկված են 18 ՄիԳ-29 կործանիչ ունեցող ավիախումբը և C-300В զենիթահրթիռային համակարգերի մարտկոցը՝ չորս կայանքներով։ Բացի այդ, խոսելով 102-րդ ռազմակայանի հնարավորությունների մասին՝ կարևոր է հաշվի առնել ՌԴ ՌՕՈւ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վոլկովիցկու վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է, Համագործակցության երկրների հավաքական անվտանգության և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում, ԱՊՀ երկրներում տեղակայել վերջին սերնդի С-400 «Տրիումֆ» ՀՕՊ համալիրներ, ինչն արդեն դրական արձագանք է ստացել Հայաստանում։ Հայաստանում և, համապատասխանաբար, տարածաշրջանում Մոսկվայի դիրքերն ամրապնդող հերթական իրադարձությունը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցն էր Հայաստան օգոստոսի 19-21-ը։ Դեռ օգոստոսի 14-ին, այցելության նախօրեին, ՌԴ նախագահը կարգադրել էր ստորագրել ՌԴ-ի և Հայաստանի միջև արձանագրությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին երկկողմ պայմանագրում (1995թ.) փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Գյումրիում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման արձանագրությունը, ինչպես նաև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվեցին օգոստոսի 20-ին՝ ՌԴ և Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով։ Պայմանագրի փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործունեության ժամկետը 25-ից մինչև 49 տարի երկարացնելուն՝ սկսած 1995-ից, ինչպես նաև ռուս զինվորականների լիազորությունների ընդլայնմանը՝ Հայաստանի սահմանների պաշտպանության գործառույթների աշխարհագրության առումով։ Այս փոփոխությունների համաձայն՝ պայմանագիրն ավտոմատ կերպով երկարացվում է հաջորդ հինգ տարով, եթե կողմերից ոչ մեկը գրավոր, ոչ պակաս, քան պայմանագրի գործողության հերթական ժամկետի ավարտից վեց ամիս առաջ մյուս կողմին չի տեղեկացնում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։ Մեդվեդևի այցի երկրորդ էական արդյունքը միջկառավարական համաձայնագիրն էր հանրապետության տարածքում ատոմային էներգաբլոկի շինարարության հարցում համագործակցության մասին։ Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի շինարարության արժեքի ավելի քան 20%-ը։ Արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ընկերություն ԱԷԿ-ի կառուցման համար, որը պետք է ապահովի ատոմակայանի արժեքի ոչ պակաս, քան 40%-ը, իսկ 60%-ը նախատեսվում է ներգրավել օտարերկրյա ներդրողների հաշվին։ Անշուշտ, հայ-ռուսական վերջին պայմանավորվածությունները հարկ է դիտարկել որպես Մոսկվայի հերթական քայլ՝ Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Տարածաշրջանային կայունության երաշխիքներ Հարավային Կովկասում չկան

Այսօր, չնայած կնքված բոլոր պայմանագրերին, ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ստեղծված ռազմական հավասարակշռությանը զուգահեռ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային փխրուն կայունության պահպանման ոչ մի երաշխիք չկա։ Ցանկացած փոփոխություն ստեղծված ռազմական հավասարակշռությունում, ինչը միանգամայն հնարավոր է այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հապճեպ իրականացման դեպքում, լրջորեն կբարդացնի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի դրությունը։ Դա հատկապես կարևոր է, երբ նկատի ենք ունենում, որ անորոշության պահպանումը «կառավարվող քաոսի» եզրին միանգամայն համապատասխանում է Վաշինգտոնի ռազմավարությանը նաև Հարավային Կովկասի պարագայում։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ 08.08.08 պատերազմի ողբերգական իրադարձությունների ընթացքում իրավիճակն, այնուամենայնիվ, դուրս եկավ ԱՄՆ վերահսկողությունից։ Սակայն, կորցնելով դիրքերի որոշ մասը տարածաշրջանում՝ ԱՄՆ վարչակազմը փորձում է վերականգնել կորցրածը հայ-ադրբեջանական դիմակայության միջոցով, հատկապես Մոսկվայի խաղաղարար ջանքերի համատեքստում։ Մի շաբաթ էլ չէր անցել Մեդվեդև-Սարգսյան-Ալիև ձևաչափով բանակցությունների Սոչիի ռաունդից, երբ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը, ելույթ ունենալով Սենատի հետախուզության գծով կոմիտեի անդամների առջև, արդեն հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում կարող է նոր պատերազմ բռնկվել։ Դրա պատասխանատվությունը Բլերը դրեց Ռուսաստանի վրա, որը, նրա խոսքերով, նախկին ԽՍՀՄ երկրները համարում է իր արտոնյալ շահերի գոտի։ Դա ցուցադրում է Վաշինգտոնի անթաքույց հետաքրքրությունը, որը Կովկասը համարում է Ռուսաստանին դիմակայող շրջաններից մեկը։ Այս պայմաններում որևէ մեկին տարածաշրջանում անվտանգության պահպանման պարտականությունները և դրա հետ մեկտեղ՝ որոշակի տարածքները հանձնելը չեն ապահովի ցանկալի անվտանգությունը։ Օրինակները բազմաթիվ են. Հարավային Օսիա, Սուդան, Սերբական Կրաինա, Ռուանդա։ Այս համատեքստում հատկապես հրատապ են անգլոսաքսոնական պարբերաբար հնչող ակնարկները Ղարաբաղի համար «սեփական Դեյթոնի» անհրաժեշտության մասին, որոնք ցանկացած անկանխակալ մարդու մեջ առաջ են բերում միայն Սարաևոյից սերբ բնակչության տոտալ վտարման հիշողությունը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «առաջընթացի» մասին լավատեսական կարծիքները, որոնք կանոնավորապես հնչում են առնվազն 2006 թվականից, առայժմ միայն բարի ցանկություններ են մնում։ Դիվանագիտական խաղը ղարաբաղյան կարգավորման շուրջ, որի քողի տակ կողմերը կամրապնդեն իրենց դիրքերը Հարավային Կովկասում, ավելի շուտ կշարունակվի, և այդ խաղի վերջնական ելքը բավական դժվար է կանխատեսել։ Չի կարելի բացառել խոշոր տարածաշրջանային հակամարտության հավանականությունը։ Այսպիսի պայմաններում քաղաքական երկխոսության շրջանակներում վիճելի հարցերը լուծելու գոնե ոչ ֆորմալ պարտավորությունների մշակումը էական ձեռքբերում կլիներ, քանի որ Կովկասում հավաքական անվտանգության համատարածաշրջանային համակարգի բացակայությունը մեծ ռիսկ է պարունակում։ Ընդ որում, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակում են Կովկասը համարել որպես «Մեծ Մերձավոր Արևելքի» ծայրամաս։ Ելնելով վերոշարադրյալից՝ Հայաստանի և ԼՂՀ ազգային շահերը պահանջում են տարածաշրջանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ ներկայությունը։ Սա հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ ադրբեջանական ղեկավարության մշտական ռազմաշունչ սպառնալիքների (ԼՂՀ-ին և Հայաստանին սպառնում են կրկնել 90-ականների սկզբի ագրեսիան) համատեքստում։

Իրանը և ղարաբաղյան հիմնախնդիրը

ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայությունների ցանկում հիմնական հարցերից մեկը իրանականն է։ Այս տեսակետից և՛ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի բացումը, և՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող են Իրանի դեմ մարտական գործողությունների համար պլացդարմ ստեղծելու փուլեր ծառայել։ Գաղտնիք չէ, որ Պենտագոնում արդեն պաշտոնապես ընդունել են Իրանին ռազմական հարված հասցնելու պլանների առկայությունը, իսկ Արաքսից հյուսիս ընկած տարածքներն այդ համատեքստում հարվածի տակ չընկնել չեն կարող։ Ուստի, Իրանի Իսլամական Հանրապետության կովկասյան քաղաքականության ակտիվացումը ոչ ոքի չպետք է զարմացնի։ Վերջերս ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին առաջարկեց Թեհրանում Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել։

Հատկանշական է, որ հայտարարելով գործընթացում միջնորդելու պատրաստակամության մասին՝ Իրանն, այնուամենայնիվ, այն երկիրը չէ, որը կարող է ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման բերել։ Այդ հարցով զբաղվում են ավելի խոշոր տերություններ՝ հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, որոնք հետագայում կարող են երաշխավորել ինչպես խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնպես էլ դրա իրականացումը։ Իսկ Իրանի՝ ղարաբաղյան գործընթացին միջամտելու փորձերը խոսում են միայն նրա խիստ մտահոգության մասին առ այն, որ հակամարտության խաղաղ լուծման գործընթացը տեղի է ունենում առանց իր մասնակցության։ Այս պարագայում տարածաշրջանում կարող են ի հայտ գալ խաղաղարար ուժեր, որոնք ներկայացված լինեն այնպիսի պետություններով, որոնք սպառնալիք են ներկայացնում Իրանի համար։ Ընդ որում, այնքան էլ ակնհայտ չէ, որ Իրանի մոտեցումները և առաջարկությունները Երևանում ողջունվում են։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վերջերս կրկին հայտարարեց պաշտոնական Երևանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության անընդունելիության մասին։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով իրանական կողմի նախաձեռնությանը՝ Նալբանդյանը նշեց միայն, որ այն արժանի է ողջունվելու, ինչպես և բարձր գնահատականի է արժանի Իրանի կշռադատված քաղաքականությունը ղարաբաղյան հարցի շուրջ։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ պարզ է դառնում, որ Հայաստանին, գործող միջնորդներից բացի, այլ միջնորդներ պետք չեն։ Ընդ որում, հաշվի առնելով, որ Իրանն արդեն հիմա ձեռնամուխ է լինում ծավալուն տնտեսական նախագծերի Հայաստանի մասնակցությամբ (Մեղրիի ՀԷԿ-ի, 1,5 մլն տոննա հզորությամբ հեղուկ վառելիքի տերմինալի և Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն)՝ ղարաբաղյան հակամարտության ցանկացած տեղաշարժ պահանջելու է նկատի առնել Թեհրանի դիրքորոշումները։ Ընդ որում, Անդրկովկասը չպետք է վերածվի ռազմականացված հենակետի, որը պետք է ծառայի Ռուսաստանի և Իրանի «զսպմանը»։ Իսկ ռազմական գործողությունների հավանականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում համամասնական է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների սանձազերծման սպառնալիքի աճին։ Ցանկացած պարագայում, Իրան, կառավարվող քաոսի տեսության վրա հիմնված, ամերիկյան ներխուժումն ակնհայտորեն չի բխում Հայաստանի և հատկապես ԼՂՀ-ի շահերից ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական համատեքստում։ Սա հատկապես հրատապ է, եթե հաշվի առնենք Իրանում մոտ 20 միլիոն էթնիկ ադրբեջանցիների առկայությունը, որոնք հիմնականում հոծ բնակվում են ԻԻՀ հյուսիսում, այդ թվում և ԼՂՀ սահմանին։ Թե ամերիկյան ռմբակոծությունների դեպքում ինչ կլինի այս մարդկանց հետ և ուր կփախչեն նրանք՝ ակնհայտ է, ինչպես ակնհայտ է նաև այն, թե ինչ կլինի այդ պարագայում Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության հետ։

Մադրիդյան սկզբունքները

Իրավիճակի համար ընդհանուր ֆոն է ծառայում այն, որ համաշխարհային դերակատարներն այդպես էլ կոնսենսուսի չեկան ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման իրենց համար ընդունելի ձևաչափի հարցում՝ ոչ միայն այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում (որոնք իրականում ընդամենը վերացական հռչակագրերի հում հավաքածո դուրս եկան), այլ նաև ավելի լուրջ բնույթի փաստաթղթերում։ Ընդ որում, ԱՄՆ-ի և Եվրոպայի շահագրգռությունը հակամարտության հարցում, անշուշտ, պահպանվում է, չնայած այն բազմաթիվ խոսակցություններին, թե իբր Օբամայի վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ մարել է։ Հենց դրա համար էլ խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ շուտափույթ բեկման մասին, մասնավորապես՝ երկու հանգուցային շրջանները՝ Քելբաջարը և Լաչինը հանձնելու ճանապարհով, ինչի մասին անրջելով՝ գրում է ադրբեջանական մամուլը, պարզամիտ են և անպատասխանատու։ Ընդ որում, Հայաստանի և Ռուսաստանի նպատակները և խնդիրները Հարավային Կովկասում գրեթե նույնական են և արտահայտվում են տարածաշրջանային անվտանգության պահպանմամբ, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, տարածաշրջանի նկատմամբ արտաքին ուժի կենտրոնների ազդեցության նվազումից։ Սակայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իրական հեռանկարներն այսօրվա դրությամբ նվազագույն են։ Մոսկվայի և Երևանի համար ղարաբաղյան հարցում օպտիմալ քաղաքական գիծը ստեղծված իրավիճակի պահպանումն է՝ շահագրգռություն ցուցաբերելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ և այդ ուղղությամբ ջանքերի շարունակմամբ։ Չժխտելով «Մադրիդյան սկզբունքների» հնարավոր օգտագործումը որպես մեկնակետ բանակցություններում՝ չի կարելի չտեսնել դժվարլուծելի խնդիրները դրանց հնարավոր գործնական իրականացման ճանապարհին։ Դա հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է հակամարտությունների հարցում կառավարվող քաոսի տեսության վրա հիմնված կառավարման նոր մեթոդիկաներ մշակել։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր