
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ է ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈ1ԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ»
«Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ է ԻՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ»
– Վերջին ժամանակներում ակնհայտորեն Հայաստանում խորացել է հասարակական և քաքական պառակտումը: Իշխանությունն ու ընդդիմությունը խոսում են տարբեր լեզուներով, իսկ հասարակությունը' կարծես կորցնում է վստահությունը երկուսի նկատմամբ էլ: Ի՞նչն է, Ձեր կարծիքով, այս ամենի խորքային պատճառը:
– Հայաստանի քաղաքական համակարգն այսօր կանգնած է ոչ թե միայն իշխանափոխության կամ ընդդիմադիր ձևաչափերի խնդրի առաջ, այլ պետական մտածողության ճգնաժամի: Մենք գործ ունենք այնպիսի իրականության հետ, որտեղ քաղաքական բանավեճը հաճախ փոխարինվել է փոխադարձ անվստահությամբ և անձնական ամբիցիաներով:
Պետական մտածողությունը ենթադրում է կարողություն՝ սեփական քաղաքական շահից բարձր դնել ազգային շահը: Երբ քաղաքական ուժերը կորցնում են այդ հստակ չափանիշը, պետությունը դառնում է ոչ թե նպատակը, այլ գործիքը՝ ներքին պայքարների համար:
– Դուք հաճախ եք խոսել ինստիտուցիոնալ պետականության կարևորության մասին: Այսօր որքանո՞վ են պահպանված այդ ինստիտուտները, և արդյո՞ք մենք տեսնում ենք պետական հիմքերի թուլացում:
– Ցանկացած պետության ամրությունը չափվում է ոչ թե քաղաքական գործիչների անուններով, այլ ինստիտուտների կայունությամբ: Ցավոք, մեզ մոտ շատ ինստիտուտներ՝ արդարադատության համակարգից մինչև քաղաքական պատասխանատվության մշակույթ, մնացել են ոչ թե մեխանիզմի, այլ գաղափարի մակարդակում:
Սահմանադրությունը, օրենքները, կառավարման կառուցվածքը կարող են լինել կատարյալ, բայց եթե դրանց հետևում չկա քաղաքական և բարոյական պատասխանատվություն, դրանք դառնում են ձևական: Հայաստանում այսօր պետությունը հաճախ նույնացվում է իշխանության հետ: Սա ամենավտանգավոր երևույթներից է: Պետականությունը պետք է լինի բարձր՝ իշխանության փոփոխականությունից անկախ: Երբ ինստիտուտները սկսում են ծառայել անձին, ոչ թե հակառակը, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը:
«ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՉԿԱ, ԿԱ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՎԱԿՈՒՈՒՄ»
– Այս իրավիճակում ի՞նչ է անհրաժեշտ՝ իշխանություն-ընդդիմություն հավասարակշռությունը վերականգնելու համար:
– Առաջինը՝ պետք է վերականգնել փոխվստահությունը: Բայց վստահությունը չի ստեղծվում հայտարարություններով կամ ձևական հանդիպումներով: Այն ձևավորվում է, երբ իշխանությունը ցուցաբերում է բացություն ու կանխատեսելիություն, իսկ ընդդիմությունը՝ կաոուցողականություն:
Մենք պետք է անցնենք զրոյական կետի՝ քաղաքականությունից դեպի պատասխանատվության քաղաքականություն:
Ազգային համաձայնության մշակույթը չի ծնվում ինքնաբերաբար: Այն ձևավորվում է այն ժամանակ, երբ կա ընդհանուր ռազմավարական նպատակի գիտակցություն՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
– Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ընդդիմությունն այսօր չունի նոր խոսք և նոր առաջնորդություն: Համաձա՞յն եք այս գնահատականին:
– Ես կասեի ոչ այնքան առաջնորդության պակաս կա, որքան գաղափարական վակուում: Ընդդիմությունը հաճախ կենտրոնանում է իշխանության քննադատության վրա, բայց չի ձևակերպում իր պատկերացումն ապագայի Հայաստանի մասին: Քննադատությունը անհրաժեշտ է, բայց եթե այն չի ուղեկցվում այլընտրանքային մոդելով, այն վերածվում է պարզապես դժգոհության հռետորաբանության:
Մեր հասարակությունը հոգնել է ոչ թե քաղաքականությունից, այլ դատարկ խոստումներից: Այդ հոգնածությունը կարելի է հաղթահարել միայն մի բանով՝ հստակ, իրատեսական ծրագրով, որը հիմնված կլինի ազգային անվտանգության, սոցիալական արդարության և իրավական պետության իրական երաշխիքների վրա:
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՆԵԼ է ՁԵՎԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
– Հասարակությունը հոգնա՞ծ է ընտրություններից, թե՞ դեռ սպասում է նոր քաղաքական առաջարկների:
– Հասարակությունը հոգնել է ձևական ընտրություններից: Բայց նա չի հոգնել արդարությունից: Մարդիկ դեռ սպասում են, որ կգտնվի քաղաքական ուժ, որը կխոսի ոչ թե ամբիոնից, այլ հանրության լեզվով:
Այսօր քաղաքական համակարգը մեծապես օտարված է հասարակությունից: Հենց այդ օտարումն է ծնում անտարբերություն, որը վտանգավոր է ոչ պակաս, քան բողոքը:
Եթե առաջիկա ընտրությունները չդառնան հանրային վերամիավորման փորձ, ապա դրանք կխորացնեն արդեն առկա բաժանումը: Սակայն եթե դրանց միջոցով ձևավորվի նոր քաղաքական մշակույթ՝ հարգանքի և պատասխանատվության հիման վրա, դրանք կարոդ են դառնալ նոր մեկնարկ:
– Պարոն Հարությունյան, այսինքն՝ Դուք խոսում եք բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտության մասի՞ն:
– Բազմավեկտոր քաղաքականությունը հնչում է գեղեցիկ, բայց իրականում այն պահանջում է շատ հստակ ինքնություն։ Եթե պետությունը չի ձևակերպել իր շահի հստակ սահմանները, բազմավեկտորությունը դառնում է ուղղություն չունեցող շարժում։ Հայաստանը պետք է պահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«ԴԵՌ ՈՒՆԵՆՔ ՆԵՐՈՒԺ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
– Դուք հաճախ եք շեշտում ազգային համախմբման գաղափարի մասին: Այսօր դա որքանո՞վ է իրատեսական:
– Ազգային համախմբումը չի կարող լինել կարգախոս: Այն սկսվում է հարգանքից: Երբ քաղաքական ուժերը կարողանան ընդունել միմյանց գոյությունը' որպես պետության միևնույն օրգանիզմի մաս, այն ժամանակ միայն կսկսվի իրական համախմբումը:
Մենք պետք է հրաժարվենք «մենք» և «նրանք» բառապաշարից: Պետությունը չի կարող զարգանալ, երբ ներսում մշտապես գործում է բաժանարար գիծ: Այդ գիծը պետք է փոխարինվի միասնության նոր լեզվով՝ որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է իր պատասխանատվությունը պետության ճակատագրի համար։
– Եվ վերջապես, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան և հնարավոր ելքը այս ամենից:
– Հայաստանի ապագան կախված է մեկ բանից՝ կկարողանա՞ արդյոք մեր հասարակությունը վերագտնել իր վստահությունը պետության հանդեպ: Եթե դա տեղի ունենա, Հայաստանը կունենա զարգացման նոր փուլ:
Մենք փոքր պետություն ենք, բայց մեր մտավոր և մշակութային ներուժը հսկայական է: Պետք է միայն մեկ բան՝ իրատեսական նպատակ և միասնական ջանք:
Ես հավատում եմ, որ մենք դեռ ունենք ներուժ վերականգնելու մեր պետականությունր ոչ թե անցյալի ձևով, այլ նոր որակով։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դադարենք ապրել մշտական բաժանումների և փոխադարձ անվստահության ռեժիմում:
Դիանա Մանուկյան
«Իրավունք», N 105 (3989), 15 հոկտեմբերի, 2025թ.
դեպի ետ