• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2010

ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

Руский

   

Ալեքսանդր Կոնդրատև

«ЗАРУБЕЖНОЕ ВОЕННОЕ ОБОЗРЕНИЕ», տեղեկատվական-վերլուծական ամսագիր, N 12 (753), 2009թ. (արտատպվում է ամսագրի խմբագրության սիրահոժար թույլտվությամբ):

Ա. Կոնդրատև՝ փոխգնդապետ, ռազմագիտության թեկնածու, Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր։

«Հետախուզական տեղեկատվության հավաքումը կարևոր խնդիր է մնում, բայց բարդ բազմաբևեռ աշխարհի, տրամադրվող տվյալների միաժամանակյա հատվածայնության, ինչպես նաև հնարավոր ապատեղեկատվության պայմաններում տեղեկատվական փոխանակության մակարդակի բարձրացման դարաշրջանում գերազանցությունն անցնում է նրա կողմը, ով կարողանում է արագ մշակել, վերլուծել հավաքված տեղեկությունները և դրանց հիման վրա պատրաստել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են որոշման ընդունումն ապահովելու համար»։
«Հետախուզական հանրության տեղեկատվական-վերլուծական
գործունեության փոխակերպումը և օպտիմալացումը»
Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմ,
1 սեպտեմբերի 2008թ.

Ամերիկյան հետախուզական հանրության գոյության 62 տարիների ընթացքում վերելքներ ու վայրէջքներ են եղել, տարբեր վերակազմակերպումներ անցկացվել, ճշտվել և վերաբաշխվել են այդ հանրության անդամների խնդիրները։ Բայց, չնայած դրան, երկար ժամանակ չէր հաջողվում հասնել մասնատված գերատեսչությունների իրական ինտեգրման։

Հենց այս հանգամանքն էլ, ամերիկյան մի շարք վերլուծաբանների կարծիքով, շատ սխալների պատճառ դարձավ, որոնք հանգեցրին աղետալի հետևանքների։ Դրանք և՛ Իրաքում զանգվածային զենքի առկայության և հնարավորությունների որոշման հարցում թույլ տրված սխալներն են, և՛ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, և՛ նույնիսկ Կատրինա փոթորկի հետևանքները 2005թ., որոնք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը մեկնաբանել է այսպես. «Կատրինա փոթորկի հետևանքները վառ օրինակն են այն բանի, թե ինչպես է մեր հետախուզական հանրության բյուրոկրատական մեքենան ադապտացվում նոր մարտահրավերներին և սպառնալիքներին։ Նոր Օռլեանից հեռարձակվող վշտի, մահվան, հասցված վնասի տեսարանները մեզ ցույց տվեցին, որ հետախուզական հանրությունը չի կարող ժամանակին և արդյունավետորեն արձագանքել «չպլանավորված» իրադարձություններին և արտակարգ պատահարներին։ Անգամ սարսափելի է պատկերացնել, որ մեր հետախուզությունն ի վիճակի չէ ոչ ադապտացվել երկրի անվտանգության նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին, ոչ արագ արձագանքել դրանց»։

Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Քուրթ Վելդոնը, որը զբաղեցնում է զինված ուժերի գործերով կոմիտեի և ներքին անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնները, մատնանշում էր այն, որ հետախուզական հանրության անդամների գործունեությունը շատ հաճախ շփման կետեր է գտնում (օրինակ, թմրադիլերների մասին տեղեկատվությունը կարող է պետք գալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում), բայց, չնայած դրան, տարբեր գերատեսչությունների մասնագետ-վերլուծաբանների մի ստվար հատված չի կարող կամ պարզապես չի ուզում փոխգործակցել միմյանց հետ և «կիսել տեղեկատվությունը»։ «Ծիծաղելիության աստիճանի է հասնում, երբ յուրաքանչյուր գերատեսչության անվտանգության ծառայություններն օգտագործում են այսպես կոչված հաղորդակցային միջցանցային էկրանները՝ «բրանդմաուերները» (Firewall) ոչ թե ցանցում իրենց ռեսուրսների անվտանգությունն ապահովելու համար, այլ որպեսզի սահմանափակեն նման տեղեկատվության մատչելիությունը հետախուզական հանրության մյուս անդամների համար»,- նշում էր Վելդոնը։

Փոխգործակցության կազմակերպումը

Ներկայումս ամերիկյան հետախուզական հանրությունում շարունակվող փոփոխությունները սկսվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո։ Այդ ժամանակ կազմավորվեց նոր կառույց՝ ներքին անվտանգության նախարարություն (ՆԱՆ), որի վրա դրվեցին պետության ներքին անվտանգության ապահովման և ոլորտում հետախուզական հանրության բոլոր անդամների կոորդինացման գործառույթները։ Բարեփոխումների հաջորդ փուլը կարելի է համարել 2004 թվականը, երբ նախագահը ստորագրեց օրենք «Հետախուզության բարեփոխման մասին» (Intelligence Reform Act)։ Օրենքի գլխավոր առանձնահատկությունները դարձան ԿՀՎ տնօրենի կարգավիճակի իջեցումը, նոր՝ ազգային հետախուզության տնօրենի (ԱՀՏ, կենտրոնական հետախուզության տնօրենի նախորդ պաշտոնը համատեղվում էր ԿՀՎ տնօրենի պաշտոնի հետ) պաշտոն մտցնելը՝ ավելի լայն լիազորություններով և նրա աշխատակազմի ձևավորումը։

ԱՀ առաջին տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն նշում էր, որ հետախուզական հանրության արդյունավետ գործունեությունը նախևառաջ նշանակում է միավորել օտարերկրյա, ռազմական և ներքին հետախուզության ջանքերը՝ ի շահ պետության ներքին անվտանգության ապահովման և արտասահմանում նրա շահերի պաշտպանության։

Հենց դրա համար էլ ԱՀՏ աշխատակազմի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ այսպես կոչված միասնական տեղեկատվական տարածքի (Information Sharing Environment – ISE) ձևավորումն ամբողջ հետախուզական հանրության շրջանակներում, ինչի համար այս կառույցում նույնիսկ հատուկ պաշտոն է մտցվել՝ նախագծի ղեկավար։ Ստեղծվեցին մի շարք նոր կենտրոններ, այդ թվում ազգային հակաահաբեկչական կենտրոնը և հետախուզության կենտրոնը, որոնք զբաղվում են տեղեկատվության բաց աղբյուրների վերլուծությամբ, ինչպես նաև փաստաթղթեր են կազմվել, որոնք որոշում են հետախուզական հանրության անդամների փոխգործակցության և աշխատանքի կազմակերպման կարգը (գործիքանին) ահաբեկչության դեմ պայքարում և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու գործում վերլուծական գործունեություն ապահովելու գծով։

2005թ. հոկտեմբերին ԱՀՏ աշխատակազմն առաջին անգամ հրապարակեց «Ազգային հետախուզական ռազմավարությունը» (National Intelligence Strategy - NIS): Փաստաթղթում ձևակերպված էին հետախուզական հանրության հինգ հիմնական խնդիրները, որոնց թվում էր ազգային անվտանգության սպառնալիքների բացահայտման և վերլուծության նոր միջոցների որոնումը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը որոշումների ընդունման համար անհրաժեշտ հավաստի և ճիշտ ժամանակին տվյալներով ապահովելը:

Բայց չնայած այն բանին, որ միասնական տեղեկատվական դաշտի, թվային նոր տվյալների շտեմարանների ձևավորման և տեղեկատվական-վերլուծական ծառայությունների մասնագետների պատրաստման կենտրոնացված համակարգի ստեղծման պլանների մշակման անհրաժեշտության մասին որոշումների ընդունման ուղղությամբ առաջին քայլերը նախաձեռնել էր Նեգրոպոնտեն, իրական արդյունքների հասնել, սակայն, կարողացավ նրա հաջորդը` Մայք Մակքոնելը:

Տեղեկատվության փոխանակման մակարդակի բարձրացումը դարձավ այն հիմնական խնդիրը, որն առաջադրեց Կոնգրեսը 2004թ.` ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը մտցնելով: Նման վերափոխումը երկար ու դժվարին ճանապարհ էր անցել: Բայց ի տարբերություն իր նախորդի` Ջոն Նեգրոպոնտեի, Մակքոնելը, երկու տարուց էլ քիչ ժամանակ աշխատելով ԱՀՏ պաշտոնում, կարողացավ հաղթահարել տեխնոլոգիական, կազմակերպչական, և որ ամենագլխավորն է` բյուրոկրատական բոլոր խոչընդոտները և 16 առանձին գերատեսչություններից կազմավորել իսկապես մեկ միասնական հանրություն:

Փոխգործակցության կազմակերպման տեխնիկական խնդիրների լուծմանը մասնակցում էին վեց խոշոր հետախուզական գերատեսչությունների մասնագետներ: Եվ արդեն 2008թ. ամռանը գտնված էին կազմակերպական և տեխնոլոգիական լուծումներ, ներառյալ տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունը տարբեր մակարդակներում: Սեպտեմբերին արդեն բոլոր 16 գերատեսչություններից ստացվել էր համաձայնություն մեկ միասնական որոնողական և փոստային համակարգի անցնելու մասին, որի ներդրումը հանձնարարվել էր Ազգային անվտանգության վարչության (ԱԱՎ) ղեկավարին:

Առաջին փուլում նախատեսվում էր համակարգին միացնել հետախուզության վեց գերատեսչություններ, այդ թվում ՀԴԲ-ն, ԿՀՎ-ն և ԱԱՎ-ն, մնացած 10-ը պետք է միացվեին մինչև 2008թ. վերջը, իսկ պաշտպանության նախարարության հրամանատարությունն ու վարչությունները` 2010թ.:

Նման համակարգի գործարկումն ընդամենը մի քանի տարի առաջ դեռ անհնար էր, երբ միջգերատեսչական թեժ պայքար էր ընթանում, և յուրաքանչյուր ծառայություն իրականացնում էր տեղեկատվական իր ծրագրերի մշակումն ու ներդրումը: Միևնույն ժամանակ, հետախուզական հանրության բոլոր գերատեսչությունների միավորումը միասնական որոնողական և փոստային ծառայության մեջ ինքնանպատակ չէր: Գլխավորը, ըստ Մակքոնելի, տեղեկատվական-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումն էր, ինչն ուղղակիորեն կախված էր տեղեկատվական փոխանակման մակարդակից:

Մինչև վերջերս տեղեկատվական-վերլուծական ստորաբաժանումների աշխատակիցների համար մատչելի էր տեղեկատվական բոլոր փաստաթղթերի ընդամենը 5%-ը, որոնք պահվում էին ԱՄՆ հատուկ ծառայությունների տարբեր շտեմարաններում: Եվ եթե նրանք նույնիսկ գտնում էլ էին նման փաստաթուղթ, ապա միշտ չէ, որ դրանից օգտվելու հնարավորություն էին ունենում առանց դրա համար հատուկ թույլտվության, որը տրվում էր հենց այդ վարչությունում: «Նոր համակարգը հնարավորություն կտա աշխատել առկա փաստաթղթերի արդեն 95%-ի հետ»,- նշել է Մակքոնելը:

Տեղեկատվական-վերլուծական գործունեության վերափոխման անհրաժեշտությունն առաջ է եկել մի շարք այնպիսի գործոններով պայմանավորված, ինչպիսիք են` որակյալ կադրերի պատրաստման դժվարությունները, տեղեկատվական հոսքի մակարդակի ավելացումը, որոշումների ընդունման ժամանակի կրճատումը, հետախուզական խնդիրների համալիրության բարձրացումը, տեղեկատվության մշակման և վերլուծության նոր մեթոդների և ավտոմատացված գործիքանու ստեղծումը, հետախուզական տվյալների նոր սպառողների ի հայտ գալը, ինչպես նաև հենց վերլուծական աշխատանքի նշանակալիության բարձրացումը:

Տեղեկատվական-վերլուծական գործունեություն

Նման գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակներում ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմն անցկացրել է մի շարք միջոցառումներ.

  1. ԿՀՎ-ի հետ փոխգործակցությամբ մշակվել է հետախուզական հանրության տվյալների հատուկ շտեմարան, որն ստացել է «Ազգային հետախուզության գրադարան» (Library of National Intelligence) անվանումը: Դրա առանձնահատկություններից մեկն է հատուկ էլեկտրոնային կատալոգի առկայությունը, որտեղ կարճ ներկայացվում են այնտեղ պահպանվող բոլոր փաստաթղթերը: Տվյալների այդ շտեմարանը հասանելի կլինի շահագրգիռ բոլոր գերատեսչություններին: Նախատեսվում է, որ գրադարանի ստեղծումից հետո այն կդառնա տեղեկատվության հիմնական աղբյուրը վերլուծաբանների, հայթայթող մարմինների, զինված ուժերի և կառավարության ղեկավարության համար, ինչպես նաև թույլ կտա վերահսկել փոխգործակցության ու տեղեկատվությունը շահագրգիռ սպառողներին փոխանցելու մակարդակը:
    2008թ. սեպտեմբերին տվյալների շտեմարանը, որն արդեն 750.000 փաստաթուղթ էր պարունակում, հասանելի դարձավ հետախուզական հանրության 16 գերատեսչություններից 7-ի համար, իսկ 2009թ. սկզբին ԱՀՏ աշխատակազմը նախատեսում էր այդ հասանելիությունն ապահովել նաև մնացած կազմակերպությունների համար:
  2. ՊՆ ՀՎ փոխգործակցությամբ ստեղծվեց միասնական տեղեկատվական դաշտ, որն ստացավ A-Space անվանումը: Վերլուծական այս կառույցների շնորհիվ պետք է ապահովվեր առկա բոլոր տվյալների` տեքստային, գծանկարային կամ տեսատեղեկատվական, հասանելիությունը: Դաշտը գործառելու է որպես հետախուզական տեղեկատվության փոխանցման JWICS գլոբալ համակարգի հատուկ հավելված, և ցանկացած վերլուծաբան, որը միացած է համակարգին, հնարավորություն կստանա ինչպես «ձեռքով», այնպես էլ ավտոմատ որոնել և աշխատել տեղեկատվական նյութի հետ:
    Անցած տարեսկզբին սկսվեց վերլուծական դաշտի փորձնական գործարկումը, ինչի արդյունքում արվեց դրա կատարելագործմանն ուղղված ավելի քան 400 դիտողություն և առաջարկություն: 2008թ. սեպտեմբերի վերջին ԱՀՏ աշխատակազմի պլաններում նախատեսվում էր դաշտում ընդգրկել վերլուծաբանների ավելի քան 9000 աշխատատեղ:
  3. Ստեղծվեց տեղեկատվական Intellipedia հատուկ ռեսուրս, որը համաշխարհային Wikipedia էլեկտրոնային գրադարանի փակ տեսակն է և մշակված է երեք տարբերակով.
    • Հույժ գաղտնի Intellipedia-TS վարկած, հասանելի է հետախուզական տեղեկատվության փոխանցման JWICS գլոբալ համակարգի միջոցով: Այս գրադարանը հետախուզական հանրության աշխատակիցների կողմից ակտիվորեն կիրառվում էր Պեկինի օլիմպիադայի ժամանակ, իսկ ամենից շատ այցելուներ (1.297.000) ունեցել էր ԱՄՆ ԶՈւ Խաղաղ օվկիանոսի գոտու միավորված հրամանատարության միավորված հետախուզական կենտրոնի պորտալը:
    • Intellipedia-S գաղտնի վարկած, որը հասանելի է տեղեկությունների SIPRNET փակ փոխանցման համակարգի միջոցով:
    • Intellipedia-S ոչ գաղտնի վարկած (ծառայողական օգտագործման համար), որը 2008թ. հունիսից օգտագործվում է տեղեկատվության բաժանման և տարածման համար ՆԱՆ ներսում:
  4. Intellipedia գրադարանի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն A-Space վերլուծական դաշտի ստեղծման ծրագրի` այն հասանելի է ոչ միայն հետախուզական հանրության աշխատակիցներին, այլ նաև նրանց, ովքեր աշխատանքի համապատասխան իրավունք ունեն: Ներկայումս գրադարանի կայքում, որը 39 հազար ինտերնետ-էջ ունի, գրանցված է ավելի քան 40 հազար օգտվող:
  5. Մշակվել է ազգային հետախուզության գերակայությունների կանոնավորապես թարմացվող մատրիցա (National Intelligence Priorities Framework), որը հատուկ գործիքանի է հետախուզական տեղեկատվության հանդեպ պահանջմունքները որոշելու և ճշգրտելու համար` հաշվի առնելով հայթայթող և վերլուծական ստորաբաժանումների խնդիրները: Մատրիցան գործում է Իսրայելի ռազմական հետախուզության Shofar վերլուծական գործիքանու նման, որի օգնությամբ ապահովվում է տեղեկատվության հավաքման և վերլուծության մարմինների փոխգործակցությունը սպառողների հետ, և վերջին հաշվով իրականացվում է հետախուզական գործունեության կառավարումը:
  6. Իրականացվում է Rapid Analytic Support and Expeditionary Response (RASER) ծրագիրը, որը նախատեսում է հատուկ վերլուծական խմբերի կազմավորում հետախուզական հանրության գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք հատուկ վերլուծաբանական պատրաստություն և ազգային անվտանգության համար ծագող սպառնալիքների և մարտահրավերների վերլուծման խնդիրների կատարման փորձ են ունեցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
    RASER ծրագիրն, ըստ էության, հետախուզական հանրության շրջանակներում միջգերատեսչական բազմաֆունկցիոնալ վերլուծաբանական խմբերի կազմավորման մոդելներից մեկն է` նախատեսված անհետաձգելի խնդիրների իրականացման համար: Այսօրինակ խմբերն ի վիճակի կլինեն արագ լուծել առավել բարդ խնդիրներ և ապահովել ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների կայացման պատրաստումը աշխարհի ցանկացած տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներ ստեղծվելիս:
    Այս ծրագրի իրականացման շրջանակներում իրականացվում է նորարարական վերլուծական գործիքանու փորձնական կիրառություն, ինչպես նաև կազմակերպվել են մասնագետ-վերլուծաբանների պատրաստման հատուկ դասընթացներ: Ընդ որում, ինտենսիվ այս դասընթացն անցնելուց հետո մասնագետները ծառայությունը շարունակում են իրենց գերատեսչություններում:
    Փաստորեն, RASER ծրագիրը ԱՄՆ անվտանգության համար ծագած սպառնալիքների և մարտահրավերների արձագանքման տեղեկատվական-վերլուծական ապահովման, ինչպես նաև մասնագետ-վերլուծաբանների արագացված պատրաստման փորձ է: Այս առնչությամբ բազմամյա ուսուցումը կարող է հանգեցվել մեկամյա դասընթացի:
    Այս ծրագրով ուսուցում անցած վերլուծաբանական խմբերն արդեն լուծում են Հարավարևելյան Ասիային և Լատինական Ամերիկային վերաբերող խնդիրներ, իսկ առաջիկայում նման խմբեր կարող են պատրաստվել նաև Աֆրիկյան տարածաշրջանի համար: 2008թ. մայիսին ավարտվեցին 2007թ. հավաքված երկրորդ հոսքի դասընթացները: Նոյեմբերի վերջին պետք է սկսվեր երրորդ հոսքի ուսուցումը:
  7. Summer Hard Problem Program (SHARP) ծրագրին համապատասխան` անցկացվում են փորձագետների ամառային նստաշրջաններ` առավել բարդ խնդիրներ լուծելու համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար: Նման նստաշրջանների մասնակիցների կորիզը կազմում են դաշնային գերատեսչությունների 15 փորձագետներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական կազմակերպությունների, կառավարման մունիցիպալ և տեղական մարմինների 15 ներկայացուցիչներ:
    Փորձագետների հանդիպումների գործընթացում տեղի է ունենում կարծիքների փոխանակում ձևակերպված խնդրի շուրջ, բացի այդ, հնարավորություն կա կազմակերպելու առավել սերտ համագործակցություն ընտրված բնագավառներում: Յուրաքանչյուր ամառային նստաշրջանի արդյունք է հանդիսանում ԱՀՏ-ի համար հատուկ փաստաթղթի պատրաստումը, որը պարունակում է մասնակիցների միասնական կարծիքը, ինչպես նաև խնդրի լուծման ընդունելի նորարարական ուղիները:
    Օրինակ, 2006թ. ամռան հանդիպման ժամանակ քննարկվել են այնպիսի գործոններ, որոնք մարդկանց մղել են միավորվել հասարակական, հակահասարակական, ահաբեկչական և քրեական շարժումներում ու խմբավորումներում: 2007թ. ամռանը քննարկման հիմնական թեմաներն են եղել «Տեղեկատվական տեխնոլոգիաները և ոչ ժողովրդավարական հասարակությունը» և «ԱՄՆ արտաքին սպառնալիքների էվոլյուցիան. միջազգային հանցավորությունը և ահաբեկչությունը»: 2008թ. ամառային հանդիպման ժամանակ այլ խնդիրների թվում քննարկվել են նաև ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից կենսաբանորեն վտանգավոր նյութերի օգտագործման հնարավորության հետ կապված հարցեր, ինչպես նաև նման գործունեության բացահայտման նոր միջոցները:
  8. Ստեղծվել է վերլուծական ռեսուրսների կատալոգ և «Դեղին էջեր» տեղեկատու: Վերլուծական ռեսուրսների կատալոգը (Analytic Resources Catalog - ARC) տվյալների շտեմարան է, որը ստեղծվում և պահպանվում է տնօրենի աշխատակազմի կողմից և պարունակում է տեղեկություններ հետախուզական հանրության գերատեսչությունների տեղեկատվական-վերլուծաբանական ծառայությունների բոլոր մասնագետների մասին` նշելով նրանց աշխատանքի փորձը, որակավորումը և օտար լեզուների իմացությունը:
    «Դեղին էջեր» հեռախոսային տեղեկատուն (Analyst Yellow Pages), որը ARC –ի բաղկացուցիչ մասն է, կոնտակտային տեղեկատվություն է պարունակում տեղեկատվական-վերլուծաբանական ստորաբաժանումների մասնագետների մասին: Օրինակ, օգտագործելով այդ տեղեկատուն` Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատող վերլուծաբանը կարող է արագ կոնտակտային տեղեկատվություն գտնել և կապվել գործընկերների հետ, որոնք աշխատում են նույն թեմայի շուրջ: Տեղեկատուն հասանելի է JWICS համակարգի միջոցով:
    Կատալոգը համալրելու հիմնական աշխատանքներն ավարտվել են 2008թ. գարնանը: Դրանում տեղ են գտել տվյալներ հետախուզական հանրության տեղեկատվական-վերլուծաբանական վարչությունների 18.000 աշխատակիցների մասին: Կատալոգում կարող է ավելացվել նաև տեղեկատվություն ԱՄՆ ԶՈւ միավորված հրամանատարության և գիտահետազոտական կազմակերպությունների մասին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել նախագծին:
    Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ առանց ARC–ում տվյալները մտցնելու` ոչ մի վերլուծաբան չի կարողանա ԱՀՏ աշխատակազմի ստեղծած միասնական վերլուծական A-Space դաշտի մուտքի իրավունք ստանալ:
  9. Մշակվել է քննադատական կարծիքի և կառուցվածքային վերլուծության պատրաստման և ուսուցման միասնական համակարգ (Tradecraft Training in Critical Thinking and Structured Analysis), որն ստացել է «Վերլուծու-թյուն 101» (Analysis 101) անվանումը: Նոր համակարգը նախատեսված է միասնական նորմեր, տերմինաբանություն և վերլուծության մեթոդներ մտցնելու համար` հետախուզական ողջ հանրության շրջանակներում: Սկզբում ծրագիրն իրականացվում էր ԱՀՏ աշխատակազմի վերլուծական գործունեության ինտեգրման և չափորոշիչների մշակման վարչության, ինչպես նաև ազգային հետախուզական համալսարանի ղեկավարությամբ: Այժմ այն հանձնվել է ՊՆ ՀՎ վերահսկողությանը:
    «Վերլուծություն 101» ծրագրի շրջանակներում ուսուցում է անցել 24 կազմակերպության և գերատեսչության 650 աշխատակից: 2009թ. նախատեսվում էր պատրաստել տեղեկատվական-վերլուծական կառույցների ևս 1.320 աշխատակից:
  10. Մշակվել է ամենօրյա ինտերնետ-հավաքածու (Executive Intelligence Summary - EIS), որի հասանելիությունն ապահովում է JWICS –ը:
    Հավաքածուն պարունակում է համակարգված հետախուզական փաստաթղթեր, որոնք պատրաստված են հետախուզական հանրության բոլոր գերատեսչությունների կողմից և որոնք հավաքված են թեմատիկ և աշխարհագրական (տարածաշրջանային) կատալոգներում: Դրա կազմի մեջ մտնում են ԿՀՎ «հետախուզական տեսությունը» (World Intelligence Review), ՊՆ ՀՎ «համառոտ ամփոփագիրը» (Executive Highlights), ինչպես նաև ԱԱՎ և աշխարհատարածքային հետախուզության ազգային վարչության (ԱՀԱՎ), հետախուզության ազգային խորհրդի, պետդեպարտամենտի, ՀԴԲ-ի, միավորված հրամանատարության հետախուզական կենտրոնների, թմրանյութերի դեմ պայքարի վարչության ևն ամենօրյա տեղեկությունները: Այսօրինակ հավաքածուի դրական կողմերից մեկն այն է, որ վերլուծական բոլոր զեկուցումները, ճեպազրույցները, ելույթները և տեղեկանքներն անմիջապես հասանելի են մեկ կայքով, որն արդեն անցած տարվանից ամեն օր թարմացվում է:

Բացի նշված միջոցառումներից, ԱՀՏ աշխատակազմը հաստատել է միասնական վերլուծական չափորոշիչներ (Analytic Standards), որոնք նախատեսված են հետախուզական հանրության բոլոր գերատեսչությունների կողմից մշակվող վերլուծական փաստաթղթերում կիրառվելու համար և պետք է հաշվի առնվեն ուսումնական բոլոր ծրագրերը պատրաստելիս: Ստեղծվել է տեղեկատվության կատալոգավորման և ինդեքսավորման համակարգ (Catalyst), ինչպես նաև կատարվել է այլ աշխատանք:

Հետախուզական հանրության վերակազմակերպման, փոխգործակցության նոր մշակույթի և կանոնների ստեղծման, կազմակերպման միասնական չափորոշիչների և խնդիրների կատարման, բոլոր 16 գերատեսչություններում նորարարական տեխնիկական լուծումների և, առաջին հերթին, հեռանկարային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակաուղղված քաղաքականություն անցկացնելով` Մակքոնելը կարողացավ ստեղծել ազգային հետախուզության արդյունավետ համակարգ և իրականացնել անցում սկզբում «անհրաժեշտ գիտելիքից» (Need to Know) «անհրաժեշտ բաշխման» (Need to Share), իսկ հետո նաև տեղեկատվության «տրամադրման համար պատասխանատվության» սկզբունքին (Responsibility to Provide):

Բայց, փոխգործակցության կազմակերպման և հետախուզական հանրության բոլոր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակման կոշտ կանոններ, ինչպես նաև դրանք չկատարելու համար պատասխանատվություն սահմանելով` Մակքոնելը դրա հետ մեկտեղ չմոռացավ նաև խրախուսել իր ենթականերին:

Մասնավորապես, որոշ կարգադրություններին զուգընթաց, որոնք վերաբերում էին տեղեկատվական-վերլուծական աշխատանքի արդյունավետության բարձրացման, ենթակա գերատեսչությունների աշխատակիցների գործառնական նոր պարտավորությունների պատրաստման հարցերին, Մակքոնելը նշանակումից ընդամենը երեք ամիս հետո ստորագրեց ICD № 655 փաս-տաթուղթը խրախուսանքների առաջարկվող համակարգի մասին: Նոր կարգադրությունը սահմանում էր ծառայության մեջ աչքի ընկած և հետախուզական հանրության գործունեության և երկրի ազգային անվտանգության ապահովման մեջ զգալի ավանդ ունեցած աշխատակիցների պարգևատրման կարգը: Այդ փաստաթղթով նախատեսվում էր ստեղծել պարգևատրման նոր կոմիտե, ինչպես նաև հաստատվում էր հատուկ կոլեգիա, որի կազմում ընդգրկվում էին տնօրենը և ութ անդամ:

Հետաքրքիր է այն փաստը, որ նոր խրախուսումների և պարգևների ցանկը ճշգրիտ արտացոլում էր արդի բոլոր խնդիրները, որոնց «բախվում» էր ամերիկյան ազգային հետախուզությունը: Այսպես, ակնառու ձեռքբերումների համար, որոնք ի ցույց են դնում, նպաստում են, և որ գլխավորն է` ուսուցանում են հետախուզական հանրության տարբեր գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման մշակույթը և ապահովում են հետախուզական տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, մտցվեց ԱՀՏ հատուկ պարգև` «Փոխգործակցության կազմակերպման և համագործակցության համար» (Director of National Intelligence Award for Collaboration Leadership), ազգային անվտանգության համար ծագած սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ նորարարական տեխնոլոգիաների և առաջարկների ներդրման համար ստեղծվեց Գալիլեո ամենամյա մրցանակը (Galileo Award), իսկ հետախուզական գերատեսչությունների ղեկավարները կարող էին ակնկալել «Ազգային հետախուզության բարեփոխման համար» շքանշանը (National Intelligence Reform Medal), որը տրվում է այն ավանդի համար, որը ներկայացված է նախագահի «Ահաբեկչական սպառնալիքի կան-խարգելման և հետախուզական հանրության բարեփոխման համար» 2004թ. հրամանագրում, ինչպես նաև ազգային հետախուզության գերատեսչությունների ինտեգրման համար:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի աշխատակազմի հրապարակած տվյալների համապատասխան, ամերիկյան հետախուզության` 2009թ. սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարվա գործունեության համար հատկացվել է 49,8 մլրդ դոլար:

2007թ. Վաշինգտոնը հայտարարեց, թե ԱՄՆ հետախուզության ոչ լրիվ բյուջեն կազմում է 43,5 մլրդ դոլար, իսկ 2008թ. այն հասավ 47,5 մլրդ-ի: Մինչ այդ Սպիտակ տունը միայն երկու անգամ էր պաշտոնապես տեղեկություններ հրապարակել իր հետախուզության բյուջեի չափի մասին. 1997 և 1998թթ.: Այն ժամանակ ամերիկյան հետախուզությունն ստացել էր համապատասխանաբար 26,6 մլրդ և 26,7 մլրդ:


դեպի ետ