
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Իսրայելի Հայագիտական կենտրոնը (Armenian Studies) գտնվում է Երուսաղեմում: Այն հիմնել է 1967թ. պրոֆեսոր Մայքլ Սթոունը և գործում է առ այսօր, Հրեական համալսարանին կից: Հայագիտական կենտրոնը հնդկական և իրանական հետազոտությունների բաժնի (դեպարտամենտի) ինքնուրույն ճյուղն է` ենթարկվելով հումանիտար ֆակուլտետին կից Ասիական և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտին: Համալսարանում վրացագիտությունը դասավանդվում է հայկական ծրագրի շրջանակներում: Հրեական համալսարանի և նրա Ռոտբերգի դպրոցի (Rothberg School) բոլոր ծրագրերը նախատեսված են արտասահմանյան ուսանողների համար:
Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Հայագիտական կենտրոնի վերջին տասնամյակի գործունեությանը:
2001թ. պրոֆեսոր Մայքլ Սթոունը (Հայագիտական կենտրոնի վարիչ), Հրեական համալսարանի հումանիտար ֆակուլտետի աջակցությամբ, սերտ կապեր հաստատեց Հայաստանի Հանրապետության ակադեմիական հաստատությունների (Երևանի պետական համալսարան և հնագույն ձեռագրերի ինստիտուտ-Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) հետ: Ռեկտորների մակարդակով ստորագրվեց համագործակցության համաձայնագիր Հրեական համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև` ուսանողների և հետազոտությունների անցկացման փորձի փոխանակման վերաբերյալ:
Բացի այդ, համաձայնություն ձեռք բերվեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության և Հրեական համալսարանի միջև, որը նպաստում և խրախուսում է վանքի հայ հոգևորականությանը շարունակել ուսումը Հրեական համալսարանում:
Իսրայելցի ուսանողները նույնպես հետաքրքրված են հայագիտության տարբեր ճյուղերի ուսումնասիրմամբ: Ուսումնական տարվա ընթացքում, հումանիտար ֆակուլտետի վիճակագրական տվյալների համաձայն, հայկական հետազոտությունների դասընթացներին հաճախում են երկուսից ութ մարդ: Այստեղ սա լավ ցուցանիշ է համարվում: Շնորհիվ տարբեր երկրների բարեկամ-հովանավորների ֆինանսական աջակցության` բարձրացել է տարբեր գիտաճյուղերի ուսումնասիրման և դասավանդման մակարդակը: Ուսանողները բավական հագեցած դասընթացներ են անցնում, որոնք արտացոլում են հայոց պատմության, լեզվի, արվեստի և մշակույթի հարստությունն ու բազմազանությունը:
Գիտական աստիճանները.- Հայագիտական կենտրոնի շրջանակներում, Հրեական համալսարանի սենատը, ուսման ավարտին և դիպլոմների ու ատենախոսությունների պաշտպանության արդյունքներով, ուսանողներին գիտական աստիճաններ է շնորհում. բակալավր (BA), մագիստրոս (MA) և դոկտոր (PhD): Այն ուսանողներին և ասպիրանտներին, ովքեր սովորում և իրենց հետազոտությունները կատարում են Իսրայելի սահմաններից դուրս, նույնպես թույլ է տրվում ակադեմիական տարվա ընթացքում կարճ ժամանակով գալ Երուսաղեմ` ստաժավորման և հետազոտությունների անցկացման: Դոկտորի թեկնածուներն, ըստ ծրագրի, իրավունք ունեն գալ մեկ կամ երկու տարով, որպեսզի իրենց հետազոտություններն անցկացնեն հայկական, հնդկական և իրանական բաժիններում:
Հայկական և վրացական հետազոտությունները գլխավորող դասախոսները
- Մայքլ Է. Սթոուն, փիլիսոփայության դոկտոր (Հարվարդ), Դ.Լիթ (Մելբուռն) - հայագիտություն (պրոֆեսոր)
- Սերջիո լա Պորտա, փիլիսոփայության դոկտոր (Հարվարդ) - հայագիտություն (դասախոս)
- Կոնստանտին Լերներ, գիտության դոկտոր (Թբիլիսի) - վրացագիտություն (պրոֆեսոր)
- Նիրա Սթոուն, փիլիսոփայության դոկտոր (Հրեական համալսարան) - հայկական միջնադարյան կերպարվեստ (դասախոս):
Մի շարք այլ դասախոսներ ևս Հրեական համալսարանի ուսանողներին առաջարկում են տարբեր դասընթացներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են հայագիտության հետ. օրինակ` պատմության, արևելագիտական հետազոտությունների, համեմատական կրոնաբանության և արևելյան քրիստոնեության ուսումնասիրման դասընթացներ:
Վերջին 8 ուսումնական տարում դասավանդել են հետևյալ դասընթացները1:
1999-2000 ուստարում առաջարկված դասընթացները
- Հայաստանի և քրիստոնեական արևելքի արվեստը (դոկտոր Ն.Սթոուն)2
- Հայերն Օսմանյան կայսրությունում. վաղ շրջան (դոկտոր Ռոբերտա Էրվին)
- Հայ վարքագրություն (Սրբոց կյանքը) (դոկտոր Ռ.Էրվին)
- Սեբեոսի պատմությունը (պրոֆ. Մ.Սթոուն)
- Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց» (պրոֆ. Մ.Սթոուն)
- Միջնադարյան հայերենով (գրաբար) գրված տեքստեր (պրոֆ. Մ.Սթոուն)
- Համալսարան-վանքերը միջնադարյան Հայաստանում (դոկտոր Ս. լա Պորտա և պրոֆ. Մ.Սթոուն)
- Սեմինար հայագիտության գծով (պրոֆ. Մ.Սթոուն)
- Տարրական վրացերեն (պրոֆ. Կ.Լերներ)
- Վրաց Սրբոց կյանքը (V-X դդ.) (պրոֆ. Կ.Լերներ)3
- Վրաստանի հրեական համայնքի պատմությունը (պրոֆ. Կ.Լերներ)4:
2000-2001 ուստարում առաջարկված դասընթացները
- Տարրական հին հայերեն (գրաբար) (պրոֆ. Մ.Սթոուն)
- Հայերն արդի ժամանակաշրջանում (XVIII-XXդդ.) (դոկտոր Ռ.Էրվին)
- Հայ արվեստի որոշ հարցերի մասին (դոկտոր Ն.Սթոուն)5
- Միջնադարյան հայ պոեզիա (պրոֆ. Մ.Սթոուն)
- Խորացված ժամանակակից հայերեն (դոկտոր Ռ.Էրվին)
- Ժամանակակից հայերեն. տեքստի ընթերցումը և կառուցվածքը (դոկտոր Ռ.Էրվին)
- Հայկական սրբավայրերը և նրանց այցելուները Սուրբ երկրում մինչև խաչակրաց արշավանքները (պրոֆ.Մ.Սթոուն)
- Ուխտագնացությունը հայ ավանդույթում (դոկտոր Ռ.Էրվին)6
- Գրականություն. «հարցուպատասխանը» հայ ավանդույթում (դոկտոր Ռ.Էրվին)7
- Խորացված վրացերեն (պրոֆ. Կ.Լերներ)
- Վրաստանի պատմության ներածություն (պրոֆ. Կ.Լերներ)8
- Հրեական բանահյուսությունը` որպես վրացական պատմագրության աղբյուր (պրոֆ. Կ.Լերներ)9:
2001-2002 ուստարում առաջարկված դասընթացները
- Հայ վիմագրությունն Իսրայելում և Հայաստանում (պրոֆ. Մ.Սթոուն)10
- Ադամը և Եվան հայ ավանդույթում (պրոֆ. Մ.Սթոուն)11
- Քրիստոնեությունը Հայաստանում. ծագումը և զարգացումը (դոկտոր Ս. լա Պորտա)
- Հայագիտություն. արդի ուղղվածությունը և հետազոտությունները (դոկտոր Ս. լա Պորտա)
- Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը (դոկտոր Ս. լա Պորտա)12
- Արևելյան վանականությունը (դոկտոր Ս. լա Պորտա)13
- Հայերենի պատմությունը սկզբից մինչև տասնհինգերորդ հարյուրամյակ (դոկտոր Ս. լա Պորտա)
- Հայ արվեստ (դոկտոր Ն.Սթոուն)14:
2003-2008 ուստարիների դասընթացներն ըստ թեմաների
Լեզու. «Արդի հայ գրական լեզուն սկսնակների համար» (դոկտոր Ս. լա Պորտա): Պատմություն. «Հայկական աղբյուրները հրեաների և Իսրայելի մասին», «Աստվածաշնչյան գրական ավանդույթները հայկական մշակույթում» (պրոֆ. Մ.Սթոուն), «Պատմական աղբյուրները Հայաստանի մասին մինչև խաչակրաց արշավանքները» (դոկտոր Արամ Թոփչյան, Մատենադարան, Երևան), «Հայոց դարձը» (պրոֆ. Ռոբերտ Հյուսեն, ԱՄՆ), «Արևելյան քրիստոնեության աշխարհը» (դոկտոր Ս. լա Պորտա): Գրականություն և արվեստ. «Միջնադարյան Հայաստանի արվեստը» (դոկտոր Ն.Սթոուն): Վրացական հետազոտություններ. «Խոսակցական վրացերեն», «Հրեական բանահյուսությունը` որպես վրացական պատմագրության աղբյուր» և «Վրաց ժողովրդի քաղաքական պատմությունը» (պրոֆ. Կ.Լերներ):
2004 թվականից Հայագիտական կենտրոնը սկսեց հայագետ մասնագետներ հրավիրել դասախոսություններ կարդալու համար: Օրինակ, պրոֆ. Ռոբերտ Հյուսենը (ԱՄՆ), որը Լեդի Դևիսի հեղինակավոր դրամաշնորհն էր շահել և եկել Երուսաղեմ, դասախոսություններ կարդաց գարնանային ուսումնաշրջանում: Դասախոսությունները նվիրված էին Հայաստանի քրիստոնեացմանը: Այնուհետև, դոկտոր Արամ Թոփչյանը (Երևան, Մատենադարան) եկավ Երևանից` շնորհիվ Օրիոն հիմնադրամի (Երուսաղեմ): Նա դասընթաց կարդաց պատմական Հայաստանի հարևան երկրների մասին հայկական պատմական աղբյուրներում առկա տեղեկությունների վերաբերյալ: Պրոֆ. Մ.Սթոունի հետ միասին Արամ Թոփչյանը շարունակում է աշխատել Հայաստանում հրեաների մասին համատեղ նախագծի վրա: Մեկ այլ մասնագետ` դոկտոր Գոհար Մուրադյանը, հրավիրվեց Հրեական համալսարանի ուսանողներին ներկայացնելու համար իր հետազոտությունների արդյունքները հնագույն Physiologus տեքստի վերաբերյալ, որը հրապարակվեց Երուսաղեմում 2005թ.15: Հայագիտական կենտրոնը հետագա տարիներին նույնպես պահպանեց այս ավանդույթը և հրավիրեց գիտնական հայագետներ պրոֆ. Թեո վան Լինտին (Օքսֆորդ), պրոֆ. Յասմին Դում-Թրագուդին (Զալցբուրգ) և այլոց:
Հայագիտական կենտրոնի մագիստրոսի թեկնածուները.- Հրեական համալսարանի այս բաժնի պատմության մեջ քիչ են եղել հայագիտության ոլորտի այն ասպիրանտները, որոնք ավարտել են ուսումը և պաշտպանել իրենց աշխատանքները: Նշենք վերջին տասը տարիների այն բոլոր ասպիրանտներին, որոնց Հրեական համալսարանը գիտական աստիճաններ (և PhD) է շնորհել: Նարինե Յակուբյանը (Լոս Անջելես) գրել է «Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակրի կյանքն ու գործունեությունը» մագիստրոսական աշխատանքը, Յոավ Լոեֆի (Իսրայել) մագիստրոսական ատենախոսությունն էր «Չորս տեքստ հայտնի ամենահին հայկական ձեռագրից. Մատենադարան, N116 (1428թ.)»: Հեղինակը պատրաստվում է այս հետաքրքիր հետազոտության հիմնական մասը տպագրել որպես մենագրություն: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանական միաբանության անդամներ` վարդապետ Բագրատ Պուրջիկյանն ավարտել է` «Սբ. Գրիգոր Վկայասերի չհրապարակված քարոզը» մագիստրոսական աշխատանքը, իսկ վարդապետ Էմանուել Ալջանյանը շարունակում է ուսումը Ռոտբերգի դպրոցում և կրոնների ուսումնասիրման վերաբերյալ մագիստրոսական աշխատանք պատրաստում:
Հայագիտական կենտրոնի դոկտորի թեկնածուները.- Վերջին տասը տարիներին նրանք ընդամենը երեքն են: Նունե Պողոսյանին փիլիսոփայության դոկտորի կոչում է շնորհվել «Երուսաղեմի հայկական եկեղեցու պատարագային երաժշտությունը» աշխատանքի համար, իսկ Մառլեն Եորդիգյանի դոկտորականի թեման էր «Իսրայել պետության և Հայոց պատրիարքարանի հարաբերությունները 1948-1967թթ.»16: Միքայել Առաքելյանը պրոֆեսիոնալ նկարիչ է և արվեստի պատմաբան: 2004թ. թեկնածուական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արվեստի ինստիտուտում «Մանրանկարիչ Մեսրոպ Խիզանցու պատկերազարդ Ավետարանները (XVIIդ. առաջին կես)» թեմայով: Նույն թվականին ընդունվել է Հրեական համալսարանի դոկտորանտուրա, որն ավարտել է 2009թ.: Նրա դոկտորական ատենախոսությունը նվիրված է ուշ շրջանի հայ մանրանկարչությանը: Թեմայի անվանումն է` «Հայ մանրանկարչության Նոր Ջուղայի դպրոցը. հինկտակարանային և նորկտակարանային ցիկլերը չորս Ավետարաններում (1607-1660թթ.)»17: Աշխատանքը մոտենում է ավարտին և պետք է ներկայացվի Հրեական համալսարանի սենատի քննարկմանը 2009-ի ավարտին կամ 2010թ. սկզբին:
Հայագիտական կենտրոնի բարեկամներն ու հովանավորները.- Մեկենասներ Սեմ և Մեյ Ռուդինների կրթաթոշակը (The Sam and May Rudin Foundation Fellowships) նշանակվում է Հրեական համալսարանում Սրբոց Հակոբյանց վանքի հայ հոգևորականների ուսուցման ծախսերը հոգալու համար: 2003-2009թթ. հինգ հոգևորական կրթաթոշակ էին ստանում այդ հիմնադրամից: Նրանք բոլորն էլ սովորել և շարունակում են սովորել ակադեմիական ուսուցման տարբեր փուլերում (բակալավրիատ և մագիստրատուրա):
- «Գրիգոր Մոմջյան» կրթաթոշակը նշանակվել է երուսաղեմցի Մոմջյան ընտանիքի կողմից (Ցոլակ, Ալեգրա և նրանց զավակները` Հակոբ, Ալբերտ և Մոնիկա), հայ աշխարհիկ միջնակարգ Սրբոց Թարգմանչաց վարժարանի դիպլոմակիր շրջանավարտների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ուսումը շարունակելու Հրեական համալսարանում: Բոլոր թոշակառուները պետք է ուսման ընթացքում (5 տարի) հայագիտական տարբեր դասընթացներ անցնեն` որպես իրենց համալսարանական ուսման մի մաս:
- Ջեկ Ռուդինի կրթաթոշակը (The Jack Rudin Fellowships) սահմանել է պրն Ջեկ Ռուդինը (Նյու Յորք), որպեսզի օգտակար լինի Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանը և ընծայարանն ավարտած սարկավագներին, որոնք ցանկություն են հայտնում ուսումը շարունակել հայագիտության ոլորտում նույն` Հրեական համալսարանում: Կրթաթոշակը հատկացվում է երիտասարդ սարկավագների գիտական ուսուցումը խորացնելու նպատակով, որոնք հետագայում կկարողանան իրենց գիտելիքներով օգտակար լինել Հայ Առաքելական եկեղեցում սպասավորելու համար:
Երեք հիմնադրամներն էլ պաշտոնապես հաստատվել են Հրեական համալսարանի նախագահ պրն Մենահեմ Մագիդորի կողմից: Նրանց ցուցաբե-րած ֆինանսական օժանդակությունը խթանում է Հայագիտական կենտրոնի զարգացումը, որը, իր հերթին, նպաստում է ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը, ինչը կօգնի նրանց իրենց ավանդն ունենալ հայ ժողովրդի մտավոր, պատմական և գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություններում:
Հեռանկարները.- Չնայած Երուսաղեմի Հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությանը` գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց կանդրադառնանք հակիրճ: Երկու տարի առաջ պրոֆ. Մայքլ Սթոունը (Երուսաղեմի Հրեական համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի ղեկավար) թոշակի անցավ: Եվ 2006-2007 ուստարում Հայագիտական կենտրոնի ղեկավարությունը հանձնվեց դոկտոր Սերջիո լա Պորտային` հայ միջնադարյան աստվածաբանության, պատմության, գրաբարի, ինչպես նաև Երուսաղեմում հայերի դերի (գերազանցապես միջնադարում) ուսումնասիրման գծով մասնագետին: Ներկա պահին հայագիտության բաժինը գտնվում է փակման վտանգի առջև այն պատճառով, որ Հրեական համալսարանի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ չի հատկացրել (ինչպես մշտապես արվել է վերջին քառասուն տարիների ընթացքում) հայագիտական հետազոտությունների համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Ֆինանսական ճգնաժամը հարվածել է նաև համալսարանի այլ ֆակուլտետներին: Անորոշության մթնոլորտում դոկտոր Ս. լա Պորտան հրավիրվեց Ֆրեզնո քաղաքի (Կալիֆորնիայի նահանգ)` համալսարան` 2009-2010 ուստարում հայագիտության ամբիոնում դասավանդելու համար: Եթե նա անգամ վերադառնա Երուսաղեմ, դա ամենևին էլ չի նշանակի, թե խնդիրը դրական լուծում է ստացել: Համալսարանի ղեկավարությունը ձևականորեն դեռ պահպանում է հայագիտության կարգավիճակն իր ուսումնական հաստատության պատերի ներսում, բայց եթե շահագրգիռ անձանց չհաջողվի ֆինանսներ և նոր մասնագետներ ձեռք բերել, ապա ամենայն հավանականությամբ հաջորդ ուստարվանից հայագիտությունը Երուսաղեմում այլևս գոյություն չի ունենա: Վերոնշյալ մեկենասները պատրաստ են շարունակել թոշակների հատկացումը ուսանողներին, բայց ո՞վ միջոցներ կտրամադրի Հայագիտական կենտրոնը պահելու համար: Խնդիրը կարող է լուծվել միայն Հայաստանի կառավարության օգնությամբ:
Աշխարհում Հայաստանից բացի ընդամենը մի քանի խոշոր հայագիտական կենտրոններ կան: Ցավոք, դրանք աստիճանաբար նվազում են և անհետանալու եզրին են գտնվում: Երուսաղեմն իր հայկական թաղամասով եղել և մնում է կարևոր հոգևոր և պատմական վայր Հայաստանի ու Հայության համար և մենք, ի հեճուկս ամեն ինչի, պետք է պահպանենք ոչ միայն հայագիտությունը, այլ նաև մեր ներկայությունը Սուրբ քաղաքի հայկական թաղամասում: Այս խնդրի լուծման համար այդ թվում նաև անհրաժեշտ է ջանքեր գործադրել պահպանելու հայագիտական հետազոտությունների և կրթության հնարավորությունը Երուսաղեմում, ինչը կնպաստի հայկական թաղամասի ազգային-քրիստոնեական նշանակության պահպանմանը և հարատևմանը:
1Որոշ թեմաների շուրջ դասախոսները հոդվածներ և գրքեր են հրապարակել, որոնք նշվում են տողատակերում:
2N. Stone. “A Pair of Armenian Manuscript Missals in the Library of Congress,” Revue des Etudes arméniennes, 29 (2003-2004), pp. 193-211; M. E. Stone. “A Reassessment of the Bird and Eustathius Mosaics,” in: The Armenians in Jerusalem and the Holy Land, eds. M. E. Stone, R. R. Ervine, and N. Stone. Hebrew University Armenian Series 4. Leuven: Peeters, 2002, pp. 203–219.
3K. Lerner. “Georgia, Christian History,” in: The Blackwell Dictionary of Eastern Christianity, ed. by Ken Parry, Blackwell Publishers 1999, pp. 210-214.
4K. Lerner. “The Social Status of the Jewish Community in Ancient Georgia,” Central Asia and Caucasus 2 (Lulea, Sweden 1999), pp. 206-210 (in Russian).
5N. Stone. “Apocryphal Stories in Armenian Manuscripts,” Publications del’Institut Romand des Sciences Bibliques 1, Apocryphes arméniens, Actes du colloque international sur la littérature apocryphe en langue arménienne (Genève, 18–20 septembre 1997), Lausanne: Éditions du Zèbre, 1999, pp. 161–169.
6R. Ervine. “Changes in Armenian Pilgrim Attitudes between 1600 and 1857,” in: The Armenians in Jerusalem and the Holy Land, eds. M. E. Stone, R. R. Ervine, and N. Stone. Hebrew University Armenian Series 4. Leuven: Peeters, 2002, pp. 81-95.
7R. Ervine. Vanakan Vardapet’s Questions relating to the Pentateuch (forthcoming).
8K. Lerner. “The Conversion of Kartli (Georgia),” in: Anatolian and Caucasian Studies, Cleveland State University (in press).
9K. Lerner. Problems of Semitic Tradition in Ancient Georgian Culture (forthcoming).
10R. R. Ervine, M. E. Stone. The Inscriptions and Dedications of the Church of the Holy Archangels in Jerusalem (in press); R. Ervine. “Epigraphica Armeniaca Hierosolymitana VII,” Revue des Etudes arméniennes, 28 (2001-2002), pp. 443-464. Չնայած դոկտոր Ռ.Էրվինը Երուսաղեմում քսան տարի մնալուց հետո արդեն 8 տարի դասավանդում է Նյու Յորքի Սբ. Ներսես ճեմարանում, նա շատ կարևոր նյութ է հավաքել Սբ. հողի մասին և բազում հետազոտություններ ունի, որոնք վերաբերում են Երուսաղեմի հայերի պատմությանը: Մասնավորապես, նա ուսումնասիրում է պատրիարք Մինաս Ամտեցու օրագրերը ապագա գրքի համար:
11M. E. Stone. A Concordance of the Armenian Apocryphal Adam Books, Hebrew University Armenian Studies, 1. Peeters, Leuven, 2001; M. E. Stone. Adamgirk’: The Adam Book of Arak’el of Siwnik’, Oxford: Oxford University Press, 2007.
12S. La Porta. “Additional Remarks Concerning ‘Man as the Image of God’ in Grigor Tat‘ewac‘i’s Book of Questions,” St. Nersess Theological Seminary Review, vol. 7 (2002), pp. 67-84; S. La Porta, M. Arakelian. “A Copy of Grigor Tat‘ewac‘i’s Book of Questions: MS 3425 of the Library of the Armenian Patriarchate of Jerusalem,” SION, vol. 76, nn° 7–12 (Jerusalem, 2002), pp. 338–350, ill. 1.
13S. La Porta. “The Liturgical Imagination of Medieval Armenian Monasticism,” in: Worship Traditions in Armenia and the Neighboring Christian East: An International Symposium in Honor of the 40th Anniversary of St. Nersess Armenian Seminary, ed. R. R. Ervine, AVANT 3, Crestwood, NY: St. Vladimir’s Seminary Press/St. Nersess Armenian Seminary, 2003, pp. 197-221.
14M. E. Stone, N. Stone. The Armenians: Art, Culture and Religion. Dublin: Chester Beatty Library, 2007.
15G. Muradyan. Physiologus, Hebrew University Armenian Studies, 6. Peeters, Leuven, 2005.
16Ն.Պողոսյանը և Մ.Եորդիգյանը Իսրայելի քաղաքացիներ են:
17Մ.Առաքելյանն աշխատում է Մատենադարանում (Երևան)` որպես ավագ գիտաշխատող:
դեպի ետ