ՀԱՅ ԳՐԻ, ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Զեկույց` կարդացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովում, Հռոդոսյան համաժողով, VII ամենամյա նստաշրջան, 2009թ. հոկտեմբերի 8-12, Հռոդոս (Հունաստան)։
Միջքաղաքակրթական շփումների կարևոր գործոն է գիրը՝ թարգմանական և ինքնուրույն գրականության միջոցով։ Հայոց բազմադարյա գրավոր ժառանգությունը համաշխարհային մշակույթի գանձարանում զգալիորեն նպաստում է համաշխարհային քաղաքակրթության անվտանգության երաշխիքի՝ քաղաքակրթությունների երկխոսությանը։
Գրի սկզբնավորումն ու զարգացումը մարդկության պատմության մեջ պայմանավորել են հոգևոր արժեքների բանավոր պահպանումն ու գրավոր փոխանցումն ապագա սերունդներին։ Գրավոր աղբյուրներն առաջնային նշանակություն ունեն պատմության՝ որպես քաղաքակրթության պատմության ուսումնասիրման գործում, դրա համար էլ «գիր ունեցող հանրություններն իրենցից հետո անհամեմատ ավելին են թողել, քան չունեցողները» [1, p. XIII-XV]։
Հոգևոր-մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական հասկացությունների հանգուցակետում փիլիսոփայության ընդհանուր համակարգում «քաղաքակրթություն» եզրը գիտական շրջանառության մեջ մտցվեց XVIIIդ.՝ մարդկության պատմության որոշակի դարաշրջանների առումով [2]։ Քաղաքակրթության հիմնական բաղադրիչների հետազոտությունը թույլ է տալիս քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացների արդի միտումների համատեքստում [3, p. 57-72]։
Քաղաքակրթություն հասկացությունում մշակույթին՝ որպես մարդկային գործունեության կարևոր ստեղծարար ոլորտի, առաջնային նշանակություն է տրվում։
Օսվալդ Շպենգլեր. «Յուրաքանչյուր մշակույթ սեփական քաղաքակրթությունն ունի... Քաղաքակրթությունը մշակույթի անխուսափելի ճակատագիրն է» [4, p. 31-32]։
Վիլ Դյուրան. «Քաղաքակրթությունը սոցիալական այն կարգն է, որը նպաստում է մշակութային արարմանը։ Այն կազմում են չորս տարր. տնտեսական վիճակը, քաղաքական կառուցվածքը, բարոյական ավանդույթները և գիտելիքների ու արվեստների ձգտումը։ Քաղաքակրթությունն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են քաոսն ու անհուսալիությունը» [5, p. 1]։
Առնոլդ Թոյնբի. «Մշակութային տարրերը քաղաքակրթության էությունն են» [6]։
Ն.Վ. Կլյագին. «Քաղաքակրթություն հասկացությունը կարող է նույնացվել մշակույթ հասկացության հետ» [7, с. 3]։
Մշակույթները՝ որպես քաղաքակրթությունների հիմնական բաղադրիչներ, կամուրջ են նետում դրանց միջև՝ ստեղծարար սկզբունքից ելնելով [8, p. 298-303]։ Մինչդեռ, քաղաքակրթության մասին արդի որոշ տեսությունների համաձայն, ներկայումս աշխարհում մշակույթների հակամարտությունն այնքան է հասունանում, որ քաղաքակրթությունների բախման վերաճելու միտում է ստանում [9]։ Սակայն ավերիչ ուժերը ծնվում են ոչ թե մշակութային գործոնից, այլ, ընդհակառակը` դրա բացակայությունից։
«Մշակույթի իրավունքների հռչակագրում» Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովը, մշակույթը համարելով մարդկային պատմության հումանիզացման գլխավոր աղբյուրը, գրում է. «Մշակույթը անձի և հասարակության ստեղծարար ներուժի իրացման որոշիչ պայմանն է, ժողովրդի յուրօրինակության հաստատման ձևն ու ազգի հոգևոր առողջության հիմքը, հումանիստական կողմնորոշիչն ու մարդու և քաղաքակրթության զարգացման չափանիշը։ Մշակույթից դուրս ժողովուրդների, էթնոսների և պետությունների ներկան և ապագան զրկվում են իմաստից» (Հոդված 2)։
Ըստ Ս.Ն. Իկոննիկովայի, միայն հումանիտար մշակույթը կարող է դառնալ էթիկայի, բարոյականության հիմքը [10]։ Ջագդիշ Չանդրա Կապուրը ժողովուրդների խաղաղ ապագան տեսնում է մշակութային արարման և համագործակցության մեջ՝ ազգային ինքնատիպության պահպանմամբ [11, p. 23], դրանով իսկ «Մարդկային ապագան» դիտարկելով որպես քաղաքակրթությունների երկխոսության հիմք [12, p. 26]։
«Մշակույթի իրավունքների հռչակագրի» 6-րդ հոդվածում ասվում է. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթ իրավունք ունի մասնակցելու ողջ մարդկության հումանիստական զարգացմանը։ Աշխարհի ժողովուրդների մշակութային համագործակցությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը արդարության և ժողովրդավարության գրավականն են, միջազգային և միջէթնիկ հակամարտությունների, բռնության և պատերազմների կանխման պայմանը»։
Մշակութային-պատմական ժառանգության՝ որպես «մարդկության համընդհանուր հոգևոր փորձի ամրապնդման և փոխանցման ձևի» (Հոդված 1ա), մեջ գիրը կարևոր նշանակություն ունի։
Աշխարհի գրավոր լեզուների զարգացման պատմության մեջ հայ գիրը, որպես հայ ժողովրդի ստեղծագործ արարման միջոց և ազգային ինքնատիպության երաշխիք, որոշակի ավանդ ունի մշակույթի համաշխարհային գանձարանում, ինչը բարձր է գնահատվել արևմտաեվրոպական, ինչպես նաև ռուս գրականությունում և պատմագրությունում։
Դոմ Ավգուստին Կալմեն (1672-1757) գրում է. «Հայաստանը քաղաքակրթության օրրանն է» [13]։ Ջորջ Գորդոն Բայրոնը 1816թ. այցելել է Սուրբ Ղազար կղզու հայկական միաբանություն և, ոգեշնչված հայ մշակույթով ու, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսել ուսումնասիրել հայոց լեզուն։ Հայերի ու Հայաստանի մասին նա նշում է. «Ինչպիսին էլ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն դառն է եղել, ինչ էլ որ նրանց սպասի ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է լինի երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և գուցե նրանց լեզուն միայն ավելի մեծ ուսումնասիրություն է պահանջում... Դա հարուստ լեզու է... Եթե Սուրբ Գիրքը ճիշտ է մեկնաբանվում, դրախտը Հայաստանում է գտնվել... Հայաստանում է առաջինը ջրհեղեղը նահանջել և աղավնին նստել» [14, p. 8, 10-12]։
Սերգեյ Նիկոլաևիչ Գլինկան (1776-1847) Հայաստանի պատմությունն ընկալել է մարդկային քաղաքակրթության ակունքների հետ նրա առնչակցության ոգով [15, с. 77]։ Նա գրում է. «Հայկական լեռների գագաթներին է, և՛ ըստ աստվածաշնչյան ավանդությունների, և՛ ըստ ժողովրդական ավանդությունների, կանգ առել մարդկային ցեղի երկրորդ օրրանը» [16, с. III]։
Դավիդ Մարշալ Լանգը նույն ոգով գրում է. «Հնագույն երկիր Հայաստանը տեղադրված է բարձր լեռներում... Թեև Միջագետքն է իր հնագույն՝ Շումերի և Բաբելոնի քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ մեկտեղ, սովորաբար համարվում քաղաքակրթական կյանքի հիմնական աղբյուրն արդի ընկալմամբ, Հայաստանը նույնպես կարող է որակվել որպես մարդկային մշակույթի օրրաններից մեկը։ Նախ, ինչպես Ծննդոց գրքում է ասվում, Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին, Հայաստանի հենց կենտրոնում... Անկախ այն բանից՝ ինչ-որ կարևորություն տալի՞ս ենք արդյոք Ծննդոց գրքին՝ որպես պատմական սկզբնաղբյուրի, թե՞ ոչ, ոչ ոք չի կարող ժխտել Նոյան տապանի մասին նրա հաղորդածի խորհրդանշական կարևորությունը, որը հիշողության մեջ պահպանում են ողջ աշխարհի հավատացյալներն ու անհավատները։ Բացի այդ, Հայաստանը մեր ուշադրությունն է պահանջում որպես հնագույն մետաղագործության հիմնական օջախներից մեկը, որը սկիզբ է առնում, առնվազն, հինգ հազար տարի առաջ։ Ավելի ուշ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին մեծ թագավորությունը՝ հանդիսանալով եկեղեցական ճարտարապետության այն ոճի սկզբնավորողը, որը մեր սեփական` արևմտյան գոթիկայի կանխագործումն էր» [17, p. 9]։
Հայոց լեզվի (որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղի)1 և գրի ծագման և զարգացման արմատները Հայաստանում հազարամյակների խորքն են գնում2։
II-IIIդդ. անտիկ հեղինակները որոշ տեղեկություններ են հաղորդում հայ գրերի մասին։ Հույն սոփեստ և հռետոր Լուցիոս Փլավիոս Փիլոստրատոսը (մոտ 170-247թթ.) նշում է. «Ասում են, թե մի անգամ Պամփյուլիայում3 բռնում են մի հովազ, որի ոսկե վզնոցին հայերեն տառերով գրված էր. «Արշակ թագավորը Նյուսայի աստծուն»4։ Հռոմեացի աստվածաբան և գրող Հիպպոլիտոսը (IIIդ.) հայերին հիշատակել է դպրություն ունեցող ժողովուրդների (հույներ, հրեաներ, հռոմեացիներ, մարեր և այլք) թվում [18, p. 58]։
Մեծ Հայքի թագավոր Տրդատ III-ի հովանավորությամբ սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հայերի մկրտությամբ քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն հռչակվեց Հայաստանում (301թ.): Երկրում հիմնվում են դպրոցներ, որոնցում դասավանդվում էին հունարեն և ասորերեն, ինչպես ժամերգությունների ընթացքում Աստվածաշնչի5, այնպես էլ արքայական դիվանատուն մտնող փաստաթղթերի բանավոր թարգմանությունն ուսուցանելու նպատակով։
IV դարի վերջին Մեծ Հայքի Վռամշապուհ արքան, Հայ Առաքելական եկեղեցու6 կաթողիկոս Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը (361-440) և հայ եպիսկոպոսները, ըստ Մովսես Խորենացու (V դար), ժողով էին գումարել` «հոգալ զգիւտ դպրութեան Հայոց» [19, էջ 325]։
Դանիել եպիսկոպոսի՝ Միջագետքում գտնված նշանագրերով մանուկներին ուսուցման ընթացքում պարզվեց, որ դրանք բավական չեն հայերեն լեզվի բոլոր վանկերն (զսիւղոբայս զկապս) արտահայտելու համար, «մանավանդ զի և նշանագիրքն իսկ յայլոց դպրութեանց թաղեալք և յարուցեալք դիպեցան» [20, էջ 48]։
V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցու վկայությամբ, Մաշտոցը մտածում էր հայ գրերի գոյության մասին [21, էջ 30]։ Հայ գրերը որոնելու ընթացքում Մաշտոցն իր աշակերտների մի խմբին ուղարկում է Սամոսատ, մյուսին՝ Եդեսիա՝ Սբ. Գրքի հունարենից և ասորերենից թարգմանությանը պատրաստվելու նպատակով։ Վարդապետ Կորյունը և Մովսես Խորենացին գրում են, որ սբ. Մեսրոպ Մաշտոցի գործը սրբագործվել է Աստծո Աջով։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցը շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ «Որում պարգեւէր իսկ վիճակ յամենաշնորհողէն Աստուծոյ, հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոգ եւ սքանչելի՝ սուրբ Աջովն իւրով, նշանագիրս հայերէն լեզուին։ Եւ անդ վաղվաղակի նշանակեալ և կարգեալ, յօրինէր սիղոբայիւք կապօք» [20, էջ 50]։ Գալով Սամոսատ՝ Մաշտոցը գտավ հելլենական դպրության մի գրագիր, Հռոփանոս անունով, «որով զամենայն ընտրութիւնս նշանագրացն զնրբագոյնն եւ զլայնագոյնն, զկարճն եւ զերկայնն, զառանձինն եւ զկրկնաւորն, միանգամայն յօրինեալ եւ յանկուցեալ, ի թարգմանութիւն դառնայն հանդերձ արամբք երկուք, աշակերտօքն իւրովք, որոց առաջնոյն Յովհան անուն կոչէին, յԵկեղեաց գաւառէն, եւ երկրորդին Յովսէփ անուն՝ ի Պաղանական տանէն» [20, էջ 51-52]։
Հայոց լեզուն, հազարամյակների ընթացքում իր զարգացման շնորհիվ, V դարի շեմին հասավ այնպիսի կատարելության, որ հայերեն այբուբենի ստեղծումից հետո (405թ.) սբ. Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի՝ հին հունարենից գրաբար թարգմանությանը, որը նրանք սկսեցին Սողոմոնի առակների գրքից, և առաջին նախադասությունն էր. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Վերադառնալով Հայաստան՝ Մաշտոցն իր աշակերտների հետ միասին Հին Կտակարանից հետո թարգմանում է Նոր Կտակարանը7 [19, էջ 327]։
Հայ գրերի գյուտը նոր դարաշրջան բացեց հայ մշակույթի պատմության մեջ։ Հին հայերենն այնքան հարուստ էր, և մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունն՝ այնքան կատարյալ, որ V դարը համարվում է հայ մշակույթի պատմության «Ոսկե դար»։ Հայաստանի լուսավորչական կյանքն ընթանում էր «Լաւ է կոյր աչօք, քան՝ կոյր մտօք» կարգախոսով [22, էջ 28]։
Սերգեյ Գլինկան, ուշադրություն դարձնելով Մեսրոպ Մաշտոցի աստվածային տեսիլքի մասին Կորյունի և Մովսես Խորենացու հաղորդած տեղեկություններին, նշել է. «Ասես ոգեշնչումով սբ. Մեսրոպն ստեղծեց հայերեն տառերը...»։ Հիշատակելով Մ.Լակրոզի (1661-1739) բարձր գնահատականը, որը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն անվանել է «Թարգմանությանց թագուհի», Սերգեյ Գլինկան կարծում է, որ թարգմանության ճշգրտությանը, «անշուշտ, նպաստել է նաև հայերեն խոսքի ուժը» [16, с. 90]։
Վալերի Բրյուսովը (1873-1924), խոսելով մինչև Մաշտոցի գրերի գյուտը հայերենի զարգացման բարձր մակարդակի մասին, գրում է, որ գրերի գյուտից հետո մայրենի լեզվով ազգային գրականության արագ զարգացումը «ստիպում է ենթադրել, որ դրան նախորդել են հայ գրողների ստեղծագործությունները ոչ միայն օտար լեզուներով։ Ժամանակակից գիտությունը հրաժարվում է ընդունել, թե միևնույն դարը կարող է տեսնել և՛ հայ գրերի ծնունդը, և՛ դրա հարուստ ծաղկումը, որն արտահայտվել է Սբ. Գրքի գերազանց թարգմանությամբ... և դրան հաջորդած հայ գրականության «Ոսկե դարով»։ Ուստի, ենթադրում են, թե դեռ գրերի գյուտից առաջ գոյություն են ունեցել հայ գրավոր խոսքի սաղմեր... Բայց այդ հնագույն գիրը վերացել է, և մեզ համար հայ գրականությունն սկսվում է ոչ շուտ, քան V դարից» [23, с. 45]։
V դարում Հայաստանում ծաղկում է հայ թարգմանական և ինքնուրույն գրականությունը, ազգային դպրոցի հիմնարար զարգացմամբ։ Թարգմանությունների բարձր մակարդակն ապահովվում էր հայ գիտնականների ջանքերի շնորհիվ, որոնք փայլուն տիրապետում էին մայրենի լեզվին և իրենց գիտական և աստվածաբանական կրթությունը շարունակել էին հունարեն և այլ լեզուներով անտիկ գիտության և մշակույթի հայտնի կենտրոններում՝ Աթենքում, Ալեքսանդրիայում և այլուր [24, с. 142-143]։
Հունարենից հայերեն թարգմանվեցին Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստը», Փիլոն Ալեքսանդրացու 14 աշխատությունները, Կեղծ-Կալիսթենեսի «Պատմութիւն վարուց Աղեքսանդրի»-ն, Իրենեոսի «Ցոյցք առաքելական քարոզութեան»-ը և «Ընդդեմ հերձուածոց»-ը, Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց»-ը, Տիմոթեոս Էլուրոսի «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի»-ն, Պորփյուրի «Ներածութիւն»-ը, Արիստոտելի «Ստորոգութիւնք»-ը («Կատեգորիաներ») և «Յաղագս մեկնութեան» և այլ աշխատություններ [24, с. 186-188]։ Հենց միայն թարգմանական գրականության ցանկը վկայում է անտիկ ժառանգության հանդեպ հայ փիլիսոփայական և պատմագիտական մտքի լայն ճանաչողական հետաքրքրության մասին, ինչը հիմք է տվել, որպեսզի հայ թարգմանիչներին համարեն հունաբան դպրոցի ներկայացուցիչներ [25]8:
Թարգմանական գործունեության ընթացքում տեղի էր ունենում որոշակի եզրերի [24, с. 140] և տեքստերի ստեղծագործական իմաստավորում և կիրառում հայերենի բառապաշարի հիման վրա: Հայերեն թարգմանությունների շնորհիվ են պահպանվել Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակականքը», Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը», Փիլոն Ալեքսանդրացու 7 աշխատությունները, Հերմես Եռամեծի «Սահմանք»-ը, Մեթոդիոս Ողիմպիացու «Ազատ կամքի մասին»-ը, Եպիփան Կիպրացու «Ընդդեմ հերձվածոց»-ը և այլն, որոնց հին հունարեն բնագրերը ժամանակի ընթացքում կորսվել են:
V դարում թարգմանական գրականության հետ մեկտեղ զարգանում էր ինքնուրույն գրականությունը՝ պատմագրությունը և փիլիսոփայությունը, որոնք ներկայացված են Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու և իրենց ժամանակակից մյուս հեղինակների աշխատություններով: «Ոսկե դարի» հայ մտածողների և գիտնականների համաստեղության ստեղծագործական ժառանգությունը կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև հարևան երկրների և ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար:
Սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքի և հայերի մկրտության մասին է պատմում Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն» գրքում: Կորյունը «Վարք Մաշտոցի» երկում մանրամասն նկարագրել է իր ուսուցչի` սբ. Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը: Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» երկում ներկայացրել է Մեծ Հայքի թագավորության` IV դարի առաջին տասնամյակներից մինչև Հայաստանի պարսկա-հռոմեական բաժանումը (նույն դարի 80-ական թթ. կեսեր) ընկած ժամանակաշրջանի պատմությունը:
Հայ պատմագրության պսակն է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը, որը բաղկացած է երեք մասից և պարունակում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Vդ. 40-ական թթ. սկիզբը: Մովսես Խորենացին իր գիրքը գրել է Հայոց պետականության բուն էթնիկ արմատների, հայ ժողովրդի ազատասեր ոգու խոր իմացությամբ` արտացոլելով նրա հավատարմությունը ազգային և քրիստոնեական հոգևոր արժեքներին:
Եղիշեն հեղինակն է մի քանի աշխատությունների, որոնցից առավել հայտնին «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմի»-ն է (450-451թթ.): Ղազար Փարպեցին իր «Հայոց պատմություն» աշխատությունը նույնպես նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պատերազմին` Վարդան Մամիկոնյանի, իսկ հետո` Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ (481-484թթ.):
Հենվելով հայկական սկզբնաղբյուրների վրա` Սերգեյ Գլինկան օտար նվաճողների գաղափարախոսությանը հակադրում է հայերի` Հայրենիքի պաշտպանության բարոյական հիմքերը, քանզի «ըստ իրենց բարոյական հատկանիշների բուն ոգու... Հայրենիքի պաշտպանությունը, հարազատ անկախության պաշտպանությունը, արտաքին բռնության ոտնձգություններին դիմակայելը. ահա նրանց սպառազինումների գլխավոր նպատակը» [16, с. VII]:
IV դարում մեծ հեղինակություն էր վայելում հայ մտածող, ճարտասան և մանկավարժ Պարույր Հայկազնը (276-367թթ.) [26, p. 480; 24, с. 25]:
Փիլիսոփա և աստվածաբան՝ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբա-նության ջատագով Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» երկում, պաշտպանելով քրիստոնեական հավատքը, մանրամասն դիտարկում է անտիկ հեղինակների փիլիսոփայական հայացքները, ինչպես նաև քննադատական վերլուծության ենթարկում զրադաշտական կրոնը (որը Սասանյանները վերածել էին իրենց նվաճողական քաղաքականության գաղափարախոսական սպասարկուի) և տարբեր աղանդները:
Դավիթ Անհաղթը V դարի հայ փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչն է: Նրա աշխատություններից ամենահայտնին «Սահմանք իմաստասիրութեանն» է: Բնութագրելով իմաստասիրության սահմանումները` Դավիթ Անհաղթն անդրադարձել է նաև գիտությունների դասակարգմանը` բնափիլիսոփայություն, մաթեմատիկա, աստվածաբանություն: Բնության ճանաչման լավագույն միջոցն Անհաղթը համարել է փիլիսոփայությունը, քանի որ նրա գլխավոր խնդիրն այն ճանապարհների բացահայտումն է, որոնց հետևելով հնարավոր է մերժել չարը և ընտրելով բարին` հասնել հոգևոր կատարելության` առաքինության: Դարեր շարունակ Դավիթ Անհաղթի փիլիսոփայական հայացքները հիմնարար նշանակություն են ունեցել հայ փիլիսոփայական մտքի զարգացման գործում:
«Ոսկե դարի» նվաճումների հիման վրա Մեծ Հայքում՝ Հայոց Բագրատունյաց թագավորության (885-1045թթ.) և հաջորդ ժամանակներում, և Կիլիկիայի Հայկական պետությունում (1080-1198թթ.` իշխանություն, 1198թ. հունվարի 6-ից մինչև 1375թ.` թագավորություն) հայկական մշակույթն ու կրթությունը հասան նոր բարձունքների:
Գլաձորի համալսարանում (1280-1340թթ.), որը ժամանակակիցներն անվանում էին «Մայր իմաստության», «Տուն իմաստության», «Երկրորդ Աթենք», և Տաթևի համալսարանում (1390-1435թթ.), շարունակելով նախորդ դարաշրջանների ավանդույթները, դասավանդում էին եռյակ (քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն) և քառյակ (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն)` «յոթ ազատ արվեստներ» կազմող առարկաների հիման վրա, որոնց համակարգմանը, իր ժամանակին, մեծապես նպաստել էին Դավիթ Անհաղթի աշխատությունները [24, с. 295]:
Հայ միջնադարյան մշակույթը, ի մի բերելով նախորդ դարաշրջանների նվաճումները, նոր արժեքներ ներդրեց ազգային և համաշխարհային մշակույթի գանձարանում: Ըստ Վալերի Բրյուսովի բնորոշման. «Հայաստանը Եվրոպայի և Ասիայի ավանգարդն է». վաղուց առաջարկված այս բանաձևը ճիշտ է բնորոշում հայ ժողովրդի տեղը մեր աշխարհում։ «Հայ ժողովրդի պատմական առաքելությունը` թելադրված նրա զարգացման ողջ ընթացքով, Արևելքի և Արևմուտքի սինթեզը որոնելն ու գտնելն է: Եվ այս ձգտումն էլ ավելի ամբողջական արտահայտվել է Հայաստանի գեղարվեստական ստեղծագործության, նրա գրականության և պոեզիայի մեջ» [23, с. 27]:
Աշխարհաքաղաքական գործընթացների արդի փուլում, պատմական ճշմարտությունը միջքաղաքակրթական երկխոսության անկյունաքարը համարելով, Վլադիմիր Յակունինը գրում է. «Մարդկային հասարակությունները մշտական շարժման մեջ գտնվող, մշտապես զարգացող ինքնություններ են: Նրանց էվոլյուցիայի փիլիսոփայությունը որոշվում է պատմական պայմաններով, որոնցում դրանք ձևավորվել են: Տարբեր ժամանակաշրջաններում այդ գործընթացը ձեռք է բերում տարբերակվող ասպեկտներ, այն միշտ ուղիղ է, ավելին՝ կանխատեսելի... Խելամիտ կլիներ սահմանված նպատակներին մոտենալ և հետևողական ապրոքսիմացիայի գործընթացում միջոցներ ընտրել` հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանն ու չխախտելով ունիվերսալի և առանձնահատուկի միասնությունը ժողովուրդների և ռասաների մերձեցմանն ուղղված միջքաղաքակրթական երկխոսության դերի և տեղի մասին բանավեճերի գործընթացում» [11, p. 141]:
Քաղաքակրթությունների երկխոսության հայեցակարգում հիմնարար գաղափարը համաշխարհային անվտանգության ճգնաժամի կանխման սկզբունքն է [27]: Դրանով իսկ անկախ ժողովուրդների և պետությունների համագործակցությունը մշակույթների երկխոսության [28] միջոցով դիտարկվում է որպես կարևոր սկզբունք քաղաքակրթությունների միջև երկխոսությունում:
Գոյաբանական սկզբունքի տեսանկյունից, ելնելով քաղաքակրթությունների երկխոսության գաղափարի կարևորությունից` Վ.Սեգեսվարին գրում է. «Միջքաղաքակրթական երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխըմբռնման վրա», որը «պահանջում է հավատարիմ լինել սեփական քաղաքակթական արժեքներին և աշխարհայացքին` գնահատելու համար մյուսներից ունեցած տարբերությունները: Մենք չենք կարող հասկանալ գոյաբանության հիմնարար կարգը և իրերի էական կարգը տիեզերքում՝ առանց դրանցում մեր տեղի» [29, p. 8-9]:
Մարդկության քաղաքակրթական ապագայի փիլիսոփայական իմաստավորումը հենվում է քաղաքակրթությունների երկխոսության ուղիների բացահայտման և խորացման վրա` հիմք ընդունելով առանձին վերցրած յուրաքանչյուր ժողովրդի և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության պատմական փորձը [30, p. 7-17]: Անհրաժեշտ է գիտակցել և միջազգային մակարդակով իրականացնել յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության (ճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր, ձեռագրեր և այլն) պաշտպանությունը, հատկապես` հայ ժողովրդի, իր հայրենիքի տարածքում՝ ներառյալ նրա պատմական մասերը: Դա կարող է համաշխարհային քաղաքակրթության անվտանգության երաշխիք լինել քաղաքակրթությունների երկխոսության միջոցով:
Գիրը միջքաղաքակրթական շփման կարևոր օղակ է պատմամշակութային ժառանգության համակարգում: Ինքնուրույն և թարգմանական գրականությամբ ներկայացված հայ դպրությունը, լեզվական, հոգևոր-մշակութային, էթնո-ժողովրդագրական և սոցիալ-քաղաքական առանձնահատկություններով բնութագրվող պատմական իրողությունների համատեքստում՝ քաղաքակրթական-միջմշակութային կապերի զարգացման հարուստ ավանդույթներ ունի, որոնք նպաստում են քաղաքակրթությունների երկխոսությանը։
1 նթադրվում է, որ ընդհանուր հնդեվրոպական լեզվի բարբառների բաժանման սկիզբը մ.թ.ա. V-IV հազարամյակն է (Т.В. Гамкрелидзе, Вяч.Вс. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы, Тбилиси, 1984, т. I, с. XLVIII, т. II, с.865, 898, 912-913, Գ.Բ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. Նախագրային շրջան, Երևան, 1987, էջ 31-32):
2 Այդ մասին են վկայում ժայռապատկերներում, դամբարանների պատերին և պաշտամունքային խեցեղենի վրա եղած պատկերագրերը (մ.թ.ա. V- IV հազարամյակներ) (Հ.Ա.Մարտիրոսյան, Կրոնական հավատալիքների և արվեստի ծագումը, տե՛ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ 262) և հիերոգլիֆները (Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 115, Мовсес Хоренаци, История Армении, перев. с древнеарм. яз., введение и примеч. Г.Саркисяна, Ереван, 1990, с. 237, прим. 261, A.Movsisyan, The Writing Culture of Pre-Christian Armenia, Yerevan, 2006, p. 55-148), Վանի թագավորության դարաշրջանի (մ.թ.ա. IX-VIIդդ.) սեպագիր աղբյուրներում պահպանված բառապաշարն ու քերականական ձևերը (Գ.Բ. Ջահուկյան, Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերի հայկական բնույթի հնարավորության մասին – ՊԲՀ, N 1, էջ 124-129), ինչպես նաև մեհենական դպրությունը (Մովսէս Խորենացի, էջ 176):
3Կիլիկիայից արևմուտք:
4Photius. Bibliothque, t. V, 1967, p. 172, 324b 4-11. Հայաստանում Արշակ II-ից (350–368թթ.) դարեր առաջ գահակալած Արշակ անունով թագավորի հիշատակել են Տակիտոսը (55-120թթ.) իր «Տարեգրքեր» երկում [(Արտաշատում Հայոց թագավոր Զենոն-Արտաշես III-ից (18-34թթ.) հետո գահակալեց Արշակը (34-35թթ.)` պարթևական թագավոր Արտավան III-ի (12-38թթ.) որդին (P.Cornelii Tacit libri qui supersunt, t. I, Lipsiae, 1962, VI, 31-33)] և Մովսես Խորենացին իր «Պատմութիւն Հայոց» գրքում [Արշակ Առաջին, պարթևական արքա Արշակ Մեծի եղբոր` Հայաստանում գահակալած Վաղարշակի որդին (Մովսէս Խորենացի, էջ 118-119):
Նիւսա (Նյուսա կամ Նիսա) են կոչվել оլիմպիական աստվածներից ամենից երիտասարդին` Դիոնիսոսին (J.E. Zimmerman. Dictionary of Classical Mythology, New York-London, 1980, p. 88) նվիրված մի քանի լեռներ (H.G.Liddell and R.Scott. Greek-English Lexicon, Oxford, 1966. p.1185), ինչպես նաև քաղաքներ (Photius. Bibliothque, նույն տեղում, տես նաև`Է.Լ.Դանիելյան, Իսիդոր Քարակացու Պարթևական կայանները, - «Պատմա-բանասիրական հանդես», 1971 N4, էջ 174, 180):
5Հ.Մարկվարտը կարծիք է հայտնել, թե սբ. Գրիգոր Լուսավորիչը պատանեկան հասակից ծանոթ է եղել թե՛ հայերենին և թե՛ հունարենին [(Jos. Marquart. “Über den Ursprung des armenischen Alphabets in Verbindung mit der Biographie des Heilige Maštoc”, տե՛ս Հ.Մարկվարտ, Հայոց այբուբենի ծագումը և Ս.Մաշտոցի կենսագրությունը – տե՛ս Մեսրոպ Մաշտոց: Հոդվածների ժողովածու, Երևան, էջ 120)։
6Մ.թ. I դարի առաջին կեսին սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների վարդապետությամբ հիմնադրվում է Հայ Առաքելական եկեղեցին, ըստ Մովսես Խորենացու՝ Հայոց թագավոր Աբգարի օրոք։ Եվսեբիոս Կեսարացին (Eusebius. The History of the Church, London, 1989, p. 31, 32) և Մովսես Խորենացին պահպանել են «Թուղթ Աբգարու առ Փրկչին» և «Պատասխանի թղթոյն Աբգարու, զոր գրեաց Թովմաս առաքեալ հրամանաւ Փրկչին» (Մովսէս Խորենացի, էջ 149-150)։
7Սբ. Մաշտոցը նշանագրեր ստեղծեց նաև վրացերեն և Կուրի ձախափնյա Աղուանքի ցեղերից` գարգարացվոց լեզուների համար [19, էջ 328, 329; 20, էջ 110, 112, 116]։
8Հայ ժողովուրդը, ի հիշատակ թարգմանիչների գործունեության, ամեն տարի (հոկտեմբերին) նշում է ազգային-եկեղեցական սիրված տոներից մեկը` Սրբոց Թարգմանչաց տոնը:
Աղբյուրներ և գրականություն
- The Mainstream of Civilization. Sixth edition, New York, 1990.
- Ferguson A., An Essay in the History of Civil Society. Edinburgh, 1767; И.Н.Ионов, В.М. Хачатурян, Теория цивилизаций от античности до конца XIX века, СПб, 2002, с. 369, http://abuss.narod.ru/Biblio/ionov_civ.htm
- Danielyan E.L., Civilization’s Theory in Geopolitical Conceptions. – “XXI century”, N 1, 2009.
- Spengler Oswald, The Decline of the West. Form and Actuality, vol. 1, 1945, New York.
- Durant Will, The Study of Civilization. Part I, Our Oriental Heritage. New York, 1954.
- Toynbee Arnold, A Study of History, vol. II, Oxford University Press, London, New York, Toronto, 1955, p. 1 and vol. IV, p. 57.
- Клягин Н.В., Происхождение цивилизации (социально-философский аспект) М., 1996.
- Danielyan E.L., Cultural Basis of the Dialogue of Civilizations. – Scientific magazine «Logos», Tbilisi, 2008.
- Samuel P.Huntington, The Clash of Civilizations, Foreign Affairs. Summer 1993, v 72, n 3, from the Academic Index (database on UTCAT system), Council on Foreign Relations Inc. 1993, p. 1-3.
- Иконникова С.Н., История культурологии: идеи и судьбы.- СПб., 1996, http://www.countries.ru/library/uvod/ks.htm.
- Jagdish Chandra Kapur, Dialogue of Civilizations: a Philosophy for a Humane Order. – Dialogue of Civilizations in the Contemporary Epoch, authors Vladimir I.Yakunin, Jagdish Chandra Kapur, Nicholas Papanicolaou, Englewood, NJ, 2008.
- Jagdish Kapur, Our Future Eternal or Temporal. – World Public Forum “Dialogue of Civilizations”, Bulletin, 2009.
- Calmet (Rev. Pére Dom Augustin) in Dictionnaire de la Bible-Paris: Aux Ateliers Catholiques du Pont Montrouge, 1846, տես` Léonian R., “Les Arméniens de France sont-ils assimilés?”, Issy-les-Moulineaux, 1986.
- Lord Byron’s Armenian Exercises and Poetry. Venice: in the Island of St. Lazzaro, 1870.
- Даниелян Э.Л., Философское осмысление истории Армении в сочинении Сергея Глинки. – « 21-й век», N3, 2009.
- Глинка С.Н., Обозрение истории армянского народа, М., 1832, ч. II.
- David M. Lang, Armenia Cradle of Civilization. London, 1970.
- Hippolitus, Werke, IV, Bd. Die Chronik, Leipzig, 1929.
- Մովսիսի Խորենացւոյ, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991:
- Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 2005։
- Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց: Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Երևան, 1982:
- Եղիշէ, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Երևան, 1989:
- Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред. В.Брюсова, Ереван, 1973.
- Аревшатян С., Формирование философской науки в древней Армении (V-VI вв.), Ереван, 1973.
- Մանանդյան Հ., Հունաբան դպրոցը և նրա զարգացման փուլերը, Վիեննա, 1928:
- Philostratus and Eunapious, The Lives of the Sophists, Cambridge, 1961.
- Intercultural Dialogue and Conflict Prevention Project, Expert Colloquy, Dialogue serving intercultural and interreligious communication, Strasbourg, 7 to 9 October 2002, Council of Europe, Role of Religion in the 21st Century. Prevention of Crisis among Civilizations, Contribution by Prof. Masanori Naito, Directorate General IV: Education, Culture and Cultural Heritage, Youth and Sports, Directorate of Culture and Cultural and Natural Heritage, Cultural Policy and Action Department, DGIV/CULT/PREV-ICIR (2002) 4E, 3.
- Lyndon H. La Rouche, Jr. Earth's Next Fifty Years. Executive Intelligence Review. The Dialogue of Eurasian Civilizations, December 19, 2004 http://www.larouchepub.com/lar/2005/3201_next_50_years.html.
- Segesvary V., Inter-civilizational relations and the destiny of the West : dialogue or confrontation? Lewiston, N.Y. 1998.
- Danielyan E., The Fundamental Questions of Armenian History in the Light of Tendencies of Modern Democracy - Armenian Philosophical Academy, “Armenian Mind”, Vol. V, No. 1-2, 2000.
Հունվար, 2010թ.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]