• am
  • ru
  • en
Версия для печати
03.09.2025

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՑՎԵՑ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՎԱՆԳՎԵՑ. Կարեն Սարգսյանը պարզաբանում է

   

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ կարճատև զրույցում ասաց, որ ՆԳՆ-ի կազմում գործում էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը, և իրենք Արցախում 2023 թվականի տեղահանության ժամանակ մինչև վերջ մնացել են, որպեսզի բոլոր զոհվածներին որոնեն, հայտնաբերեն և տեղափոխեն Հայաստան։

«Ես և իմ թիմը մնացել ենք Արցախում մինչև վերջ, որպեսզի որոնողական աշխատանքներն ավարտենք և գանք»,- նշեց Կարեն Սարգսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում, Կարեն Սարգսյանը պատասխանեց.

«Նույն ձևի մի ղեկավար էլ ես էի, ես ի՞նչ իմանամ, ի՞նչ իմանամ՝ ինչո՞ւ են ինձ բաց թողել, ես մեղք ունե՞մ դրա մեջ։

Մենք բոլորս այդ ցուցակի մեջ էինք, բոլոր ղեկավարները, պատերազմի մասնակիցները, հիմա թե ինչ եղավ, ինչպես եղավ՝ չեմ կարող ասել։

Այո, ռազմաքաղաքական ղեկավարությունն իմ տանը եղել է, իրենք մնացել են մինչև վերջ, իրենք հնարավորություն ունեին կեսից դուրս գալու, դուրս չեկան։ Կրկնում եմ՝ առիթ եղել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը դուրս գա, դուրս չեն եկել։

Ինձ ասել են, որ՝ մենք դուրս չենք գա, մինչև վերջին արցախցին, հայը դուրս չգա Արցախից, գաղտնիք չկա, սա է՝ իրենք մնացել են ու վերջում գերեվարվել են։ Հիմա եթե արցախցի չկար Արցախում, մնացել էին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ադրբեջանցիներն իրենց բռնել-տարել են։

Ես չգիտեմ՝ նրանց ով է ուղեկցել ու ինչ է արել, մեր տանը ռուս խաղաղապահներ չեն եղել, նախագահները մեր տնից չեն գնացել»։

Հաջորդ հարցին՝ իրեն բաց թողնելու որևէ նախապայման եղե՞լ է ադրբեջանական կողմից, Կարեն Սարգսյանը պատասխանեց, որ որևէ նախապայման էլ չի եղել։

Նա նաև փոխանցեց, որ Սամվել Բաբայանը ստում է, երբ ասում է, թե ՆԳՆ նախարարին ադրբեջանցիները Հակարիի կամրջից հետ են ուղարկել Արցախ։

Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ր սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի տրամադրումը քաղաքացիներին այնպես կազմակերպել, որ այդքան զոհ չլիներ, Կ. Սարգսյանը պատասխանեց, որ այդ պահին այնտեղ չի եղել, բայց հնարավոր չէր, քաոս էր, չնայած հայտարարություն եղել է, որ վառելիք լինելու է, մարդկանց բենզին բաժանելու են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



168.am


դեպի ետ