• am
  • ru
  • en
Версия для печати
19.04.2010

ԱՐԴԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Հրանտ Միքայելյան

001 (original)1991թ. անկախության ձեռքբերումից հետո Վրաստանը հայտնվեց քաոսի իրավիճակում: Տնտեսությունը լիովին փլուզվեց լրջագույն մի շարք խնդիրների հետևանքով. Աբխազիայի և Օսիայի հետ պարտությամբ ավարտված պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կառավարման նախկին համակարգի փլուզում: Գումարվեց նաև այն ժամանակվա իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունը, այդ թվում Շևարդնաձեի նախաձեռնությունը` դրամական միջոցները դնել Խնայբանկում` գումարը կրկնապատկելու խոստումով: Արդյունքում` Վրաստանի տնտեսությունը փաստորեն սնանկացավ, ընդ որում` ճգնաժամից դուրս չի եկել ցայսօր1: Հոդվածը նվիրված է այս և վրացական հետագա իրողությունների ուսումնասիրությանը։

1. Վրաստանի ներքին քաղաքականությունը մինչև Սահակաշվիլին

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան զգալի տարբերությամբ հաղթեց ընտրություններում` հավաքելով ձայների 86%-ը2: Մի քանի ամիս անց նրա վարած համընդհանուր ոչ ճիշտ գծի պատճառով Գամսախուրդիայի վարկանիշն զգալիորեն ընկավ, ուժեղացավ նրա ընդդիմությունը, և քաղաքացիական պատերազմ սկսվեց, ինչը ցավալի հետևանքներ ունեցավ Վրաստանի համար: Շուտով Վրաստան եկավ Էդուարդ Շևարդնաձեն, որն իր հերթին հավաքեց մոտ 80%:

Շևարդնաձեի օրոք կլանայնությունը Վրաստանում հատկապես ակնհայտ էր. նրա կուսակցությունը բաղկացած էր երկու խմբից` «հին կերտվածքի» մարդկանցից (նրա ընկերներն ու հարազատները) և երիտասարդ ռեֆորմատորներից: Շևարդնաձեի ռեժիմն իր հիմնական նվաճումն էր համարում կայունության ձեռքբերումը, ընդ որում` խոստացված տնտեսական զարգացումն այդպես էլ տեղի չունեցավ3: Վրաստանի կառավարական «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցության ռեֆորմատորների թևում նրանք էին, ովքեր հետագայում դարձան ապագա հեղափոխության առաջնորդները` Զուրաբ Ժվանիա, Նինո Բուրջանաձե, Միխայիլ Սահակաշվիլի, Վանո Մերաբիշվիլի, Գիա Բոկերիա և շատ ուրիշներ: Զուրաբ Ժվանիան և Նինո Բուրջանաձեն հասցրին լինել խորհրդարանի նախագահներ, Միխայիլ Սահակաշվիլին` արդարադատության նախարար: Ի դեպ, հետխորհրդային տարածքին բավական բնորոշ է, որ երիտասարդ ռեֆորմատորների շրջանակներից նախկին բարձրաստիճան չինովնիկները դառնում են ընդդիմադիրներ և պահանջում հեղափոխական ճանապարհով փոխել երկրի իշխանությունը:

1990-ական թթ. Վրաստանը նման էր հետխորհրդային շատ երկրներին. աստիճանավորների կամայականություն, զանգվածային կոռուպցիա, միջազգային դրամաշնորհների և հումանիտար օգնության (որը Վրաստանն ստանում էր բավական երկար ժամանակ) թալան: Ինչպես նաև հացի քարտեր ու հերթեր, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, խարույկներ բակերում և էլի նման շատ բաներ: Վրաստանը սառեցված երկու հակամարտություն ուներ` Աբխազիա և Հարավային Օսիա: Երկու դեպքում էլ հանրապետությունը պարտվող կողմ դուրս եկավ. պատճառներին անդրադարձը դուրս է հոդվածի շրջանակներից:

1990-ական թթ. առաջին կեսին Վրաստանում իսկական քաոս էր տիրում. մանր «իշխանները» վերահսկում էին երկրի մեծ մասը, ապահովված չէր ճանապարհների անվտանգությունը, գույքի անձեռնմխելիությունը և, առհասարակ, քաղաքացիների կյանքի անվտանգությունը. մեծ էր հանցավորության և քրեական տարրերի տարածման աստիճանը: Բացի այդ, բոլորովին չէր վերահսկվում Ասլան Աբաշիձեի Աջարիան. դա այն ժամանակվա Վրաստանի մի առանձին երևույթ էր:

Ասլան Աբաշիձեն 1991թ. Աջարիայի ղեկավարի պաշտոնին առաջադրվեց Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմից4: Աբաշիձեն Աջարիայում ստեղծեց «քվազիպետության» մոդել: Այն բնութագրող մի քանի փաստ.

  1. կառավարման ողջ ընթացքում Աբաշիձեն Վրաստանի կենտրոնական բյուջե չի փոխանցել և ոչ մի սենթ,
  2. Աբաշիձեին հաջողվեց խուսափել քաղաքացիական պատերազմից Աջարիայում` Ռուսաստանի աջակցության շնորհիվ,
  3. Աջարիան փաստական պետական սահման և սահմանակետեր ուներ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մնացյալ Վրաստանի հետ,
  4. Աջարիան ուներ սովորական պետությունում գործող պետական կառույցների մեծամասնության նմանակներ` սեփական խորհրդարան, զինված ուժեր` կազմված Վրաստանի ԶՈւ 25-րդ բրիգադից, ընդ որում` նրանց թվաքանակը վրացական չափանիշներով բավական մեծ էր` մոտ 3.000,
  5. նավահանգստի և ծովից եկող ու դեպի Թուրքիա տարանցումից ստացվող բոլոր եկամուտների վերահսկողություն հետխորհրդային ողջ տարածքի համար,
  6. Աջարիան տնտեսական կոլապսի մեջ չէր,
  7. Աբաշիձեի ռեժիմն, ըստ էության, ուներ արտգործնախարարություն Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գրասենյակի ցուցանակի ներքո,
  8. Աբաշիձեն անկախ արտաքին քաղաքականություն էր վարում, այդ թվում որոշ հաջողությունների էր հասել` Ռուսաստանի և եվրոպական կառույցների աջակցությանը5:

Հետաքրքիր են նաև Վրաստանի տարբերությունները հետխորհրդային այլ երկրներից: Նախ` էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներն անհամեմատ ավելի երկարեցին, չնայած այն բանին, որ Վրաստանը շատ հարուստ է հիդրոռեսուրսներով: 2004թ. Վրաստանի մայրաքաղաքը դեռ մթության մեջ էր: Երկրորդ` քաղաքական համակարգի անկայունությունը հաճախ արտահայտվում էր նախագահի վրա կատարված մահափորձերով: Երրորդ` Վրաստանը գործնականում մարտունակ բանակ չուներ, զորքի թիվը կազմում էր 12 հազար, իսկ զորակոչն ապահովվում էր ընդամենը 3-10%-ով: Չորրորդ` Վրաստանում շատ արագ զարգանում էին երրորդ սեկտորը (հասարակական կազմակերպություններ) և ազատ ԶԼՄ-ն, ընդ որում` ոչ կառավարական կազմակերպությունների զարգացման գործում մեծ դեր խաղաց Զուրաբ Ժվանիան: Այս հանգամանքն էլ դարձավ ապագա հեղափոխության հիմքը:

2. Նախագահ Սահակաշվիլին և 2003-2008թթ. Վրաստանը

Վերը թվարկվածով հանդերձ Վրաստանը թևակոխեց 21-րդ դար և դիմավորեց «վարդերի հեղափոխությունը»: Ինչպես կարելի է կռահել, հեղափոխության հետևանքը դարձավ իրավիճակի փոխակերպումն իր բացարձակ հակառակին: Այսպես, նրա առաջին քայլը եղավ նախագահական իշխանության ամրապնդումը: Այնուհետև հաջորդեցին հին կոռումպացված պաշտոնյաների ձերբակալություններն ու բռնաճնշումները, այդ թվում և այն բանի համար, որ ավելի վաղ ժողովրդին տրված պոպուլիստական խոստումների կատարումն անհնար էր, իսկ մեղավորներին գտնել էր պետք մինչև ձմեռ: 2004թ. հունվարի 4-ի ընտրություններում Սահակաշվիլին հավաքեց ձայների գրեթե 97%-ը` էլ ավելի համոզիչ հաղթանակ տանելով, քան իր նախորդները: Այս փաստը կանխորոշեց հետագա տարիներին շատ գործընթացների զարգացումը Վրաստանում:

Այն, ինչ հետո էր կատարվում, կարելի է անվանել պետության ստեղծման գործընթաց: Սահակաշվիլին գնաց իշխանական ուղղահայացի ստեղծման ճանապարհով` կառավարման ավտորիտար, երբեմն էլ` բռնապետական ոճով: Նրա հենարանը դարձան ուժային նախարարությունները, և ելնելով այն բանից, որ Սահակաշվիլին վստահում էր շատ քիչ թվով մարդկանց, այդ ժամանակվանից ի վեր և առայսօր տեղի է ունենում նախարարների փոխատեղում տարբեր պաշտոններում, յուրաքանչյուր նախարար մեկ պաշտոնում մնում է մոտավորապես միջինը կեսից մեկ տարի: Այսպես, հաճախ կրթության նախարարը դառնում է պաշտպանության նախարար, իսկ պաշտպանության նախարարին հանձնարարվում է գինու սպառման շուկաներ գտնել: Անփոփոխ է մնում միայն ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին6:

Աղյուսակ 1
Վրաստանի տնտեսությունը 2003-2008թթ.

Տնտեսական աճ Վրաստանի բյուջեի եկամուտները, մլն $ Պաշտպանության ծախսերը, մլն $ Սոց. պաշտպ. ծախսերը, մլն $
2003 +11.1% 617,3 28,6 160
2004 +5.9% 1189,1 83,5 250,6
2005 +9.6% 1799,5 218,8 345,4
2006 +9.4% 2488,8 405,7 037,7
2007 +12.3% 3548,5 884 376,5
2008 +2.3% 1052,4

Աղբյուրները: Georgian Statistical Yearbook, 2008, р. 247;
Cisstat.org, Грузия http://cisstat.org/rus/georg.html;
IMF World Economic Outlook http://imf.org/external/pubs/ft/weo/2008/02/weodata/index.aspx

2004թ. մայիսին Սահակաշվիլին թավշյա հեղափոխություն սարքեց Աջարիայում և «գահընկեց արեց» Ասլան Աբաշիձեին. զգալիորեն նվազեցվեցին կոռուպցիան և կաշառակերությունը տեղերում, վերացվեց ՊԱՏ ծառայությունը, ինչը լուծեց բյուջեն լցնելու խնդիրը: Հուժկու տեմպերով ավելանում էին ուժային բլոկի` ՆԳՆ և բանակի ծախսերը, ընդ որում` բանակին տրվող հատկացումները, որոնք մինչև Սահակաշվիլին կազմում էին տարեկան մոտ $30 մլն, ավելացան գրեթե 30 անգամ և 2007թ. հասան $1 մլրդ-ի: Մոտ երկու անգամ քիչ գումար էին կազմում ներքին և պետանվտանգության ապահովման ծախսերը: Ընդ որում` սոցիալական կարիքների, կրթության և առողջապահության համար ծախսերն ավելի դանդաղ էին աճում7:

Վրաստանի զինված ուժերի անձնակազմի թվաքանակն ավելացավ մոտ 3 անգամ և հասավ 36.5 հազարի: Սահակաշվիլին անողորմ պատերազմ հայտարարեց քրեական տարրերին ու տեղերում հարցերն ինքնուրույն լուծելուն: Էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը բավական հեշտ լուծվեցին. պետք է ասել, որ Վրաստանն ուներ դրանք լուծելու պոտենցիալը, իսկ լույսի և ջերմության բացակայության հիմնական պատճառներից էր այն, որ էլեկտրաէներգիան վերավաճառվում էր Թուրքիային: Քայլեր արվեցին իրավական պետության ստեղծման ուղղությամբ, սակայն այդ ամենն արվում էր ոչ ժողովրդավարական մեթոդներով:

Կառավարության հայտարարած պաշտոնական հայրենադարձությունը, ինչպես նաև առճակատումը Ռուսաստանի հետ 2005-06թթ. և Ռուսաստանից վրաց քաղաքացիների արտաքսումը տվեցին իրենց պտուղները. 2005թ. Վրաստան եկավ 76.3 հազար մարդ ավելի, քան հեռացավ: Չնայած Վրաստանի իշխանությունների պաշտոնական հռետորականությանը, վրացական արտադրության մի շարք ապրանքների վրա Ռուսաստանի հայտարարած էմբարգոն խիստ ազդեցություն ունեցավ Վրաստանի տնտեսության վրա. խնդիրը մասամբ լուծվեց համընդհանուր սեփականաշնորհմամբ և տնտեսական ռեֆորմներով, իսկ դա իրականացվեց էկոնոմիկայի նախարար Կախի Բենդուկիձեի կողմից, որն այն ժամանակ գործադրում էր «կվաճառենք ամեն ինչ, բացի մեր խղճից» կարգախոսով: Հետագայում ստեղծվեց պաշտոն հատուկ նրա համար` Տնտեսական ռեֆորմների կոորդինացման պետական նախարար, որտեղ էլ շարունակում էր իրականացնել երբեմն արմատական իր ռեֆորմները: Սեփականաշնորհման և մի շարք այլ միջոցառումների, ինչպես նաև վրացի քաղաքացիների զգալի թվաքանակի հայրենադարձության արդյունքում Վրաստանի կառավարությունն իր տրամադրության տակ ունեցավ զգալի նյութական միջոցներ, որոնք էլ մի քանի տարով խթանեցին երկրի զարգացումը:

Բացի այդ, և սա նույնպես հետաքրքիր է, Սահակաշվիլու իշխանությունը զբաղվեց ազատ ԶԼՄ սահմանափակմամբ: Այսպես, 2005թ. փակվեց «Սամշոբլո» հրատարակչությունը, որի շենքում գտնվում էին ընդդիմադիր մի շարք թերթերի խմբագրություններ և հեռուսաընկերություններ: Պատրվակ հանդիսացավ շենքի սեփականաշնորհումն ու վերավաճառքը արտասահմանցի ներդրողին, սակայն նույնիսկ հիմա (2010թ.) շենքը քաղաքի կենտրոնում դատարկ է: Փակվեցին մի շարք հեռուստաընկերություններ, մնացածների նկատմամբ ճնշումներ գործադրվեցին (տե´ս Աղյուսակ 2):

Աղյուսակ 2
Քաղաքական վեճեր պարունակող վերլուծական հաղորդումների թվի դինամիկան 2003-2008թթ.

ՀՏ Հոկտեմբեր, 2003 Հոկտեմբեր, 2006 Մարտ, 2008
Ռուսթավի-2 1 ամենօրյա 1 ամենշաբաթյա 2 ամենշաբաթյա
Իմեդի (Հույս) 1 ամենօրյա /
1 ամենշաբաթյա
2 ամենշաբաթյա Ալիքը փակված է
Վրաստանի առաջին
հանրային հեռուստատեսություն
1 ամենօրյա /
1 ամենշաբաթյա
Չկա 1 ամենօրյա
Մզե (Արև) 1 ամենօրյա Չկա Չկա
9 Արխի (9 ալիք) 1 ամենօրյա Ալիքը փակված է Ալիքը փակված է
Իբերիա 1 ամենօրյա Ալիքը փակված է Ալիքը փակված է
Կավկասիա 1 ամենօրյա 1 ամենօրյա 1 ամենօրյա
202 Չկա 1 ամենօրյա/
1 ամենշաբաթյա
Ալիքը փակված է

Դրությունը 2003 և 2006թթ. - "საქართველოს პოლიტიკური ლანდშაფტი", գրքից, էջ. 212 («Վրաստանի քաղաքական լանդշաֆտը», վրացերեն):

Ի հավելումն ասվածի` Սահակաշվիլու իշխանությունը կարելի է նկարագրել հետևյալ բնութագրերով.

  • Վրաստանի ներկայիս իշխանությունը այն «ամուր ձեռքն» է, որին երկար սպասում էր Վրաստանի բնակչությունը քաոսի ժամանակաշրջանում, բայց հիասթափվեց մի քանի տարի անց:
  • Հեղափոխության հետևանք դարձավ ժողովրդավարական հռետորականության բարձրացումը և ժողովրդավարության մակարդակի իջեցումը, այն մակարդակի, որը թույլ տվեց, որ հեղափոխությունն իրականանա8:
  • Սահակաշվիլու ընդգծված մեսիականությունը. Վրաստանի նախագահն իր նախաձեռնությունների մեծամասնությունը բնութագրում է որպես «առաջինը Վրաստանի պատմության մեջ», «առաջինը Եվրոպայում» (նույնիսկ աշխարհում). այստեղ կարելի է ավելացնել նաև մշտական զուգահեռների անցկացումը Վրաստանի պատմական արքաների, առաջին հերթին` Դավիթ Շինարարի հետ: Սա որոշ վերլուծաբանների հիմք տվեց կարծելու, որ Սահակաշվիլու նպատակներից մեկը «Վրաստանի պատմության մեջ հետք թողնելն է»:
  • Սահակաշվիլին խարիզմատիկ առաջնորդ է: Նրան բնորոշ են հուզականությունը, ագրեսիան և նպատակներին հասնելու հաստատակամությունը. դա շատ լավ ցուցադրվեց 2001-2003թթ. իրադարձությունների ժամանակ, երբ նա չհամաձայնեց երկրորդական դերին և կարողացավ հաղթել ավելի ուժեղ մրցակիցներին` հանձինս իշխանական կուսակցության, լեյբորիստների, Ժվանիայի և Բուրջանաձեի, Աբաշիձեի «Վերածնունդ» կուսակցության:
  • Սահակաշվիլին երկրի արևմտականացման արմատական ուղղություն վերցրեց և կոշտ ռեֆորմներ է իրականացնում. դեպի Արևմուտք կողմնորոշումը զուգակցվում է հակառուսական հռետորականությամբ: Արդյունքում` այս ամենը հանգեցնում է այն բանին, որ նրան դիմակայում է բնակչության զգալի մասը, որն իրեն խաբված և մերժված է համարում:

Սահակաշվիլին շեշտը դնում էր միստիկայի և սիմվոլիզմի, երբեմն էլ` «թվերի մոգության» վրա` իր բոլոր մասշտաբային միջոցառումները կապելով կրոնական տոների և հիշարժան այլ ամսաթվերի հետ, ինչպես նաև ակնարկելով, որ դա կանխորոշված է ճակատագրով: Սակայն հետագայում այս մեթոդը նրանից կփոխառի ընդդիմությունը, և նա կհրաժարվի դրանից:

3. Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը

Ինչպես նկատեցինք, մի շատ կարևոր հարց մնաց չքննարկված. դա սեցեսիոն հանրապետությունների` Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցն է, որոնք իրենց անկախությունն ստացել են 1991-1994թթ. պատերազմների արդյունքում: Վրացիները շատ զգացմունքային ժողովուրդ են. նրանց ազգային առասպելում բավական նշանակալի մաս է զբաղեցնում վրացի մարտիկի կերպարը: Անջատված շրջանների հարցն առաջին հերթին Վրաստանի համար մնում էր զգացմունքային հարթությունում. դա վիրավորված արժանապատվության հարց էր:

Ըստ պաշտոնական թվերի` Աբխազիայից փախստական վրացիների թիվը կազմում է 300-500 հազար: Իրականում այդ թիվը բավական ուռճացված է: 1989թ. Աբխազիայի ԻԽՍՀ-ում ապրում էր 239 հազար վրացի. 2003թ. մարդահամարը ցույց տվեց Աբխազիայում ապրող մոտ 45 հազար վրացի (այդ թվում իրենց մեգրել նշածները)9: Հաշվի առնելով, որ այդ ժամանակաշրջանում բնական աճը Վրաստանում գրեթե զրոյի էր հավասար, իսկ փախստականների մեծ մասը հեռացել էր Ռուսաստան, նրանց ընդհանուր թիվը կարելի է գնահատել 200±5 հազար, որոնց կեսից ոչ ավելին է այժմ ապրում Վրաստանում:

Նախընտրական շրջանում Սահակաշվիլու տված պոպուլիստական խոստումները, մեսիականության նրա գաղափարը, իսկ հետագայում նաև լեգիտիմության սուր անբավարարությունը նրան ակտիվ քայլերի են մղում Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ: Դրանցից հիմնականներն են. տեղային ռազմական դիմակայությունը Հարավային Օսիայի հետ կրակա-գծում (2004), մաքսային շուկայի փակումը Էրգնեթում, որի հաշվին էր ապրում Հարավային Օսիայի բնակչության մեծ մասը (2005), Կոդորի կիրճի վերահսկողության սահմանումը, դրա վերանվանումը Վերին Աբխազիա և այնտեղ այլընտրանքային վարչակազմի տեղակայումը (2007), այլընտրանքային կառավարության ստեղծումը Հարավային Օսիայի` վրացական կողմից վերահսկվող մասում, Դմիտրի Սանակոևի գլխավորությամբ (2007), «Ալանիա» քարոզչական հեռուստաալիքի թողարկումը (2007) և գագաթնակետը` ռազմական հակամարտությունը Հարավային Օսիայի հետ, որն անմիջապես վերաճեց միջպետական հակամարտության Ռուսաստանի հետ, 2008թ. օգոստոսին:

Առանձնացած շրջանների թեման մինչ օրս խիստ ակտուալ է Վրաստանում: Բնակչության մի մասը շարունակում է սպասել, որ դրանք կվերադառնան Վրաստանի կազմ, իսկ մի մասը հաշտվել է դրանց վերջնական կորստի հետ: Եթե մինչև օգոստոսյան պատերազմը առաջինների թիվը զգալիորեն գերազանցում էր երկրորդ խմբին, ապա այսօր կարելի է ենթադրել, որ այդ խմբերը թվով գրեթե հավասար են:

4. Քաղաքական ընդդիմությունը Վրաստանում. ծագումը և արդի վիճակը

2003թ. խորհրդարանական ընտրություններն առավել մրցակցայինն էին Վրաստանի խորհրդարանի պատմության ողջ ընթացքում: 7%-ոց ընտրաշեմը հաղթահարեց 6 քաղաքական սուբյեկտ: Ոչ կառավարական «Արդար ընտրություններ» կազմակերպության անցկացրած այլընտրանքային հաշվարկը ցույց տվեց փոքր-ինչ այլ արդյունքներ: Դրանցում ընդդիմադիր կուսակցությունների հավաքած տոկոսներն ավելի բարձր էին, քան պաշտոնական արդյունքներում, կառավարության ստացած արդյունքներում դրանք, համապատասխանաբար, ցածր էին: Արդեն նոյեմբերի 25-ին, իր հրաժարականից հետո, Էդ. Շևարդնաձեն խոստովանեց, որ ընտրությունները կեղծված էին: Դրանք չեղյալ հայտարարվեցին, և 2004թ. գարնանը կրկնակի ընտրություն նշանակվեց:

Աղյուսակ 3
2003-2008թթ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ընտրություններ 2.11.2003 28.3.2004 21.5.2008
«Հանուն նոր Վրաստանի» 21.32%
«Վերածնունդ» 18.84% 3.86%
«Ազգային շարժում» 18.80% 66.24% 59.18%
«Բուրջանաձե-դեմոկրատներ» 8.79% 66.24% 59.18%
Լեյբորիստական կուսակցություն 12.04% 6.01% 7.44%
«Նոր աջեր» 7.82% 7.56%
Միացյալ ընդդիմություն 17.73%
Հանրապետական կուսակցություն 3.78%
Քրիստոնեա-դեմոկրատական շարժում 8.66%

2004թ. սկզբին իրավիճակը խիստ փոխվեց: «Վարդերի հեղափոխությանը» չմասնակցած կուսակցությունները մարգինալացվեցին հասարակության աչքում և մեկուսացվեցին պաշտոնական քարոզչության ջանքերի շնորհիվ: Այնուամենայնիվ, նոր իշխանության կառավարման ավտորիտար մեթոդները հանգեցրին նրա հակառակորդների թվաքանակի աճի, և նրա վարկանիշը ազատ անկման մեջ հայտնվեց հենց նախագահական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլին հավաքեց բոլոր ձայների մոտ 97%-ը:

2004թ. ընտրություններին իշխանությունները հավաքեցին 66%, զբաղեցրին խորհրդարանի 235 տեղից 220-ը: Հանրային դժգոհության աճի պայմաններում նման հարաբերակցությունն ամենևին չէր արտացոլում հասարակության մեջ քաղաքական կուսակցությունների ժողովրդականության հարաբերակցությունը: Խորհրդարանն աստիճանաբար սկսեց ընկալվել որպես մի ինչ-որ ոչ լեգիտիմ բան, մանավանդ որ նրա լիազորություններն ուժեղ նախագահի առկայության պայմաններում կրճատվեցին: Նոր իշխանության վարած քաղաքականությունը նորանոր մարգինալ ուրվագծեր էր ստանում, որոնցում հայտնվեցին հասարակության տարբեր շերտերը: Սկզբում դա Թբիլիսիի մտավորականությունն էր, հետո` փողոցային առևտրականները, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները: Սահակաշվիլու փոխաբերությունը գնացքի մասին, որն սկսել է շարժումը, իսկ նրանք, ովքեր գնացքում չեն, մնում են դրսում, փաստորեն կարելի է մեկնաբանել «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Եվ արդյունքում այս քաղաքականությունը շրջվեց նրա դեմ:

Իրադարձությունների հետհեղափոխական զարգացման հետևանքով թուլացած ուժերը սկսեցին ակտիվանալ կառավարությանը քննադատելու ուղղությամբ, իսկ իշխանական թևն աստիճանաբար սկսեց մասնատվել. նրանից հեռացան որոշ հայտնի անձինք և խմբեր, ինչպես, օրինակ, Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքական ակտիվության կենտրոնը խորհրդարանից տեղափոխվում էր սկզբում դեպի հեռուստաալիքներ, այնուհետև՝ փողոց։ Հանրային դժգոհությունը գագաթնակետին հասավ 2007թ.։ Սեպտեմբերին տեղի ունեցավ փորձնական հանրահավաք, իսկ նոյեմբերին սկսվեց բողոքի ակցիան։ Ներկաների թվաքանակից դատելով՝ այն ամենամեծն էր հետխորհրդային Վրաստանի ողջ պատմության մեջ։ Սակայն, քանի որ կուսակցությունների ծրագրերը տարբեր էին և անընդհատ փոխվում էին հանրահավաքի ընթացքում, ինչպես նաև բնական պատճառների հետևանքով, հավաքվածների թիվն արագ նվազում էր, և նոյեմբերի 7-ին հանրահավաքը ցրվեց, արդյունքը դարձան արտակարգ իրավիճակ մտցնելը և ընդդիմադիր ալիքների հեռարձակումների արգելքը։

Ընդդիմությունը Սահակաշվիլուց բազմաթիվ մեթոդներ էր փոխառել, բայց նրա հիմնական տարբերությունները տարիներ առաջվա Սահակաշվիլուց այն էին, որ չկար վճռականություն, միասնական խարիզմատիկ առաջնորդ և գոնե ինչ-որ ռազմավարական պլանավորում։ Նրանց միավորել էր բողոքն իշխանության դեմ։ Սակայն ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայում համաձայնեցված չէր այն հարցը, թե ինչ պետք է արվի հետագայում։ Նախնական որոշումն այն էր, որ պետք է խորհրդարանական հանրապետություն հռչակվի։ Ընդդիմությունը հրաժարվեց 2008թ. ստացած մանդատներից և չընդունեց ընտրությունների արդյունքները։ 2009թ. ապրիլ-սեպտեմբերին փողոցային ակցիաները շարունակվում էին, որոնք արդյունքում ոչնչով չավարտվեցին։

Լարվածությունը, որն սկսվեց Սահակաշվիլու ընտրությունից հետո, թուլանում է, սակայն դժգոհությունը բավական ուժեղ է մնում։ Իհարկե, դժվար է խոսել ճշգրիտ թվերի մասին, բայց կարելի է փորձել որոշ գնահատականներ տալ սոցիալական մի շարք հարցախույզների և վերջին ընտրությունների հիման վրա։

Հարաբերակցությունը տվյալ պահին կարելի է գնահատել հետևյալ կերպ. մայրաքաղաքում՝ կողմնակիցներ – 30, հակառակորդներ – 50%, մյուսները տատանվում են; շրջաններում՝ կողմնակիցներ – 40, հակառակորդներ – 15%, մնացածները տատանվում են կամ անտարբեր են ներքաղաքական պայքարի հանդեպ։

Ինչ վերաբերում է արտաքին ուժերին, ապա Ռուսաստանը մինչև վերջերս աջակցում էր Իգոր Գիորգաձեին, որը Վրաստանի պետանվտանգության նախարարն էր, բայց մեղադրվել էր Էդ.Շևարդնաձեի դեմ մահափորձի մեջ և Մոսկվա էր փախել դեռ 1990-ականներին։ Վրաստանում նա վերջնականապես մարգինալացվեց 2005-06թթ., սակայն այլընտրանքային թեկնածու Մոսկվան գտնել չկարողացավ։ Մինչև վերջին ժամականերս Ռուսաստանն աջակցում էր միայն Գիորգաձեին, հիմա Ռուսաստանի աջակցությունը վայելող վրաց ընդդիմադիրների շրջանակն ընդլայնվում է։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա այնտեղ գերադասում են համագործակցել միաժամանակ մի քանի խմբի հետ՝ խուսափելու համար խնդրահարույց իրավիճակներից։

Եթե փորձենք ապագայի իրավիճակ մոդելավորել, ապա որևէ դինամիկա չի ակնկալվում, քանի որ Սահակաշվիլու անհաջողություններն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում չեն դադարել։ Ընդ որում, ընդդիմությունն ընդհանուր առմամբ անընդունակ գտնվեց Սահակաշվիլուն պաշտոնանկ անելու կամ մի որևէ լուրջ նպատակի շուրջ միավորվելու հարցում։ Հավանաբար, երկրի քաղաքականությունից հիասթափված մարդկանց թիվը ժամանակի հետ ավելի ու ավելի կմեծանա։

Ներքաղաքական պայքարում հիմնական փաստարկներ են մնում «ազգային դավաճանությունը» և «համագործակցությունը Ռուսաստանի հետ», ընդ որում՝ առավել հաճախ դրանք կիրառվում են կառավարական շրջանակների կողմից։

5.Կրոնը Վրաստանի քաղաքականությունում

Հետխորհրդային Վրաստանի առանձնահատկություններից մեկը բնակչության առավել արտահայտված կրոնականությունն է և ուղղափառ եկեղեցու փաստացի մասնակցությունը քաղաքականությանը։ Վրաստանի Սահմանադրությունը կրոնի ազատություն հռչակեց։ Սակայն Սահմանադրության 9-րդ հոդվածում «պետությունը ճանաչում է Վրաց Ուղղափառ եկեղեցու բացառիկ դերը Վրաստանի պատմության մեջ և միևնույն ժամանակ հռչակում է... եկեղեցու անկախությունը պետությունից»։ 2001թ. հոդվածին ավելացվել է երկրորդ կետ, որի համաձայն պետության և եկեղեցու փոխհարաբերությունները սահմանվում են Սահմանադրական պայմանագրով, որն արժանացել է ոչ միանշանակ գնահատականների10։

Վրաստանում կրոնի մասին օրենք դեռ չի ընդունվել, բազմաթիվ հիմնախնդիրներ կան՝ կապված կրոնական փոքրամասնությունների հետ։ Առաջին հերթին խտրականության են ենթարկվում «Եհովայի վկաներ» աղանդը և Վրաստանում ավանդական՝ ՀԱԵ-ն, կաթոլիկ եկեղեցին և այլն։ Ընդ որում, առայսօր կրոնական ոչ մի կազմակերպություն չի կարող գրանցել կառավարականից տարբեր իր կարգավիճակը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Հայ Առաքելական, կաթոլիկ և մյուս եկեղեցիներին։

2002թ. մարդահամարի համաձայն, վրացիների և ուղղափառների բաժինը գրեթե համընկնում է՝ 84%11։ Սակայն ուղղափառ են նաև ռուսները, հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների մի մասը, վրացիների մի մասն էլ մահմեդական է12։

Վրացական եկեղեցին այսօր պետության մրցակիցն է ազգային նախագծերի հարցում և փորձում է բացարձակ ազդեցություն հաստատել։ Նման պայմաններում բնական է ղեկավարության շահերի բախումը եկեղեցու՝ որպես կենտրոնացված կառույցի, հետ։ Ընդ որում, երկու կողմն էլ փորձում է թաքցնել և հարթել այս կոնֆլիկտը։ Եկեղեցին միակ համընդգրկուն կառույցն է Վրաստանում, որ համախմբող դեր է ունեցել խորհրդային շրջանում, և հավակնում է բարոյական բարձր հեղինակության, նրա դերն իսկապես բարձր է ու փաստորեն ավելի բարձր է, քան պետական համանման կառույցներինը։

Վրաց եկեղեցին, ըստ էության, այսօր զբաղված է ազգի համախմբման հարցով։ Ասվածի բազմաթիվ հավաստումներ կարելի է գտնել, բայց բավական կլինի և մեկը. 2010թ. հունվարի 7-ին պատրիարքը, շնորհավորելով ժողովրդին Սուրբ ծննդյան կապակցությամբ, ասել է հետևյալը. «Կան ուժեր, որոնք դրդում են սակավ մտածող մարդկանց այն բանին, որ Աստվածաշունչը կամ այլ գրքեր թարգմանվեն մեգրելերեն, սվաներեն ու լազերեն՝ հող նախապատրաստելու համար, որպեսզի մոտ ապագայում վրաց լեզվի այդ ճյուղավորումներն արդեն առանձին լեզուներ հայտարարեն։ ...Աշխարհում քարտեզներ և դասակարգումներ են տարածվում, թե Վրաստանն իբր աջարների, լազերի, սվանների, մեգրելների և այլոց արհեստական միավորումն է, իբր նրանցից յուրաքանչյուրն իր լեզուն ու մշակույթն ունի։ Սրանով նրանք ցանկանում են մեր ազգը ներկայացնել որպես տարբեր ազգերի միավորում։ Այստեղից մինչև պետության անկումը մեկ քայլ է»13։ Եկեղեցական եզրաբանության մեջ սա ֆիլետիզմ է, բայց, ինչպես ասացինք, այսօր վրաց եկեղեցին հիմնական խնդիր է համարում հենց ազգի համախմբումը։

2001թ. պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր էր. ոստիկանությանը վստահում էր հարցվածների մոտ 4%-ը, իսկ եկեղեցուն՝ 63%-ը։ Եկեղեցուց հետո երկրորդ տեղում էր օմբուդսմենի ինստիտուտը։ Նրան վստահում էր 14%-ը14։ Այդ ժամանակվանից ի վեր աճել է ինչպես պետական կառույցների, այնպես էլ եկեղեցու հեղինակությունը։ Վրաց եկեղեցու դրության հետ կապված դինամիկան լավ պատկերացնելու համար հարկավոր է նշել, որ 1978թ. Թբիլիսիի պետական համալսարանի հարցման ենթարկված ուսանողների ընդամենը 1%-ն էր իրեն հավատացյալ համարել. 2000թ. այդպիսիների թիվն արդեն 89% էր15։ Հասկանալի է, որ 1978թ. բոլոր հավատացյալները չէ, որ կհամարձակվեին հայտարարել այդ մասին, և 2000թ. էլ բոլոր աթեիստները չէ, որ կհամարձակվեին խոստովանել դա, բայց դինամիկան ակնհայտ է։ Մեկ այլ հարցախույզի տվյալներով՝ բնակչության 65%-ն այն կարծիքին է, որ «հավատը և կրոնական արժեքները պետք է որոշեն հասարակության և պետության կյանքի բոլոր կողմերը»։ Ընդ որում, արմատականության կողմնակիցների թվում հայտնվեց ուսանողների մոտ 70%-ը։

Կարևոր է նշել, որ կաթողիկոս-պատրիարք Իլյան պաշտոնավարում է արդեն 32 տարի16։ Նրա գահակալության և ծննդյան օրերն այժմ նշում են որպես ազգային տոներ։ Այսպիսով, արդի ուղղափառ եկեղեցին Վրաստանում և Իլյա Երկրորդի անունը հոմանիշներ են ներկայիս Վրաստանում։ Նրան են դիմում Վրաստանի, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմությունը, որը հույս ուներ հանձին նրա նեցուկ գտնել Սահակաշվիլու դեմ պայքարում։

Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցին (ՎՈւԵ) փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, այդ թվում՝ արտաքին։ ՎՈւԵ-ն՝ Իլյա Երկրորդի գլխավորությամբ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) հետ և որոշ արդյունքների հասել17։ Այսպես, ՌՈւԵ-ն մինչ օրս վրացական եկեղեցուց անկախ չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ եկեղեցիները և ՎՈւԵ-ն համարում է իր գլխավոր դաշնակիցը Ուկրաինայի «հերձվածողների» դեմ պայքարում18։

Եկեղեցու և պետության միջև վերջին ժամանակներս տեղի ունեցած միջադեպերից կարելի է առանձնացնել Բաթումի շրջակայքում, լեռան վրա, ճիշտ է՝ առանց թույլտվության կառուցվող եկեղեցու քանդումը։ Հետո արդեն սույն գործողությունը վերագրվեց ցածրաստիճան մի պաշտոնյայի, որը երբեք չէր համարձակվի նման քայլի դիմել, եթե ցուցում չունենար վերևից։ Արդյունքում՝ հանրությունն այնքան զայրացած էր, որ եկեղեցին վերականգնվեց, ընդ որում՝ պետության հաշվին։

Արդեն 2009թ. վերջին Թեա Թութբերիձեն՝ «Ազատության ինստիտուտի» ղեկավարներից մեկը, մի քանի տեսահոլովակ պատրաստեց և դրանք զետեղեց Facebook ցանցում, ինչպես նաև հարցազրույց տվեց, որում «մերկացրեց» պատրիարքին ռուսամետ և հակապետական գործունեության մեջ։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց վրաց հասարակությունում19. հակամարտությունն սկսեց թափ հավաքել, քանի որ «Ազատության ինստիտուտն» այն հիմնական կառույցներից էր, որն իշխանության բերեց Սահակաշվիլուն, և համարվում է արդի վրացական իշխանության գաղափարախոսական հենքը։

Որոշ ամփոփումներ

Վերջին հարյուրամյակում Վրաստանը ձգտում է միասնականացման, ինչին մասամբ հասել է, թեև առաջ են եկել հակամարտություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։ Միջանկյալ լարվածությունը ազգամիջյան հարաբերություններում պահպանվում է։

Վրաստանում ակնհայտ արտահայտվածություն ունի վախը տարածքների կորստի և երկրի հետագա անկման նկատմամբ։ Հակառուսական հռետորականությունը մնում է հիմնական քաղաքական փաստարկներից մեկը բոլոր քննարկումներում, թեև ընդդիմությունը փորձում է ինչ-որ կերպ թուլացնել լարվածությունը ռուս-վրացական հարաբերություններում:

Սահակաշվիլու և նրա իշխանության վարկանիշը մնում է 40%-ի սահմաններում և նրան գործողությունների որոշ ազատության հնարավորություն է տալիս։

Որոշ ուժեր կանոնավորապես հայրենիքի դավաճանության մեղադրանքներ են հնչեցնում Բաթում-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ու Կազբեկ-Վերին Լարս անցուղու բացման վերաբերյալ հայկական պահանջներին աջակցելու հետ կապված։ Ընդ որում, ավելի հավանական է, որ Սահակաշվիլին իշխանության ղեկին կմնա մինչև երկրորդ ժամկետի ավարտը և հաջորդին կնշանակի իր թիմից։

Արտաքին քաղաքականության ազդեցությունը ներքինի վրա էական է, բայց, այնուամենայնիվ, վճռական չէ, և Ռուսաստանից կրած պարտության արդյունքում ներքին հակամարտությունը գրեթե թուլացել է ու չի ուժեղացել։

Քաղաքական ընդդիմության դերը կմնա կայուն առաջիկա ամիսների ընթացքում, այնինչ Վրաց Ուղղափառ եկեղեցու դերը կարող է մեծանալ։ Եվ այս հանգամանքը կդժվարացնի ինչպես Հայաստանի հետ Վրաստանի միջպետական շփումները, այնպես էլ զիջումները Թբիլիսիի հայ համայնքին։

1Հարավային Կովկասի հանրապետությունների մեջ միայն Վրաստանն այդպես էլ չկարողացավ հաղթահարել խորհրդային ժամանակվա տնտեսական զարգացման շեմը: Այսպես, 2007թ. գներով բնակչության մեկ շնչի գնողունակությունը Վրացական ԽՍՀ-ում 1985թ. կազմել է $7604, իսկ 2007-ին` $4400: Համեմատության համար. Հայաստանում 2007թ. այն կազմել է $5693: Վրաստանից բացի խորհրդային ցուցանիշներին չեն հասել նաև Ուկրաինան, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Տե´ս UNPD HDI (Human Developement Index) 2009 Complete report, pp 195-198, Table "Economy and inequality".

2Фатех Вергасов. Гамсахурдиа. — Псевдология (Pseudology.org), 17.03.2007. — № 0241.

3Այսպես, 1996-1997թթ. տնտեսական աճը փոխարինվեց լճացմամբ: 1996 և 1997թթ. Վրաստանի տնտեսությունն աճեց 110-111%-ով, իսկ 1998-2002թթ. տնտեսական աճը կազմում էր տարեկան 1-5%, ինչը երկրի բնակիչները չէին զգում: Տե´ս Статистический комитет СНГ, Грузия. http://cisstat.org/rus/georg.html; Департамент статистики министерства экономического развития Грузии, statistics.ge.

4Զվիադ Գամսախուրդիան այն ժամանակ հայտարարեց պատգամավորներին. «Նա, ով աջակցում է Վրաստանի անկախությանը, քվեարկում է Ասլան Աբաշիձեի ընտրության օգտին»:

51992թ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահին շնորհեց Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գեներալ-մայորի կոչում, արդեն 2004թ. Եվրախորհրդի քարտուղար Վալտեր Շվիմերը ոչ մի խնդիր չտեսավ, երբ Աջարիայում իր աչքերի առջև ցրում էին հանրահավաքը:

6Նշենք, որ 2001թ. ներքին գործերի նախարար Կախի Թարգմաձեի, որը Շևարդնաձեի աջ ձեռքն ու հենարանն էր, պաշտոնանկությունն էլ անօգնական դարձրեց ռեժիմը 2003թ. նոյեմբերյան հեղափոխությունից առաջ:

7Այսպես, պաշտպանության, ՆԳՆ և պետանվտանգության ընդհանուր ծախսերը 2003թ. կազմեցին բյուջեի ընդհանուր ծախսերի 10,9%-ը, 2007-ին դրանք կազմեցին բոլոր ծախսերի 36.6%-ը:

8Տե´ս Искандарян А., Феномен цветных революций, Кавказ-2004. Ежегодник Кавказского института СМИ, с. 13.

9Աբխազիայի բնակչության 1897-2003թթ. մարդահամարների արդյունքները, http://www.ethno-kavkaz.narod.ru/rnabkhazia.html

10Религия в Грузии: 21 век. Ивлиан Хаиндрава. Религия и политика на Кавказе. Материалы международной конференции, CMI, Ереван, стр. 59, 62-63.

11Տե՛ս http://statistics.ge/_files/english/census/2002/Religious%20beliefs.pdf

12Գերազանցապես լազերը և աջարներն են։

13 http://www.apsny.ge/2010/soc/1262901255.php

14«Ձեր իրավունքները»։ Վրաստանի ժողովրդական պաշտպանի պարբերական հրատարակություն, №1, 2001 (վրացերեն)։

15Papuashvili Nugzar, World religions in Georgia, Tbilisi, Liberty Institute, 2002.

16Գահակալությունը տեղի է ունեցել 1977թ. դեկտեմբերի 25-ին։

17Патриарх Грузии: Абхазия и Осетия вернутся в состав Грузии. По итогам встречи с патриархом России Кириллом в Баку http://ru.trend.az/news/politics/foreign/1611936.html

18 http://www.stavropolye.tv/russian/view/12702

19 http://www.inosmi.ru/sngbaltia/20091027/156438658.html, http://evrazia.org/article/1143

Հունվար, 2010թ.


դեպի ետ