
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վրացական իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ
Երեւան,
12 մարտի 2009թ.
Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի և նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախքահայության բողոքի ցույցի առնչությամբ: Դրա մասին Վահագն Չախալյանին և նրա փաստաբաններին ս.թ. մարտի 11-ին տեղեկացրեցին ջավախքահայ քաղաքական գործչին հարցաքննելու նպատակով Ռուսթավիի խիստ ռեժիմի գաղութ ժամանած Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ոստիկանության քննիչներ Սպարտակ Խեչոյանը և Գևորգ Քսպեյանը:
Որպես հիմք քրեական գործի հարուցման համար քննիչները մատնանշեցին Վահագն Չախալյանի վերջերս լույս տեսած «Բանտային-քաղաքական գրառումներ» գրքույկը: Այդ գրքույկում Ախալքալաքի ոստիկանությանն, իբր, հաջողվել է «հայտնաբերել» այնպիսի ապացույցներ, որոնք թույլ են տալիս 2005թ. հարուցված քրեական գործերով հինգ տարի անց՝ 2010թ., նոր մեղադրանքներ առաջադրել արդեն իսկ 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ:
«Երկիր» միությունը խստիվ դատապարտում է վրաց իշխանությունների կողմից իրենց մանկլավիկ՝ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի միջոցով Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հալածանքի այս նոր դրսևորումը: Սրանով վրացական իշխանությունները հերթական անգամ մերկացնում են այն դրդապատճառները, որոնք ընկած են Վահագն Չախալյանի դեմ ընթացող խայտառակ դատավարության հիմքում: Ակնհայտ է, որ ջավախքահայ քաղաքական գործչի դեմ ուղղված այս նոր գործողությունը Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախքահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է:
«Երկիր» միությունը, ավելի քան երբեք մտահոգ լինելով ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում Ջավախքում ընթացող գործընթացներով, հայտարարում է, որ հետևողականորեն շարունակելու է իր պայքարը ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությանը և ջավախքահայության իրավունքների իրացմանը հասնելու համար:
«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
www.yerkir.org
դեպի ետ