• am
  • ru
  • en
Версия для печати
24.02.2010

«ՉԼԻՆԻ ՋԱՎԱԽՔԸ, ՉԻ ԼԻՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ...»

EnglishРуский

   

Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, որը միավորում է հինգ հասարակական կազմակերպություն (այդ թվում երկուսը Ջավախքից), փետրվարի 18-ին «Թեքեյան» կենտրոնում սեմինար անցկացրեց` նվիրված Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայության պահպանման և հայերի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին: Երկուսուկես ժամվա ընթացքում հնչեցին 4 զեկույց, բազմաթիվ կարճ ելույթներ: Վերջում ԱԺ պատգամավոր, սեմինարը վարող Շիրակ Թորոսյանը փաստեց, որ Հայաստանի իշխանություններին և միջազգային կառույցներին ուղղված հանրագիրը ստորագրել են «Հզոր հայրենիք», Ռամկավար ազատական ժողովրդական կուսակցության, «Ժողովրդավարություն և աշխատանք», «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները կամ ներկայացուցիչները: Կարծես թե այն արժանացել է նաև Խոսրով Հարությունյանի (Քրիստոնեա-դեմոկրատական միություն), որը սեմինարի կեսից հեռացել է, ինչպես նաև մի շարք այլ մասնակիցների, ներառյալ Է.Շարմազանովի (ՀՀԿ) հավանությանը: Քննարկման ընթացքում հետաքրքիր շատ փաստեր, եզրահանգումներ, դատողություններ հնչեցին, որոնք անհնար է ներկայացնել թերթի սահմաններում: Առանձնացնեմ մի քանիսը:

Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն.

- Ջավախքի հիմնախնդիրներն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հայ-վրացական, այլ նաև վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական և վրաց-ռուսական հարաբերությունների համատեքստում... Վրացիների հետ հարաբերություններում մենք պետք է շահերի ընդհանուր դաշտ գտնենք և աշխուժացնենք ջանքերն այս ուղղությամբ: Վերցնենք թեկուզ մեր երկու ժողովուրդների ժողովրդագրական անվտանգության հարցերը: Մի վրացի գիտնական ցավով ասաց ինձ, որ 50 տարի հետո Կովկասում վրացիներ ու հայեր չեն լինի, կլինեն միայն ադրբեջանցիներ: Ուրեմն, անհրաժեշտ է, որ միասին մտածենք ընդհանուր սպառնալիքի մասին...

Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ, «Նորավանք» կենտրոնի փորձագետ.

- Վրաստանում որդեգրվել է բազմազգ պետությունը մոնոէթնիկ դարձնելու քաղաքական գիծ: Դա տեղի է ունենում կամ ձուլվելու, կամ արտագաղթի մղելու միջոցով: Պնդումները, թե ջավախահայերը տարբեր ոլորտներում առաջ չեն գնում ծառայական աստիճանասանդղակով վրացերեն չիմանալու պատճառով, ճիշտ չեն: Նախ` շատերը գիտեն վրացերեն, երկրորդ` թիֆլիսահայերը հոյակապ տիրապետում են վրացերենին, բայց տեսեք, թե նրանցից որքան չնչին տոկոսն է բարձր դիրք զբաղեցնում...

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ.

- Այսօր Վրաստանում մի սերունդ է աճել, որը հայերին իր համար գլխավոր սպառնալիք է համարում... Ջավախքում ստեղծված իրավիճակի համար մեղավոր են ոչ միայն վրացիները կամ ադրբեջանցիները, այլև մենք ինքներս: Ջավախքցի ուսանողները, կրթություն ստանալով Հայաստանում, տուն չեն վերադառնում:

Ռոբերտ ԹԱԹՈՅԱՆ, «Երկիր» միության փորձագետ.

- Ոչ ոք Վրաստանին մանդատ չի շնորհել մոնոէթնիկ պետություն ստեղծելու համար: Ընդհակառակը, վրացական իշխանությունները պարտավոր են լուծել ազգային փոքրամասնությունների խնդիրները իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան: Սա էին մատնանշում այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն, Եվրախորհրդի Խորհրդատվական կոմիտեն: Ջավախահայերի բարձրացրած հարցերում չկա այնպիսի բան, որը դուրս է ազգային փոքրամասնություններին երաշխավորող միջազգային նորմերի շրջանակներից:

Զեկույցների բուռն քննարկման ընթացքում տարբեր կարծիքներ արտահայտվեցին Ջավախքի իրավիճակի, հայության պահանջների պարամետրերի ճշգրտման վերաբերյալ, մասնավորապես, թե ինչ համատեքստում դրանք պետք է դիտարկել. հայրենակիցների իրավունքների պաշտպանությա՞ն, թե՞ ազգային հարցի: Քիչ քննադատություն չհնչեց ՀՀ իշխանությունների դիրքորոշման հասցեին: Հասկանալի է, որ Վրաստանը մեր բազմադարյա հարևանն է և, բացի այդ, երկիր, որի միջոցով է իրականացվում մեր բեռնափոխադրումների մեծ մասը: Սակայն չի կարելի թույլ տալ հարևաններին օգտվել այդ հանգամանքից և հանուն, այսպես ասած, ընդհանուր անվտանգության աչք փակել Ջավախքի հայրենակիցների խնդիրների վրա: Ավելորդ է խոսել Ջավախքում հայերի ներկայության հսկայական ռազմավարական նշանակության և պատմական հայրենիքի այդ անկյունից նրա ելքի` ողջ ազգի համար կործանարար հետևանքների մասին...

Մի քանի շտրիխով բանավեճին միացան Ջավախքից եկած ակտիվիստներ Նորիկ Կարապետյանը և Դավիթ Ռստակյանը: «Վրաստանի իշխանություններն ինտեգրում ասելով հասկանում են ձուլումը... Ախալքալաքում հայ-վրացական համալսարան է հարկավոր: Մ.Սահակաշվիլին նախընտրական արշավի ժամանակ հայերին խոստացավ պետպատվերով 100 ուսանողական տեղ Թբիլիսիի բուհերում: 6-ը հատկացրին, որոնցից 4-ը վրացիների բաժին ընկավ... Ինքնավարությունը նպատակ և ինքնանպատակ չէ: Գլխավորը հայության իրավունքների պաշտպանությունն է: Չլինի Ջավախքը, վաղը չի լինի և Հայաստանը»:

Այս վերջին եզրահանգումն ամենևին էլ չափազանցություն չէ, սակայն արդյո՞ք բավականաչափ լուրջ է այն դիտարկվում մեր քաղաքական գործիչների կողմից: Ունե՞նք արդյոք մտածված, հեռանկարի համար հաշվարկված քաղաքականություն ջավախահայության ճակատագրի վերաբերյալ: Անկեղծ ասած` կասկածում եմ: Որովհետև, եթե լիներ, հիմնախնդիրների ողջ համալիրն ու դրանց լուծման ուղիները չէին քննարկվի հայրենակցական, հասարակական կազմակերպությունների և առանձին խանդավառների կողմից: Ճիշտ է` ելույթ ունեցողները նշում էին որոշ դրական տեղաշարժեր խորհրդարանի նոր կազմի (2007-ից) մոտեցումներում, նախագահ Ս.Սարգսյանի ելույթներում, երկու երկրների ղեկավարների շփումներում: Բայց այդ ամենն այսօր քիչ է: Հարկավոր է միավորել և աշխուժացնել ջանքերը:

ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ Է ԵՐԵՔ ՊԱՀԱՆՋ.

1. Անհապաղ դադարեցնել ջավախքյան քաղաքական գործիչների հետապնդումները:

2. Հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կագավիճակ հայերով խիտ բնակեցված շրջաններում:

3. Հայ Առաքելական եկեղեցու իրավաբանական կարգավիճակի և հայկական եկեղեցիների վերադարձի հարցի լուծում:

Այս նվազագույն միջոցառումներն ուղղված են ջավախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը: Համակարգող խորհուրդը կոչ է անում բոլորին աջակցել ջավախցիներին, որոնց անքակտելի իրավունքն է լիարժեք ապագա կառուցել իրենց հայրենի հողում:

Ալեքսանդր ԹՈՎՄԱՍՅԱՆ


դեպի ետ