• am
  • ru
  • en
Версия для печати
09.09.2010

ԻՌԼԱՆԴԻԱՅԻ 150 ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

   

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Դուբլինում, Իռլանդիայի հայ համայնքի եւ Դուբլինի սրբ. Հռիփսիմե հայկական կիրակնօրյա դպրոցի ղեկավար Օհան Երգայնհարսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց Իռլանդիայի նոր կազմավորվող հայ համայնքի խնդիրները։

-Իռլանդիայի հայ համայնքն հավանաբար նո՞ր պատմություն ունի։

-Իրավացի եք։ Իռլանդիայի հայ համայնքը ձեւավորվել է ընդամենը վերջին 15 տարիներին։ Մինչ այդ Իռլանդիայում բնակվում էր ընդամենը 4-5 հայ։ Այսօր մեր համայնքն անհամեմատ մեծաքանակ է, բայց դեռ փոքր՝ 150 հայազգի բնակիչ ունի Իռլանդիան։ Նրանք բնակվում են երկրի տարբեր քաղաքներում եւ շատ ցրված աշխարհագրությամբ։

-Նոր կազմավորված համայնքը, բնականաբար, խնդիրներ կունենա, ի՞նչ որակի են դրանք։

-Խնդիրներ կան, իրոք, բայց դրանք մեծ մասամբ պայմանավորված են համայնքի ներկայացուցիչների միմյանցից հեռու բնակավայրերում ապրելով։ Դա է պատճառը, որ Իռլանդիայում բնակվող հայերն համախմբված չեն։ Մինչդեռ խնդիր ունենք հակական դպրոց, մշակույթի կենտրոն, եկեղեցի կառուցելու։

-Առանց ձեր նշած օղակների գոյության, ինչպե՞ս եք կարողանում լուծել հայապահպանության խնդիրները։

-Չնայած մատնանշածս խնդիրներին, այնուամենայնիվ անցյալ տարի Դուբլինում կարողացանք ստեղծել կիրակնօրյա հայկական դպրոց, քանի որ անհրաժեշտությունը կար եւ ցանկությունն էր մեծ։ Այդ դպրոցում այսօր սովորում է 4-14 տարեկան 30 հայ երեխա՝ հինականում դուբլինաբնակ. դժվար է երկժամյա ուսուցման համար 4-5 ժամ ճանապարհ կտրել-հասնելը։ Իսկ դպրոցի ուսումնական ծրագրում ներառնված են հայոց լեզու, պատմություն, կրոն, երգ, պար առարկաները։ Ասեմ նաեւ, որ նույն Դուբլինում 14-22 տարեկան երիտասարդների համար նախատեսված հայկական ակումբ է գործում։

-Իռլանդիայում հայկական այլ կառույցներ ստեղծելու ծրագրեր կա՞ն։ Եւ արդյո՞ք կա դրանց գործունեության անհրաժեշտությունը։

-Արդեն ասացի, որ հայերն Իռլանդիայում շատ ցրված են ապրում եւ հենց դա էլ որոշակիորեն դժվարացնում է հայկական եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնի հիմնումը, սակայն դա չի նշանակում, թե Իռլանդիայում դրանց լինելիության ու գործունեության կարիքը չկա։ Նշածս կիրակնօրյա դպրոցը նաեւ համայնքի կենտրոնատեղիի դեր է կատարում եւ համայնքի ներկայացուցիչների միջեւ կապեր ստեղծում, քանի որ ծնողներն էլ, կիրակի օրերին զավակներին դպրոց բերելով, մեկտեղվում են, ծանոթանում ու ի վերջո բարեկանում։

Սակայն դա, վստահաբար քիչ է հայապահպանության խնդիրները լուծելու համար։ Բնականաբար քիչ է, բայց միակ հնարավորը չէ։ Համայնքը երկու ամիսը մեկ ճաշկերույթում համախմբվելու հնարավորություն է ստանում։ Իսկ ճաշկերույթները աշխատում ենք մեկտեղել ազգային-եկեղեցական տոների հետ։ Մինչդեռ Իռլանդիայում դեռեւս հայկական եկեղեցի չունենք։ Եկեղեցու եւ հոգեւոր ծառայողի ներկայացության պակասը առաջին անգամ պիտի փորձենք լրացնել` Լոնդոնից հոգեւորական հրավիրելով։ Հրավերքի առիթը, հուրախություն մեզ բոլորիս, 9 հայ մանուկներին մկրտելու բարեբախտությունն է։ Կան նաեւ պսակադրության արարողությունը հայկական ծեսով ամրագրելու ցանկություն ունեցող երիտասարդ զույգեր։ Պիտի փորձենք հայ հոգեւորականի այցերը դարձնել ամենամսյա, ինչը հաջողելու դեպքում շատ պիտի նպաստենք հայերի համախմբանը։ Վերջինը շատ կարեւորում եմ, քանի որ համայնքը կազամավորվել է ոչ միայն Հայաստանից, այլեւ այլ երկրներից ժամանած մեր հայրենակիցների` Իռլանդիայում բնակություն հաստատելով, եւ չունի այսպես կոչված դասական սփյուռքի ձեւավորված ավանդույթներ։

-Դասական, թե նոր ձեւավորված հայկական սփյուռքում քիչ չեն խառն ամուսնությունները։ Նու՞յնն է նաեւ Իռլանդիայի հայ համայնքի դեպքում։

-Այո, կան նաեւ խառն ամուսնությունների փաստեր։ Եւ այդ ընտանիքների զավակները քիչ ավելի շփոթված են ազգային միատարրություն ունեցող ընտանիքների երեխաների համեմատությամբ, այնպես որ, պիտի կարողանանք կես հայ երիտասարդներին նույնպես ներգրավել հայ համայնքի ոչ շատ հարուստ առօրյայի մեջ։

-Որեւէ կարգի աջակցություն ստանո՞ւմ եք ՀՀ սփյուռքի նախարարությունից։

-Սփյուռքի նախարարության լինելիությունն ինքնին աջակցություն է, բայց առաջին անգամ փորձում ենք համագործակցել նախարարության հետ։ Եւ պիտի փործենք ամրապնդել ձեւավորվող համագործակցությունը՝ հեշտացնելու հայապահպանման աշխատանքը։

http://hayernaysor.am


դեպի ետ