• am
  • ru
  • en
Версия для печати
09.07.2010

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՊԱՀԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Руский

   

Վիլյամ Էնգդալ

Չնայած բոլոր թերություններին և թույլ կողմերին՝ եվրոն ներկա պահին ԱՄՆ դոլարի միակ այլընտրանքն է աշխարհի կենտրոնական բանկերի համար։ Երբ տասը տարի առաջ եվրոն մտցվեց շրջանառության մեջ, դոլարը կազմում էր կենտրոնական բանկերի արժութային բոլոր պահուստների 70%-ը։ Սակայն այդ ցուցանիշն անշեղորեն ընկնում էր՝ հասնելով 60%-ի, իսկ եվրոյի բաժինը, ընդհակառակը, ավելացավ մինչև 30%. դրանով իսկ եվրոն դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի, միակ լուրջ մրցակիցն է։ Այժմ, երբ ԱՄՆ պարտքը խփել է բոլոր ռեկորդները և դոլարին ճգնաժամ է սպառնում, ողջ ուշադրությունը, ասես պատվերով, սևեռված է Հունաստանի և եվրոյի թվացյալ թուլության վրա։ Դերը, որն այս գործընթացում կատարում են ԱՄՆ վարկանիշային գործակալությունները, ավելի քան կասկածելի է։

Իմ նոր՝ «Դոլարի կայսրության մայրամուտը» գրքում ես մասնավորապես բացատրում եմ, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուոլ-սթրիթն ու ԱՄՆ-ը ստեղծեցին համաշխարհային ֆինանսական համակարգում գերիշխելու մեխանիզմը և ինչպես է այն գործում։

Քչերն են հասկանում (այդ թվում նաև ԵՄ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների շարքում), որ դոլարը և այսպես կոչված «դոլարի համակարգը» Ուոլ-սթրիթի էլիտայի հզոր շահերի համար փաստորեն ամերիկյան համաշխարհային կայսրության հզորության հիմքն է։ Եվ հետևանքն այն բանի, որ ամերիկյան դոլարը հանդես է գալիս որպես համաշխարհային պահուստային արժույթ, արժույթ, որով գնում-վաճառում են նավթ, ոսկի և թանկարժեք այլ հումք, այն է, որ մնացած բոլոր երկրները դոլարի կարիք ունեն, որպեսզի նավթ գնելու կամ միմյանց հետ առևտուր անելու հնարավորություն ունենան՝ դրանով իսկ ակամա ֆինանսավորելով ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը, ինչպես նաև որպեսզի դոլարի բավականաչափ պաշար ունենան իրենց առևտրային գործառնություններն իրականացնելու համար։ 1980-ական թթ. Ճապոնիան երկիր էր, որը ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորում էր վախից, քանզի հակառակ պարագայում կկորցներ ԱՄՆ ռազմական աջակցությունը։ Այսօր դա անում է Չինաստանը։

Ամերիկյան հարյուրամյակն ըստ էության երկու բանի վրա էր հենվում. նախ, դոլարի՝ որպես (միակ) համաշխարհային արժույթի, դերի և երկրորդ՝ ԱՄՆ՝ որպես աշխարհի ռազմական գերտերության, անվիճելի դիրքի վրա։

Միջուկային զենքով պաշտպանվող թղթադրամ

1971թ. օգոստոսը բեկումնային պահ էր այս պատմության մեջ։ Այն ժամանակ Դևիդ Ռոքֆելերը և Ուոլ-սթրիթը համոզեցին ԱՄՆ նախագահ Նիքսոնին, որ 1944թ. Բրետոն-Վուդսում ձեռք բերված միջազգային արժութային համաձայնությունը հարկ է չեղյալ համարել և լիովին հրաժարվել դոլարի՝ ոսկով ապահովումից։ ԱՄՆ-ին սպառնում էր հօգուտ Եվրոպայի իր ամբողջ ոսկին կորցնելու վտանգը. Գերմանիայի և Ֆրանսիայի կենտրոնական բանկերը պահանջում էին ֆիզիկական ոսկի թղթե դոլարի դիմաց, որի արժեքն ընկնում էր։ Մինչև 1971թ. ամերիկյան Դաշնային պահուստը տնօրինում էր աշխարհի մոնետար ոսկու առյուծի բաժինը, քանի որ Միացյալ Նահանգները հաղթանակած էր դուրս եկել Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Քանի որ այդ ոսկին աստիճանաբար անհետանում էր, դա սկսեց սպառնալ Ամերիկայի հզորությանը։ Աշխարհի ամենահզոր էլիտաները չէին կարող և չէին ուզում թույլ տալ դա։

Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ում գործում է «թղթե ստանդարտը», որը երբեմն անվանում են «fiat money» (չապահովված փողեր), քանի որ աշխարհում շրջանառվող դոլարի քանակությունը սահմանափակվում է ոչ թե ոսկու պաշարով, այլ մնացյալ աշխարհի՝ ամերիկյան դոլարը որպես լեգիտիմ արժեք ընդունելու պատրաստակամությամբ։ Փաստորեն, 1971 թվականից դոլարի ապահովումը դարձան Ամերիկայի ռազմական հզորությունն ու միջուկային զինանոցը, այլ ոչ թե ԱՄՆ տնտեսության կայունությունը։

1971-ից դոլարի ծավալն աշխարհում կտրուկ ավելացավ, գրեթե 2900%-ով։ 1950 և 1970թթ. միջև ընկած ժամանակահատվածում, քանի դեռ Բրետոն-Վուդսի ոսկու-արժույթի ստանդարտն ուժ ուներ, այդ ծավալն, ընդհակառակը, ավելացավ ընդամենը 51%-ով։ Ուստի, ոչ մի կասկած չկա, թե ինչն է աշխարհում վերջին 40 տարիներին առկա ինֆլյացիայի աղբյուրը. դա դոլարի հոսքն է, որը համաշխարհային տնտեսություն է մղվում ԱՄՆ ֆինանսների նախարարության և մասնավոր Դաշնային պահուստի կողմից։

Ինչո՞ւ է աշխարհը համաձայնում ամերիկյան դոլարի այսքան բարձր արժեքին, հատկապես հիմա՝ հաշվի առնելով 2007թ. ֆինանսական կրախն ու ԱՄՆ վեր սլացող բյուջեի դեֆիցիտը։ Սրանում է ԱՄՆ հզորության գաղտնիքը։ Եվ այստեղ է թաքնված հունական ճգնաժամի պատճառը։

ԱՄՆ հզորության գաղտնիքը

Քչերն են հասկանում, որ Դաշնային պահուստային համակարգի, ամերիկյան կառավարության և Ուոլ-սթրիթի ազդեցիկ բանկերի թիկունքում կանգնած ԱՄՆ ֆինանսական էլիտաները, սկսած 1971թ., ստեղծեցին մի մեխանիզմ, որի օգնությամբ պատերազմներ կամ քաղաքական ճգնաժամեր են առաջ բերում այլ երկրներում և վարչակարգեր փոխում, նույնիսկ՝ Խորհրդային Միությունը փլուզեցին 1989թ. հետո, միայն այն բանի համար, որ պահպանեն դոլարի գերիշխող դերը որպես համաշխարհային պահուստային արժույթի։ Սա երևակայությունից դուրս է թվում, և այնուամենայնիվ, մտածեք հաջորդ իրադարձությունների մասին, որոնք ես մանրամասն նկարագրում եմ իմ գրքում։

1972թ., երբ ի հայտ եկավ ուժեղ Եվրոպական տնտեսական ընկերակցությունը (հիշո՞ւմ եք այդ ժամանակները), որն առաջին հերթին հենվում էր Գերմանիայի և Ֆրանսիայի դինամիկ տնտեսության վրա և սպառնում էր այդ ընթացքում զուտ «թուղթ» դարձած դոլարին, ամերիկյան էլիտաները, Նիքսոնի պետքարտուղար, Ռոքֆելերի խնամարկյալ Հենրի Քիսինջերի աջակցությամբ, 1973թ. հոկտեմբերին «գործի դրեցին» պատերազմը Միջին Արևելքում, այսպես կոչված Յոմ-Կիպուրի (արաբա-իսրայելական պատերազմ, որն այսպես է կոչվել այն բանի համար, որ սկսվել է Յոմ-Կիպուրի հուդայական տոնի օրը) պատերազմը։ Դրա միակ նպատակն այն էր, որպեսզի արաբական նավթարդյունահանող երկրներին հարկադրվի էմբարգո մտցնել, որի արդյունքում նավթի գինը բարձրացավ 400%-ով, քանի որ նավթն այն ժամանակ դեռ բացառապես դոլարով էր վաճառվում։ Երբ 1979թ. դոլարը հայտնվեց ծանր դրության մեջ, ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին՝ Դևիդ Ռոքֆելերի մարդը, արագացրեց Իրանի շահի գահընկեցությունը, ինչը երկրորդ նավթային ճգնաժամի պատճառ հանդիսացավ։ Դրա շնորհիվ դոլարը կրկին որոշ ժամանակով փրկվեց։

Միլիարդատեր և բանկիր Ջորջ Սորոսը, որը հաճախ է մասնակցում քաղաքական որոշումներին, 1992թ. ինսայդերական տեղեկատվության էր տիրապետում, երբ «կոտրեց» Անգլիայի բանկը։

Երբ 1992թ. իրավիճակն այնպիսին էր, ասես Լոնդոնի Սիթին և բրիտանական կառավարող դասը որոշել էին միանալ նախապես պլանավորված կենտրոնական եվրոպական բանկին և «եվրագոտուն» (այս քայլի արդյունքում Լոնդոնի ֆինանսական հզորությունը կգումարվեր Գերմանիայի և աշխարհամասային Եվրոպայի տնտեսական կշռին), և հենց այն պահին, երբ դոլարը և ամերիկյան տնտեսությունը ստիպված կլինեին գործ ունենալ լուրջ խնդիրների հետ, հանկարծ ի հայտ եկավ մինչ այդ անհայտ նյույորքյան «Quantum Fund» հեջ-ֆոնդը, որն Անգլիայի բանկի դեմ էր խաղում։ Նրան «հիանալի կերպով» հաջողվեց ֆունտը դուրս բերել եվրոպակամ արժութային համակարգից և «եվրագոտուց»։ Այդ հեջ-ֆոնդի ղեկավարը Ջորջ Սորոսն էր, որը, լոնդոնյան իրազեկ մարդկանց կարծիքով, այն ժամանակ, գաղտնի տեղեկատվություն ունենալով ԱՄՆ ֆինանսների նախարարությունից և այլ աղբյուրներից, գործում էր դոլարը փրկելու նպատակով՝ սեպ խրելով ֆունտի և եվրոյի միջև։

1997թ., երբ ասիական «վագրերը» և ասիական պետությունների դինամիկ, պարտքերից ազատ տնտեսությունները՝ Հարավային Կորեայից մինչև Հոնկոնգ, կրկին սպառնացին մնացյալ աշխարհը «փախցնել» դոլարի համակարգից, Ջորջ Սորոսի այդ նույն հեջ-ֆոնդը, այլ ֆոնդերի հետ միասին, որոնք, հավանաբար, այս անգամ ևս ինսայդերական տեղեկատվություն ունեին, գրեթե զինվորական ճշգրտությամբ համաձայնեցված գրոհ իրականացրեց՝ ասիական «վագրերի» տնտեսությունը ծնկի բերելու համար։ 1997-1998թթ. ասիական ճգնաժամը և 1998թ. օգոստոսի ռուսական ճգնաժամը, ըստ տեղեկությունների, պլանավորված էին Ուոլ-սթրիթի էլիտաների կողմից (և ծածուկ աջակցվում էին ամերիկյան կառավարության միջոցներով)՝ ենթարկեցնելու համար դինամիկ զարգացող այդ երկրները Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով իրականացվող մրցութային կառավարմանը, հիմնադրամ, որտեղ, առհասարակ, «հրամաններ արձակում է» ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ 1997-1998թթ. ճգնաժամի արդյունքում դոլարին հաջողվեց եվրոն մտցնելու որոշման նախօրեին կրկին խուսափել ճգնաժամից։

Երեք խոշոր ամերիկյան վարկանիշային գործակալությունների դերը

Մի՞թե զարմանալի չէ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր եվրոպական բանկ կամ յուրաքանչյուր խոշոր ընկերություն, որը թույլ է տալիս «դասակարգել» իր վարկունակությունը, պետք է դիմի ընդամենը երեք «միջազգային» վարկանիշային գործակալություններից մեկին, որոնք վարկային գնահատման մոնոպոլիա ունեն։ Հատկանշական է, որ բոլոր երեք վարկանիշային գործակալություններն էլ ամերիկյան ընկերություններ են։ Իր երկրի սահմաններից դուրս եկող եվրոպական կամ ասիական ոչ մի վարկանիշային գործակալություն գոյություն չունի։ Երեք գործակալություններն էլ սերտ կապեր ունեն ԱՄՆ ֆինանսների նախարարության և Ուոլ-սթրիթի հետ։

Կարելի էր մտածել, թե այդպես է, որովհետև այս գործակալությունները վարկանիշավորելու ամենամեծ փորձն ու ամենալավ ստանդարտներն ունեն։

Բայց դա ճիշտ չէ։ Բոլոր երեք գործակալություններն էլ՝ «Moodys», «Standard & Poors» և «Fitch», զարմանալիորեն մունջ էին ամեն անգամ, երբ ի հայտ էին գալիս հերթական ակնհայտ ռիսկերը, որոնք սպառնալիք էին ներկայացնում Ուոլ-սթրիթի կամ դոլարի համակարգի համար։ Սկսված ճգնաժամից ամիսներ անց միայն նրանք տագնապ բարձրացրին՝ Թաիլանդում հսկայական տնտեսական պղպջակի և անշարժ գույքի շուկայում ասիական պղպջակի պատճառով։ Նրանք լուռումունջ մնացին նաև այն ժամանակ, երբ պայթեց ինտերնետ-պղպջակը, ինչպես նաև «Enron» ընկերության և ամերիկյան այլ ընկերություններում հաշվապահական հաշվետվությունների հետ կապված խարդախությունների ժամանակ։ Նրանք աջակցեցին սուբստանդարտ հիփոթեքի սեկյուրիտիզացիայի (պարտքը լիկվիդային արժեթղթերի վերածելու) հետ կապված մեքենայությանը նրանով, որ նոր պարտքերին (որոնք այլ բան չէին, քան իսկական աղբ) շնորհում էին ցանկալի ԱԱԱ վարկանիշ։ «Գոլդման Սաքսի» (բանկ, որը, դրա մասին իմանալով հանդերձ, հաճախորդներին վաճառում էր ոչինչ չարժեցող սեկյուրիտիզացված հիփոթեքային փոխառություններ՝ դրանք հուսալի հայտարարելով) հետ կապված ամենավերջին սկանդալը նույնպես հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ S&P և «Moodys» գործակալությունները դրանց բարձրագույն ԱԱԱ վարկանիշ էին շնորհել։

ԱՄՆ էլիտաների՝ դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ և դրանով իսկ՝ ԱՄՆ հզորությունը պահպանելու ռազմավարությունը զգալի չափով հիմնվում է այս կոռումպացված վարկանիշային գործակալությունների և դրանց համաշխարհային մոնոպոլիայի (այն է՝ վարկանիշ տալ դոլարի դեմ յուրաքանչյուր հնարավոր գրոհի դեպքում) ծածուկ օգտագործման վրա։

Սա այն է, ինչ իրականում տեղի է ունենում պատմության մեջ՝ ընթացիկ հունական ճգնաժամի հետ կապված, որը վերջին օրերին վերածվել է «եվրագոտու» հանդեպ վստահության ճգնաժամի։ Մենք ականատեսն ենք լավ պատրաստված ամերիկյան ֆինանսական պատերազմի մանևրի՝ թույլ դոլարը պաշտպանելու համար։ Հետնաբեմում օգնում են լոնդոնյան Սիթին և բրիտանական կառավարությունը, որի սեփական արժույթը ճիշտ նույն ձևով, ինչպես և դոլարը, վտանգված է։

Ընդ որում, վճռական ինսայդերական դեր է կատարում «Գոլդման Սաքսը»՝ Ուոլ-սթրիթի ամենախոշոր բանկը, որն «օգնեց» Հունաստանին դեռ 2002թ., երբ երկիրը «եվրագոտի» էր մտնում, նրանով, որ բարդ խարդախություններ մտածեց դերիվատիվների հետ կապված, որոնց օգնությամբ մոլորության մեջ գցվեցին իշխանությունները Բրյուսելում և Եվրոպական կենտրոնական բանկը՝ Հունաստանի պետական պարտքի փաստացի մակարդակի առնչությամբ։ Երբ անցած տարի այս սկանդալը բացահայտվեց Պապանդրեուի սոցիալիստական կառավարության ընտրություններից հետո, հունական կառավարությունը «Գոլդման Սաքսին» նույնիսկ ավելի մեծ հնարավորություններ տրամադրեց. անհավանական է, բայց՝ փաստ։ Նախկինում հունական կառավարությունը գիտակցաբար խորհրդատվությունը հանձնարարում էր միջազգային տարբեր առաջատար ներդրումային բանկերի՝ «MorganStanley»-ին, «CreditSuisse»-ին, Deutsche Bank-ին, USB-ին, ինչպես նաև «Goldman»-ին և «JPMorgan»-ին։

Հունաստանի վարչապետ Պապանդրեուն «Գոլդման Սաքսին» կարևորագույն խորհրդատու նշանակեց, այնինչ Վաշինգտոնն ու Ուոլ-սթրիթն օգտագործում են վարկանիշային գործակալությունները՝ «եվրագոտու» դեմ ֆինանսական պատերազմ վարելու համար։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Պապանդրեուի նոր կառավարությունը սկսեց պաշտոնավարել։ «Գոլդման Սաքսը» ներկա պահին ստանձնել է Հունաստանի խորհրդատվության ղեկավարությունը»,- հայտարարել է տնտեսական հարցերով հույն խորհրդականը։ Սա նշանակում է՝ այն նույն բանկը, որն օգնել է գործող դանդաղ գործունեության ռումբի ստեղծմանը, այժմ միակ խորհրդատուն է, որն «օգնում» է Հունաստանին գլուխ հանել ճգնաժամից։ Այն ավելի լավ է տեղեկացված հունական հաշիվներից, քան Բրյուսելը։ Ուոլ-սթրիթի աղվեսները «պահակություն են անում» եվրոյի հավաբնում։

Եվ կրկին ամեն ինչ ճիշտ տեղին կատարվեց. երբ աշխարհում սկսեցին գիտակցել, որ ԱՄՆ պետական պարտքի փոխառությունների իրացումը նվազել է, քանի որ գնորդներն անհանգստացած են ամերիկյան բյուջեի դեֆիցիտի ծավալով, «Moodys» գործակալությունն անսպասելիորեն 2009թ. նոյեմբերին իջեցրեց Հունաստանի վարկանիշը, ինչը եվրագոտում ճգնաժամի հետ կապված երկյուղների և եվրոյից դեպի դոլար փախուստի պատճառ դարձավ։ Ահա այսպիսի հրաշք։

Եվ հիմա, ամենահարմար պահին, ամերիկյան վարկանիշային գործակալություններն իջեցրել են Հունաստանի վարկանիշը «աղբանոցային փոխառությունների» մակարդակի և դրանով իսկ գործարկման մեջ են մտցրել եվրոյի նոր ճգնաժամը։ Միաժամանակ, «ամենահարմար պահին», իջեցվեցին ավելի պակաս չափով վտանգի ենթարկվող այնպիսի երկրների պարտքային պարտավորությունները, ինչպիսիք են Պորտուգալիան և Իսպանիան։ Ժամանակի ընտրությունը շատ ճիշտ էր։ Մնում է հետևյալ հարցը. ինչո՞ւ վարկանիշային գործակալությունները պահը ճիշտ չընտրեցին ասիական ճգնաժամի կամ LTСM-ի (Long Term Capital Management (LTCM) հեջ-ֆոնդը տապալվեց 1998թ.՝ ռուսաստանյան ՊԿՊ դեֆոլտի հետևանքով), կամ «Enron»-ի ճգնաժամի ժամանակ։ Ամերիկյան երեք խոշոր գործակալություններն այն մեխանիզմի անբաժանելի բաղկացուցիչ մասն են, որը մենք անվանում ենք դոլարի կայսրություն։ Այդ կայսրությունն իր իշխանության համար բախվում է ամենալուրջ փորձության 1945-ից սկսած և այժմ պայքարում է գոյատևման համար։ Ուրեմն, զարմանալի՞ է արդյոք, որ «Goldman Sachs»-ը, «Moodys»-ը, S&P-ն և «Fitch»-ը, քողարկված հեջ-ֆոնդերի, օրինակ՝ Ջորջ Սորոսի ֆոնդի հետ միասին, օգտագործվում են ֆինանսական պատերազմ վարելու համար։ Սա քաղաքական, աշխարհաքաղաքական մանևր է, որից օգուտ են քաղում ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները, «Գոլդման Սաքսը» և Ուոլ-սթրիթը, և որոնք միայն այս շաբաթ պետք է կրկին վաճառեն $140 մլրդ ԱՄՆ նոր պետական պարտքը (նոր փոխառությունների տեսքով)։

Մի քանի ամիս առաջ գերմանական դաշնային կառավարությունն առաջարկեց ստեղծել եվրոպական վարկանիշային գործակալություն։ Եթե Եվրոպան ուզում է գոյատևել առաջիկա մի քանի ամսում, ապա «եվրագոտում» պետք է ի գիտություն ընդունեն, որ պատերազմ է գնում. ֆինանսական պատերազմը պատերազմի պարզապես մեկ այլ տեսակ է։ Խոսքն ընդհանուր առմամբ այն մասին է, թե ով է որոշում Եվրոպայի, Եվրասիայի և աշխարհի... ապագան և ինչ քաղաքականության միջոցով։

Եվ, ի դեպ, «Moodys», S&P և «Fitch» գործակալությունների կողմից վարկանիշների շնորհման մեթոդներն ու մեխանիզմները գաղտնի են։ Ամերիկյան դատարանների որոշմամբ այդ մոդելները չեն կարող բացահայտվել։ Ամերիկյան Կոնգրեսը նույնպես, որը լավ է հասկանում վարկանիշային գործակալությունների՝ ամերիկյան հզորության մի մասի ռազմավարական նշանակությունը, հրաժարվել է վերահսկողության տակ վերցնել դրանք։ Ինչպես և Ուոլ-սթրիթի՝ դերիվատիվներ մշակող բանկերը, այդ գործակալությունները կարող են անել ինչ ուզենան, ճիշտ այնպես, ինչպես դա անում էր բրիտանական Օստ-հնդկական ընկերությունը 200 տարի առաջ։

http://perevodika.ru/articles/13643.html


դեպի ետ